«ՋԵՅՄՍ ՌԱՍԵԼՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՓԱԿՈՒՄ է ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈՒՌԸ»

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանում կազմակերպած Հայ համալսարանականների համազգային 8-րդ հավաքի (ֆորումի) մասնակիցների համար դասախոսություններ կարդալու նպատակով ՀՀ էր ժամանել Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) հայագիտության ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջեյմս Ռասելը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ հուլիսի 16-ին նա ելույթ ունեցավ Նիզամու անվան դահլիճում «Հայ նախաքրիստոնեական կրոնը» թեմայով: Մեր ընթերցողները բազմիցս կարդացել են Ռասելի անունը հատկապես ամերիկյան «հայագիտության» թեմաներով մեր հրապարակումներում: Բայց, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Մեզ նույնպես «բախտ վիճակվեց» ոչ միայն տեսնել անդրօվկիանոսյան ականավոր գիտնականին, ինչպես ներկայացրեց նրան իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գառնիկ Ասատրյանը, այլև լսել նրա «հանդուգն եզրակացությունները, որոնց ճշմարտությանը ոչ միայն համոզված էր բանախոսը, այլև բավական ինքնավստահ առաջարկում էր իր «տեսակետները» »: Ռասելը ԵՊՀ էր եկել միայն խոսելու և ոչ լսելու: Նա եկավ, իր ուզածն ասաց ու գնաց:Նման հնարավորություն նրա համար ապահովված էր համալսարանում…

Կեղծ հայագետ՝ Ջեյմս Ռասել

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ՀԱՐԶՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Այդ դասախոսությունը և նրա հեղինակի գործունեությունը գնահատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը։

— Ռասելի՝ հայ ժողովրդի վաղ շրջանի պատմության և մշակույթի վերաբերյալ տեսակետները մեր ընթերցողներին հայտնի են Ձեր «Ջ. Ռասելի «հայագիտական» հնարանքները» հոդվածից (ՊԲՀ, 2000 թ., թիվ 3): Ի՞նչ նոր փաստարկներով էր նա եկել ՀՀ:
-Արդեն 20 տարի նա գրում է նույն բանը՝ իբր հայոց ողջ հին մշակույթը ծագում է իրանականից: Հայոց հին կրոնի իրանական արմատների վերաբերյալ նա բազմաթիվ հոդվածներ և մի ծավալուն մենագրություն է գրել՝ «Զրադաշտականությունը Հայաստանում» խորագրով: Նրա համար չկա և կարծես չէր էլ կարող գոյություն ունենալ բուն հայկական շերտը: Ակնհայտ է իրանական մշակույթի ազդեցությունը շրջակա բազմաթիվ ժողովուրդների վրա՝ Բալկաններից մինչև Հնդկաստան՝ սլավոնական և թյուրքական ժողովուրդների վրա, ներառյալ Կովկասը և Սիբիրը: Իրանը եղել է հզոր կայսրություն, իսկ կայսերական մշակույթները միշտ ազդում են և իրենց տիրապետության տակ գտնվող ժողովուրդները և հարևանների մշակույթների վրա: Իրանի մշակութային ազդեցությունը գերագնահատվել է հատկապես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի գիտնականների աշխատություններում: Ներկայումս ի հայտ են եկել բազում նոր փաստեր և նոր մոտեցումներ: Հայաստանը միշտ չի եղել Իրանի տիրապետության տակ, իսկ մ. թ. ա. 9-6-րդ դարերում Ուրարտուն ինքը մի հզոր կայսրություն էր, որը 8-րդ դարի առաջին կեսին, մի ամբողջ դարաշրջան, աշխարհի ամենահզոր երկիրն էր և իր ազդեցությունն է թողել այլ երկրների ու մշակույթների, այդ թվում Իրան, վրա (հայտնի է ուրարտական ճարտարապետության նշանակալի ազդեցությունը իրանականի վրա):
Հայոց նախաքրիստոնեական կրոնում աստվածների մեծ մասի անունները և բազում տերմիններ իսկապես իրանական են: Ակնհայտ է, որ դրանք գալիս են իրանական տիրապետության դարաշրջանից, իսկ մինչ այդ հայերն ունեցել են իրենց աստվածների անունները և կրոնական տերմինները: Ամբողջ աշխարհում հայտնի ճշմարտություն է, որ նոր կրոնների ազդեցությամբ հին սւստվածները սկսում են պաշտվել նոր անուններով (բազում քրիստոնեական սրբեր շարունակում են հին աստվածների պաշտամունքը): Հայոց հին աստվածների պաշտամունքները կենտրոնացած էին Մեծ Հայքի հյուսիս արևմտյան Երեք հարևան գավառներում, այսինքն՝ Իրանից ամենահեռու ընկած վայրերում: Իսկ այդ տարածքում մ. թ. ա. II հազարամյակի կեսին խեթական աղբյուրներում հիշվում է Հայասա թագավորությունը: Իրանական անուններ կրող հայոց աստվածները շատ քիչ ֆունկցիոնալ կապեր ունեն իրենց իրանական անվանակիցների հետ և պետք է որ շարունակեին Հայասայի հին պաշտամունքները: Այդ մասին գրել են Գրիգոր Ղափանցյանը, Վլադիմիր Տոպորովը: Ես նույնպես անդրադարձել եմ դրան վերջերս Ռասելի մայրենի լեզվով ԱՄՆ-ում հրատարակած մի մենագրության մեջ: Բայց Ռասելի գրվածքների մասին խոսելիս գիտական բանավեճի և պարզաբանումների խնդիր չի առաջանում, դրանք հեղեղված են արտառոց, հաճախ զավեշտական սխալներով ու հնարանքներով, որոնք անիմաստ են դարձնում լուրջ քննարկումը: Եվ քանի որ այսպիսի հեղինակին քննադատելիս լավագույն մոտեցումը նրա աշխատություններում անիրազեկության և սխալների ցուցադրումն է, ես իմ քննադատության մեջ բերել եմ նման մի շարք փաստեր: Ըստ մեր հեղինակի միայն մի հոդվածի Վահագն աստվածը իբր «կրակե բեղեր» ուներ (իրականում՝ մազեր և մորուք), ասորական Բարշամին աստծուն նույնացրել է հայոց Արամազդի հետ (այդպիսի բան չի եղել), իսկ Արտաշես Ա-ի՝ Հայաստանի միավորման մասին Ստրաբոնի տեղեկությունը վերագրում է Տակիտոսին: Իմաստ չունի այդ սխալներն այստեղ վերհիշել, դրանց վերաբերյալ կարելի է կարդալ ՊԲՀ-ի իմ հոդվածում: Թեև, պետք է ասել, որ վերջերս իմ ձեռքն ընկած նրա նոր գրվածքներում էլ ոչ պակաս «հետաքրքիր» հնարանքներ են ի հայտ գալիս: Չարենցին, օրինակ, մի արտահայտության համար համարում է հոմոսեքսուալիստ, և այնպես է ներկայացնում, կարծես դա պոետի ամենաբարձր գնահատականն է (ինքը Ռասելը, անթաքույց հոմոսեքսուալիստ է):
Այդ համատեքստում նրա «գլուխգործոցը» հայ ժողովրդի ծագման և ձևավորման վերաբերյալ գլուխն է Ռիչարդ Հովհաննիսյանի հրատարակած հայոց պատմության անգլերեն երկհատոր դասագրքում («Հայ ժողովուրդը հնից մինչև նոր ժամանակները», Նյու Ցորք, 1997): Հայ ժողովրդի ծագումնաբանությունը նա ներկայացնում է հենվելով փաստորեն միայն մեկ ռուս գիտնական Իգոր Դյակոնովի տեսակետի վրա ըստ 1968 թ. հրատարակված նրա գրքի (այն էլ խեղաթյուրված), իսկ մյուս լայնորեն ընդունված հայասական տեսակետը միայն հիշվում է այնպես, կարծես այն մի անընդունելի հնարանք է: Իրականում հայասական տեսակետը պաշտպանել են հայ, ռուս և եվրոպացի շատ գիտնականներ (այդ թվում’ հայոց լեզվի պատմության աշխարհի լավագույն գիտակ Գևորգ Ջահուկյանը, Անդրկովկասի հնագիտության և Ուրարտուի պատմության լավագույն գիտակ Բորիս Պիոտրովսկին և հնդեվրոպական ու հինարևելյան պատմամշակութային կապերի լավագույն գիտակ Վյաչեսլավիվանովը): Իսկ Դյակոնովի կարծիքը, իր ամբողջության մեջ, աշխարհում ոչ մի իրազեկ մասնագետ չի ընդունել (խոսքն, իհարկե, Ռասելի կամ միայն Դյակոնովի գրքի անգլերեն թարգմանությունից գիտելիքներ քաղած ամերիկացի հայագետների մասին չէ): Եվ Ռիչարդ Հովհաննիսյանը պաշտպանում է այս հեղինակին ասելով, որ ամերիկացի գիտնականները կաշկանդված չեն պարտադրված կարծիքներով, և իրենց գործն է տարբեր տեսակետներ ներկայացնելը…
Ինչևէ, ըստ Դյակոնովի՝ նախահայերը հնագույն հայերենով խոսողները, Հայկական լեռնաշխարհ են եկել արևմուտքից՝ Բալկաններից մ. թ. ա. 12-րդ դարում, այսինքն Ուրարտուի ձևավորումից մի քանի դար առաջ և նշանակալի դեր են կատարել Ուրարտուի մեջ կազմելով պետության ռազմական դասը: Ի միջի այլոց, արևմտյան գաղթի տեսակետը մերժվում է հենց թուրք հնագետների՝ վերջին տասնամյակներում Արևմտյան Հայաստանում կատարած պեղումներով: Պարզվում է, որ մ. թ. ա. 12-րդ դարում ժողովուրդների շարժ է եղել ոչ թե արևմուտքից, այլ հյուսիսից: Ռասելը վերցրել է միայն Դյակոնովի՝ հայերի 12-րդ դարում Հայկական լեռնաշխարհ գալու տեսակետը: Հայոց պատմությունը, ըստ նրա և գրքի մյուս հեղինակների, սկսվում է Ուրարտուի անկումից հետո մ. թ. ա. 6-րդ դարից: Իսկ Դյակոնովն իր աշխատություններում բազմիցս նշել է, որ գիտական չէ հայոց պատմությունն սկսել Ուրարտուի անկումով. այն պետք է ներառի նաև Ուրարտուի և Հայկական լեռնաշխարհի նախաուրարտական պետական կազմավորումների պատմությունը: Ռասելի այս գրվածքում պատմական տեղեկություններից ավելի հիշվում են առասպելներ, որով շեշտվում է, որ հայերը միայն առասպելներ են պահպանել անցյալից, իսկ Ուրարտուի՝ բազում սկզբնաղբյուրներից հայտնի պատմությունը համարյա չի հիշատակվում: Այս գլուխը, առավել քան հեղինակի մյուս աշխատությունները, հեղեղված է նրա մեթոդը բնորոշող զարմանալի հնարանքներով: Իբր Վահագնը Բելից տաշեղներ է գողանում (իսկական առասպելում Վահագնը Բարշամինից և ոչ թե Բելից է հարդ գողանում), Ուրարտուի Արամու արքան Մեդիայից հոդեր է գրավել (պատմական Արամու արքան այստեղ շփոթվել է Արամ նահապետի հետ), էրեբունին կառուցել է Արգիշտի Բ-ն (իրականում՝ Արգիշտի Ա-ն, և սա վրիպակ չէ, քանի որ սխալ է հիշվում նաև այս արքայի հաջորդի անունը) և այլն: Ուշագրավ է նաև, որ այդ գրքի լայնածավալ գրականության ցանկում չեն հիշվում, օրինակ, հայ ժողովրդի պատմության հայաստանյան ակադեմիական հրատարակությունը, Մարկվարտի, Ադոնցի, Երեմյանի, Ղափանցյանի, Մելիքիշվիլու, Գամկրելիձեի և Իվանովի հիմնարար աշխատությունները, բայց դրա փոխարեն աչքի են զարնում Ռասելի՝ հայոց ազգածագման խնդրի և Ուրարտուի պատմության հետ կապ չունեցող վեց աշխատությունները (ահա դրանցից մի քանիսը «Զրադաշտական խնդիրներ Հայաստանում. Միհր և Վահագն», «Նախաքրիստոնեական հայ կրոնը», «Հովհաննես Թլկուրանցին և հայ միջնադարյան քնարական ավանդույթը», «Զրադաշտականությունը Հայաստանում»):
Եվ «հայագիտական» նման արտադրանքի հեղինակին Հայաստանում հայ գիտնականը ներկայացնում է իբրև «խոշորագույն հայագետ»: Նրան այդպես ներկայացրեց նիստը վարողը՝ Գառնիկ Ասատրյանը և նրա «Զրադաշտականությունը Հայաստանում» աշխատությունն անվանեց կոթողային: Այդպես ասելիս առնվազն պետք է ասվեր, որ կա նաև այլ կարծիք տպագրված աշխարհի դեռևս ամենահեղինակավոր համարվող հայագիտական հանդեսում:
-Դասախոսության ընթացքում Ռասելն անդրադարձավ նաև հայոց էպոսին: էպոսագետ ամերիկացի գիտնականը «Սասնա Ծռերն» ամբողջությամբ կապեց իրանական միհրապաշտության հետ…
-Վերջին տարիներին նա հաճախ է անդրադառնում «Սասնա ծռերին»: Բայց տպավորությունն այն է, որ նա կամ չի կարդացել այդ էպոսը, կամ էլ վաղուց կարդացել է որոշ հատվածներ ու մոռացել: Օրինակ նրա կարծիքով՝ Միհր-Մհերի «ցուլ զոհաբերելու ասպեկտը չի արտացոլվել էպոսում»: Այդ մոտիվը շատ հստակ պահպանվել է Մեծ Մհերի սև եզին սպանելու դրվագում: Ավելին՝ հայոց նախապատմության վերաբերյալ Ռասելի գիտելիքների աղբյուր Դյակոնովը ժամանակին ցույց է տվել, որ հայկական Մհերի կերպարը, չնայած իր նույնական անվանը, կապ չունի իրանական Միթրա-Միհրի հետ: Վանա ժայռի «Մհերի դուռը», որտեղ մտնում է Մհերը և որտեղից սպասվում է նրա երկրորդ գալուստը, հնում կոչվել է «Խալդիի դարպաս», որը ցույց է տալիս, որ Մհերը Խալդի աստծու հետագայում վերանվանված կերպարն է: Այսպիսով Մհերը Խալդիի էպիկական հաջորդն է և ունի տեղական հնագույն, նախաիրանական արմատներ: Այսինքն Ռասելը Դյակոնովից վերցնում է միայն ընտրովի տվյալներ, որով և հայոց հնագույն պատմությունը զրկվում է Ուրարտուի և նախաուրարտական դարաշրջանի պատմությունից, իսկ կրոնը, առասպելներն ու էպոսը (ինչպես և ողջ մշակույթը) ներկայացնում է որպես միայն իրանական փոխառությունների մի կոնգլոմերատ (խառնակույտ — Հ. Գ.):
-Դասախոսության սկզբում Ռասելն ասաց, որ իր «հանդուգն ենթադրությունների» համար հիմքեր ունի, համոզված է դրանց «ճշմարտացիությանը»: Ի՞նչ ակունքներից են սնվում նման պարտադրող, ինքնավստահ
տեսակետները:

-Արևմուտքում հայագիտությունը շատ զարգացած չէ և չէր էլ կարող լինել: Բացի այդ հայագիտությունը, ինչպես և ողջ արևելագիտությունը, ամենուր քաղաքականացվել են: Սա գիտեն բոլորը, և չեմ ուզում խոսել այդ մասին: Ռասելը հայերեն իմացող և հայկական մշակույթին ամենաիրազեկ մարդն է համարվում ԱՄՆ-ում: Նա, լինելով օտարազգի (հրեա — Հ. Գ.), հայերենի, հայկական մշակույթի ու պատմության իր որոշակի իմացությամբ հիպնոսացնող տպավորություն է թողնում սփյուռքահայերի՝ հաճախ հայերեն չիմացող կամ վատ իմացող և հայագիտությունից անտեղյակ մարդկանց վրա: Նրան միշտ հրավիրում են դասախոսություններ կարդալու, կոչումներ են տալիս, առատաձեռն վարձատրում: Նա ամսական շատ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան մեր՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բոլոր՝ 140 գիտական ու տեխնիկական աշխատակիցները միասին… Բայց մեր ինստիտուտում են աշխատում հայոց նյութական և հոգևոր մշակույթի աշխարհի լավագույն, որոշ դեպքերում միակ մասնագետները: Պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար այս քանակական տարբերությունից բխող որոշ որակական հետևանքներ…
-Ամենևին պարտադիր չէ, որ Հայաստան եկող գիտնականն այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտի մեր պատկերացումներին բացարձակապես համահունչ տեսակետ: Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է ունենանք նրան պատասխանելու կամ հակադրվելու հնարավորություն: Մինչդեռ հայտարարվեց, որ հաջորդ անգամ, նման միջոցառում կազմակերպելիս, դահլիճի մուտքը կլինի «հատուկ հրավիրատոմսերով»… «Քաղաքակիրթ» երկրից եկած գիտնականն իրեն պահեց մտավորականին ոչ վայել՝ կոպիտ արտահայտություններ անելով Ձեր հասցեին, «դա ստալինիզմ է», «ես չեմ կարող խոսել այդ հրեշավոր մարդու հետ»…
-Դա ճակատային գրոհ էր’ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» ոգով, իսկ նիստը վարող Գաոնիկ Ասատրյանն էլ չթողեց շարունակել խոսքս: Ինչպես տեսաք, իրականում ոչ մի հակամարտություն չկար, ես փորձում էի միայն ասել, որ հայոց աստվածները պետք է որ ունենային նաև տեղական, ոչ իրանական արմատներ, և որ, ըստ Դյակոնովի, հայոց Մհերը Խալդիի կերպարի հաջորդն է: Ի՞նչ կապ ունի ստալինիզմը Խալդի աստծու հետ: Ես խոսում էի անվիճելի փաստերի մասին և ներկայացնում ոչ թե իմ, այլ միայն համաշխարհային հեղինակությունների կարծիքները: Հայոց առասպելների բնիկ, հնդեվրոպական արմատների մասին գրել են ոչ միայն, ասենք, հայ նշանավոր գիտնականներ Մանուկ Աբեղյանը, Սարգիս Հարությունյանը, այլև մեր ժամանակի մեծագույն գիտնականներ՝ ժամանակակից հնդեվրոպական առասպելագիտության հիմնադիր ժորժ Դյումեզիլը, Վյաչեսլավ Իվանովը և ուրիշներ: Պարզ էր, որ նա չէր կարող ինձ հետ բանավիճել: Եվ ի՞նչ կարելի է հակադրել, երբ հիշեցնում ես, օրինակ, իր աշխատությունների ինքնահնար առասպելները…
Որոշ չափով խորագիտակ լինել դեռ չի նշանակում իսկական գիտնական լինել: Գիտնականի համար, դրանից զատ, կարևոր են խորաթափանցությունը, տաղանդը, ապա բարոյականությունը, ազնվությունը և այլն: 1997 թվականին, ի պատասխան Արտակ Մովսիսյանի ուրարտական հիերոգլիֆների վերծանման մասին մի հաղորդագրության, Ռասելը հայտարարեց, թե ուրարտական սեպագրի հայերեն ընթերցումը «բունիաթովականություն» է: Նա, ուրեմն, տեղյակ չէ, որ տարբերություն կա սեպագրի և հիերոգլիֆի միջև, սակայն ԱՄՆ-ում հանդես է գալիս որպես հայաստանյան բոլոր հարցերի գծով միջնորդ-փորձագետ: Իրականում նա բացարձակապես անտեղյակ է ուրարտագիտությանը և իր գրվածքներում նման տեղի-անտեղի դատողություններ է անում միայն ունիվերսալ գիտակ երևալու ցանկությունից՝ Ուրարտուից մինչև Եղեռն և Նարեկացուց մինչև Չարենց (թեև արևմտյան հայագետները չեն էլ կարդացել Բունիաթովի որևէ գործ, բայց «բունիաթովականություն» տերմինը նրանք մշտապես օգտագործում են որպես հայաստանցի «կեղծարար» և «ազգայնամոլ» հայագետների բնորոշում):
Զիա Բունիաթովը նույնպես որոշ չափով հայագետ էր և նույնպես որոշ չափով գիտակ: Նա իր աշխատություններում փորձում էր պատմություն ստեղծել և ազգային ինքնության զգացում ձևավորել իր ժողովրդի համար: Այդ պատճառով էլ Հայաստանի արևելյան հատվածի պատմությունը և մշակույթը նա ձգտում էր վերագրել Ադրբեջանին: Նա գրում էր հիմնականում սովետական և ադրբեջանական, այսինքն ներքին «շուկայի» համար: Չեմ ուզում մանրամասնել կամ մեթոդաբանական հարցեր առաջ քաշել, նրան պատասխանեցին, նրա աշխատությունները մեզանում հերքվեցին: Նա ադրբեջանագետ էր. նրա աշխատությունների քաղաքական հիմքերն ակնհայտ էին, և ոչ մի նորմալ հայագետ նրա կարծիքների վրա չի հենվի: Ռասելի պարագայում այլ է: Իր անհամար «հայագիտական» համարվող անգլերեն հոդվածներում, բացառելով բնիկ տարրը հայկական մշակույթում, ամեն ինչ բխեցնում է իրանականից, և հայոց ագգածագման ու նախապատմության վերաբերյալ իր կանխակալ, հակագիտական հնարանքներով արևմտյան գիտնականների առջև փակում հայագիտության և հայաստանյան գիտության դուռը: Նրանց համար հայաստանյան գիտությունը ներկայանում է որպես մի ինչոր ազգայնամոլական և հակագիտական երևույթ: Այդ առումով Բունիաթովն անհամեմատելի է Ռասելի հետ: Բունիաթովը չի փակել ոչ մի դուռ հայագիտության առաջ: Բացի այդ՝ Բունիաթովը երբեք չի ապրել հայության հաշվին: Մինչդեռ ամերիկյան հայագիտությունը ոչ մի սենթ չի ստանում ոչ հայերից, այդ ամբիոնները ֆինանսավորում են միայն ու միայն հայերը, հայկական խնդիրներին նպաստելու և հայագիտությունը զարգացնելու համար… Մի անգամ Ռիչարդ Հովհաննիսյանն ասել է, որ արտասահմանցի հայագետներն, ի տարբերություն, ասենք, վրացագետների կամ թուրքագետների, ովքեր միշտ պաշտպանում են վրացիներին ու թուրքերին, ոչ թե սիրում, այլ արհամարհում են հայերին (որպես դրա վերջին վկայություններից մեկը հիշենք Օդրի Օլստադի ԱՄՆ-ում 1992 թ. հրատարակած «Ադրբեջանցի թուրքերը» աշխատությունը հենված միայն ու միայն ադրբեջանցի գիտնականների մոտեցումների վրա): Բայց ո՞վ կհարգի այդպիսի մարդկանց, ովքեր հսկայական փողեր են տալիս իրենց իսկ ժողովրդի պատմությունն ու մշակույթը նոր, հայրենականին հակադիր դիրքերից ռևիզիայի ենթարկողներին: Ռասելը նույնիսկ ճանապարհորդում է ի հաշիվ հայերի: Նա այստեղ է եկել դարձյալ հայերի փողերով հայաստանցի ուսանողներին ու գիտնականներին «լուսավորելու» համար…
Ի վերջո, ինչի՞ նման է իրար հակադրվող «հայաստանյան» և «արևմտյան» հայագիտական դպրոցների գոյությունը: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ հայագետները հիմնականում հայեր, հայ ժողովրդի և մշակույթի երկու տարբեր, իրար հակադրվող պատմություններ են գրում Հայաստանում և ԱՄՆ-ում (նկատի ունեմ հղված դասագիրքը): Չէ՞ որ երկրորդ, «այլընտրանքային» հայոց պատմություն գրողների պակաս չկա ոչ Թուրքիայում, ոչ Ադրբեջանում: Ընդ որում, արևմտյան հայագետների գործերը հակադրվում են հայաստանցի գիտնականների աշխատություններին հաճախ առանց լուրջ հիմնավորումների, և նույնպես հաճախ, տարօրինակ կերպով, համընկնում թուրքական «հայագիտության» դրույթներին: Ավելին՝ արևմտյան հայագետների գործերում, ինչպես շեշտում են նույնիսկ Ռասելի ու նրա գործընկերների նաև մյուս սփյուռքահայ պաշտպանները (Արա Սանջյան, Վարդան Մատթեոսյան), մշտական արհամարհանք կա հայաստանցի հայագետների նկատմամբ:
Եթե Ռասելը քաջություն ունենա ընդունել իր սխալները, որի համար, կարծում եմ, նա միանգամայն բավարար պատրաստվածություն ունի, այդ ժամանակ հնարավոր կլինի երկխոսությունը: Գիտական տեսակետների շուրջ կարելի է վիճել, երբ հնարանքներն ու հերյուրանքները ճիշտ գնահատականի են արժանանում: Բայց քանի դեռ Ռասելը և նրա գործակիցները Սփյուռքում և Հայաստանում այնպիսի պաշտպանություն և հովանավորություն են վայելում, որը խանգարում է նույնիսկ պարզ հաղորդակցությանը, նրանք շարունակ նույն կարգի «աշխատություններ» են արտադրելու…
Իմ քննադատությունը կապ չունի գաղափարախոսական մոտեցումների հետ և միայն գիտական է: Ասածներիս համար ես պատասխանատու եմ. պատրաստ եմ ամենուր, յուրաքանչյուր պահի, ամեն մի լսարանի առջև (գերադասելի է՝ ակադեմիական), բաց կամ փակ քննարկմամբ, հենց Ռասելի կամ նրա նախընտրած տեղակցի կամ արտասահմանցի պաշտպանի, նույնիսկ պաշտպանների կոլեկտիվի հետ երես առ երես կամ հեռակա, գրավոր կամ բանավոր բանավիճելով հիմնավորել իմ տեսակետները:

«Օր», « «Մի ուրվական էր շրջում… համալսարանում…», 25. 07.2002
«Զարթօնք» (Բեյրութ) , 11. 08. 2002
«Վասն հայության», 14. 08. 2002
Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
(Հրապարակախոսություն), հատոր Ա, «Էդիթ Պրինտ» 2010

Տես նաև կեղծ հայագետներ՝   Ռիչարդ Հովհաննիսյան

«Հայոց պատմության չլուծված հարցերը 20-րդ դարում»

Կեղծ հայագետ՝ Ջեյմս Ռասել

//

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ Falsifiers of Armenian History Arm Version

//

 

Добавить комментарий