ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ -1

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի հետ 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ -1 / Կոմիտաս Վարդապետ Հովնանյան

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ -1 / Կոմիտաս Վարդապետ Հովնանյան

Վերջերս ՖԲ կոչվող սոցցանցում հերթական բանավեճն էր տեղի ունենում Մայր Աթոռի Հայորդյաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի և այլոց միջև: Ես վերապահումով եմ դա բանավեճ անվանում, որովհետև հարգարժան վարդապետը մեն-մենակ ելել էր մի քանի ամբոխահաճների դեմ, որոնք չէին փայլում ո՛չ իրենց դաստիարակությամբ, ո՛չ խոսքի կուլտուրայով, ո՛չ գիտելիքներով, ո՛չ մարդկային նկարագրով, ո՛չ մի բանով: Կացությունը թվում էր անելանելի, որովհետև նրանց ընդդիմախոսը տրամագծորեն հակառակ բևեռի անհատականություն էր, որը համեմատության ոչ մի եզր չուներ նրանց հետ և հանգիստ, հավասարակշիռ տոնով ու ժպիտով «ընդդիմախոսներին» տարրական ճշմարտություններ էր ասում: Համոզված եմ, որ վերջիններս այդպես էլ մնացին իրենց կարծիքին, որովհետև հայր Կոմիտասին հասկանալու համար գոնե լսելու կարողությունից զատ ընկալելու կարողություն պետք է ունենային: Ավաղ, երկուսից էլ զուրկ էին:
Հերթական նման մի բանավեճի ժամանակ, երբ այն, ըստ իս, հասել էր գագաթնակետին, ես նույնպես խառնվեցի նրանց խոսակցությանը, չնայած այն կարծիքին եմ, որ վարդապետն իմ պաշտպանության կարիքն ամենևին էլ չուներ: Ինչևէ, ես այնտեղ շատ հակիրճ բնութագրեցի նրան` բարձրակարգ մտավորական: Կարճ ժամանակ անց` ստիպված եղա խառնվելու մեկ այլ բանավեճի այնպիսի պահի, երբ մի ինչ-որ արարած արդեն անցել էր անձնական վիրավորանքի: Սրան հետևեց հայր Կոմիտասի համբերատար, համոզիչ, ուսուցողական, հայրական խոսքը, որից անձամբ ես շատ էի զգացվել: Այդ էջում գրեցի. «Հայր Կոմիտաս, Դուք միշտ հիացնում եք Ձեր վարքագծով, դաստիարակությամբ, արժանիքներով, մտածողությամբ, ազգային արժեքների գերբարձր գիտակցությամբ, մի խոսքով` մտավորականի Ձեր կերպարով ու կեցվածքով: Դա հրաշալի գիտեն մեր ոչ բարեկամները և, արդեն քանի տարի է, պատերազմ են հայտարարել մեզ, այսինքն` հայի ա՛յդ տեսակին: Մեզանից շատ ջանքեր են պահանջվում` մեր հողի վրա ամուր կանգնելու, մեր տեսակը պահպանելու և վաղվա հաղթանակներն այսօ՛ր կերտելու համար: Ոմանց գուցե թե ուտոպիստական թվա իմ ասածը, բայց համոզված եմ, որ մեր ազգն իրո՛ք առաքելություն ունի, այլապես այսքան ժամանակ և այսքան դժնդակ պայմաններում (նկատի ունեմ մեր ողջ պատմության գոյընթացը) հնարավոր չէր լինի մաքառումը… Ո՞ւր են մեզ հասակակից ժողովուրդները… Բայց ես չեմ ուզում, որ մեր ազգը սոսկ գոյատևի, դա վիրավորական է, ես ուզում եմ, որ մենք արժանապատվորեն ապրել ու զարգանալ կարողանանք»:
Իմ մեջբերած խոսքը շատ հրապարակախոսական է և ոչ պատահաբար: Հենց այս ճակատում է հայր Կոմիտասը հայտնվում թե՛ հեռուստաէկրաններին, թե՛ ռադիոեթերներում, թե՛ մյուս լրատվամիջոցների էջերում: Թվական առումով պայքարն անհավասար է, բայց դա ամենևին չի խանգարում որ վարդապետն իր փաստարկներով և վերլուծություններով ընդդիմախոսներին ցույց տա իրենց իրական տեղերը` արժանանալով զանգվածային ակնդրի, ունկնդրի կամ ընթերցողի համակրանքին և հիացմունքին: Միակ բանը, որի համար շատ ցավում եմ և ափսոսում, այն ներուժն ու ժամանակն է, որ հայր Կոմիտասը վատնում է ըստ իս երբեմն ոչ այնքան կարևոր բանավեճերում, մյուս կողմից էլ ինքս ինձ հակասելով ասեմ, որ այդ բանավեճերից շահում են դրանց հետևողները: Սա` իմ կարծիքով:
Այդ բանավեճերում հանդիպում են նաև մեր հանրությանը ծանոթ անձինք, որոնց անունները «Ակունքի» եթերից հրապարակելը սրբապղծություն եմ համարում: Այդ արարածները հաճախ են իրենց խոսքը լղոզում այսպես կոչված «մարդու իրավունքներ», «արևմտյան արժեքներ» ու չգիտեմ ինչ այլ անդեմ ու փուչիկ-հասկացություններով` ցույց տալու համար իրենց առաջադիմությունը մեր համեմատությամբ: Ովքե՞ր են իրականում սրանց «ուսուցիչները», ո՞վ է այսպիսի հուն ուղղորդել աշխարհը` ավելի վերահսկելի ու կառավարելի դարձնելու նպատակով, ո՞ւմ թեթև ձեռքով են «հին չափորոշիչներն» այլևս դարձել բրածո` մեզ մատնելով բարոյական խուճապի և մտցնելով բարոյական փակուղի, հրաշալի ենք գիտակցում: Որքա՞ն կարելի է խոսել օտար երևույթների ագրեսիվ ներթափանցումների, ամեն տեսակ «մշակութային» թափոնների դեմ, որոնց տարածելուն ստրկամտորեն ծառայող այսպես կոչված պրոդյուսերներ և հովանավորներ` որքան ասես: Իսկ ազգանվեր որևէ ծրագիր կամ նախագիծ իրագործելու, էլ չեմ ասում` գիրք հրատարակելու համար մեր մեծահարուստների, խոսքս չնչին բացառությունների մասին չէ, եկամուտներն այդ պահին այնպես են չորանում, որ մտածում ես` ինքդ այդ խեղճերի համար ինքդ հովանավոր փնտրել…
Բայց առնվազն տարօրինակ է, որ այս ամենը գիտակցելով հանդերձ այնքա՜ն անհուսորեն ենք տրվում հորձանքին, որ անելանելիությունից հոգիդ ուղղակի խանձվում է, տոչորվում: Եվ առավել հիասթափվում ես արժանապատվության տանելի մակարդակ փնտրելիս:
Սա հատուկ է արվում, որպեսզի ժամանակ չունենանք իրական արժեքների մասին առավել հաճախ խոսելու, գեղագիտական ճաշակ ձևավորելու, մարդկանց բարձրակարգ հոգևոր սնունդ մատուցելու համար: Սրանք հարցեր են, որոնք մեղմ ասած, գլոբալացվող այս աշխարհում մտահոգում են յուրաքանչյուր բանական էակի` անկախ ազգությունից: Բայց մենք խոսենք մեր մասին:

13. 02. 2013

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ -1

Նաև դիտեք — ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Добавить комментарий