ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Պետրոս Հովհաննիսյան

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ / Պետրոս Հովհաննիսյան

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, ադոնցագետ
Պետրոս Հովհաննիսյանի հետ

Հեղինակ՝ Հասմիկ Գուլակյան

Որևէ հեղինակի հրապարակախոսությունը հնարավոր չէ տարանջատել նրա հասարակական գործունեությունից: Այդ առումով Նիկողայոս Ադոնցն էլ բացառություն չէ:
Ադոնցագիտությանը նվիրված մեր հերթական թողարկման այս եթերաժամին ներկայացնելու ենք ականավոր հայագետի հրապարակախոսությունը, մասնավորապես նրա «Երկերի» 6-րդ հատորին, որտեղ ընդգրկված են Հայկական հարցի և Մեծ եղեռնի թեմաներով հրապարակումները:
Մեծանուն հայագետի կյանքի և գործունեության մանրամասներն ուսումնասիրելիս ակամա հիշել եմ Հովհաննես Թումանյանին: Ծանոթանալով նրանց ազգային-հասարակական գործունեությանը և երկերին` զարմանում ես` ազգային բուռն կյանքով ապրած այս մարդիկ ե՞րբ են հասցրել ստեղծագործել, այսպիսի ժառանգություն թողնել:
Ադոնցի հրապարակախոսությանը, հատկապես Հայկական հարցին վերաբերող հրապարակումների մասին Պետրոս Հովհաննիսյանի հետ զրուցել եմ 2001-ին, երբ աշխատում էի Հանրային ռադիոյի արտասահմանի հայության համար հաղորդումների բաժնում: Այդ հաղորդումը նվիրված էր Նիկողայոս Ադոնցի ծննդյան 130-ամյակին: Այն ժամանակ ինձ արդեն իսկ հիացրել էր նաև նրա Ճոխ ու պատկերավոր լեզուն: Խոստովանեմ, որ այդ տարիներից էլ Ադոնցը դարձավ իմ մեծագույն թուլություններից: Ժամանակի ընթացքում որքան շատ առնչվեցի նրա գիտական ժառանգությանը, այնքան ահագնացավ իմ երախտագիտությունը մեծ հայագետի նկատմամբ: Եվ որքան էլ անդրադառնում եմ նրա ստեղծագործությանը, ինչ էլ որ ասում եմ եթերից կամ մամուլում, միևնույնն է, դժգոհ եմ ինքս ինձանից, որովհետև լրագրողիս ուժերից վեր է հայագիտության այդ հսկային արժանվույնս ներկայացնելը: Եթե մանավանդ նկատի ունենանք, որ նրա օրոք գիտության այս ոլորտն արդեն քաղաքականացվել էր, սկսվել էր հայկական մշակույթի ու համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա ներդրումների հայազերծումը, և ազգանվեր հայ գիտնականը հրապարակավ ընդունել էր բոլոր մարտահրավերները: Այդ մասին խոսել ենք նաև նրա բյուզանդագիտական ժառանգությունը ներկայացնելիս:
6-րդ հատորի նախաբանում Պետրոս Հովհաննիսյանը գրում է, որ Ադոնցի «հրապարակախոսական երկասիրությունների» «թիվը մեծ չէ (շուրջ չորս տասնյակ), սակայն դրանք պակաս կարևորություն չունեն, քան պատմագիտական երկերը»:
«Հայկական հարցը և գերմանական ծրագրերը», «Թուրքական հայտագիրը և Թուրքահայաստանը», «Առաջավոր Ասիայի հիմնահարցի լուծման շուրջ», «Թուրքիայի անդամահատումը», «Հայկական հարցը Սևրում», «Հայկական հարցը ամերիկյան սենատում», «Մեծ եղեռնի տարելիցին» և այլ հոդվածներով Ադոնցը հարստացրել է հասարակական-պատմաքաղաքագիտական միտքը. վերլուծական-հրապարակախոսական լինելուց զատ դրանք նաև գիտաճանաչողական նշանակություն ունեն. օտարալեզու ընթերցողներին ցույց են տալիս պատմական հիմնախնդիրների խորքերը: Գրել է տարբեր իրավիճակներում, սակայն դրանք լրացնում են մեկը մյուսին իմաստով և տրամաբանական միասնությամբ:
Նիկողայոս Ադոնցի դատողություններն ու գնահատականներն այսօր էլ արդիական են:
«Որքան և ծանր լինի հայ ժողովրդի դրությունն այդտեղ (Սովետական Հայաստանում – Հ. Գ.), դարձյալ հայրենիքն է, որ իր էությամբ լցնում է շատ պակաս և ամենից առաջ կորուստը, որին ենթարկված են հայրենիքից դուրս հածող ահագին բազմությունները: Հերոսական միջոցներ են հարկավոր նրանց փրկելու վերահաս ձուլումից և փչանալուց»:
«…ինչ վերապահումներ էլ ունենանք ներկա Հայաստանի (խոսքը Սովետական Հայաստանի մասին է, չնայած այսօր կարելի է նկատի ունենալ նաև ՀՀ-ն – Հ. Գ.) հանդեպ, <….> սա հայության վերջին ապավենն է, վերջին հենարանը. կորցրինք այս – կկորցնենք ամենը, կանցնենք պատմության արխիվը, մահացած ազգերի շարքը»:
«Հայրենիք» ամսագրի խմբագիր Ռուբեն Դարբինյանին գրած նամակում կարդում ենք. «Կարծում եմ, որ վատ չէր լինի, եթե սակավ մի պայքարող եռանդդ խնայեիր, մտրակդ ձգեիր և ավելի հաշտ և սրտացավ աչքով նայեիր մեր աղքատիկ հայրենի հյուղին, մեր խեղճ սոխակեր հայրենիքին: Գիտես, որ մեր ժողովուրդն ուրիշ սնունդ չունի քան սոխը: Խոհեմություն չէ աննպատակ քննադատություններով սառեցնել տարաշխարհիկ հայությունը հույսի միակ աղոտ ճրագեն, նրա ապագայի միակ երաշխիքեն»:
«…Հայկական հարցի պատմությունը ցույց է տալիս, որ ամեն մի անորոշություն, ամեն մի հետաձգում հղի է սարսափելի հետևանքներով հայ ժողովրդի համար»:
ԼՂ-ի հիմնախնդիրը վերջինիս ապացույցն է: Չի՛ կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի:
Նիկողայոս Ադոնցը, որ ազգային եզակի նկարագրով գիտնական է, իր բոլոր բջիջներով էր զգում իր հայրենիքին պատուհասած ողբերգությունները և հնարավոր ամեն ինչ էր անում, քաղաքակիրթ աշխարհում նրա դատը պաշտպանելու համար: Նա գիտական օբյեկտիվությամբ հիմնավորում էր Հայ դատը, որն այսօր էլ քաղաքակիրթ աշխարհի ճակատին դրոշմված խարան է: Իսկ հայ ժողովուրդն իրավունք չունի և հանուն ոչ մի բանի չի հրաժարվի ո՛չ իր անցյալից, ո՛չ իր ապագայից:

 

Դիտեք նաև «Նիկողայոս Ադոնցի բյուզանդագիտական ժառանգությունը»

Добавить комментарий