ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԱՐՏԱԳԱՂԹ. ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆՑ

Հասմիկ Գուլակյանի զրույցը «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ,
Արցախյան ազատամարտի վետերան Տարոն Տոնոյանի հետ

Նուռ

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԱՐՏԱԳԱՂԹ. ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆՑ

Բարոյական արժեքների համատարած անկման պայմաններում «Ակունք» ռադիոհանդեսը մի կողմից` փորձել է և փորձում է հոգևոր սպեղանի լինել մեր բաց վերքերին, մյուս կողմից` խոչընդոտել անբարո երևույթների հաղթարշավը, որի դրոշին խոշոր տառերով գրված է ոչ անհայտ Ալեն Դալեսի, իմ բնորոշմամբ, «անբարոյականության մանիֆեստը»:
Տարոն Տոնոյանի հետ, ըստ էության, այս թեմայով մեկ անգամ արդեն զրուցել ենք մեր ձայնասրահում 2012-ին` «Մայիսյան հաղթանակների բարոյական դասերը» հաղորդման շրջանակում: Մայիսը հատկապես նրա համար եմ հաղթական համարում, որովհետև, արդեն քանի տարի «Երևան» բժշկական կենտրոնը շարունակում է նորանոր հաղթանակներ պարգևել մեր վերջին ազատամարտի վետերաններին ու նրանց ընտանիքներին, զոհվածների հարազատներին` անվճար վերականգնելով նրանց առողջությունը: Գլխավոր բժիշկն իր աշխատակազմի հետ լռելյայն հերոսական գործ է անում` առանց շեփորահարության: Սա բարոյականության այն բաց դասն է, որ Տարոն Տոնոյանը վարում է բոլորիս համար և հանուն բոլորիս… Բուժում են մարդկանց, հաճախ փրկում նրանց կյանքը, որպեսզի նրանք ապրեն առողջ, ապրեն իրենց հայրենիքում, առո՛ղջ հայրենիքում: Այստեղ, սակայն, չափազանց կարևոր է հայրենիքի՛ առողջությունը, որը, մեղմ ասած, այսօր աննախանձելի է: Երբ հայրենիքի առողջությունը վտանգվում է, նրա զավակները սովորաբար մեկ մարդու նման ոտքի են կանգնում և ամեն ինչ անում` հանուն նրա ապաքինման: Սակայն այսօր մեր հայրենիքի զավակների մի ահռելի զանգված ոչ միայն իր հոգում չունի հայրենիքի զգացողությունը, այլև ամեն ինչ է անում վայրկյան առաջ լքելու այն: Ինչո՞ւ-ի պատասխանները բազում են, բայց ո՛չ արդարացնող, դրանք հիմնականում հետևանքներ են: Հարկավոր է վայրկյան առաջ վերացնել պատճառները, կասեցնել հայաթափումը, որովհետև այսպես շարունակելու դեպքում կկորցնենք մեր հողն ու գենոֆոնդը: Այս պահին հարկավոր է Գարեգին Նժդեհի նման մի հայրենապաշտ հայորդի ու իր խոսքի մոգական ուժով կանգնեցնի երկիրը հայաթափող դասալիքներին, ինչպես նա 1918-ի մայիս 24-ին իր հանրահայտ ելույթով կարողացավ Ղարաքիլիսայի ճակատը լքած զինվորներին հետ վերադարձնել: Ի՞նչ է հարկավոր անել կանխելու համար այսօրվա համազգային դասալքություն-դավաճանությունը… Ո՞վ կհամարձակվի Նժդեհի հանգույն բարձրացնել ձեռքն ու ասել. «Վայրկյանը ճակատագրական է, ով դեռ չի դավաճանել Հայ ցեղին, թող հետևի ինձ… Սպաները գնում են անձնատուր լինելու: Թող գնան: Իսկ ես գնում եմ մեռնելու: Ով դեռ իրեն բարոյապես մեռած չի համարում, թող հետևի ինձ…»:
Այդպիսի հերոս կարող էր լինել Արցախյան ազատամարտի որևէ մասնակից, հատկապես` կամավորական: Արցախյան ազատամարտի մասնակիցները, իմ չափորոշիչներով, բարոյական արժեք լինելուց առաջ, ազգային արժեք են, ավելի ճիշտ` ազգային արժեքը միշտ էլ բարոյական արժեք է: Բայց որքանո՞վ բարոյական նրանց ցուցաբերվող վերաբերմունքը մեր երկրում…
Դարերով անկախություն ենք երազել, հասել հուսո ափ և փոխանակ ազատությունը դարձնենք դավանանք, կեցություն, վարկաբեկել ու վերածել ենք կապանքի: Ես ամենևին նկատի չունեմ սոցիալական այն դժվարությունները, որոնք անխուսափելի են հեղափոխություններից, հեղաշրջումներից ու պատերազմներից հետո` մանավանդ անկախությոն ուղին բռնած երկրների համար: Խոսքս մեր երկրում ստեղծված բարոյահոգեբանական այն կացության մասին է, որն ապաքինվելու ոչ մի միտում չունի: Բանը հասել է նրան, որ ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել երեկվա ազատամարտիկը` հայրենիքի կամավոր պաշտպանը, որի առողջության ու զինակիցների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը փաթաթվել է նրանց պարանոցին ու խեղդում է. մարդիկ չեն կարողանում ապրել, ընտանիք պահել, սակայն նրանց պարգևած հաղթանակի շնորհիվ կասկածելի ծագման մի խավ գրոհել է բարեկեցություն երաշխավորող բոլոր ամրոցները` անգամ չհիշելով մեր վերջին ազատամարտի վետերաններին և այն էլ չավարտված պատերազմի պայմաններում, իսկ մեր երեկվա ազատամարտիկների մեծ մասն այսօր ծաղկուն տարիքում է… Սա ի՛նչ վերաբերմունք է… Որտե՞ղ է հայկական երազանքը կամ գոյությո՞ւն ունի այն: Ո՞վ է մեղավոր այս ամենի համար, որտե՞ղ փնտրենք պատճառները:
Եթե վաղը պատերազմը վերսկսվի, երեկվա ազատամարտիկները կրկին զենք են վերցնելու և մեկնելու են առաջին գիծ` որպես փորձառու մարտիկներ, նաև խնայելու համար երիտասարդների կյանքը. այս մասին հաճախ եմ լսել նրանցից և տարբեր առիթներով: Բայց այսօր մեր վետերանները սոված են. սա աններելի է, կրկնում եմ, պատերազմը չավարտած երկրի համար…
Մի՞թե կարելի է սեփականաշնորհել ազգի ապագան, արժանապատվությունը: Ինչո՞ւ մեր ժողովուրդը շուտ կորցրեց իր պայքարունակությունը… Այլապես այսպես համերաշխորեն երկիրը չէր լքի… Ո՞ւմ են թողնում մեր երկրի ապագան… Ո՞վ պետք է պայքարի հակազգային ու հակամարդկային տականքից ազատվելու համար… Մեր երկրում լավ սերունդ է մեծանում, մի՛ պղտորեք նրանց հոգիները: Իսկ եթե որոշել եք գնալ, գնացե՛ք, Աստված ձեզ հետ… Միայն թե, խնդրում եմ, չվարկաբեկեք մեր Հայրենիքն ու հեռվից մեզ հայրենասիրության դասեր չտաք` կոկորդիլոսի արտասուք թափելով… Իսկ այստեղի տականքի դեմ մենք կպայքարենք մե՛ր ձևով…
Գոյության կռիվը բնորոշ է ոչ միայն կենդանիներին, այլև բույսերին… Իսկ դու, հա՛յ մարդ, բույսի պատվախնդրություն ու արժանապատվություն է՞լ չունես…
Արթնացի՛ր, հա՛յ մարդ, սթափվի՛ր մի վերջին անգամ, մի՛ կորցրու զգոնությանդ վերջին փշրանքները… Սեփական պետություն ունենալու սա քո վերջի՛ն հնարավորությունն է… Վա՛յր դիր ճամպրուկդ ու դեպի անհայտություն ճանապարհվելուց առաջ մի վերջին անգամ մտածի՛ր… Սա քո՛ հայրենիքն է և ոչ թե երկիրը կործանած կասկածելի ծագման, դրամապաշտ ու անհայրենիք իշխանավորների: ԳԵՐԽՆԴԻՐՆ ԱՅՍՕՐ ՄԵՐ ԳԵՆՈՖՈՆԴԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ԱՅՍ ՄՆԱՑՈՐԴԱՑԸ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է… Այս հողը քո՛ զավակներին է հարկավոր և ոչ թե հակաազգային չինովնիկների կենսաբանական հետնորդներին… Մեր ազգի նահատակների արյամբ ողողված ու նրանց աճյուններով սրբացված այս հողի վրա՛ է եղել քո անցյալը, այստե՛ղ է քո ներկան և այստեղ, ՄԻԱՅՆ ԱՅՍՏԵ՛Ղ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔՈ ԵՎ ՔՈ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ…
Հա՛յ մարդ, խնդրում եմ, աղաչում եմ, պաղատում եմ, կա՛նգ առ, մի՛ կրկնիր 1920 թվականի Կարսի խայտառակությունը, որին հետևեցին պետության կործանումը, հայոց հայրենիքի մի զգալի հատվածի կորուստն ու բյուրավոր հայերի, այդ թվում` դասալիք զինվորների ֆիզիկական ոչնչացումը…
…Քույրե՛ր և եղբայրնե՛ր, կա՛նգ առեք… Աշխարհում ստեղծված այս ահավոր անորոշության պահին ձեր, այսինքն` մեր բոլորի զավակներին փորձության մի՛ տարեք… Մի՛ վաստակեք հայրենասպանի և որդեսպանի հավերժ ամոթալի խարանը…
Կա՛նգ առեք… Արթնացե՛ք… Սթափվե՛ք… ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ…

«Վէմ» ռադիոկայան
26. 06. 2013

3 идей о “ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԱՐՏԱԳԱՂԹ. ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆՑ

  1. Ն. Աբրահամ Էրզրում

    (Ալեն Դալես)
    Կասկածելի ծագման մի գործիչ` ամերիկացի Ալեն Դալեսը, մինչ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն դառնալը, 1945-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում իր հայտնի ելույթում, որը ես անվանել եմ «անբարոյականության մանիֆեստ», մասնավորապես ասել է.

    «…Քաոս սփռելով, մենք, աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով և կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից և արվեստից աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. նկարիչներից կվանենք ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման և ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկերեն և փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք և բարձրացնենք այնպիսիններին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցության մեջ սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ որևէ անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարության մեջ մենք քաոս և անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ և մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Մենք ճարպկորեն և աննկատորեն կսերմանենք ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու»:

    Անկախ այն բանից, թե ով ինչ կասի և ինչպես ու հանուն ինչի, հայ մարդուն ուզում եմ հիշեցնել, որ նա պարտավոր է իր հոգում և կոպերի տակ կրելու Արարատը, ոորվհետև նա առաքելություն ունի, և մեր ազգային բանաստեղծի` Եղիշե Չարենցի խոսքով ուզում եմ հորդորել նրան. «Կանգնիր հպարտ ինչպես լույս լեռն է մեր կանգնած»:

  2. Ruzanna RA

    AYO,YURAQANCHYUR HAY, PETQ E GITAKCI,VOR INQN EL NRAN MI HATIKN E, AYN NRAN ,VOR@, CAVOQ SRTI,ARTEN JLATVAC E U VOCHNCHACMAN EZRIN E KANGNAC.EKEQ STAPVENQ ,DARNANQ MI BRUNCQ EV PRKENQ MER HAYRENIN,AYN VERJNAKANAPES TANUL ENQ TALIS MI QANI GARSHELI DAVACHANNERI.MENQ UNECEL ENQ TIGRAN MEC,GAREGIN NGDEH,VAZGEN SARGSYAN.< >,EV VOCH TE MI QANI TAKANQ INQNAKOCHNER.EKEQ YURAQANCHYRS MER MEJ ARTNACNENQ SASUNCI DAVTIN EV PATRAST LINENQ AMEN MI XENTUTYAN HANUN MER ERKRI PRKUTYAN.SA VERABERUM E MEZ `HAY JOXOVRDIS,ASHXARI AMEN MI ANKYUNUM CVARAC,VOTQI KANGNEL U PAYQAREL NERQIN DAVACHANNERI DEM……

Добавить комментарий