ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐ

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը «Հայ երգասաններ» խմբի հիմնադիր և ղեկավար, հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ

Արսեն Գրիգորյան ( Մրո ) Arsen grigoryan (Mro)

Արսեն Գրիգորյան / Մրո — Arsen Grigoryan / Mro / ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐ

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո արտասահմանից սկսեցին Հայրենիք գալ բարձրագույն կրթությամբ ընտրագույն մտավորականներ` հրաժարվելով իրենց հարմարավետ ու բարեկեցիկ կյանքից, աշխատանքային հաջողություններից: Նրանց թիվը բազմապատկվեց 1920-ական թվականներից: Եկան` համոզված, որ ապրելու են սոցիալ-կենցաղային անհամեմատ վատ պայմաններում, բայց գաղափա՛րն էին կարևորում և ի՛նչ զրկանք ասես կրեցին հանուն Հայրենիքի վերակենդանացման ու վերակերտման: Երրորդ հանրապետության հռչակումից հետո մարդիկ, զգալի մասը` տիտղոսակիր ու հեղինակավոր գիտնականներ, հանրահայտ արվեստագետներ, վաստակաշատ մտավորականներ, եզակի մասնագետներ, լքեցին տունուտեղ, աշխատանք, գիտական հաջողություններ և մտավոր ու հոգևոր-մշակութային հսկայական ժառանգություն ունեցող Հայրենիքը, սկսեցին գնալ դեպի… անորոշություն: Այսինքն` ավելի քան 70-ամյա հայրենադարձությանը փոխարինելու եկավ հայրենաթողությունը, ես կասեի` հայրենադավությունը… Մեր դեմ սկսվեց հոգևոր-մշակութային լայնածավալ ինտերվենցիա… Այսօր այլ կլիներ ժողովրդագրական պատկերը հայկական երկու հանրապետություններում, եթե 450 հազար ադրբեջանահայությունը բնակեցվեր ազատագրված տարածքներում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում, եթե տարագրվող սիրիահայությունը վստահեր հայրենի իշխանությունների ստեղծած կարգերին ու բարքերին և ճամպրուկները վայր դներ այստեղ… Արցախյան հերոսամարտում հաղթանակած ազգը դարձավ անպայքարունակ և սեփական իշխանությունների ու իշխանամերձ տականքի զոհը…
«Ազգ էինք, ժողովուրդ մնացինք»,– մի առիթով բավական դիպուկ նկատել է Ավետիք Իսահակյանը… ՀՀ իշխանություններն իրենց ապիկար քաղաքականությունն արդարացնում են կա՛մ մեր երկրի աշխարհագրական դիրքով, կա՛մ Արցախյան հակամարտությամբ… Երկրում, որը պատերազմական վիճակի մեջ է, նրա իշխանավորները ճամարտակում են հատկապես մարդու իրավունքների և եվրոպական արժեքների մասին… Արևմուտքի ազգություն չունեցող հիբրիդները մեջտեղ են բերել «համամարդկային» օրենքներ ու իրավունքներ և որպես բարձրագույն արժեքներ հրամցնում-պարտադրում կամազուրկ ու գաղափարազուրկ հանրություններին… Ոչ ոք չի հիշում ազգի ու պետության իրավունքները, քաղաքացու պարտականությունները… Խոսքները մեկ արած տարփողում են մարդու` անհատի իրավունքները, որովհետև, ըստ այդ «օրենսդիրների», նոր ժամանակներում մարդն ապրում է հանուն իր ստամոքսի և կենդանական այլ հաճույքների համար, նա միայն սպառող է, 21-րդ քաղաքակիրթ կոչված դարում նրան այլևս խորթ են հասարակական խնդիրները, ազգի ու հայրենիքի նկատմամբ նա այլևս չունի պարտականություններ և այլն…

Իսրայելն իր ստեղծման պահից պատերազմի մեջ է: Այդ կացությունը, սակայն, նրան չի խանգարել ու չի խանգարում զարգացնելու իր կրթությունը, գիտությունը, մշակույթը: Ավելին` ներգաղթ է կազմակերպում, որովհետև հստակ ծրագիր ունի: Այսինքն` հրեաներն իրենց պետության ներքին բոլոր հարցերը լուծում են պերմանենտ պատերազմի պայմաններում: Իսկ մե՞նք, որ սիրում ենք թերագնահատել այլոց… Մենք ամեն ինչ վերագրում ենք Արցախի հիմնախնդրին: Հայտնի է ՀՀ առաջին` տխրահռչակ գիտնական նախագահի թևավոր խոսքի վերածված արտահայտությունը. «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել…»: Չկա չլուծվող հարց: Կա հարցի լուծման ցանկության ու կամքի չգոյություն` բացակայություն: Ավելին`վարում են այդպիսի տրամադրությունները չեզոքացնելու ազգադավ քաղաքականություն: Սա հակոտնյա է հայրենիքի, ազգային ինքնության և արժանապատվության գաղափարներին… Այլ արժեքներ հայի համար գոյություն չունեն: Հայի գերնպատակը եղել է և է ապրել հայրենիքում և պահպանել այն: Հայի գերագույն խնդիրը արարելն է Հայաստանում: Մնացած ամեն ինչը միֆ է, հեքիաթ, «ուղեղի մորմոք»… Եվ ոչ մի պատճառ չի կարողանա արդարացնել հայրենալքությունը…

«Վէմ» ռադիոկայան
14. 08. 2013

4 идей о “ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐ

Добавить комментарий