ԱՄԵՆ ԻՆՉ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ…

 

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ՀԱՀԳԲ-ի վետերան Ալեք Ենիգոմշյանի և Արցախյան ազատամարտի վետերան, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ

Գագիկ Գինոսյան և Ալեք Ենիգոմշյան Հայոց ազատամարտի և հայրենիքի թեմաներն «Ակունք» ռ/հ-ի համար ամենանվիրականն են, իրարից անբաժան:
Հայոց պատմությունը և հայոց ազատամարտի պատմությունը, կարծում եմ, հասակակիցներ են: Երկուսն էլ նույն ճանապարհն են անցել` հաղթահարելով նույն դժվարությունները: Պատմության մեջ եղել են, իհարկե, ժամանակաշրջաններ, երբ հայրենիքի անկախության համար պայքարը ոչ թե զինված է եղել, այլ գաղափարական, որն էլ հասունացրել է զինված պայքարը: Այստեղ կարևոր է, թե ինչպես ես հասունացնում այդ պայքարը, որովհետև պատերազմում հաղթում ես մինչև այն սկսելը` գաղափարական դաշտում:
Որպեսզի ասելիքս շատ վերացական չլինի, խոսենք մեր ժամանակների մասին: Արցախյան ազատագրական պայքարը նախապատրաստվել էր նախորդ փուլում` 1920-ական թթ-ից սկսյալ: Այսինքն` Արցախյան թեման միշտ էլ բաց է եղել մեզ համար` հայոց այս երկրամասն Ադրբեջանին բռնակցելու պահից ի վեր: Այստեղ նույնիսկ կարևոր չէին սովետական կայսերապետական գաղափարական կապանքները: Արցախցիները միշտ էլ համոզված են եղել, որ մի օր փշրելու են թուրք-ադրբեջանական շղթաները…
1994-ի մայիսին հայոց հաղթական բանակին պարտադրվեց զինադադար, որի հետևանքով մեր մարտիկները չհասցրին ազատագրել Հայաստանի արևելյան հատվածի մյուս պատանդ հողերը: Պատերազմն այսօր էլ ավարտված չէ, իսկ զինադադարը ադրբեջանցի թուրքը հաճախ է խախտում: Այսինքն` մենք ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք մեր հայրենական պատերազմի վերսկսմանը:
Այսօր, սակայն, դժվարանում եմ ասել` շուրջ 20-ամյա զինադադարի տարիները գաղափարական ի՛նչ լիցքեր ու ազդակներ են փոխանցել թե՛ աճող սերնդին` հայրենիքի բռնագրավված հողերի ապագա ազատարարներին, թե՛ վետերան ազատամարտիկներին, որոնցից շատերը բազմիցս հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում առաջինն իրենք են ձեռքներն առնելու զենքը, ոմանք էլ խոստանում են կանգնել իրենց որդիների կողքին` ուս ուսի:
Ցավոք, Արցախի ոչ բոլոր ազատարարներն այդպես են մտածում: Նրանց մի մասը վաղուց լքել է իր իսկ ազատագրած հայրենիքը, մյուս մասը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի` անցնելով բազում փորձությունների միջով: Հրաչյա Հարությունյանի պատմությունը թերևս ամենահանրահայտն է: Ազատամարտիկների մի մասն էլ, որ կամ հաշմված է, կամ վատառողջ, պարփակվել է իր պատյանի մեջ` այլևս փակելով իր հաշիվներն այս կյանքի հետ: Իսկ ըմբոստ մի խումբ էլ, ընդվզելով մեր երկրում ստեղծված անասելի աննորմալ կացության դեմ, չկարողանալով այլևս տանել ստեղծված բարոյահոգեբանական վիճակը, քրոնիկական անարդարությունները, սանձարձակ կոռուպցիան, ամենաթողությունը, սոցիալական ծայրահեղ բևեռացվածությունը, հայրենիքի հարստությունների ու սեփական ժողովրդի անմարդկային կողոպուտը, երկիրը դատարկող խուճապահար, սոսկալի արտագաղթը, գենոֆոնդի փոշիացումը, որը պարունակում է նաև Հայրենիքի հայկական մնացած այս մնացորդացի կորստյան վտանգ, դուրս եկավ փողոց. վերջին ամիսներին Երևանի Ազատության հրապարակում, այնտեղ, որտեղից 1988-ից սկսվել է Արցախյան ազատագրական շարժումը, նրանք սկսել են անժամկետ նստացույց:
Հանրապետությունում ստեղծված գաղափարական և բարոյահոգեբանական այսօրվա մթնոլորտն ինձ ոչինչ դրական չի հուշում վաղվա օրվա մասին, իսկ մեր արևելյան թշնամի հարևանն օրավուր հզորացնում է իր զինանոցը: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե բարոյական ի՛նչ արժեքներով է զինված հակառակորդը: Ինձ տագնապեցնում է, թե ո՛րն է մեր այսօրվա ոգեղե՛ն զենքը, որի մասին վերջին ավելի քան երկու տասնամյակում «հպարտությամբ» և «ինքնավստահորեն» խոսում են ՀՀ բարձրաստիճան այրերը` բոլոր ամբիոններից, և հատկապես կցանկանայի իմանալ, թե նման իշխանությունների ղեկավարությամբ վաղը գաղափարական ո՛ր զենքով ենք դիմակայելու թշնամուն` պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում…
Այո, մեզ մոտ ավելի շատ խոսում են, քան գործում: Արդյո՞ւնքը` խնդրեմ. տնտեսական մշտական «աճ»` պարտադիր երկնիշ թվերով, «եվրագովասանքներ», «կոմպլեմենտար սիրախաղեր», «դիվանագիտական գլուխգործոց-հաղթանակներ» և այդ ամենի հետևանքով` հայաթափվող անկախ պետություն, վտանգված պետականություն, փլուզված, ավերակված բարոյահոգեբանական դաշտ……
Այս ամենն ի վերջո լցրեց բազմապատիկ թշնամուն ծնկի բերած հայ ազատամարտիկների համբերության բաժակը, և սա այն դեպքում, կրկնում եմ, երբ պատերազմն Ադրբեջանի դեմ ավարտված չէ՛…
Ես հետևել եմ նստացույցի ընթացքին, մեր ազատամարտիկների ներկայացրած սոցիալական խնդիրներին և միշտ մի անբավարար զգացողություն ունեցել, որովհետև նրանց պահանջները, իմ պատկերացմամբ, թերի էին, որովհետև դրանց մեջ չէր արտահայտվում, ըստ իս, այն ամենակարևոր գաղափարը, որին, անկեղծ ասած, սպասում էի: Եվ ահա օգոստոսի սկզբին (1-ին) լրատվամիջոցներում (ՖԲ սոցցանցում) այդ գաղափարը վերջապես ներկայացվեց. ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարության մեջ հստակ ասաց, որ իրենց անհանգստացնում են ոչ միայն ազատամարտիկների, այլև հայ ազգի առջև ծառացած խնդիրները, հատկապես արտագաղթն ու դատարկվող երկրի ճակատագիրը, և համազգային մոբիլիզացիայի կոչ արեց` «վերահսկել մեր պետականության երթը»` ընդգծելով, որ իրենք պատասխանատվություն են կրում հայոց պետության ու պետականության համար, որովհետև «…հասել ենք մի սահմանագծի, որն անցնելուց հետո այլևս ուշ կլինի»: Իսկ ժամանակին Անկախ և Միացյալ Հայաստանի համար գաղափարական ճակատում մարտնչած որոշ նվիրյալներ վերջերս, դիմելով նաև սփյուռքահայությանը, բառիս բուն իմաստով ազգային-ազատագրական պայքարի կոչ արեցին` երկիրը հայանուն ցեցերից մաքրելու խնդրանքով…
Երիցս իրավացի են Արցախյան գոյամարտի վետերանները: Եթե երեկ նրանք պաշտպանել են մեր երկիրն ու ժողովրդին թշնամու ոտնձգություններից և ազատագրել բռնագրավված Հայրենիքի որոշ տարածքներ, այսօր պարտավոր են պաշտպանել մեր պետությունն ու պետականությունը` երկրի ներսում, որովհետև հայրենիքն ու ազգն այսօր վտանգված են ներսից…
Հայոց անկախ պետության պարանոցին փաթաթված օղակը նոր չէ սկսել սեղմել նրա վիզը: Երբ 1990-ական թթ. կեսերին ես և իմ որոշ համախոհներ խոսում էինք ՀՀ-ում առաջնահերթ դարձած հայապահպանության հարցերի շուրջ, ոմանք տարակուսանքով էին մեզ նայում, իսկ երբ սկսեցինք կոշտ ու անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել հայոց լեզուն, այսինքն` մեր պետական միակ լեզվի սահմանադրական իրավունքը ոտնահարողների, հայոց լեզուն բարբարոսաբար հոշոտողների և ազգային մշակույթը եղծողների նկատմամբ, մեզ անվանեցին ծայրահեղականներ… Շուրջ 15 և ավելի տարի մեր առտնին զրույցների ժամանակ էլ անընդհատ ընդգծում էինք, որ վտանգված է մեր պետականության ճակատագիրը, սակայն մեր հանրությունը խոշոր հաշվով սթափվեց սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահը Մոսկվայում հայտարարեց, որ մեր հանրապետությունն ուզում է միանալ Մաքսային միությանը…
Դարերով երազած անկախությունը, որը, թվում է` պետք է երաշխավորեր մեր զարգացման նոր մակարդակ` ներսից ամրագրելով հայոց բռնագրավված տարածքների մաս-մաս ազատագրումը, մեզ շատ ավելի հետ մղեց` ապացուցելով, որ անկախությունը մեզ համար ո՛չ նպատակ է, ո՛չ էլ միջոց, որովհետև կորցրեցինք թե՛ փուլ առ փուլ, թե՛ փաթեթային եղանակով…
Բոլո՛րս տեսանք, թե ինչ տրամադրությամբ մեր ժողովուրդը նշեց իր անկախության 22-րդ տարեդարձը… Մենք բնավ այսպիսի՛ անկախություն չենք երազել. անկախության այս տարատեսակից մեր հանրապետության բնակչության մեծ մասը գլխապատառ փոխել է և շարունակում է փախչել, այդ թվում` նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Սա ի՞նչ է` պատի՞ժ, թե՞ անեծք…

***

Կացությունը մեր երկրում բավական ծանր է: Անկախությունը վտանգելը, էլ չեմ ասում` կորցնելը, ստորացուցիչ է, պարզապես մահացու է յուրաքանչյուր բանական մարդու համար: Այսօր, հայրենաբնակ և սփյուռքաբնակ սիրելի հայրենակիցներ, ինչպես վերջին շրջանում հաճախ եմ ստիպված կրկնում ու հիշեցնում, հայոց գենոֆոնդը փրկելու խնդիր ունենք մեր հայրենիքի այս փոքրիկ կտորում. հայրենի հո՛ղն է այսօր այրվում մեր ոտքերի տակ: Իշխանությունների` ՀՀ անկախությունը փրկելու ներքին ու արտաքին միջոցներն սպառվել են. գուցե ճիշտ կլինի ասել` նրանք երբևէ նման միջոցներ չեն էլ ունեցել, ինչ թե մնաց` գործադրեին. ոչինչ չի՛ արվում կանխելու անիծյալ արտագաղթը, այսինքն`հայրենիքի հայաթափումը: Ապագա սերունդները մեզ չեն ներելու… Ո՛չ մի սերունդ մեզ չի ներելու… Այս իրավիճակն ստեղծվել է բոլորիս մեղքով: Մեր ամենաահարկու թշնամին այսօր անտարբերությունն է: Մենք պարտավոր ենք հաղթահարել մեր ներքին բոլոր հակասություններն ու վիրավորանքները, որովհետև զոհասեղանին մեր հավիտենական արժեքներն են` ազգն ու հայրենիքը: Մենք պարտավո՛ր ենք ազգովի ոտքի կանգնելու և սրբագրելու անկախության տարիների մեր բոլոր բացթողումներն ու սխալները այսօ՛ր, այլապես վաղը… Այսպես շարունակելու դեպքում` վաղը չի՛ լինելու… Այս էլ ո՛րերորդ անգամ խնդրում եմ ու պահանջում` սթափվիր, հա՛յ ժողովուրդ, քանի դեռ շա՛տ ուշ չէ…

«Վէմ» ռադիոկայան
9. 10. 2013

3 идей о “ԱՄԵՆ ԻՆՉ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ…

  1. Tom Siraki

    Կանադա-Թոռոնթո: Վերլուծումը չափազանց ճիշտ է… կանգնած ենք Նախախորհրդարանի կողքին…Խնդրեմ… որն է այն երկրի այն կարմիր գիծը որից անցնելով քաղացիական պայքարի ձեվը պիտի կոպտանա:

  2. Garegin Nalbandian

    Վերջերս շատ եմ հանդիպում համահայկական ահազանգերի։ Ինքս էլ բազմիցս խնդրել եմ որ Հայերը համախմբվեն, բայց մարդիկ կասկածանքով ու զարմանքով են արձագանքում ինձ։ Կարծես թե ինձ չեն հասկանում։

    Ի՞նչ ասեմ։ Հասկացողը ինձ կհասկանա, իսկ չհասկացողներն էլ թող Ռուսին, Ամերիկացուն, Եվրոպացուն, ում որ ուզեն, թող Պապա ասեն, թող Խազեին ասեն…

    Այսօր Ֆեյսբուքում մի նյութ կարդացի, որտեղ գրված էր այն մասին որ Դարեհ Առաջինն ասել է թե Հայերին հաղթել չի լինի, Հայերին պետք է մասնատել։ ՈՒ ի՛նչ մասնատել են մասնատում մեզ… Քրիստոնյա Առաքելական, Քրիստոնյա ՈՒղղափառ, Քրիստոնյա Կաթոլիկ, Քրիստոնյա Բողոքական, Յեհովայի Վկաներ, Հայ Հեթանոսներ, Իսլամացած Հայեր, Հրեա Հայեր, Աթեիստ Հայեր… Դեռ կրոնով մասնատվելը քիչ է, Սփյուռքահայ, Ղարաբաղցի, Գյումրեցի, Վանաձորցի, Երևանցի… Ի դեպ, Երևանցիներն էլ ել մասնատված՝ Մասիվցի, Չարբախցի, Արեշցի, Կայարանցի, և այլն… Տեսնում ե՞ք թե որքան են մեզ մասնատել…

    Եկեք ազգով մեկ միավորվենք, որ իրոք Հային հաղթող չլինի։ Երբ մարդիկ ցանկություն ունենան միանալու, այն ժամանակ էլ կարելի ու հնարավոր կլինի Հայաստանի փրկության համար քայլեր ձեռնարկել, իսկ քանի մարդիկ անտարբեր կմնան, ոչինչ էլ չենք կարողանա անենք։

    Խնդրում եմ գրեք ձեր կարծիքը։

    Հարգանքներով՝

    Գարեգին Նալբանդյան

  3. Roza Arvahi

    միշտ ազգի համար առաջ վեր են ելել նախ ազգի նվիրյալները որոնց հետեւել է ժողովուրդը բայց այսօր չկան ազկի նվիրյալներ նրանք սպանվեցին լտպի կողմից, բոլորս խոսում ենք ու շատ ենք խոսում բայց գործ անող չկա բոլորը սպասում են ու ոչ մեկը չի ուզում կրել պատասխանատվություն արմատական փոփոխությունների համար, հայաստանը արագությամբ կորցնում ենք մեղավորները չեն պատժվում չունենք կամք երկիրը փրկելու համար պատժել մեղավորներին ուրեմն բոլորս մեղավոր ենք երկրի կորստյան համար

Добавить комментарий