20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՈՒ ԿԻՆՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀՍԿԱՆ. ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը դրամատուրգ, արձակագիր,  կինոսցենարիստ Ռուբեն Հովսեփյանի և ռեժիսոր ու գրող Ռուբեն Մարուխյանի հետ

Ժամանակին ուշադրությունս գրավել է Սոս Սարգսյանի պարզ ու անպաճույճ խոսքը` Հենրիկ Մալյանի մասին. «Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»:

Այս խոսքը հետագայում վերընթերցել եմ տարբեր առիթներով, և ամեն անգամ ինձ թվացել է, թե Սոս Սարգսյանն ինքն իր մասին է գրել: Ի դեպ, սա մեծերին բնորոշ ինքնաարտահայտման ձև է, որովհետև թևավոր խոսքերի վերածված նրանց բազմաթիվ մտքեր դիպուկ ինքնաբնութագրականներ են, ինքնագնահատականներ:

Սոս Սարգսյանի առիթով միշտ ասել եմ, որ նրա բերանով խոսում է ժողովրդական իմաստնությունը: Սրանում հատկապես համոզվել եմ 2000-ին` առաջին ու վերջին անգամ նրա հետ հարցազրույցի ժամանակ, որը հրապարակել եմ նաև իմ «Դարը` մեր մեջ, մենք` դարի» ժողովածուում: Զրույցը տևական էր. երկար շարունակվեց նաև ձայնագրիչն անջատելուց հետո: Վարպետն ասես դժգոհելով անընդհատ կրկնում էր. «Դժվար հարցեր ես տալիս…», «Ցավոտ հարցեր ես տալիս…», «Սոսկալի հարցեր ես տալիս…»: Խոսում էինք մեր իրականության մեջ օրավուր ֆանտաստիկ արագությամբ ավելացող թերությունների ու բացթողումների մասին` կարևորելով իսկական ժողովրդական առաջնորդի դերը: Անկախության հռչակումից արդեն բավական ժամանակ էր անցել, և հանրապետության բոլոր տրամաչափերի քաղաքական այրերն վերջնականապես արժեզրկել ու վարկաբեկել էին անկախության գաղափարը, իրենց քաղաքականությամբ մտավորականները` իրենց անտարբերությամբ, իսկ մշակույթի գործիչներն իրենց եռանդուն մասնակցությամբ ավերել էին մեր արժեհամակարգը… Հոր ու տիրոջ մտահոգությամբ Սոս Սարգսյանն ուզում էր, որ ՀՀ ղեկավարների սիրտը ցավա այնպես, ինչպես մեր` շարքայիններիս սրտերն են ցավում…

«– Ոչ, հայերն այլևս պատրանքներով չեն ապրում,– ասաց:– Ամեն հավատ ու պատրանք արդեն կործանվել են: Հիմա մի մարդ է պետք, մի խարիզմային առաջնորդ, որ այս ժողովրդին տանի իր ետևից: Դա կլինի մի դեպքում` ժողովրդին ոգևորելով: Մեր ժողովուրդը շատ բանի է ընդունակ, երեխայի պես ոգևորվել գիտե…»:

Դեռ 1991-ին Սոս Սարգսյանը երանի էր տալիս նրան, «ով տասը տարի հետո ապրելու է Հայաստանում»: Նրա մատնանշած ժամկետից շատ քիչ էր մնացել, բայց հետայդու այլևս չցավացրի նրա հոգին, չխառնեցի նրա ներաշխարհը, սակայն միշտ հետևում էի նրա հրապարակումներին ու ելույթներին… Սոս Սարգսյանն առիթը բաց չէր թողնում կրկնելու. «Այսօր մենք չենք գիտակցում այն մեծ պատասխանատվությունը, որ անկախությունն է դրել մեզ վրա»` մեզանից յուրաքանչյուրին պատասխանատու համարելով մեր երկրի ճակատագրի համար: Նա խոսում էր մեր ժողովրդի ու պետության անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերի մասին: Խոսում էր`միշտ շեշտը դնելով բարոյականության վրա: Մի անգամ նրան հարցրել են, որ եթե ինքը լիներ ՀՀ նախագահ, մեր երկրում ամե՞ն ինչ լավ կլիներ, լոռեցու պարզությամբ ու անմիջականությամբ պատասխանել է. «Կարող է` լավ լիներ, կարող է` վատ լիներ, բայց այսքան անբարոյական չէր լինի»: Եվ շատ եմ ցավում, որ չհասցրի երկրորդ անգամ նրան հրավիրել հարցազրույցի, հյուրընկալել «Ակունք» ռադիոհանդեսի «Բարոյականությունը և մենք» հաղորդաշարում. բարոյականությունը խղճի աշխատանք հայտարարած Վարպետի առողջությունն արդեն տեղի էր տվել… Այնքա՜ն էի ուզում լսել մեր օրեր Ձորի Միրոյին ու Նահապետին… Ի դեպ, ոչ հաճախ է պատահում, որ մշակույթի նվիրյալներին կամ ստեղծագործող մարդկանց բնորոշում են իրենց իսկ կերտած հերոսների անուններով: Սոս Սարգսյանին ժողովուրդն սկսեց մեծարել «Նահապետ» պատվանունով` համանուն կինոնկարի նկարահանումից հետո: Սեպտեմբերի 29-ին Վարպետին հրաժեշտ տալիս նկատեցի, որ նրա տեսքն այնքա՜ն վեհաշուք է, որպիսին վայել է իսկական Նահապետին: Մեր ժողովուրդն իսկապես արժանավայել մակդիրով է մեծարել հայկական կինոյի և թատրոնի այդ սերնդի փաղանգի վերջին մոհիկանին…

«Վէմ» ռադիոկայան
16. 10. 2013

2 идей о “20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՈՒ ԿԻՆՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀՍԿԱՆ. ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Добавить комментарий