ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ. ՖՐԵԴԵՐԻԿ ՄԱԿԼԵՐ (Հաղորդում 1-ին)

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

Տևական ժամանակ է` մեր եթերում չենք անդրադարձել օտար հայագետների գործունեությանը: Ի դեպ, հայագիտության ոլորտում իմ բազմամյա պրպտումների ընթացքում համոզվել եմ, որ սակավաթիվ են այլազգի այն գիտնականները, որոնք, մեղմ ասած, գիտության այս ոլորտում ներդրված չեն եղել հատուկ նպատակով: Այդ հանգամանքն ինձ ստիպել և այսօր էլ ստիպում է վերապահումով վերաբերվել նրանց և առաջին հերթին պարզել, թե ի՛նչ էին որոնում օտար հայագետները նախկինում կամ ի՛նչ են որոնում նրանք այսօր գիտության այս բնագավառում: Հաջորդ հարցը, որ առաջանում է, հետևյալն է` իրենց գործունեությամբ նրանք հայերին առավել վնասե՞լ են, թե՞ են օգուտ տվել: Օրինակ, ամերիկացի բանասեր-արևելագետ և պատմաբան Ռոբերտ Թոմսոն կոչված հանրահռչակ գիտնականը զբաղվել է հայ պատմիչներով ու հայոց պատմությամբ: Թարգմանելով Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկը, ավելի քան 90 էջանոց առաջաբան է գրել, որտեղ գիտնականին ոչ հարիր էթիկայով հայհոյել է Պատմահորը, նրան համարել է VIII դարի հեղինակ, իսկ նրա հանճարեղ երկը` իբր գիտության համար ոչ արժանահավատ սկզբնաղբյուր: Կամ, ասենք, թարգմանելիս փոխել, իր ցանկությամբ փոխել է Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկի վերնագիրը` անվանելով այն «Հայերի պատմություն» և այլն:
Այնքանով, որքանով ծանոթ եմ ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Մակլերի գործունեությանը, կարծես թե հակագիտական, կարելի է նաև ասել` հակահայկական ոչինչ չեմ նկատել նրա գիտական ժառանգության մեջ: Արևելյան կենդանի լեզուների դպրոցում նրա բացած հայերենի ամբիոնը հայագիտության դպրոց էր:

 «Վէմ» ռադիոկայան
6. 11. 2013

Հաղորդում 2-րդ

Добавить комментарий