ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻԲՐԻԴՆԵՐԸ

 Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Հենրիկ Հովհաննիսյանի և փաստաբան, Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հետ

 

Վարդան Պետրոսյան Vardan Petrosyan

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻԲՐԻԴՆԵՐԸ / Վարդան Պետրոսյան Vardan Petrosyan

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ–Երևան ճանապարհին տեղի է ունեցել սոսկալի ավտովթար: Հետևանքը` երկու զոհ և մի քանի ծանր վիրավորներ: Դեպքի մանրամասները լիովին հստակեցված չեն, և հայտնի չէ, թե ո՛վ է այս ողբերգության իրական մեղավորը:
Մեքենաների վարորդներից մեկը ծանր վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից`հետվիրահատական ապաքինման շրջանը տանն անցկացնելու համար: Սակայն երկու օր անց նրան տարել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և կալանավորել: Ի դեպ, ծանր վիրավորված վարորդը, համոզված, որ րոպեներ անց, մինչ դատարան հասնելը, հանդիպելու է տեսախցիկներով ու ձայնագրիչներով զինված լրագրողներին, հրաժարվել է պատգարակից և, ֆիզիկական ցավը մի կերպ սեղմած դատարան է գնացել ոտքով: Ես սա լավ եմ հասկանում. Նա արտիստ է, էսթետ, միշտ ներկայանալի տեսքով է հայտնվում հանրությանը: Դատարանում տևական «քննարկումներից» հետո վիրավորին կալանավորել են և պատգարակով տեղափոխել կալանավայր:
Ի դեպ, վարորդը ո՛չ միջազգային ահաբեկչական խմբի առաջնորդ է, ո՛չ մաֆիոզ կառույցի ղեկավար, ո՛չ խիստ վտանգավոր պետական հանցագործ, ո՛չ քրեական աշխարհի խոշոր տրամաչափի հեղինակություն, ո՛չ մոլագար մարդասպան, ո՛չ էլ հանրության համար վտանգավոր մեկը: Նա արտիստ է, հանրահայտ արտիստ, մտավորական, արվեստագետ, պարկեշտ մարդ, որ սիրված է թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Նա վաստակել է բարձրակարգ արվեստագետի համբավ, վայելում է համաժողովրդական հարգանք: Նա բարոյական եզակի կերպար է, մարդ, որի որդին ծառայում է Հայկական բանակում, մարդ, որ իրեն մեղավոր է համարում մեր երկրում ստեղծված այս անտրամաբանական ու ապաբանական կացության համար և իր ներկայացումներում անխնա ծանակում ու խարազանում է բոլոր անբարո երևույթներն ու դրանք ծնող պատճառները, դրանց հեղինակներին ու սատարողներին: Մարդ, որ խորապես ցավում ու հոգեպես տառապում է դժբախտ պատահարի համար և ինքն է պահանջում արդարադատություն. պատասխանատվությունից չի խուսափում, ավելին` պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե ապացուցվի, որ ինքը մեղավոր է: Նշանակում է` նրանից լավ ոչ ոք չի կարողանա ասել, թե ո՛րն է այդ դժբախտությանն իր մասնակցության չափաբաժինը… Այսինքն` Վարդան Պետրոսյանին չվստահելու հարց չի առաջանում… Մանավանդ նա հրաժարվել է անգամ ֆրանսիական առողջապահական ապահովագրական ընկերության ծառայությունից…
Այս վթարի պատճառով իրո՛ք ցնցված են խոր ճգնաժամի` ապատիայի մեջ ընկած մեր հանրությունը և նույնիսկ արտագաղթը փրկօղակ ու նպատակ դարձրած, ճամպրուկներն արդեն հավաքած մեր մյուս հայրենակիցները: Իսկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 9-ի որոշումը պատռեց մարդկայինի ու բարոյականության սահմանները` մնաս բարով ասելով օրենքով սահմանված անմեղության կանխավարկածին…
Եվ սա մի երկրում, որի ղեկավարները տարբեր ամբիոններից հիշեցնում ու հավաստիացնում են իրենց որդեգրած «եվրոպական արժեքների» մասին, արժեքներ, որոնք առայժմ մեզ ներկայանում են աղանդավորության և սեռական սանձարձակությունների օրինականացման ճանապարհով, ձևականորեն խոսքի ազատություն տալով, բայց իրականում վախի մթնոլորտ ստեղծելով… Այսպես շարունակելու դեպքում` «եվրոարժեքների» յուրացման ճանապարհին կոռուպցիայի օվկիանոսում խեղդվելու են այս ամենի կնքահայրերը` ջրամույն անելով բոլորիս…
Առանցքայինն այս կացության մեջ ինձ համար մարդն է` մտավորականը` իր առաքելությամբ, որպես քաղաքացի իր պատասխանատվության աստիճանով, որպես անհատ` իր անձի պաշտպանվածությամբ` անկախ նրա անհատականությունից: Այս ամենն ընդգծում եմ, որովհետև բոլոր հասարակարգերում մտավորականը միշտ էլ ամենապարկեշտ և ամենախոցելի մարդն է: Մտավորականի գործունեությամբ է պայմանավորված այս կամ այն մշակույթի, այս կամ այն քաղաքակրթության աստիճանը, մակարդակը սակայն ինչպես ցույց է տալիս պատմությունը, մտավորականն ամենաաննախանձելի կյանքով է ապրում: Խոսքս ամենևին էլ, Գարեգին Նժդեհի բնորոշմամբ, ստամտավորականի կամ տիտղոսակիր պալատական երգիչների մասին չէ, որպիսիք վխտում են ամենուր…
Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված «օրենքը» անվանում եմ «արդարադատության բալագան», որովհետև վիրավոր ու վիրահատված և անկողնուն գամված սիրված արտիստը, որ հազիվ է մնում ոտքի վրա, հայտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» ոչ թե ինչ-որ ֆիլմում նկարահանվելու, այլ, իրավապահների որոշմամբ, ինչպես մասնագետներն են ասում, խախտելով օրենքով սահմանած անմեղության կանխավարկածը…
Կատարվածը հնարավորություն է տալիս ասելու, որ իրավապահ մարմինները նույն կերպ կվարվեին, եթե Վարդան Պետրոսյանի փոխարեն լիներ մեզանից որևէ մեկը լիներ, այսինքն` օրենքի մեր պաշտպանների համար անընդունելի՞ է մտավորականի այս տեսակը, ա՛յն տեսակը, որը մեր կյանքում տեղ գտած բոլոր այլանդակությունների մասին խոսում է հրապարակավ, շիտակ, ուղղամտորեն` առանց կոտրտվելու և ծռմռվելու: Ըստ իս, սա նման է հաշվեհարդարի, որովհետև մարդու այս տեսակը չի ճկվում, չի կռանում, բարոյապես հնարավոր չէ նրան ճնշել, նրա հետ կարելի է միայն ֆիզիկական հաշվեհարդար տեսնել` բազմապատկելով հանրության հիացմունքը մարդու և մտավորականի ա՛յս տեսակի նկատմամբ… Իսկ եթե կատարվածը հաշվեհարդար չէ, նշանակում է խղճի հետ դաշինք կազմած խրախճանք է` ի հաշիվ այլոց դժբախտությունների…
…Չեմ ուզում կրկնել քննիչ Հայկ Հակոբյանի` ոչ մի քննադատության չդիմացող արտահայտությունները Վարդան Պետրոսյանի հասցեին, երբ Արտիստը դեռ վերակենդանացման բաժանմունքում էր: Սա խոսում է քննիչի, այսինքն` իրավապահի խղճի դեֆիցիտի, մարդկային նկարագրի ոչ թե բացակայության, այլ չգոյության, որպես քաղաքացի նրա չկայացածության մասին… Սա մասնագիտական ցինիզմ է, որը ոչ միայն բարոյական պատասխանատվություն է պահանջում, այլև իրավական: Սա բացահայտ գործարք է, խիղճն աճուրդի հանած մի խումբ չինովնիկների գործարք: Սա բարոյականության պակասուրդ է, ՄԱՍՆԱԳԵՏԻ դեֆիցիտ…
Տարրական տրամաբանությամբ` Հակոբյան կոչվածն այլևս իրավունք չունի այդ համակարգում աշխատելու, որովհետև իր վարքագծով ու մասնագիտական նկարագրով անդառնալիորեն վնասել է օրենքի իրակա՛ն պաշտպաններին: Բարոյական արժեքներով ապրող ու գործող իրավապահներն իրե՛նք են նաև պարտավոր իրենց շարքերից դուրս մղելու հոգեմտավոր այսպիսի նկարագրով բոլոր արարածներին` առանց անձնավորելու, որովհետև նրանց հետ առնչվելն իրո՛ք անպատվաբեր է յուրաքանչյուր արժանապատիվ մարդու, կրկնում եմ` հատկապես օրենքի՛ պաշտպանի համար…
Մենք ուզում ենք ունենալ իրավական երկիր, որտեղ օրենքը գերակա լինի բոլորիս համար, այսինքն` օրենքի առաջ հավասար լինենք բոլորս: Մենք չենք ասում, թե Վարդան Պետրոսյանին ազատեք պատասխանատվությունից: Բայց մենք ուզում ենք, որ նախ վերականգնվի նրա առողջությունը, որը տվյալ իրավիճակում բանական յուրաքանչյուր մարդու համար է գերակա:
Այս պահին նրան մաղթում ենք հոգու արիություն և տոկունություն, որպեսզի բազմապատիկ ուժերով կարողանա դիմակայել փորձությանը` դիմագրավելով նաև հոգեկան ծանրածանր ապրումները, ապրումներ, որոնք ողջ կյանքում ուղեկցելու են նրան: Ուզում ենք հուսալ, որ Վարդանը վերադառնալու է մեծ բեմ, որ մենք դեռ տեսնելու ենք նրա ամենալավ ներկայացումը:
Մեզ մնում է ապավինել ժողովրդական իմաստնությանը. «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Կապրենք, կտեսնենք:


20. 11. 2013

«Վէմ» ռադիոկայան

Добавить комментарий