«ՄԽԻԹԱՐՎՈՒՄ, ՍՓՈՓՎՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄՏՔՈՎ, ՈՐ ԻՐԱՊԵՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԳՐԱՎՈՒՄ»

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջեյմս Ռասելը մեծ հռչակ է վայելում աշխարհում իբրև խոշոր արևելագետ’ հայագետ, իրանագետ, սեմագետ և այլն: Որպես հրավիրված մասնագետ դւսսախոսություններ է կարդում նաև Սանկտ Պետերբուրգի համալսարանի հին արևելքի ֆակուլտետում, ինչպես ինքն է ասում՝ «միշտ կապը որոնելով հայագիտության հետ»: Նա գիտե բազմաթիվ լեզուներ մեռած և կենդանի, սակայն գիտական աշխատանքները գրում է իր մայրենի լեզվով անգլերեն:
Հասկանալի պատճառով՝ այդ հրապարակումները հայաստանաբնակներիս հիմնականում անմատչելի են: Դրանցից մեկին «Հայ ժողովրդի ձևավորումը», ծանոթ ենք բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանի «Ջ. Ռասելի «հայագիտական» հնարանքները» հոդվածից (ՊԲՀ, 2000 թ., թիվ 3, էջ 241-257, «Վասն հայության», 2001 թ., թիվ 4, 18. 09. 2001):
Ռասելի հիշյալ գործը լույս է տեսել 1997 թվականին, Նյու Յորքում Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած «Հայ ժողովուրդը հնից մինչև նոր ժամանակները» անգլերեն երկհատոր դասագրքում (նախատեսված է միայն ԱՄՆ-ի հայագիտական ամբիոնների և, առհասարակ, հայկական հաստատությունների համար):
Ի՞նչ է գրում հարվարդցի աշխարհահռչակ «հայագետը»:
Ըստ Ա. Պետրոսյանի քննական ուսումնասիրության Ռասելը, հենվելով հայերի ծագման վերաբերյալ միայն մեկ ռուս գիտնական Իգոր Դյակոնովի տեսության վրա (այն էլ խեղաթյուրելով), որն իրականում աշխարհի ոչ մի լուրջ մասնագետ չի ընդունել, անտեսում է լայնորեն ընդունված հայասական տեսակետը և հայերին Հայկական լեռնաշխարհ է բերում Բալկաններից’ մ. թ. ա. 12-րդ դարում: Հայոց անցյալի պատմությունը նա ներկայացնում է «ինքնահնար լեգենդներով», «արտառոց», «զավեշտալի սխալներով», իսկ Ուրարտուի պատմությունը, որի մասին հսկայական գրականություն է գրվել աշխարհում՝ սկզբնաղբյուրների հիման վրա, չի հիշատակում:


Հետևելով մեզ այնքա՜ն լավ ծանոթ ամերիկյան «հայագիտական» դպրոցի իր ուսուցիչներին, այս պարագայում’ ոչ անհայտ պրոֆեսոր Նինա Գարսոյանին, ելնում է ծայրահեղ պանիրանական տեսակետից, անտեսում հայ մշակույթի բնիկ, տեղական շերտը և այն ներկայացնում իբրև իրանական ներդրում կամ իրանական մշակույթի ածանցյալ:
Եվ ահա Համազգային հայ կրթական և մշակութային միության կազմակերպած Հայ համալսարանականների ամենամյա 8-րդ հավաքի (ֆորումի) շրջանակում Ռասելը հրավիրվել էր Երևան սփյուռքահայ ուսանողներին ևս «լուսավորելու» նպատակով:
Այս միջոցառման ծրագրից դուրս, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ, հուլիսի 16-ին Ռասելը դասախոսություն կարդաց Նիզամու անվան դահլիճում՝ «Հայ նախաքրիստոնեական կրոնը» թեմայով:
Անդրօվկիանոսյան պրոֆեսորին լսելու եկած երկու տասնյակից քիչ ավել համալսարանականները հավանաբար «հալած յուղի» պես ընդունեին մեծահամբավ հայագետի ելույթը (մանավանդ, ամբիոնի վարիչի բանասիրական գիտությունների դոկտոր Գառնիկ Ասատրյանի՝ հյուրին փառահեղորեն ներկայացնելուց հետո), եթե Ռասելի դասախոսությունից ընդամենը մեկ-երկու րոպե անց դահլիճից չհնչեր «Այսինքն մենք պարսի՞կ ենք» ոչ ամենևին հռետորական ռեպլիկ-հարցականը…
Պրոֆեսորի ելույթից հետո դահլիճում մթնոլորտը փոխվեց, երբ ձայն խնդրեց Ա. Պետրոսյանը և սկսեց հիմնավորված բացատրել կայսրությունների, մասնավորապես Իրանի մշակութային ազդեցությունը ոչ միայն իր տիրապետության տակ եղած, այլև հարևան ժողովուրդների մշակույթների վրա՝ Բալկաններից մինչև Հնդկաստան: Ա. Պետրոսյանն ասաց, որ Հայաստանը միշտ չի եղել Իրանի գերիշխանության ներքո, որ մ. թ. ա. 9-6-րդ դդ. Ուրարտուն ինքը մի հզոր կայսրություն էր և մ. թ. ա. 8-րդ դարի առաջին կեսից, մի ամբողջ դարաշրջան, աշխարհի ամեանահզոր երկիրը և իր ազդեցությունն է թողել այլ երկրների ու մշակույթների վրա, այդ թվում՝ Իրանի: Ընդդիմախոսն այս առումով ընդգծեց ուրարտական ճարտարապետության նշանակալի ազդեցությունը իրանականի վրա…
Ա. Պետրոսյանը չհասցրեց ավարտել իր խոսքը հայոց նախաքրիստոնեական աստվածների ու հավատալիքների մասին, երբ ամերիկացի հայագետն ընդհատեց նրան ռուսերեն.
-Это не допустимо! Это уже не научный подход! Это уже глупость! Это самое грубое выражение сталинизма и с точки зрения моих коллег не только в Америке, но и в Европе тоже! В данном контексте я не могу просто отвечать! (Դա անթույլատրելի է: Դա արդեն գիտական մոտեցում չէ: Դա արդեն հիմարություն է: Դա ստալինիզմի ամենակոպիտ դրսևորում է՝ նաև իմ գործընկերների տեսանկյունից, ոչ միայն Ամերիկայում, այլև Եվրոպայում: Այս համատեքստում ես պարզապես չեմ կարող պատասխանել):
Ի տարբերություն ամերիկյան «հայագիտական» դպրոցի «վերնախավային» ներկայացուցչի ջղագրգիռ ընդվզման՝ Ա. Պետրոսյանն սկսեց հանգիստ թվարկել վերոհիշյալ «դասագրքում» Դասելի հեղինակած գրքի «դրույթները»: Քաղաքակիրթ երկրից ժամանած մեծարգո արոֆեսորը, գերազանցելով արևմտյան գիտնականի ու մտավորականի մեզ համար «անհասանելի» սահմանները, իր մատնանշած «գիտական մետալեզվով» ասաց.
-Я не буду говорить с этим чудовищным человеком! Вы испортили репутацию армянской науки за рубежом и очень серьезно! Вы причиняете вред этой стране!.. (Ես չպետք է խոսեմ այս հրեշավոր մարդու հետ: Դուք փչացրել եք հայկական գիտության համբավն արտասահմանում և բավական լրջորեն: Դուք վնաս եք պատճառում այս երկրին…):

Այսինքն նա հասկացավ (ենթադրվում է այս դեպքից պիտի լուրջ հետևություն անեն նաև նրա արևմտյան գործընկերները), որ դիմադրությունն ավելի քան լուրջ է, որ այլևս անիմաստ է պաշտպանվելը, որ բանավեճն ավարտվելու է ոչ հօգուտ իրեն, և դիմեց շանտաժի…
Իրանագիտության ամբիոնի վարիչը, որ վարում էր նիստը, կանխեց Ա․ Պետրոսյանին շարունակել հիմնավորումները հայտարարելով «Սա բանավեճ չէ»: Այդ ընթացքում, բանասացի հասցեին դահլիճից անպարկեշտ արտահայտություններով գրություններ էին ուղարկել Գ. Ասատրյանին, որն, ինչ խոսք, որպես այլընտրանքային մտածողության տարբերակ, անընդունելի է: Վերջինս հանդիմանեց անանուն նամակագիրներին. «Ես միշտ ելնում եմ այն սկզբունքից, որ արտասահմանցի գիտնականները գալիս, ելույթ են ունենում մեր ժողովրդի համար: Մարդիկ կան, ովքեր այլ կարծիք ունեն, թող գան, իրենց կարծիքը նորմալ, հստակ արտահայտեն և ստանան պատասխան: Սա՛ է գիտության զարգացման սկզբունքը: Այսինքն սկզբունքը պիտի լինի բարոյականը»:
Թե որքա՞ն «նորմալ» ու «հստակ» չէր արտահայտվում այդ ֆոնի վրա Ա. Պետրոսյանը և որքա՞ն «բարոյական» չէր նրա սկզբունքը, անհասկանալի էր ոչ միայն ինձ…
Միջոցառումից անմիջապես հետո իմ այն հարցին, թե հնարավո՞ր է երկխոսություն, գիտական լուրջ բանավեճ իր և Ռասելի միջև, Ա. Պետրոսյանը պատասխանեց.
-Եթե Ռասելը քաջություն ունենա ընդունել իր սխալները, որի համար, կարծում եմ, նա միանգամայն բավարար պատրաստվածություն ունի, այդ ժամանակ հնարավոր կլինի երկխոսությունը: Գիտական տեսակետների շուրջ կարելի է վիճել, երբ հնարանքներն ու հերյուրանքները ճիշտ գնահատականի են արժանանում: Բայց, քանի դեռ Ռասելը և նրա գործակիցները Սփյուռքում և Հայաստանում այսպիսի պաշտպանություն և հովանավորություն են վայելում, որը խանգարում է նույնիսկ պարզ հաղորդակցությանը, նրանք շարունակ նույն կարգի «աշխատություններ» են արտադրելու… («Օր», 25. 07. 2002): Սակայն, ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում, «Սելի փոխարեն սելվորն է ճռռում»: Հուլիսի 24-ին «Նովոյե վրեմյա» (“Новое время”, այսուհետև «ՆՎ») թղթակիցը ներկայացրել էր Ռասելի Երևանում, հատկապես ԵՊՀ-ում արտահայտած «ամենաարժեքավոր» մտքերից մի «փունջ»՝ “Нет, я не армянозащитник. Просто я слишком люблю свою профессию….” («Ոչ, ես հայապաշտպան չեմ: Ես պարզապես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը….») խորագրով:
Չգիտեմ ի՞նչ նկատի ուներ այս հրապարակման հարգարժան հեղինակը, երբ գրում էր. «Նրա (Ռասելի — Հ. Գ.) հետ սիրում են վիճել, նույնիսկ նրանք, ովքեր բավարար ծանոթ չեն զրույցի կամ զեկուցման նյութին»: Եթե հոդվածագիրը ներկա էր ԵՊՀ-ում այդ դասախոսությանը և «բավարար» ծանոթ էր «զեկուցման նյութին», անտարակույս կհասկանար դահլիճից հնչած «Այսինքն մենք պարսի՞կ ենք» արտահայտությունը, Ռասելին համարժեք պատասխան տալու համար Ա. Պետրոսյանին ընձեռված «հնարավորությունը» և հանգիստ, գուցե նաև շոյված հպարտությամբ չէր գրառի «հաղթանակած» պրոֆեսորի «մնայուն» մտքերը, ինչպես նաև նրա դիվանագիտական «հաճոյախոսությունները» Հայաստանի մասին, «մեր երկիրը», «մեր վիճակը»…
Ըստ այդ հոդվածի Ռասելի կարծիքով՝ «Որպեսզի տարակարծություններ, վեճեր ծագեն, գիտնականները պետք է խոսեն գիտական մեկ ընդհանուր մետալեզվով, իսկ խոսակցությունը պետք է բխի գիտական հավասար դիրքորոշումներից և գիտական ընդհանուր հիմքերից: Այստեղ խոսք անգամ լինել չի կարող այլընտրանքի մասին: Ի դեպ, լուրջ հայագետների միջև երբեք հատուկ տարաձայնություններ չեն եղել և չկան»:
Ռասելի «գիտական մետալեզվի» հմայքը ԵՊՀ-ում մենք ճաշակեցինք, իսկ նրա վերաբերյալ տեսակետն առանձնապես մեկնաբանության կարիք չունի, ինքնին հասկանալի է: Պարզապես մեկ անգամ ևս հիշեցնենք, որ, մասնագետների կարծիքով, «լուրջ գիտնականներ» ասելով՝ Ռասելը և նրա արևմտյան «զինակիցները» նկատի ունեն ոչ հայաստանցի գիտնականներին, իսկ հայաստանցի գիտնականներին վերաբերվում են վերապահումով, ավելի ճիշտ՝ մշտական արհամարհանքով: Վերջիններիս անվանում են «գավառական», «ազգայնամոլ», «ֆաշիստ»… Իրականում արևմտյան հայագետների մեծ մասի կարծիքը, հաճախ առանց ծանրակշիռ հիմնավորումների, հակադրվում է հայաստանցի իրենց գործընկերների տեսակետներին և համահունչ է թուրքական մոտեցումներին… Ամերիկյան «հայագիտական» դպրոցի որոշ ներկայացուցիչներ, ինչպես տեսնում ենք նաև ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի 2001 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման մեջ, կրկնում են թուրքական «հայագիտության» տեսակետները. հայերը եկվոր են, իսկ նրանց ողջ մշակույթն իրանական է կամ ընդօրինակված…
Հայ ժողովրդին ինքնուրույն մշակույթից զրկելուց հետո, նույն այդ հոդվածում Ռասելը հռետորական հարց է տալիս. «Դե ինչ, ասացեք ի՞նչ կա դատապարտելի կամ վիրավորական այն բանում, որ պատմականորեն միանգամայն լավ հարաբերություններ են ձևավորվել Հայաստանի և Իրանի միջև», իսկ վերջինս, «ի դեպ, 15 թ. մեծ թվով փախստականներ է ընդունել Թուրքիայից» և «պատշաճ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ»: Այսինքն 1915 թ. փաստի մեջ էլ իրանական ազդեցության տարր է որոնում և ենթատեքստում զարմանում, որ հայերս «երախտամոռ» ենք. մերժում ենք ամեն ինչ իրանականին հանգեցնելու մեթոդական մոտեցումը: Այս առումով ժամանակին «Հայ ժողովրդի ձևավորումը» «գլուխգործոցի» մասին Ա. Պետրոսյանի եզրահանգումը կարելի է հասցեագրել նաև «ՆՎ»-ում Ռասելի արտահայտած այս «տեսակետին». «Բացարձակապես անիմաստ է ներկա հրապարակման մեջ լրջորեն քննարկել Ռասելի զարմանալի մտքերն ու «գյուտերը» ուղղված հայկական իրականության մեջ ամենուր եղած ու չեղած իրանական տարրի ինքնանպատակ որոնումներին, նրա պանիրանական մոտեցումը հասնում է անհեթեթության» (ՊԲՀ, 2000 թ., թիվ 3, էջ 249): Այստեղ արդեն Ռասելը դուրս է գալիս իր գիտական իրավասությունների շրջանակից, մտնում քաղաքականության ոլորտ: Իսկ որ հայագիտությունն արտասահմանում քաղաքականացրել են դեռ էն գլխից, բոլորին է հայտնի: Ինչևէ, հընթացս անդրադառնանք պրոֆեսորի նաև այս ոլորտի վերլուծություններին ու գնահատականներին:
ԱՄՆ-ում իրեն հայկական տեսակետների պաշտպան հայտարարած հրեա գիտնականը, ղեկավարվելով Արևմուտքում այնքա՜ն հաջողությամբ գործող երկակի չափանիշների սկզբունքով, վիրավորվել է, որ Նահանգներում հայկական համայնքը վերջին տարիներին ձեռք է բերել «հակասեմիտական գծեր, երբեմն շատ ագրեսիվ» դրսևորումներով: Նախ ինչպե՞ս կարող են հայերը հակասեմիտ լինել, երբ այնքա՜ն կապեր ունեն արաբական աշխարհի հետ: Հայարաբական հարաբերությունների մասին արևելագետ Ռասելին իրազեկելը լրագրողիս իրավասությունից դուրս է: Երկրորդ իմ կարծիքով հակասեմիտ են իրենք՝ հրեաները. Իսրայելի պետության հռչակման պահից մինչ օրս եղբայրասպան պատերազմ են մղում ցեղակից արաբների դեմ: Իսկ եթե հայերը «հակասեմիտական» տրամադրություններ են դրսևորում ԱՄՆ-ում, թող ուրեմն միստր Ռասելը պատճառը փնտրի թուրք-հրեական լոբբիստական գործունեության ծիրում…
Աշխարհաքաղաքացի գիտնականի «հիմնավոր» բացատրությունը չի ուշանում. «Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը ոչ ամենևին հայերին վիրավորելու ցանկությունից մղված: Իսրայելի պետությունը, իմ կարծիքով, պարզապես գերադասում է պաշտպանել իր ժողովրդին, և ոչ այլ: Մանավանդ որ Հայաստանը ըստ էության հարաբերություններ ունի Իսրայելի թշնամիների հետ՝ Իրանի, Լիբանանի, Սիրիայի…» (ընդգծումն իմն է — Հ. Գ.):
Ռասելը կարևորում է Իսրայել-Թուրքիա դաշինքը (ճիշտ կլիներ ասել՝ ֆլիրտը), սակայն մեղադրում է Հայաստանին այն երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների համար, ովքեր թուրքական արհավիրքի տարիներին ձեռք պարզեցին Հայրենիքից բռնի տեղահանված նրա զավակներին…
Կարծում եմ «ՆՎ»-ի թղթակիցն այստեղ պետք է հարցներ Ռասելին ինչո՞ւ է նա Իսրայելի քաղաքականության մեջ միտումնավոր անտեսում թուրքական գործոնը և առանց այլևայլության հիշեցներ, որ երիտթուրք պարագլուխները «վերապատրաստման դասընթացներ» անցել են… հրեա-մասոնական օթյակներում:
Ակնհայտ է, որ Ռասելն արյան կանչով պաշտպանում է այն ժողովրդի պետությունն ու նրա վարած քաղաքականությունը, որի ներկայացուցիչն է: Այլապես դասեր չէր տա վերոհիշյալ հոդվածի հեղինակին բացատրելով. «Հասկանո՞ւմ եք, պետությունը ոչ մարդ է, ոչ բարոյական միասնություն (единство), սակայն յուրաքանչյուր պետությունում ապրում են մարդիկ, և նրանք պարտավոր են գործել ելնելով բարոյական սկզբունքներից»:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ցեղասպանության ենթարկված հրեաները (ի դեպ, ոչ իրենց հայրենիքում, սա տեղի ունեցած հանցանքի վայրն ընդգծելու համար, իսկ անկախ այն բանից, որտեղ և ում նկատմամբ է կատարվել նման ոճրագործություն, պետք է դատապարտվի՝ իբրև մարդկության նկատմամբ ամենածանր հանցագործություն) չեն ճանաչում իրենց դաշնակից ցեղասպան Թուրքիայի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդին իր բնօրրանում ծրագրված ոչնչացնելու փաստը, իսկ Ռասելը խոսում է պետության քաղաքացիների և չգիտես ինչ սկզբունքների մասին: Այստեղ պետք է հստակ խոսք ասեր Իսրայելի քաղաքացիների բարոյական սկզբունքների մասին և ոչ թե փիլիսոփայեր:
Իսկ ի՞նչ բարոյական սկզբունքով է առաջնորդվում ԱՄՆ-ում հայկական տեսակետների պաշտպանությանը «զինվորագրված» և Իսրայելի պետական, թուրքամետ քաղաքականությունը հիմնավորող ու ակնհայտորեն պաշտպանող ամերիկացի հրեա գիտնականը: Իհարկե, ոչ ամենևին Իրանի քաղաքակրթության «բարոյական ու գեղարվեստական սկզբունքների» վրա հիմնավորված արժեհամակարգով, որը չափազանց բարձր է գնահատում, իր արտահայտությամբ, «Իրանին ամբողջովին սիրահարված» մեր արևելագետը: Նա փորձում է աշխարհին բացատրել այլ ժողովուրդների վրա Իրանի ազդեցության և հմայքի պատճառները, սակայն այնքա՜ն հեռու է իր քարոզած «իրանական բարոյական վարդապետությունից»… Ձեռնածուի ճարպկությամբ գործող և իր հայագետի մասնագիտությունը «շատ սիրող գիտնականն» ամենուր հայտարարում է, թե թուրքերն իրեն սպառնում են (գուցե մեզնից քաղաքական ապաստա՞ն էր խնդրում, իսկ մենք նրան ճիշտ չընկալեցինք): Եվ քանի որ ինքը շա՜տ «բարեկիրթ» է, իրեն հայհոյանքներով լի նամակ գրած մի թուրք լրագրողի առաջարկել է հանդիպել, քննարկել հարցերը: Պարզվում է նրան հայհոյախառն հետգրություններ ուղարկելը դարձել է ավանդույթ, իսկ որ նա պատրաստ է բանավեճի և այն էլ «գիտական մեկ ընդհանուր մետալեզվով», արդեն տեսանք…
Ուշագրավ է նաև նրա հայեցակարգային մոտեցումը ճշմարտությանը որպես փիլիսոփայական կատեգորիա: Ըստ արտասահմանցի «խեղճ» գիտնականի Հայաստանում կարծում են, որ «աշխարհում միայն ու միայն մեկ ճշմարտություն կա և դրա վիճարկելու իրավունքը չունի Հարվարդի և ոչ մի ամբարտավան, մանավանդ, եթե նա հրեա է»: Փիլիսոփա չեմ (ամենևին հավակնություն էլ չունեմ), սակայն կարող եմ պարզորոշ ասել մեկ բան. օբյեկտիվորեն գոյություն ունեցող երևույթի մասին կարելի է տարբեր կարծիքներ հայտնել, բայց հնարավոր չէ կասկածի տակ առնել տվյալ երևույթի բովանդակությունը, էությունը…

Մեր առայժմ քննարկած ոլորտներից զատ Ռասելը հետաքրքրվում է նաև հայ գրականությամբ: Այստեղ էլ նա «գիտակ» է, իհարկե ամերիկյան «հայագիտության» չափորոշիչներով: Այս բնագավառին անդրադարձավ հանրային հեռուստատեսության եթերում, երբ հուլիսի 18-ին նրան հյուրընկալել էր «Կեսգիշերային ճեպընթացը»: Ի դեպ, հաղորդավարի երևանյան հանդիպումների, մասնավորապես ԵՊՀ-ում դասախոսության մասին հարցին, Ռասելը բառացի պատասխանեց. «Դասախոսությունը բավական հաջող անցավ: Լսարանը բավական հետաքրքրված Էր: Միշտ և միշտ աշխույժ են ունկնդիրները այս երկրի մեջ: Տարակարծություններ կան, երբեմն՝ շատ ուժեղ կերպով արտահայտված: Բայց, այնուամենայնիվ, մխիթարվում, սփոփվում եմ այն մտքով, որ իրապես ուշադրություն եմ գրավում»:
Իր ճոխ հայերենով Ռասելը, հավանաբար, այդ օրը հիացրեց հեռուստադիտողների շատ մեծ լսարանի: Հայագիտությունը շատ սիրող պրոֆեսորը չմոռացավ հեռուստաեթերից հայտարարել. «Հայագիտությունը ՄԵՐ ապագան է» և հայագիտություն սովորելու նպատակով երիտասարդներին հրավիրել Հարվարդի համալսարան…
Ի լուր ողջ հայության նա ասաց, որ 20 տարի զբաղվում է Նարեկացիով, թարգմանում է Եղիշե Չարենցի բանաստեղծություններից, Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» պատմվածքը…
Անկասկած նա հրաշալի կթարգմանի մեր գրականությունը: Մտահոգողը, սակայն, «Նարեկի» 1000-ամյակին նվիրված նրա ապագա հոբելյանական ժողովածուն է, որը լույս կտեսնի գալիք տարի: Իհարկե, ֆինանսական դժվարություններ չի ունենա, հայ մեկենասները դարձյալ ու կրկին կփայլեն իրենց առատաձեռնությամբ և, հավանաբար, մի հարյուր հազար դոլար էր հոնորար կվճարեն…
Իսկ թե ի՞նչ է գրել այդ հոդվածներում, ի՞նչ առաջաբան-մեկնաբանություն կամ ի՞նչ նոր վարկած-անակնկալ է պատրաստում, դժվար է ասել: Մենք արդեն բավական քաջատեղյակ ենք այդ «հայագիտական» դպրոցի «արտադրատեսակին» և «Հայ ժողովուրդը հնից մինչև նոր ժամանակները» դասագրքից, որի վրա ամերիկացի տասնյոթ հեղինակ «տքնել» է ուղիղ քսան տարի (հավանաբար, հայագիտական «գլուխգործոցներն» այնտեղ քսան տարին մեկ են ի հայտ գալիս կամ էլ քերթվածքները թրծվում, կոփվում և վերջնական շուկայական տեսքի են գալիս այդպիսի ժամանակամիջոցում), և մեր պատմիչների աշխատությունների համար նրանց գրած «աոաջաբաններից»…
Հեռուստաէկրանից Չարենցի հանճարը փառաբանող Ռասելը «մոռացավ» կրկնել պոետին տված իր գնահատականը: Նախ նրա ստեղծագործություններից առանձնացրեց «Տաղարանը», որտեղ հավանում է ոչ թե «Ես իմ անուշ Հայաստանին», այլ «Երբ էս հին աշխարհը մտա ես» բանաստեղծությունը: Այս ընտրությունն էլ, թերևս, պատահական չէ. առաջինը մեզ համար ազգային արժեք է, իսկ ռասելները հենց այդ արժեքներն են ծրագրված, նպատակամետ նսեմացնում (ինչպես ոսկեդարի մեր պատմիչների գործերը և այլն):
Խոսելով 1920 թվականին Չարենցի գրած «Մահվան տեսիլի» մասին՝ Ջ. Ռասելը գրականագիտական «հայտնագործություն» կատարեց. «Այդ սիրերգն (ընդգծումն իմն է — Հ. Գ.) ուղղված է հայ ժողովրդին, Հայաստանին: Նույն ատեն Չարենցը սեռական սեր է արտահայտում, և այդ երկակի հասկացությունը, այդ երկակի իմացությունը շատ հետաքրքիր է Չարենցի մոտ: Չարենցի անձնավորությունը, նրա հանճարը համաշխարհային կարևորություն ունի: Եվ ես ամեն կերպ ջանում եմ դա ներկայացնել ամերիկացի ընթերցողին»:
Հիացած հաղորդավարին մնում էր երախտագիտությամբ շնորհակալություն հայտնել այս անկրկնելի գիտնականին «տիտանական» աշխատանքի համար (անմիջապես հիշեցի Բեյրութում «Հայկազյան հայագիտական հանդեսի» 2000 թ. տարեգրքում տպագրված հակահայկական նյութերը: Այս հոբելյանական 20-րդ հատորի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում, անցյալ տարի)…
Իսկ թե ինչպե՞ս է ներկայացնում հայ բանաստեղծին, կարելի է կարդալ «Ջուռնըլ օֆ դը սոսայեթի ֆոր արմինյըն սթադիզ»-ում (“Journal of the Society for Armenian Studies”) («Հայագիտական ուսումնասիրությունների ընկերության հանդես») տպագրած «Չարենցը մարգարե» հոդվածում (2000 թ., հատոր 2-րդ, էջ 11-38): Պուշկինի ծննդյան 200-ամյակին նվիրված այս հրապարակման մեջ Ռասելը խոսում է նաև Չարենցի «հոմոսեքսուալ պոեմների» մասին (նույն այդ «շիլաշփոթում», գնահատելով Գարսիա Լորկայի պոեզիան, գրել է, թե ի՜նչ մեծ բան կկորցներ մարդկությունը, եթե պատահաբար չիմանար, որ նա էլ հոմոսեքսուալիստ էր)… Ռասելի հեղինակավոր կարծիքով՝ Չարենցը երկսեռ անձնավորություն Է, և, ինչպես նկատեց Ա. Պետրոսյանը, դա կարծես պոետին տված նրա «ամենաբարձր գնահատականն Է». Ռասելը «ԱՄՆ-ում հանդես Է գալիս որպես հայաստանյան բոլոր հարցերի գծով միջնորդ-փորձագետ: Իրականում նա իր գրվածքներում նման տեղի-անտեղի դատողություններ Է անում միայն ունիվերսալ գիտակ երևալու ցանկությունից՝ Ուրարտուից մինչև Եղեռն և Նարեկացուց մինչև Չարենց»:
Հարվարդցի պրոֆեսորն այս չափազանց «արժեքավոր», «ճանաչողական» հոդվածը, վերնագրի հանգույն, ավարտում Է մարգարեաբար. «Չարենցը, ինչպես և Պուշկինը, իր երկրի ականավոր պոետն Էր և իսկական աշխարհաքաղաքացի, գրական աշխարհի աշխարհաքաղաքացի»:
Հավանաբար Ռասելի սերն Էլ Հայաստանի և հայագիտության նկատմամբ «սեռական» Է…

«Վասն հայության», 7. 08. 2002
Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Հրապարակախոսություն, հատոր Ա

Այս հղումով դիտեք տեսանյութեր՝ ՋԵՅՄՍ ՌԱՍԵԼ

Добавить комментарий