«ԱՂԲՅՈՒՐ» ԱՄՍԱԳԻՐԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է

 Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Թադևոս Տոնոյանի հետ

2013-ին լրացավ մանկապատանեկան մեր ամենաերկարակյաց հանդեսի` «Աղբյուրի» 90-ամյակը: Այդ մասին վերջերս պատահաբար իմացել եմ ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանից, երբ ասաց, որ հրատարակել են պատանի ստեղծագործողների 2013 թվականի «Տարեգիրքը»: Փորձեցի նրան մխիթարել` ասելով` շատ ավելի տպավորիչ հոբելյաններ մեր իրականության մեջ անցնում են աննկատ: Օրինակ` 2005-ին պետականորեն չնշեցենք Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը, 2010-ին` Հայոց արքայից արքայի ծննդյան 2150, Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650, Մովսես Խորենացու ծննդյան 1600, Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակները…Վերջին տարիներին պետականորեն չհիշեցինք մի շարք հայ գիտնականների ու արվեստագետների 100–150-ամյակները… Այդ հոբելյանները չնշեցինք և չենք էլ նշելու, որովհետև վերևներում մարդիկ չափազանց «լուրջ գործերով» են զբաղված. մեզ համար «պայծառ ապագա» են կերտում մեր հայրենիքում. եկեք «երախտամոռ» չլինենք: Ինչևէ, հետո Թադևոս Տոնոյանն ինձ տվեց պատանի ստեղծագործողների 2008 և 2013 թվականներիի «Տարեգրքերը»: Իսկ երբ ձեռքս առա այդ ընտրանինները, այլևս չկարողացա դրանցից բաժանվել, որովհետև վաղուց այսպիսի անաղարտ աշխարհում չէի եղել: Կարդում էի ու նշումներ անում, հետո նկատեցի, որ անիմաստ են այդ նշումները, որովհետև այնտեղ ամփոփված մեր երեխաների բոլոր ստեղծագործություններն են հոգեհարազատ ու սիրելի, երեխաների աշխարհում չկան շահ ու հաշվենկատություն, իսկ անսահման սեր ու բարություն` որքան ուզեք… Այս տարեգիրքն ինձ տարավ իմ մանկապատանեկան հուշերի աշխարհ: Այն ժամանակ «Աղբյուր»-ը այլ անվանում ուներ` «Պիոներ»: Եվ թող արտառոց չթվա մեր այսօրվա պատանի ունկնդիրներին, եթե ասեմ, որ այն մեզ համար նաև դպրոց էր` հանրակրթական դպրոցից դուրս: Դաստիարակչական և երեխաների զարգացմանը նպաստող ի՜նչ հրաշալի նյութեր էին հրապարակվում այնտեղ` կոմունիստական գաղափարախոսության պայմաններում: Ժամանակի մեր բոլոր գրողների` արձակագիրների թե բանաստեղծների անունները մշտապես տեղ ունեին «Պիոների» էջերում: Այնտեղ տպագրվում էին հայ և համաշխարհային դասականների` նաև մանուկների համար գրած գործերից, պատանի ընթերցողներին ծանոթացնում էին գիտության, մշակույթի և տեխնիկայի նորություններին, տպագրում ճանաչողական այլազան նյութեր և այլն: 1923 թվականից Երևանում հրատարակվող այս պարբերականի գլխավոր խմբագիրներ են եղել Գարեգին Սևունցը, Վազգեն Տալյանը, Սարգիս Հարությունյանը, Անահիտ Սահինյանը, Պերճ Զեյթունցյանը, որոնց 1991-ից հաջորդել է Թադևոս Տոնոյանը: Նրանց բոլորի շնորհիվ «Աղբյուր» դարձած «Պիոները», որ որոշ ժամանակ հրատարակվել է նաև «Հոկտեմբերիկ» և «Պատկոմ» անվանումներով, մեծացել է բոլոր սերունդների հետ` շարունակելով մնալ մատաղ սերնդի անդավաճան ուղեկիցը: Մեր այս խառնակ ժամանակներում անչափ կարևորում եմ հատկապես մանկապատանեկան պարբերականների անհրաժեշտությունը` կշտամբանքների սլաքներն ուղղելով ավագներիս` հիշեցնելով, որ մեր երեխաներն իրո՛ք շատ են օժտված, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք կարողանան մինչև վերջ դրսևորել, բացահայտել իրենց շնորհները: Շատ եմ ուզում, որ «Աղբյուրը» մշտապես կարկաչի ու հարատևի մեր ժողովրդի լավագույն մասի` երեխաների հետ: Մեր ռադիոհանդեսի անունից շնորհավորում եմ «Աղբյուր» ամսագրի սակավաթիվ աշխատակազմին և բոլոր ընթերցողներին, թղթակիցներին ու երկրպագուներին` ցանկանալով միշտ զուլալ տեսնել նրա ակունքը:
«Վէմ» ռադիոկայան
19. 03. 2014
Ձայնագրությունը ներքևում՝

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

Добавить комментарий