ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ

 ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ
Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանի հետ

Armenian genocide - Հայոց ցեղասպանություն / ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ

ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ

Աշխարհում քիչ չեն այն մարդիկ, այդ թվում` պետական ու քաղաքական գործիչներ, որոնք հայերիս և թուրքերին խորհուրդ են տալիս մոռանալ անցյալը կամ թողնել այն մեկդի ու նայել առաջ: Դա հնարավոր չէ մի շարք չլուծված հարցերի պատճառով, որոնցից կնշեմ միայն երկուսը:

Նախ` ինչպե՞ս մոռանաս թուրքի ոճիրը կամ ներես, եթե նա չի ապաշխարել ու չի հատուցել իր գործած սպանդի համար: Երկրորդ` թուրքն ամեն ի՛նչ է անում, որ հայերը հանկարծ չկորցնեն իրենց պատմական հիշողությունը: Թուրք-բոլշևիկյան սիրախաղից մինչև ադրբեջանական ջարդարարություն ու մինչև քեսաբահայության տեղահանություն` թուրքն ամեն ինչ է անում պատմության մեջ յուրովսանն հերոսանալու համար: Նույնիսկ թուրքական «Գորշ գայլեր» կուսակցության ներկայացուցիչներն այստեղ` Երևանում` մայրաքաղաքի սրտում, լուսանկարվում-անմահանում են ՀՀ աշխարհիկ և հայոց հոգևոր առաջնորդների հետ` ի հիշեցումն Մեծ եղեռնի մոտալուտ 100-րդ տարելիցի: Իսկ մե՞նք… Մեծ եղեռնից մեկ դար է անցել, բայց դեռ չգիտենք, թե մենք ի՛նչ ենք ուզում, ո՛րն է մեր պետական հայեցակարգը Հայոց ցեղասպանության հարցում մեր հայրենիքի մեծագույն մասի հայաթափությունից ու հայրենանկությունից 100 տարի անց… Ես, որ այսքան հետաքրքրվում եմ Հայկական հարցին վերաբերող բոլոր մանրամասներով, գրեթե անիրազեկ եմ, թե ինչպե՛ս ենք նշելու մեծ արհավիրքի մեկդարյա տարելիցը: Անկեղծ ասած` ինձ համար կարևորն այդ և այլ տարելիցները հիշել-նշելը չեն, այլ այն, թե ի՛նչ դասեր ենք քաղում պատմությունից, ավելի ճիշտ` ինչպես դասեր չե՛նք քաղում պատմությունից, սեփական սխալների՛ց, այնքան խելոք չենք, որ չգրկախառնվենք ցեղասպան թուրքի հետ` որպես «խիզախ գործընկերոջ», ինչպես 2009-ին, և չմարենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի լույսերը (ինչպես 2008-ի սեպտեմբերին` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երևան այցի օրը)… Եթե ոմանք այս ամենի մասին խոսում են ապրիլից ապրիլ, ես ահազանգում եմ միշտ, որովհետև ինձ համար ամեն օր ապրիլի 24 է. նշանակություն չունի` կարմի՞ր, թե՞ սպիտակ… Ինձ թվում է, որ մենք թուրքին լավ չենք ճանաչում. խոսքս, հասկանալի է, առանձին անհատների մասին չէ: Կարծում եմ, որ նաև ինքնե՛րս մեզ լավ չենք ճանաչում, որովհետև միշտ փնտրում ենք քավության նոխազներ, միշտ մեղավոր են ուրիշները, և միշտ կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ: Ո՞վ չգիտե, որ մեծ տերություններն ունեն շահեր, վարում են նպատակամետ և հստակ ուղղորդված քաղաքականություն… Իսկ մենք անընդհատ տերեր ենք փնտրում, և, որպես կանոն, այդ ճանապարհին ստանում մեկը մյուսից անասելի ծանր հարվածներ: 21-րդ դարում էլ մենք ցեղասպանությունից ապահովագրված չենք… Չեմ կարող չասել, որ միշտ և ամենուր մեզ պակասում է մի շատ կարևոր հատկանիշ`ազգային արժանապատվության զգացումը… Վերհիշենք հայ-թուրքական տխրահռչակ արձանագրություններն ու 2009-ին դրանց ստորագրման դրամատիկական կացությունը: Եթե բարոյապես ոչնչացված չէ դրանք վավերացնող հայկական կողմը, ինչո՞ւ քեսաբահայության տեղահանությունից հետո անգամ շարունակում է մնալ լեթարգիական քնի մեջ… Է՞լ ինչ առիթ է պետք այդ խայտառակությունից վերջնականապես զերբազատվելու համար… Հայերիս համար ստեղծված կացության պատճառը, կարծում եմ, հայեցակարգային է, ավելի ճիշտ հայեցակարգի բացակայությունն է: Թուրքն իր թրքությունը պետք է անի և անում է: Թուրքը բարբարոս է, խորամանկ, երեսպաշտ, լկտի, ցինիկ… Քեսաբահայության տեղահանությունն ասվածի առայժմ վերջին օրինակն է: Հրեշի կերպարը նույնն է հարյուրամյակ անց… Իսկ զո՞հը… Որտե՞ղ է նրա ինքնապաշտպանական բնազդը 100 տարի անց… Դեռ 1990-ական թվականների վերջերին էին ասում, որ Քեսաբի գլխին մութ ամպեր են կուտակվում: Այսօր արդեն իսկ չար լեզուներն ասում են, որ 2–3 տարվա ընթացքում նույնպիսի սցենար գործելու է նաև Այնճարում… Իսկ ի՞նչ ենք անում մենք պետականորեն, երբ Միջին Արևելքի հայությունը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին օրհասական վիճակում է, ինչպե՞ս ենք դիմագրավելու հետագա աղետները և կարողանալո՞ւ ենք արդյոք դիմակայել մեր այսպիսի պետական քաղաքականության դեպքում… Անկեղծ ասած` Քեսաբում կատարվածն ինձ համար անակնկալ չէր, մանավանդ միջազգային դրությունն էլ բավական բարենպաստ էր` ինչպես հայոց նախորդ բոլոր ողբերգությունների ժամանակ… Մենք երբեք դաս չքաղեցինք կյանքի մեծագույն դասից` սեփական պարտություններից… Չեմ կասկածում, որ քեսաբահայությանն սպառնացող աղետի մասին պե՛տք է և արտավո՛ր էին իմանալ ՀՀ ԱԱԾ-ում: Այս կառույցը, դատելով նրա անվանումից, կոչված է ապահովելու մեր ազգի, այսինքն` հայերի անվտանգությունը թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս… Ի դեպ, քեսաբահայության 40 տոկոսը ՀՀ քաղաքացիություն ունի… Բայց ի՞նչ տեղի ունեցավ… Տեղի ունեցավ այն, ինչ տեսանք բոլորս… Ապշելու բան է. իմանաս` թշնամիդ դավեր է նյութում քո դեմ ու ոչինչ չանե՞ս… Իսկ ինչո՞վ էին զբաղված ՀՀ ԱԱԾ պատասխանատուները… Դեպի ո՞ւր էին նայում մեր հետախուզական ու հակահետախուզական մարմինները… ՀՀ պաշտոնական արձագանքը 3 օր անց էր, Մարդու իրավունքների պաշտպանն իր ուղերձը հրապարակեց 10 օր անց: Ես այն կարծիքին չեմ, որ մեր երկիրն այնքան հզոր է, որ կկարողանա եղանակ ստեղծել աշխարհում, բայց նրա արժանապատիվ կեցվածքն առաջին հերթին մեզ` ՀՀ քաղաքացիներիս է հարկավոր բարոյապես չկոտրվելու համար… Մեր հեռուստահաղորդումների շեշտադրումն անգամ չփոխվեց այդ օրերին. գոնե թռի-վռի հաղորդումերը դադարեցնեին հեռարձակել…

***

Աշխարհում միշտ էլ տեղի են ունենալու գլոբալ իրադարձություններ, և Թուրքիան միշտ է օգտվելու առիթից: Ռուս-ուկրաինական թնջուկը դրա հերթական լավագույն դրսևորումներից էր: Իսկ մենք թղթե շերեփներն առած փորձելու ենք բարոյական դասեր տալ գերտերություններին… Այս վիրավորանքին անհնար է դիմանալը… «Ստամբուլն արյան ծով դարձրած» մեր որոշ հայրենակիցների և Թուրքիան «խիզախ գործընկեր» հռչակած ՀՀ ղեկավարության աչքի առաջ ամեն օր կորցնում ենք նաև մեր բնօրրանի այս կտորը, որովհետև օրական այստեղից հեռանում են մարդիկ, հայեր` այլևս չվերադառնալու մտադրությամբ: Արդեն հոգնել եմ այս մասին մեր եթերից ասելուց և ուզում եմ ներողություն խնդրել մեր ունկնդիրներից` մեկ անգամ ևս այն կրկնելու համար… Որ թուրքը հստակ առաքելություն ունի այս դժբախտ մոլորակի վրա և «պատվով» կատարելու է այն, աշխարհը գիտե: Իսկ մե՞նք… Մե՞նք ինչ պետք է անենք, որ անընդհատ չտուժենք այս բորենու գործողություններից… Գուցե մեր առաքելությունն էլ օտարների հայրենիքները շենացնե՞լն է, նրանց գիտությունն ու մշակույթը զարգացնե՞լը… Այսօր ոչ միայն հայի գոյությունն է վտանգված, այլև լեզուն` ինչպես 100 տարի առաջ… Ցավոք, վերջինիս դեպքում մեր հանրության վերաբերմունքը համարժեք չէ այն դրսևորումներին, որպիսին վերջին շրջանում ստեպ-ստեպ տեսնում ենք սոցիալ-տնտեսական և բնապահպանական անարդարությունների դեմ պայքարում… Ո՛չ սեփական պարտություններից ենք դաս քաղում, ո՛չ օտարների…

23. 04. 2014

Տես նաև՝  ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ԱՆՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱ

 ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ

 ՎԱՆԱ ԻՇԽԱՆ

 

6 идей о “ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ

Добавить комментарий