ԱՆՈՐՍԱԼԻՆԵՐԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ HEROIC DEEDS OF THE ELUSIVE ПОДВИГИ НЕУЛОВИМЫХ

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի հետ

(ՄԱՍ 1)

ԱՆՈՐՍԱԼԻՆԵՐԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ HEROIC DEEDS OF THE ELUSIVE ПОДВИГИ НЕУЛОВИМЫХ / ԱՐՑԱԽ АРЦАХ ARSTAX

ԱՆՈՐՍԱԼԻՆԵՐԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ HEROIC DEEDS OF THE ELUSIVE ПОДВИГИ НЕУЛОВИМЫХ

Ողջ աշխարհը գիտե, որ Արցախյան գոյապայքարում հաղթեցին հայոց ոգին և համազգային նվիրումը: Ժամանակակից զինտեխնիկայով մինչև ատամները զինված բազմապատիկ թշնամու դեմ շրջափակման պայմաններում մարտնչող առյուծասիրտ քաջերի ոգին է՛լ ավելի բարձրացնելու համար ասես մրցում էին նրանց աջակցող բոլոր ուժերը…
Սովետա-ադրբեջանական և վարձկան ուժերի դեմ գոյամարտում անուրանալի էր հայ օդաչուների սխրանքը: Նրանց գործողությունների մանրամասներին ծանոթանալիս թվում է, թե ֆանտաստիկ ժանրի կամ դետեկտիվ երկ ես կարդում կամ էլ մտացածին պատում գերմարդու` սուպերմենի դերում նկարահանված որևէ կինոդերասանի մասին: ՍՍՀՄ ԳԽ պատգամավոր, ՍՍՀՄ հերոս, գնդապետ Սմիռնովը, որ փորձառու օդաչու էր, 1990-ի մարտին եկել էր Երևան, որտեղից պետք է թռչեր Ստեփանակերտ: Իմանալով, որ թռիչքը գիշերվա ժամը 4:30-ին է, օդաչուին` Ստեփան Նիկողոսյանին, ասում է. «Տղաներ, դուք կամ հիմարներ եք, կամ հերոսներ, կամ էլ ես ոչինչ չեմ հասկանում ավիացիայից»: Իրականում նրանք հերոսներ էին, որովհետև գիշերով թռչում էին լեռնային տարածքում և այն էլ` ամպամած եղանակին: Այս օդաչուները մեր կողքին ապրող պարզ ու համեստ մարդիկ էին և են, որոնք, համոզված եմ, ժամանակին չէին էլ գիտակցում, որ հետագայում իրենց գործողությունները բնորոշելու ենք մեկ բառով` հերոսական: Զինադադարից անցել է ուղիղ 20 տարի… Այդ հերոսների մասին դեռ չեն գրվել վավերագրական երկեր, չեն նկարահանվել ֆիլմեր, նրանց չեն կերպավորել գրական-գեղարվեստական ստեղծագործություններում: Հուսանք, որ դրանք էլ կլինեն: Ասում եմ` հուսանք, որովհետև նման ցանկություն ունեցողներին լավագույնս կօգնի Գուրգեն Գեղամյանի և Ռուբեն Սահակյանի «Դրվագներ հայ օդաչուների Արցախում մղած հերոսական պայքարից» (2006) աշխատությունը: Ընթերցելիս հաճախ եմ բացել գրքիի 7-րդ էջը, որտեղ ներկայացված են Երևանի «Էրեբունի» օդանավակայանի մի խումբ արծիվ-օդաչուների անուններ և պաշտոնական տվյալներ նրանց թռիչքների մասին: «Պաշտոնական» բառը հատուկ եմ ընդգծում, որովհետև ոչ պաշտոնական տվյալները, ցավոք, նշված չեն կամ գրքի հեղինակներին էլ հասու չեն եղել:
Նախ ուզում եմ ծանոթացնել 7-րդ էջում հրապարակված այն քաջերի անուններին` օդաչուներ Ռաֆիկ Մեհրաբյան, Ստեփան Նիկողոսյան, Արմեն Մնացականյան, Գեղամ Գաբրիելյան, Վլադիմիր Խաչատրյան, Սամվել Մանվելյան, Յուրի Գասպարյան, Նորայր Վարդանյան, Էդուարդ Հարությունյան, բորտմեխանիկներ Արա Հարությունյան, Արծվին Սարգսյան, Աշոտ Բաբայան: Սա, իհարկե, մեր առայժմ վերջին ազգային-ազատագրական պայքարին մասնակցած օդաչուների մի փոքր խմբի ցուցակն է, որի միջոցով կարելի է հստակ պատկերացում կազմել մեզ անհայտ նաև այլ անձանց մասին, որոնք, արհամարհելով վախ ու փորձություն, ուղղաթիռներով մարդկանց և բեռներ փոխադրելուց զատ կարճ ժամանակամիջոցում սովորեցին զենք գործածելու նրբությունները և օդից ոչնչացրին թշնամու բազում կրակակետեր` վիժեցնելով ՀՀ-ն լայնածավալ պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու Ադրբեջանի դավադիր ծրագիրը… Օդաչուներից ոչ ոք մահվան մասին չէր մտածում, այլապես անօրինակ սխրանքներ չէին գործի հայոց երկնքում: Յուրաքանչյուրի գերխնդիրը մեկն էր` փրկել ուղղաթիռը: Այսինքն` մահի աչքերի մեջ նայելով նրանք օդ էին բարձրանում` որպես կենդանի թիրախ հակառակորդի համար և դողում ուղղաթիռների՛ համար, որոնք շա՜տ քիչ էին, իսկ յուրաքանչյուրի կորուստը ծանր հարված կլիներ ազատագրական պայքարին…
Ի՜նչ երանելի ժամանակներ էին… Բոլորս «մենք» էինք, չկային «ես» և «դու», «իմ»-ն ու «քո»-ն… Ողջ հայությունը մեկ հոգի ու մեկ մարմին էր դարձել, որի «հավաքական սիրտը» բաբախում էր Արցախում… Որքա՜ն հպարտ ժողովուրդ էինք այն ժամանակ. ողջ աշխարհն էր մեզ նախանձում մեր միասնականության ու միասնակամության համար… Այդ համապատկերին բնական եմ համարում օդաչուների սխրանքը, որովհետև նրանք տեսնում էին, թե ինչ գաղափարական սերունդ էր ոտքի ելել` պաշտպանելու համար իր ազգային արժանապատվությունը…
Մեր օդաչուները քանի դեռ օդում էին, ասես հողեղեն չէին, մարդեղեն չէին: Բոլորս էինք աղոթում նրանց անվտանգության համար… Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո, երբ զինադադար կնքվեց, և նրանք իջան օդից ու միացան ազատամարտի հրեղեն-մարդեղեն հերոսներին… Իհարկե, նրանք էլ արժանացան Արցախյան ազատամարտի վետերանների մեծ մասի ճակատագրին` «Ապահով Հայաստանում» հարստացնելով սոցիալապես անապահով «երջանիկների» շարքերը…

***

Ողջ գոյամարտի ընթացքում հայ օդաչուները հակառակորդի թիվ 1 թշնամին էին…
Իհարկե, ունեցել ենք նաև ցավալի կորուստներ: Հերոսամարտին մասնակցել է 44 օդաչու: Նրանց 25 տոկոսը: Խոնարհվում եմ մահը հաղթած այդ քաջերի սխրանքի առաջ: Հավերժ փա՛ռք մեր անզուգական հերոսներին: Լույս իջնի նրանց պայծառ շիրիմներին… Իսկ ովքեր ողջ են, մաղթում եմ ամենայն բարիք և արժանապատիվ կյանք. հերոսներին վայել կյանք… Նրանց գործունեությունը բաց դասագիրք է հետագա բոլոր սերունդների և հատկապես այսօրվա սերնդի համար, որովհետև պատերազմն ավարտված չէ, իսկ ոսոխը նենգ է…

«Վէմ» ռադիոկայան
7. 05. 2014

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

Այստեղ՝ (ՄԱՍ 2)

Добавить комментарий