ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ԱՆԱՐՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասեր, պատմ. գիտ. թեկնածու Հակոբ Չոլաքյանի հետ
 ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ - HASMIK GULAKYAN - АСМИК ГУЛАКЯН - ARMENIAN GENOCIDE

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ԱՆԱՐՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս հաղորդման համար մի շարք վերնագրեր էի մտածել: Վերնագրերն այնքան այնքան շատ էին, որ դժվարանում էի ընտրության հարցում: Վերնագրերը շատ էին, որովհետև ասելիքը բազմաշերտ է, բազմապլան, անհատակ… Իմ մտածած բոլոր վերնագրերը, որպես բառակապակցություններ, կօգտագործեմ այսօր իմ խոսքում, խնդիրը դա չէ: Հարցերի հարցն այն է, թե մինչև ե՞րբ և ո՞ւր ենք գնում այսպես «անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար…»: Եղիշե Չարենցի այս արտահայտությունն էլ պատահական չէ, որովհետև «Ակունք» ռադիոհանդեսի նախորդ` «Պատմության քառուղիներով» եռամաս հաղորդումը նվիրված էր մեր պատմության խոտոր երթին ու պատմափիլիսոփայությանը… Կորուստներ, կորուստներ…

Անգամ ամենակարևոր` հայոց պատմության վերջին 2000-ամյակում մեր տարած աննախադեպ հաղթանակով` Արցախի ազատագրմամբ, չկարողացանք կարգին ուրախանալ և վայելել նրա բերկրանքն ու հպարտությունը, որովհետև զինադադարից անմիջապես հետո, գուցե նաև դրանից առաջ, արդեն դժվարանում եմ ասել, մենք ազգովին տանուլ տվեցինք քարոզչական ճակատում… ՀՀ առաջին նախագահի համոզմամբ` մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է և դեմ էր ՀՀ բանակի կազմավորմանը: Եվ որքան մոտեցավ 2015-ը, մենք նույնքան եռանդագին սկսեցինք գուշակել մեր իսկ առաջադրած գերխնդրի պատասխանը` ակնկալելով այն բացառապես օտարներից, մասնավորապես ԱՄՆ-ի նախագահից` ամեն տարի ապրիլի 24-ին սրտատրոփ սպասելով` այս երկրի հերթական նախագահը իր ուղերձում կարտասանի՞ արդյոք կախարդական բառը, թե՞ ոչ…

Մինչ մենք այսպես ազգովի հուզական-զգացական դաշտում կանխատեսումներ ենք անում, հարևան բորենին, հայակուլ ժանիքները սրած, նախանձելի հետևողականությամբ շարունակում է վարել իր պետական քաղաքականությունը. տարածաշրջանը մաքրում է հայերից… Նրա յուրաքանչյուր հերթական գործողությունից հետո մենք, անակնկալի եկած, գութ հայցող հայացքներս հառում ենք դուրս` մոտ ու հեռավոր գերտերություններին` սպասելով, թե բարոյական ի՞նչ գնահատական կտան նրանք պրոֆեսիոնալ մարդակերներին, մարդու իրավունքների անունից ճամարտակողները ի՞նչ կասեն սրանց… Համառորեն չենք ուզում հասկանալ, որ նրանք իրենց ասելիքը վաղո՛ւց են ասել` դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից շատ առաջ, ավելի ճիշտ`19-րդ դարի վերջերին` Բեռլինի վեհաժողովում, որտեղ հստակեցրել են իրենց բացահայտ քաղաքականությունը մեր տարածաշրջանում, քաղաքականություն, որը, ճակատագրի հեգնանքով թե բարձրյալի կամքով, դույզն-ինչ չի փոփոխվել…

Եվ այս խորապատկերի վրա, չգիտես ինչու, մեզ զարմացրեց Քեսաբի հայապարպումը այս տարվա մարտի 21-ին…

Անհամեստորեն ասեմ, որ մենք` գաղափարակից ընկերներս, անակնկալի չեկանք, որովհետև դրան վաղուց էինք սպասում, պարզապես օրը չգիտեինք, նույնպիսի զգացողությամբ այսօր սպասում ենք հատկապես Ստամբուլի հայաթափմանը… Մինչ «Ստամբուլն արյան ծով դարձրած» մեր երգասաց որոշ քաղաքական գործիչներ շարունակում են հեղափոխական բոցաշունչ փառքեր հեգել ու «ազգապահպան» ճառեր արտասանել, դեռևս 1990-ական թթ. վերջերից մեզ լուրեր էին հասնում, որ Սիրիայում հայկական այս կղզյակի` Քեսաբի շրջանի գլխին գիշանգղեր են պտտվում: Ընդ որում, ինչպես տեսանք, այդ լուրերին առաջին հերթին չէին հավատում հենց իրենք` քեսաբահայերը: Ինչի՞ վրա էին հույս դրել մեր հայրենակիցները, չգիտեմ, մինչդեռ նրանք մեզանից շատ ավելի լավ պետք է իմանային կամ գիտեն, որ այսօրվա թուրքը նույն գիշակերն է, ինչպիսին եղել է անցյալում և որպիսին լինելու է ապագայում: Բայց որ այսօրվա հայն էլ մնացել է մտածողության նույն հանգրվանում, ինչպիսին է՛ր 100–120 տարի առաջ, մեղմ ասած, չեմ հասկանում…

Այս տխուր խոհերը կրկին վերապրեցի վերջերս, երբ կարդացի քեսաբցի իմ լավ բարեկամ մանկավարժ, ազգագրագետ, բանահավաք, պատմ. գիտ. թեկնածու Հակոբ Չոլաքյանի «Քեսապի երեք օրերը (21–23 Մարտ 2014)» օրագրություն-վավերագրությունը…

Հակոբ Չոլաքյան «Քեսապի երեք օրերը (21–23 Մարտ 2014)»

Կարդալիս արդեն իսկ կեղեքվում էի. բազմապատիկ էր հատկապես ամոթի զգացումը… Մյուս զգացողություններիս մասին չեմ խոսում… Այսպիսի վիճակում եղել եմ տարիներ առաջ Գևորգ Յազըճյանի «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները» գիրքը խմբագրելիս…

Ճակատագրի հեգնանքով` երկու գրքերի հեղինակներն էլ ինձ անչափ հարազատ մարդիկ են: Ի դեպ, Հակոբ Չոլաքյանը Գևորգի ուսուցիչն է… Կարսի անկման մասին գրքում ներկայացված որոշ բարոյահոգեբանական իրավիճակներ կրկնվել են Քեսաբում: Կարսի մարզը հայրենիք է` բնօրրան: Քեսապի շրջանը հայկական է, բայց պատմական Հայաստանի տարածք չէ. մայր հողից կտրված այս հողը դժվար է պահելը: Բայց երկուսն էլ լքել ենք, մեղմ ասած, շատ անպատասխանատու ձևով: Այսպես է` կորցնում ենք անասելի դյուրին կերպով և անցնում հավեժական սուգ ու շիվանի, ողբում ու մեղադրում աշխարհին… Ցավոք, մեզ անհրաժեշտ ամենակարևոր բալասանը` արժանապատվությունը, ամեն անգամ հորիզոնի նման փախչում է մեզանից…

Չգիտեմ` ո՞ւր ենք գնում այս խայտառակության բեռն ուսած… Այս ապրումները կրկին վերարթնացան իմ մեջ հերթական` Քեսաբի ողբերգությունից հետո: Ավելի ճիշտ` դրանք երբևէ իմ մեջ չեն էլ նիրհում. մեր թշնամին դա թույլ չի տալիս: Ադրբեջանահայությունը տնավեր եղավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման արշալույսին և, կարծում եմ, մեկընդմիշտ: Քեսաբի պարագայում այլ է: Տեղահանություններն այստեղ հաջորդել են իրար և դեռ հաջորդելու են: 1909-ին տեղի ունեցածը կրկնվեց նախ` 1915-ին, ապա` 2014-ին: Այսօր, երբ Քեսաբի շրջանն ազատագրված է հրոսակներից և հայերի մի մասը վերադարձել է` իր ավերակված բնակավայրը կրկին շենացնելու, չի բացառվում, որ չորրորդ տեղահանությունն էլ է լինելու… Միանշանակ է, որ Քեսաբի աշխարհագրական դիրքը շատ վտանգավոր է հայերի բնակության համար…

***

Վերջին երկուհազարամյակի մեր պատմությունը թերթելիս տեսնում ենք, որ այնքա՜ն չլուծված խնդիրներ ունենք… Դժվարանում եմ ասել` այդ խնդիրներից քանի՛սն ենք լուծել, բայց որ եղածներին նորերն են գումարվում, ակնհայտ է… 21-րդ դարում էլ ցեղասպանությունից ապահովագրված չենք… Հերթական անգամ խոսքս ուղղում եմ արտերկրի մեր հայրենակիցներին, հին ու նոր սփյուռքների հայությանը: Աշխարհասփյուռ սիրելի հայեր, գիտե՞ք, որ ՀՀ-ն ձեր հայրենիքի մի մասն է, թե՞ շարունակ, ձեր արտահայտությամբ, երկրորդ, երրորդ և չգիտեմ` ո՛րերորդ հայրենիքներ եք փնտրելու… Սփյուռքի որոշ կառույցներ կոչ են անում ձեզ կառչած մնալ ձեր նոր ու ժամանակավոր բնակավայրերին: Մեծի Տանն Կիկիկիո կաթողիկոս Արամ Ա-ի մի արտահայտություն արդեն անգիր եմ արել մարտի 21-ի դեպքերից ի վեր. «Սուրիո հայությունը կմնա կառչած սուրիահայ հայրենիքին»:

Մի ոչ ավելորդ անգամ կրկնեմ` հիշեցնելու համար, որ, հայրենիքը, որպես հավիտենական արժեք, մեկն է ու միակը, ինչպես` մայրը…

Այսօր մեր հայրենիքում, ավելի ճիշտ` հայրենիքից հայկական մնացած այս մի բուռ երկրամասում, չլուծված բազում կնճռոտ հիմնահարցեր ունենք: ՀՀ-ում առկա են գրեթե բոլոր այն բացասական և անընդունելի երևույթները, որոնք գոյություն ունեն աշխարհում, նաև այն երկրներում, որտեղ դուք հանգրվանել եք` անվանելով դրանք չգիտեմ ինչպիսի հայրենիքներ: Բայց մի՛ մոռացեք, որ ՀՀ-ում կա մի առավելություն, որը բացարձակապես գոյություն չունի ոչ մի տեղ, այն է`սա Երկիր մոլորակի միակ երկիրն է, որտեղ հային չեն սպանում հայ լինելու համար…

Առիթը բաց չեմ թողնում այս մասին ասելու մեր եթերից: Որպես աքսիոմ` սա պետք է լավ գիտակցեն արտերկրի մեր բոլո՛ր հայրենակիցները` թե՛ այստեղից մեկնածները, թե՛ դասական Սփյուռքի ներկայացուցիչները: Եկեք միասին պայքարենք իրավական պետություն կառուցելու համար: Եթե մենք այստեղ բավարար քանակության ազգաբնակչություն ունենանք, եթե մենք կարողանանք մեր երկրում առկա արատավոր երևույթների դեմ պայքարում ոտքի հանել կրիտիկական զանգվածին, որպիսին վաղուց արդեն չունենք հարաճուն արտագաղթի պատճառով, մեր շատ ու շատ հարցեր ավելի դյուրին կլուծենք… Որ թուրքը հստակ առաքելություն ունի այս դժբախտ մոլորակի վրա և իր համար «պատվաբեր» եղանակներով կատարելու է այն, աշխարհը գիտե: Իսկ մե՞նք… Մե՞նք ինչ պետք է անենք վերագտնելու համար մեր ինքնապաշտպանության բնազդը… Գուցե մեր առաքելությունն էլ օտարների հայրենիքները շենացնե՞լն է, նրանց գիտությունն ու մշակույթը զարգացնե՞լը… Այսօր հայի թե՛ ֆիզիկական գոյությունն է վտանգված, թե՛ ազգային ու հոգևոր մշակույթը, առաջին հերթին` լեզուն` ինչպես 100 տարի առաջ…

Ո՛չ սեփական պարտություններից ենք դաս քաղում, ո՛չ օտարների…

«Վէմ» ռադիոկայան
6. 08. 2014

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

Տես նաև՝ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ.

5 идей о “ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ԱՆԱՐՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Roza Arvahi

    բուժումը մեկն է ամբողջհայերը միասնանան ոստեղծեն համաշխարհային ֆոնդ որը պետք է օգտագործվի բոլոր գաղթօջախներում զինված ջոկատներ ստեղծելու համար կամ այդ ջոկատները ստեղծել Հաստանում որն անհրաժեշտության դեպքում կմեկնեն պաշտպանելոււ մեր սփյուռքի հայության անվտանգությունը ,ինչու չեն մտածում այդ մասին սփյուռքի կարող մարդիկ կարծում եմ այդ դերը վերցրեց Լեւոն Հայրապետյանը որին ձերբակալեց ադրբեջանի զինակից ռուսաստանը ,մենքպետքունենք համայն հայության ազգային ծրագիր, քանի անկախություն չունենք հարցերի լուփումը դժվարանում է

  2. Գայանե Ամիրխանյան

    Եվ կլինի միշտ ինքնապաշտպանությունից զուրկ, վախվորած համայնք, քանի դեռ չենք հասկացել,որ համայնքը պիտի ղեկավարեն տղամարդիկ ոչ թե եկեղեցական անձեռներեց կառույցները: 1000 տարի է մեր բախտը տնօրինում են էս անկյալները ու մենք դրանից դաս չենք առնում:

Добавить комментарий