ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ԱՆՎԵՐՋ ՍԿԻԶԲ

 Հասմիկ Գուլակյանի զրույցը արձակագիր Վահագն Գրիգորյանի հետ

Վահագն Գրիգորյան Vahagn Grigoryan (ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ԱՆՎԵՐՋ ՍԿԻԶԲ)

Վահագն Գրիգորյան

«Ակունք» ռադիոհանդեսի եթերում պարբերաբար հիշեցնում եմ հայոց ազգային ծրագրի բացակայության և մեր պատմության փիլիսոփայության չգոյության մասին. երկու դեպքում էլ դրանք չունենք` որպես հանգանակ:

Ոմանց, նաև իմ կարծիքով, հայոց պատմության փիլիսոփայությունը բավական հստակ արտահայտված է հայ գրականության մի քանի հավիտենական գործերում` Մովսես Խորենացին, անմահ «Ողբ»-ում, «Սասնա ծռեր» էպոսում, Եղիշե Չարենցի մի շարք երկերում, որոնց հաճախ եմ անդրադառնում: Ասենք, հնարավոր էլ չէ դրանք անտեսելը կամ շրջանցելը, որովհետև մեր կացությո՛ւնն է անընդհատ հիշեցնում դրանց հար արդիականությունը: Ամեն անգամ այդ երկերը վերընթերցելիս զարմանում ու զայրանում եմ, մեղմ ասած, ճշմարտությունից խուսանավելու մեր պնդաճակատ համառության համար: Չգիտեմ` հույսներս ինչի վրա ենք դրել. չեմ ասում` ում, որովհետև պատեհ կամ անպատեհ առիթներով յուրաքանչյուրը բացել է գիշատչի իր իրական դեմքը` որպես հակակշիռ չափ ու սահման չճանաչող մեր միամտության` ի ցույց դնելով մեր քաղաքական տգիտությունը: Այսինքն` մենք համառորեն, անպայման պնդաճակատ համառությամբ, չենք ուզում ոչինչ սովորել ո՛չ մեր, ո՛չ այլոց պատմությունից, ո՛չ մեր, ո՛չ այլոց սխալներից…

***
Նոր ժամանակներում էլ մեզ սթափեցնել փորձել և փորձում են գրողները` Հրանտ Մաթևոսյանը, Լևոն Խեչոյանը, ևս մի քանիսը… Բայց չգիտեմ` մեր ժամանակակիցներից ովքե՞ր են գրիչ վերցրել ու այս ամենի մասին գրել քաղաքական վեպ, փաստացի ցույց տվել ոչ մի տեղ չտանող մեր ընթացքը, ավելի ճիշտ` տեղապտույտը` հատկապես Հայոց ցեղասպանությունից ի վեր: Իհարկե, հրապարակված բորոլր հրապարակումներին ծանոթ չեմ: Այդ առումով` արձակագիր Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը ինձ համար հայտնություն է: Այս ստեղծագործության գրական-գեղարվեստական արժանիքների մասին թող խոսեն մասնագետները (համոզված եմ` միայն բարձր գնահատականներ են տալու): Ինձ առավել հետաքրքրողը վեպում գրողի գաղափարաքաղաքական և էթնոհոգեբանական հարցերի ընկալման քաղաքացիական դիտակետն է և հայրենիքի`ազգի ու հողի համար տիրոջ նրա պատասխանատվության զգացումը:
«Ժամանակի գետը» վեպը ամենարյունոտ` 20-րդ դարի մասին է` թուրքերի ամենաթուրք ժամանակների` Հայոց ցեղասպանության մասին, որը, Վահագն Գրիգորյանի արտահայտությամբ, «իրագործվեց ամոթից պատմականորեն զուրկ երկրում»: Ըստ կատարվածի տրամաբանության` 1915 թվականին «թուրքերն, ըստ էության, առանձնապես ծանր հանցանք չէին գործել. եղած-չեղածը ոչնչացրել էին մի ժողովուրդ, որը ոչ միայն անգլիացի կամ ամերիկացի չէր, այլև նավթ չուներ»:
Վեպի գլխավոր հերոս դարձած հեղինակը, սակայն, դեպքերի պատճառահետևանքային կապերը բացահայտելիս անցել է ոչ միայն վերջին հարյուրամյակի, այլև մեր պատմության բոլոր կեռմաններով` ականատես դառնալով բոլոր հանգուցային իրադարձություններին: Անկախ ամեն ինչից` հստակ է Վահագն Գրիգորյանի քաղաքացիական կամ ազգային-քաղաքական, ինչպես ուզում եք անվանեք, մեկնակետը կամ դիրքորոշումը. հայության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: «Կհաջողվի՞ մեզ Արևելքից Արևմուտք, Հյուսիսից Հարավ միավորվել «Վերադարձ Հայրենիք» գաղափարի շուրջը: Նույնքան միաձույլ, որքան մի քանի հոգով կարող ենք գլուխ գլխի խմբվել 5-րդ փողոցի փոքրիկ սրճարանում: Պարզ ցանկությունը կարո՞ղ է մեծ նպատակ դառնալ: Տարիների միջով, սերունդների միջով անցնող գետի նման հարահոս, նրա գարշահոտություններից կենսունակ նպատակ: Անկեղծ ասած, չգիտենք: Երեկվա փորձը տխուր հուշեր է բերում («անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար» ընթացքի), և հունվարյան գիշերվա մթամած երկինքը դանդաղ իջնող տապանաքար է թվում մեզ, պատուհանի ճեղքից սվսվացող քամին` դամբանական: Բայց սիրտդ աղերսում է գոնե մի աչքով կտրվել երեկվա օրից ու ապրել մինչև լուսաբաց…»,– 2008 թվականի հունվարյան մի օր այսպես է ավարտել իր «Ժամանակի գետը» վեպը Վահագն Գրիգորյանը: Մնացյալի մասին կպատմի արձակագիրն ինքը:

***
«Ժամանակի գետը» երկը ես համարում եմ ծրագրային: Հայոց ցեղասպանության պատմությամբ հետաքրքրվողներին հեղինակը ծանոթացնում է գրեթե բոլոր այն պետական, պաշտոնական, միջպետական և այլ վավերագրերին, որոնք ստորագրվել կամ հրապարակվել են այդ տարիներից ի վեր` մինչև 2007 թվականը, չհասնելով Հայ-թուրքական խայտառակագույն, ազգադավ արձանագրություններին: Գրողի տագնապները հիմնավորված են: Գետի ու ժամանակի ընթացքը հագեցած են ճահճահոտ գարշելի ստով, որը կարող է ուտոպիան իրականության վերածել:
Գետը հոսող ջուր է, ինչպիսի աղբ էլ ընկնի մեջը, ջուրը քշում-տանում է, նույնիսկ` ամենահանդարտ ընթացքի դեպքում: Վեպում այն իսկական ճահիճ է` կայուն գարշահոտությամբ: Գետի տեղը հոտով էին իմանում: Նույնն է նաև այդ գետով հոսող տառապանքը: Նույնը կարելի է ասել մեր ազգային ցավի մասին… Վեպի առաջին էջերում, մեռնող գրողը` Գնելը, գրում է իր միակ գիրքը, նրա «նպատակը համեստ է, գրելիքը՝ սոսկ գովք: Գովք Ոճրագործության ու Ավարառության: Սնապարծության, Շահամոլության: Լկտիության ու Անամոթության: Անսքող, անսանձ, անվերապահ գովք»:
Շնչառությունը մի տեսակ Երկիրնաիրական է…
Վեպում տեղի ունեցող գործողությունների համար Վահագն Գրիգորյանն ընտրել ` բավական պարզ սկիզբ. «Այն առտու, երբ եկավ Մահմուդը», այսինքն` երբ մունետիկը (Մահմուդը), թմբուկի զարկերի ներքո հայտարարեց թուրքական կառավարության Օրենքը, որ հայերը տեղահանվելու են և վերաբնակեցվեն: Եվ ժամանակի ջրերում ծփում են թուրքական Օրենքները` «Օրենքով օրինականացված անօրինականության» մասին մեկը մյուսից լկտի Օրենքները… «Օրենքի հայրերի անսանձ երևակայությունը» հավաստող Օրենքները… Թալեաթ, Էնվեր ու Ջեմալ «դժոխային եռյակին» փոխարինել են Աբդուլահ Բայքալ, նրա որդի Թայիբ Բայքալը, Ռեջեփ չաուշը, նույն թուրքերն են` նախորդ գիշակերների կարգախոսներով: Եվ նրանցից յուրաքանչյուրի համար` «Դրանից ավելի մեծ պատիվ, որ ես մասնակցել եմ այդ սուրբ գործին, կարո՞ղ էր լինել ինձ համար»: Այս ոհմակին այսօր փոխարինել է Էրդողանը. «Հայ լինելը ամոթ է…», «Ես ինձ աշխարհի ամենատգեղ մարդը կհամարեի, եթե ինձ անվանեին հայ…»: Ինչո՞ւ չենք կարողանում լավ ճանաչել թուրքին: Վերջերս մի քանի ընտիր հայ երիտասարդների կորցնելուց հետո միայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրապարակավ ասաց. «Թուրքը մնում է թուրք…»: Իսկ Հայ-թուրքական ազգադավ արձանագրություններն ստորագրելիս այս մասին մեր իշխանության վերևներում հիշող էլ չկար: Թուրքն այն ժամանակ ՀՀ նախագահի համար «խիզախ գործընկեր էր», որպիսին ժամանակին եղել է Թալեաթը Գրիգոր Զոհրապի և մյուսների համար…

***
Վահագն Գրիգորյանը «Ժամանակի գետը» վեպն ավարտում է 2153 թվականին, երբ Բրյուսելի սրճարաններից մեկում, գլխավոր հերոսը` Գնելը, հանդիպում է իր «բարեկամին»` ժանդարմ Ռեջեփ չաուշին, որն իր քեռու` նույնանուն ժանդարմի տեղահանություն-աքսորի ծրագիրն էր շարունակում.
«–Քեռիս ասում է, որ ամբողջ Եվրոպան մեզ պիտի պատկանի, մինչև էն վերևի լեռները… Սկանդինավյան լեռները, այսինքն՝ առաջ մերն է եղել, հետո ֆրանսիացիք, անգլիացիք, գերմանացիք ու մյուս խառախուռաները մեր ձեռքից առել են, բայց ոչինչ, կամաց-կամաց ետ կբերենք, դու միայն, ասում էր, գերմանացիների մոտ լեզուդ քեզ քաշի, հիմա նրանք մեր դաշնակիցներն են, բայց երբ ամբողջ Եվրոպան մեզնով արած լինենք, մեզ էլ դաշնակից պետք չի լինի…» և նույնպիսի լկտիությամբ շարունակում. «…թոռներս ու ծոռներս, որոնք արդեն քեզանից լավ կխոսեն անգլերեն ու ֆրանսերեն, տիրոջ պես ման կգան եվրոպաներում կամ օտար լեզու սովորելու կարիք չեն էլ ունենա, որովհետև արդեն Սկանդինավյան լեռների՛ն հասած կլինենք ու ամբողջ Եվրոպան մի մարդու պես թուրքերեն կխոսի»:
Սա ուտոպիա չէ. այս կարծիքին են նաև քաղաքական այն գործիչները, որոնք դեմ են Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելուն` համարելով այն Եվրոպայի մայրամուտի սկիզբ:
Ինձ զարմացնում է թուրքական գեհենը ցմրուր «ճաշակած» հայերի, մեղմ ասած, անհարկի լավատեսությունը, թե «նրանք էլ մարդ են, մի օր նրանք էլ կհոգնեն սպանելուց ու թալանելուց»: Այդ դեպքերի ժամանակակիցը` Հ. Թումանյանը, 100 տարի առաջ է պրոֆեսիոնալ մարդակերի մասին գրել. «Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան…»: Մինչ օրս ոչինչ չի փոխվել: Արյան ծարավն այսօր հանգիստ չի տալիս ադրբեջանցի՛ թուրքին… Մեր հայրենակիցներից շատերն են մոռացել, որ հայերիս աստվածատուր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որը հաճախ և այնքան դյուրությամբ ենք լքել, որ այսօր այն դարձել է քոչվորների նստակեցության վայր, իսկ քոչվոր դարձել ենք մենք` այլոց քոչվոր անվանելով, և այսօր դեգերում ենք աշխարհի բոլոր հորիզոնականներով ու զուգահեռականներով` դրսից սովորեցնելով այստեղ ապրողներին` ինչպես ապրել, ինչպես պաշտպանել այս մի բուռ հայրենիքը, որը շագրենի կաշվի պես փոքրացել ու փոքրացել է ժամանակի երախն ընկած… Մինչդեռ, հակառակը, մեր արյամբ սրբացած հողի վրա պետք է առավել հաստատուն կանգնենք: Ե՞րբ պետք է Սփյուռքին առնչվող զիզի-բիզի ծրագրերին փոխարինի «Վերադարձ Հայրենիք» ծրագրված պետական քաղաքականությունը:

«Վէմ» ռադիոկայան
20–27. 08. 2014

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝

Մաս — 1

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

Մաս — 2

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

Добавить комментарий