ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀՈՐԻՆՈՒՄ Է ՉՈՒՆԵՑՈՂԸ…

 Հասմիկ Գուլակյանի զրույցը քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, Ռուբեն Գալչյանի հետ

Rouben Galichian – Ռուբեն Գալչյան (ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀՈՐԻՆՈՒՄ Է ՉՈՒՆԵՑՈՂԸ…)

Rouben Galichian – Ռուբեն Գալչյան

Թեմաներ կան, որոնք ինձ ուղեկցում են իմ լրագրողական գործունեության սկզբից: Հայոց պատմության նենգափոխման դեմ պայքարի թեման այդ շարքից է: Ի դեպ, պատմության կեղծարարությամբ երբեմն զբաղվում են նաև հայանուն գիտնականներ` չգիտակցելով, երբեմն էլ` պատվերով: Իսկ պատմագիտությունը չի հանդուրժում պատմաշինություն: Գիտությանն անհարիր են սնափառությունն ու չափազանցությունները: Գիտությունն սկզբունքային և հայեցակարգված մոտեցում է պահանջում իր ուսումնասիրության նյութի նկատմամբ: Այս չափորոշիչներից շեղումը վնասում է գիտությանը, որի սխալները ժամանակի ընթացքում կարելի է սրբագրել, սակայն կործանարար է գիտնականի վարկանիշի համար: Գիտությունը գիտակցաբար նենգափոխողն արդեն չգիտնական է… Պատմաաշխարհագրության ոլորտի զեղծարարներին ու նրանց աննախանձելի արտադրանքին քաջածանոթ է դոկտոր Ռուբեն Գալչյանը: Նա հետազոտել է Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի գրադարաններում պահվող հայկական քարտեզագրության ու պատմության հարուստ ժառանգությունը, հրատարակել մի շարք արժեքավոր աշխատություններ`«Հայաստանի պատմական քարտեզներ», «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ», «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում», «Հորինված պատմություն. Հայաստան և Ադրբեջան. Կեղծիքներ և փաստեր», «Ադրբեջանի պատմաաշխարհագրական զեղծարարությունները», «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում. Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի քարտեզների վերագծումը» և այլն, որտեղ պատասխանում է ադրբեջանական գիտական հրատարակություններում տեղ գտած հակահայկական հերյուրանքներին, պատմության նենգափոխումների թրքաբարո փորձերին և այլն: Ինչպես տեսնում ենք` վերնագրերն ամեն ինչ են ասում այդ հրատարակությունների մասին: Այդ աշխատությունները հզոր զենք են մեր դիվանագետների, ԱԺ պատգամավորների և երկրի ղեկավարների համար` միջազգային ատյաններում ներկայացնելու համար… 

 

«Վէմ» ռադիոկայան
3. 08. 2014

Добавить комментарий