ՀՈՂԸ ՆՐԱՆՆ Է, ՈՎ ԱՅՆՏԵՂ ԱՊՐՈՒՄ Է…

Հասմիկ Գուլակյանի զրույցը «Արցախ ռութս ինվեսթմենթ» ընկերության գործադիր տնօրեն Մասիս Ալեքսանդրյանի հետ

Քարվաճառ – Karvachar Հողը նրանն է, ով այնտեղ ապրում է…

Քարվաճառ – Karvachar

Այո, հողը նրանն է, ով այնտեղ ապրում է: Չգիտեմ` ով է թևավոր դարձած այս արտահայտության հեղինակը, և երբ եմ այն յուրացրել, բայց հայ-ադրբեջանական պատերազմում 1994 թ. կնքված զինադադարից հետո հաճախ եմ այն կրկնել` կարևորելով թե՛ Արցախի ազատագրված տարածքների բնակեցումը, թե՛ առհասարակ մեր սահմանամերձ գյուղերի հզորացումը:

Ազատագրված տարածքների բնակեցումը մեզ համար կարևոր է հատկապես ռազմավարական տեսանկյունից: Ա՛յդ կերպ միայն հնարավոր կլինի փակել տարածքների փոխանակման մասին բոլոր անհեթեթ խոսակցությունները բոլոր ատյաններում: Սակայն, ավաղ, ոչ միայն չբնակեցրինք այդ տարածքները, այլև ոչինչ չարեցինք կանխելու համար ներսից մեզ մաշող ու հոշոտող արտագաղթը… Մեր այս թերացումը ոչ մի արդարացում չունի՛: Ո՛չ մի: Մենք այնքան խելոք չէինք, որ հաշվի առնեինք թեկուզ այն հանգամանքը, որ Արցախի հողը եզակի բերրի է. կարելի է տարեկան 2–3 անգամ բերք ստանալ: Մասնագետների կարծիքով` ճիշտ տնտեսվարման դեպքում Արցախը կկերակրի ոչ միայն ինքն իրեն, այլև սակավահող ՀՀ-ին… Փոխարենը զարկ տվեցինք արտագաղթին…
Մռավի լեռներից մինչև Արաքս ազատագրված տարածքների` Քարվաճառի (Նոր Շահումեան) եւ Քաշաթաղի շրջանների վերականգնումն ու վերաբնակեցումը պետք է լիներ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների, ինչպես նաև Սփյուռքի առաջնահերթ խնդիրը: Սովետական տարիներին Ադրբեջանին բռնակցված այդ տարածքներն են Արցախն անջատել Մայր հայրենիքից: Մինչդեռ ազատագրումից գրեթե երկու տասնամեակ անց Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում, որոնց ընդհանուր տարածքն ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր է և արցախյան ուժերի վերահսկողութեան տակ է 1992–93 թվականներից, բնակվում է շուրջ 13 հազար հայ: Այս թիվը, կարելի է ասել, անփոփոխ է վերջին տասը տարում: Իսկ հեքիաթային բնությունն ու պատերազմի ավերակներն այստեղ ասես հաշտվել էին կողք կողքի խաղաղ գոյատևելու հակասական մտքի հետ… Սա ամենամռայլ տպավորությունն էր, որ ստանում էր մարդ 1990-ական թուականներին համայն հայութեան հանգանակությունների միջոցով կառուցված Գորիս–Ստեփանակերտ մայրուղով անցնելիս…
Տարածքը վերաբնակեցնելու հույսեր ծագեցին, երբ Սիրիայում սկսված այս կործանարար պատերազմի հետևանքով ծանր կացություն ստեղծվեց տեղի հայության համար: Սակայն հայրենիքում ինչ-ինչ պատճառներով չկարողանալով հաստատվել ու համակերպվել, համոթ մեզ, նրանք կրկին ապավինեցին պանդուխտի ցուպին… Մինչդեռ հարկավոր էր պետական մակարդակով ամեն ինչ անել` սիրիահայությանը ՀՀ-ում համահավաք բնակեցնելու համար: Այս անգամ էլ կրկնեցինք Գետաշենի ենթաշրջանից և Շահումյանի շրջանից բռնի տեղահանված տոհմիկ հայությանն այստեղ չբնակեցնելու` տարիներ առաջ արված սխալը: Դա մեզ համար կարևոր է ոչ միայն ժողովրդագրական, այլև մշակութային, ազգագրական, էթնոհոգեբանական և այլ տեսանկյուններից: Իսկ երբ օգոստոսի առաջին օրերին ադրբեջանցի թուրքը ոտնձգություններ սկսեց մեր սահմանների նկատմամբ, ազատագրված Քաշաթաղում հաստատված մի քանի սիրահայ ընտանիքների երիտասարդները նույնպես զենք վերցրին և տանտիրոջ իրավունքով միացան հայրենյաց պաշտպաններին` դիրքերում… Խոստովանում եմ` վերջին շրջանում առավել հուզվել եմ մեր հայրենակիցների համախմբման ա՛յս օրինակից…
Քաշաթաղը մեկ այլ առումով էլ վերջերս գրավեց իմ ուշադրությունը: Բեյրութից հատուկ առաքելությամբ ազատագրված այս շրջան էր եկել մեր հայրենակիցների մի խումբ` մասնակցելու Առիավան գյուղում կառուցված 50 բնակարանների բացման արարողությանը:
Այստեղ արժե փոքր-ինչ բացել փակագծերը: Քաշաթաղի վերաբնակեցման և Արցախի գյուղատնտեսության զարգացման նպատակով 2009-ին բեյրութցի մի խումբ հայ գործարարների հիմնադրած «Արցախ ռութս ինվեսթմենթ» (հապավումը` ԱՌԻ) ընկերության և Ստեփանակերտի իշխանությունների համատեղ ջանքերով Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարևանութեամբ, Բերձոր չհասած, Աղավնո գետի ձախ ափին` նույնանուն գյուղի տեղում, կառուցվում է նոր գյուղ` Առիավան` եվրոպական չափանիշներով: Ի դեպ, կառուցվող նոր բնակավայրը կարևոր խաչմերուկում է: Գյուղի հարևանութեամբ տեղակայված է Արցախի գլխավոր հսկիչ կետը: Այսինքն` Առիավանը Արցախի դարպասն է: «Արցախ ռութս ինվեսթմենթ» ընկերությունը երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով և առանց գրավի վարկեր է տրամադրում Քաշաթաղի և Նոր Շահումեանի (Քարվաճառ) շրջանների բնակիչներին: Այսօր արդեն ընկերությանն անդամագրվել են տասնյակ հայ գործարարներ. նրանք կա՛մ բնակվում են Լիբանանում, կա՛մ ծնունդով Լիբանանից են:
ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, այս տարածքներն աշխարհում ամենառիսկայիններից են ներդրումների և գործարարության համար. օտարերկրյա ընկերությունները խուսափում են այստեղ ներկայութուն ունենալուց: Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների վերաբնակեցումը գերխնդիր դարձրած մեր հայրենակիցներն անվրեպ են գնահատել իրենց ծրագրի ռազմավարությունը: Գիտակցելով, որ հույսը պետք է դնել միայն սեփական հնարավորությունների վրա, մեր հայրենակիցները որոշել են ընդլայնել բնակարանաշինության իրենց ծրագիրը…

«Վէմ» ռադիոկայան
15. 10. 2014

8 идей о “ՀՈՂԸ ՆՐԱՆՆ Է, ՈՎ ԱՅՆՏԵՂ ԱՊՐՈՒՄ Է…

Добавить комментарий