ԱՔՍՈՐՈՒՄ
Հատված՝ Գեղամ Սարգսյանի գրավոր հուշագրություններից
ՄԱՍ I

Տեր Հովհաննեսի Սիրանուշ դստեր ամուսինը` Մոլլաբայազետ (Բամբակաշատ) գյուղի դպրոցի հիմնադիր, վարժապետ Գեղամ Սարգսյանը` Երևանի թեմական դպրոցի սանի տարազով. 1916թ. GEXAM SARGSYAN
Բանտերն ու աքսորավայրերը լցվել էին տասնյակ հազարավոր կալանավորներով՝ առանց տարիքի, սեռի և ազգության խտրության: Ստալինը Չեկան վերափոխեց «Պետական ապահովության կոմիսարիատի»՝ տալով նրան անսահմանափակ լիազորություններ՝ «անհարազատ տարրերից» երկիրը մաքրելու համար: Ստալինը, իբրև ինքնակալ, չէր հանդուրժում գիտուն, խելացի, առաջադեմ մարդկանց և բոլորին անհիմն պատճառներով, առանց դատ ու դատաստանի, վերոհիշյալ պատժիչ ծառայության միջոցով կալանում ու աքսորում էր անծայրածիր Սիբիրի տունդրաներն ու տայգաները, սկսած Արխանգելսկից մինչև Կամչատկա կամ Բերինգյան նեղուց կամ Միջին Ասիայի ավազուտ անապատները: Դպրոցները, հիմնարկները լցվել էին անկիրթ, անգրագետ մարդկանցով, որոնք Ստալինին փառաբանում էին: Երկիրը լցվել էր ամեն տեսակ բախտախնդիր մատնիչներով, որոնց պատճառով տասնյակ հազարավոր ընտանիքներ էին քայքայվում: Պետապահովության կոմիսարիատը շահատակում էր լայնածավալ երկիրն իր քմահաճույքներով:
Ինձ կալանեցին 1937թվի հունվարի 10-ին, երեք ամիս պահեցին Չեկայի բանտում և քննություններն ավարտելուց հետո ՝ մարտի 15-ին, ուղարկեցին Երևանի կենտրոնական բանտը, իսկ օգոստոսի 15-ին աքսորեցին Հեռավոր Արևելք՝ «ուղղիչ աշխատանքային ճամբարները»՝ 5 տարվա ազատազրկման և բոլոր իրավունքներից զրկելու դատավճիռ կայացնելով՝ առանց հիմնական մեղադրանքի, որպես սովետական իշխանության համար կասկածելի անձնավորության: Ինձ Չեկայի քննություններում մեղադրում էին, թե իբր Ախտայում աշխատելիս անդամակցել եմ հակահեղափոխական կազմակերպությանը, թե իբր ես տեղյակ եմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Քեմալ փաշային Թիֆլիսում ովքեր են տեռորի ենթարկել, որ ափսոսանք եմ հայտնել Խանջյանի սպանության առիթով: Այդ մեղադրանքներից ոչ մեկը չապացուցվեց: Ինձ և ինձ նման մարդկանց ազատելու փոխարեն՝ Չեկայի դատախազի ներկայացմամբ մեր գործերը քննվում են Մոսկվայում, որտեղ «Հատուկ գործերի խորհրդակցությունն» անխտիր բոլորին, իբրև սովետական իշխանությունների համար կասկածելի անձնավորությունների, աքսոր է նշանակում:
Երբ ես Երևանի բանտում էի, մեր բանտախցի կողքին գտնվող մահվան բանտախցում կալանված էին Հայաստանի լուսժողկոմ Ներսիկ Ստեփանյանը, Կենտրոնական գործկոմի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը, Կոմունալ տնտեսության նախարար Արամայիս Երզնկյանը, Ժողկապի Հայաստանի լիազոր Մանուչարյանը, բանաստեղծ Եղիշե Չարենցը և մի շարք անձինք, ովքեր մեծ ներդրում ունեին նոր Հայաստանի կառուցման գործում:
1937-ի օգոստոսին մի մեծ խումբ քաղաքական աքսորյալների, ձևականորեն բժշկական քննության ենթարկելուց հետո, բեռնատար մեքենաներով հասցրեցին կայարան և լցրեցին նախօրոք գծերի վրա կանգնեցրած բեռնատար վագոնները՝ թույլ չտալով վերջին անգամ տեսակցել հարազատների հետ: Հետս ունեի իմ անկողինը, որ տնից էին ուղարկել ամիսներ առաջ, մի հին ճամպրուկ, մեջը՝ մի քանի կտոր սպիտակեղեն և գրպանումս՝ միայն 3 ռուբլի փող: Հարազատներիս, որ կայարանում էին և ցանկանում էին ինձ տեսնել և շատ բաներ հանձնել, թույլ չտվեցին մոտ գալ: Գիշերը Լենինականի կայարանում դարձյալ մի խումբ քաղաքական կալանավորների լցրին մեր վագոնը՝ թվով ինը մարդ, որոնցից չորսը՝ ուսուցիչներ: Մինչև Վլադիվաստոկ հասնելը տևեց 40 օր: Մեծ քաղաքների կայարաններում տեղի էր ունենում գնացքների փոփոխություն, ինչպես նաև՝ կալանավորներին ուղեկցորդ զինվորական խմբերի փոխարինում: Մի քանի կայարաններում էլ մեզ տարան բաղնիք: Այդ բոլոր գործողություններն օրերով ուշացնում էին գնացքների մեկնումը: Մեզ տալիս էին օրական 700 գրամ հաց, ձավարով սուպ՝ առանց մսի և եռացրած ջուր: Երևանի բանտից մեզ կցել էին մի ոչ քաղաքական կալանավորի, որը գնացքների կանգառների ժամանակ կալանավորների համար գնումներ էր կատարում: Ես իմ 3 ռուբլին վաղուց էի սպառել և քնելու համար հատկացված տեղիցս համարյա դուրս չէի գալիս: Կալանավորներն իմանալով, որ ուսուցիչ եմ եղել, խնդրեցին մի բան պատմել՝ ճանապարհի ձանձրույթը փարատելու համար: Մինչև Վլադիվաստոկ հասնելը ես մեծ սիրով պատմեցի «Հո երթաս», «Սամվել», «Դավիթ-Բեկ», «Գևորգ Մարզպետունի» վեպերը: Ընկերներիս հետաքրքրությանը չափ ու սահման չկար: Մինչև Վլադիվաստոկ հասնելը նրանք ինձ առատորեն բաժին էին հանում իրենց գնումներից:
Կայարաններից մեկում մեզ տարան բաղնիք: Բաղնիքում մեզ սպասարկում էին 20-30 կանայք՝ նույնպես կալանավորներ: Մեր հագուստները կապոցներով տարան մաքրման, իսկ մեզ մերկանդամ մտցրին բաղնիք, որտեղ սպասարկում էին այդ կանայք: Նշանակված բժշկուհին երկու բուժքրոջ հետ ստուգում էին մեզ, իսկ մյուս կանայք վավաշոտ հայացքներով զննում էին կալանավորներին: Ակամայից հիշեցի Աստվածաշնչի Սոդոմ-Գոմորը: Աստվածաշնչյան պատկերը իրականություն էր դարձել…
Մեր վագոնի նեղլիկ պատուհաններից տեսնում էինք շատ հետաքրքիր վայրեր՝ Վոլգայի կամուրջը, Օբ և Իրտիշ գետերը, Բայկալ լիճը, Արևելյան Սիբիրի պատկերները և այլն:
Սեպտեմբերի 25-ին հասանք Վլադիվաստոկ: Այստեղ մեզ տեղավորեցին քաղաքի հարավարևելյան կողմում՝ մի բարձունքի վրա կալանավորների համար կառուցված բազայում՝ շուրջը մոտ 10 հեկտար տարածություն՝ փշալարերով պատված, 5-6 տեղում՝ պահակների աշտարակ-դիտակետերով և բակում՝ մի շարք շենքեր՝ ննջարանների և այլ պետքերի համար, կանանց և տղամարդկանց մասերը՝ առանձին-առանձին: Գիշերները կանայք իրենք էին տղամարդկանց հրապուրում իրենց մոտ, և արդեն վակխանալիան սկսվում էր:
1937թ.-ի նոյեմբերի 5-ին «Ջուրմա» անունով օվկիանոսային նավով մեզ տարան Մագադանի մարզի «Կալիմա» աքսորավայր: Մարզը տարածվում է Կալիմա գետի ավազանում՝ մոտ 100 000 քառ. կմ տարածությամբ, իսկ Մագադան քաղաքը գտնվում է Ախոտի ծովի հյուսիսային ափին՝ Բուխտա-Նագաևա նավահանգստով: Մարզի գլխավոր հարստությունը ոսկին էր. 1937թ.-ին մարզում շահագործվում էր մոտ 230 հանք: Գերմանիայի՝ Ռուսաստանի վրա հարձակվելուց հետո Ստալինն առևտրա-տնտեսական պայմանագիր կնքեց իր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ 10 տարի Կալիմայում արտադրած ոսկին ԱՄՆ-ին հանձնելու և փոխարենը պարենամթերք, մանուֆակտուրա ու բեռնատար ավտոմեքենաներ ստանալու պայմանով: Ամերիկայից ապրանքներն ուղարկվում էին Պարսից ծոցով և Մագադանով: Ամերիկյան մի փոքր զրահանավ մշտապես կառանվել էր Մագադանի նավահանգստում, որում ապրում և աշխատում էին թվով 30 ԱՄՆ ներկայացուցիչներ: Մագադանում «չեկային համակարգ» գոյություն չուներ. ամեն ինչ առատ էր ու էժան: Մարզում միայն 3 ամիս էր ամառ անում, մնացած ինն ամիսը ձմեռ էր՝ 40-50 աստիճան սառնամանիքներով: Ամռանն անտառները՝ տայգան, արթնանում էր, խոտը՝ կանաչում, նույնիսկ անտառներում հատապտուղ էր հասնում: Հյուսիսային բևեռին մոտիկ լինելով՝ այստեղ ամռան ամիսներին արևը մայր չէր մտնում, իսկ ձմռանն արդեն սպիտակ գիշերների լույսը ցերեկվա պես լուսավորում էր շրջակայքը:
Մագադանում մեզ 2 օր պահելուց, բժշկական քննություն կատարելուց և ձմեռային հագուստներ տալուց հետո խումբ-խումբ ծածկված ավտոմեքենաներով ուղարկեցին զանազան վայրեր՝ աշխատանքի: Ինձ 30 հոգու հետ ուղարկեցին Մագադանից 700 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Բերելյոխ (գերմաներենով նշանակում է արջաձոր) կոչվող ավտոբազան, որը կառուցված էր Սուսոմ գետի ափին՝ համանուն բնակավայրի մոտ: Բազայից մի քանի խճուղիներ տանում էին դեպի այդ վայրերում շահագործվող ոսկու հանքերը: Գիշեր-ցերեկ ավտոմեքենաները երթևեկում էին այդ խճուղիներով: 30-ից երկուսս հայ էինք: Ընկերոջս անունն Արտաշ էր՝ Լենինականի Ախուրյանի շրջանից՝ իրենց գյուղի տիրացուն: Լավ մեկնաբանում էր երազները. կալանավորներիս միակ մխիթարությունը երազների մեկնաբանումն էր: Մենք կտրված էինք աշխարհից. թերթերն արգելված էին մեզ համար: Բերելյոխի ճամբարում ևս 2 հայ կար: Մեկի անունը Թանգո էր. Հոկտեմբերյանի շրջանի Ղուզի Գիդան գյուղից էր, անգրագետ մի կոլխոզնիկ. հարբած դրությամբ խորհրդային կառավարության անդամ Օրջոնոկիձեին հայհոյել էր, որ իր հարվածային կնոջը խանութում ստացած մահճակալներից չէին տվել: Դատապարտվել էր 8 տարվա կալանքի, 5 տարվա իրավունքների ազատազրկման և աքսորվել հեռավորարևելյան ճամբարները: Մյուսի անունը նունպես Արտաշես էր. ավտոմեխանիկ էր Միջին Ասիայից. անգլիացիների մոտ ավտովարորդ աշխատելու համար կալանել և աքսորել էին Կալիմա:
Մյուս օրը՝ վաղ առավոտյան մեզ մի բրիգադի հետ տարան գետի ափը, որտեղ խճաքար պիտի հավաքեինք ցեմենտի շաղախի համար: Բրիգադավարը, որ 10 տարվա կալանք ուներ, երկրում մի գործարանում մեխանիկ էր աշխատել. միջահասակ, համակրելի դեմքով մի մարդ էր: Գիշերն իմ ձմեռային բամբակյա ձեռնոցները գողացել էին՝ թողնելով բրեզենտե ձեռնոցները, որոնցով աշխատում էի: Չնայած զգում էի, որ ձեռքերս մրսում են, սակայն Սիբիրի սառնամանիքի մասին գաղափար չունեի: Մի-երկու ժամ աշխատելուց հետո հավաքվեցինք խարույկի շուրջ՝ տաքանալու: Բրիգադավարը բռնեց ձեռքերս և, ուշադրությամբ զննելով, գլուխը տարուբերեց և ասաց, որ ձեռքերս ցրտահարել եմ ու ինձ տարավ հիվանդանոց: 15-օրյա բուժման ընթացքում գլխավոր բժիշկը՝ 10 տարվա աքսորի դատապարտված, մոտ 40 տարեկան, մի համակրելի հրեա, ամեն օր մկրատով մատներիս ծայրերից մրսած մսերը կտրում, դեղ էր դնում վրան և նորից վիրակապում: Իմ բախտից, եղունգներիս արմատները չէին ցրտահարվել: Կալիմայում շատ կալանավորներ հաշմանդամ էին դառնում ձեռքերի և ոտքերի ցրտահարումից: 15-20 օրից գլխավոր բժիշկն ինձ հանձնեց բազայի կոմունալ տնտեսության պետին՝ բացատրելով իմ՝ ով և որտեղից լինելը: Վասիլի Իվանիչը, որ որպես կոմունիստ՝ Լենինգրադում պատասխանատու պաշտոններ էր վարել, աքսորի ժամկետը լրանալուց հետո առանձին պայմանագրով աշխատում էր բազայում: Նա ինձ տարավ խճուղու վրա գտնվող ազատների ճաշարանը՝ աշխատելու: Շեֆ-խոհարարին՝ Կոստյային, որ 35-40 տարեկան, առողջ կազմվածքով, փարթամ ու համակրելի դեմքով մարդ էր, ֆիզկուլտուրայի մասնագետ, 10 տարով աքսորել էին՝ որպես քաղաքական հանցավորի: Մեկուկես տարի իմ պարտականություններին զուգահեռ Կոստյայի հաշիվներն էի պահում: Նա ամենահամեղ պատառներով էր կերակրում իր աշխատողներին, ուստի ճամբարի իմ սննդամատակարարման գրքույկը հանձնել էի Թանգոյին և Արտաշին: Կալանավորներին կերակրում էին ըստ կատեգորիաների. կային I, II, III կատեգորիաների կալանավորներ և տուգանվածներ: I կատեգորիան ստանում էր 800 գրամ հաց և ուժեղացված սնունդ՝ աշխատանքի պլանները 100 և ավելի տոկոսով կատարելու համար: II կատեգորիան՝ 800 գրամ հաց և միջին որակի ճաշեր, III կատեգորիան՝ 500 գրամ հաց և մի տեսակ ճաշ: Տուգանվածները ստանում էին միայն 400 գրամ հաց և եռացրած ջուր: Կալանավորների մեծամասնությունը, չկարողանալով կատարել տրված առաջադրանքները, սնվում էին III կարգով և տուգանային նորմայով: Այնպես որ, նման կալանավորներն ապրում էին կիսաքաղց. աղբակույտերի մեջ հացի կտորտանք գտնելով՝ ագահաբար վերցնում և ուտում էին՝ իրենց քաղցը փոքր-ինչ հագեցնելու համար: Ճաշարանի ետևում մի թաքուն արկղ էի դրել և մաքուր հացեր, մսի կտորներ էի լցնում նրանում՝ պատվիրելով հայ ընկերներիս գալ և վերցնել դրանք:

ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, ՈՐ ԵՐԲԵՎԷ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱՆ Ներկայացվող հուշերի հեղինակ, հայ մտավորական, մանկավարժ Գեղամ Սարգսյանն՝ իր տիկնոջ՝ Սիրանուշի և որդիների հետ / Gegham Sargsyan with his wife Siranush and his sons
Ճամբարներում հաշվի չէին առնում կրթությունը: Հասարակ արհեստավորներն ավելի արժեք ունեին, քան բարձրագույն կրթություն ունեցողները: Ճամբարի ներքին կարգուկանոնին հսկողները գողերն ու մարդասպաններն էին. քաղաքական ոչ մի կալանավոր իրավունք չուներ առարկելու նրանց ապօրինի կարգադրություններին: Մի գիշեր շինարարական կետում աշխատող գողերն ու մարդասպանները, քաղաքի խանութից մի ավտոմեքենա պարենային ապրանք գողանալով, բերել և կասկածելով, թե կարող են բռնվել, ամբողջը հրդեհել էին: Մի գիշեր էլ կնոջ լացի ձայն լսեցինք: Պարզվեց՝ այդ գողերը կանանց ճամբարից մի կին են բերել և մոտ 13 մարդով բռնաբարել: Մյուս օրը կնոջը ճանապարհել էին. կեսօրից հետո նրա դիակը հայտնաբերվեց ձյուների մեջ թաղված: Ուղղիչ աշխատանքային ճամբարներն ավելի էին արմատացրել նրանց մեջ գողությունն ու մարդասպանությունը: Եվ ահա բարձրագույն կրթության տեր անձը ենթակա էր մարդկային տականքին պատկանող գողին, խուլիգանին ու մարդասպանին. մարդկային արժանապատվությունը ցեխին էր հավասարվել: Մայիսի 1-2-ին և Հոկտեմբերյան հեղափոխության տարելիցներին քաղաքական կալանավորներին մեկուսացնում էին մի մեծ շենքում՝ ստեղծելով բանտի մեջ բանտ: Մի այդպիսի օր ազատների խանութի գործակատարին հարբած վիճակում գցեցին մեզ մոտ: Գրպանից դանակը հանելով՝ հարձակվում էր կալանավորների վրա՝ անվանելով մեզ «ֆաշիստներ, դիվերսանտներ, տրոցկիստներ, հականեր» և այլն: Մի բրիգադավար, համբերությունը սպառելով, մոտեցավ ստահակին, մի քանի ուժեղ ապտակ հասցրեց և դանակը ձեռքից առավ: Այդ խուլիգանի գոռգոռոցի վրա բազայի չեկայի պետը, երկու զինվորի հետ ներս մտնելով, մաուզեր ատրճանակը ձեռքին բղավեց. «Ոտքի՛, լրբե՛ր»: Ինքն էլ էր հարբած, իր հետի զինվորներն էլ: Կալանավորների մի մասը ոտքի կանգնեց, մի մասն էլ չոքած մնաց: Զինվորներից մեկը ձեռքի ատրճանակով կրակեց իրեն մոտիկ կանգնած մի կալանավորի վրա. գնդակը դիպել էր ճակատին, տեղնուտեղը մահացավ: Բրիգադիրը ծնկած բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել: Այդ սրիկա գործակատարին վերցրին տարան: Ապա տարան դիակը. ո՛չ դատ եղավ, ո՛չ դատաստան: Այդ մարդկային տականքները շահատակում և մեծ չարիք էին հանդիսանում քաղաքական կալանավորների համար. նրանց այդպես էին դաստիարակել:
Տարիուկես անցնելուց հետո միայն մեր տնից նամակ ու ծանրոց ստացա: Ծանրոցում եղած չոր մրգերի մեծ մասը նվիրեցի հսկիչներին և ճամբարի սպասարկու կազմին, որպեսզի հանկարծ ինձ չուղարկեն հանքերը աշխատելու: Հանքերում աշխատող կալանավորների մեծ մասը մահանում էր, մնացածներն էլ հաշմանդամ էին դառնում: Շատ քչերին էր բախտ վիճակվում ողջ մնալու: Ոմանք էլ հուսահատությունից էին իրենց կյանքին վերջ տալիս: Մի լեհ վարպետ մի գիշեր իրեն կախել էր կառուցվելիք շենքի առաստաղից՝ թողնելով մի կարճ գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Ոչ ոքին չմեղադրել: Ինքս չդիմանալով այս դժոխք կյանքին՝ վերջ տվեցի ինձ»: 1940թ. հունիսից ինձ ուղարկեցին փայտահատության: Այդ օրերին նոր կալանավորներ բերեցին մեր ճամբար, որոնց թվում էր իմ վաղեմի ընկերներից մեկը՝ Սուրենը՝ Կոտայքի Թազագյուղի Տեր Զաքարի տղան, որին իր ժամանակին Ախտայի շրջանում ես նշանակել էի Աթարբեկյան գյուղի դպրոցի վարիչ: Միջին Սիբիրի ճամբարներից նրան ուղարկել էին Հեռավոր Արևելք: Ճամբարում եղած հինգ հայով հանգստի պահերին, արևոտ օրերին միշտ նույն տեղում հավաքվում էինք՝ արևի հազվագյուտ ջերմությունն ընդունելու: Ճամբարի կալանավորներն այդ տեղի անունը կնքել էին «Արմենիա»: Նույն տարվա հոկտեմբերին ինձ, բժշկական քննության արդյունքում առողջապես թույլ ճանաչելով, հայ ընկերներիցս մի քանիսի հետ ուղարկեցին Մագադան, որի նավահանգստում 15 օր հողաշինարարական աշխատանքներ կատարեցինք: Մի օր նավահանգստի աշխատողներից մի հարբած ռուս, ինձ մոտ կանչելով և ցույց տալով մոտ 2 փութ ծանրությամբ մի մեծ բազալտ քար, կարգադրեց այն տեղափոխել 100 քայլ հեռավորության վրա գտնվող մի շենքի մոտ: Ես, իհարկե, գլորելով դժվարությամբ տարա, տեղ հասցրի: Այս անգամ կարգադրեց նույն քարը տանել իր տեղը և այսպես՝ երեք անգամ: Քրտինքը պատել էր ինձ, հոգնածությունից չէի կարողանում ոտքի վրա կանգնել: Թևիցս բռնեց և կոպտորեն քաշելով տարավ մի սենյակ, նստեցնելով՝ կարգադրեց ուտել սեղանին դրված հացն ու երշիկը, իսկ ինքը մեկնվեց թախտին և քիչ հետո խռմփացնելով քնեց: Արդեն ուշ էր. հավաքեցի՝ ինչ մնացել էր սեղանին և բերեցի ճամբար. դրանով գոնե մի փոքր վրեժս լուծած համարեցի:
Հուշերն ի մի բերեց և ներկայացրեց Գեղամ Սարգսյանի թոռնուհին՝ Հասմիկ Սարգսյանը
Այստեղ՝ ՄԱՍ II
Հասմիկ ջան եթե մեղադրվել է Քեմալի մահափորձի և Խանջյանի պատճառով ուրեմն դա եղել է ոչ թե Ստալինի այլ Բերիայի արածները….Հարկավոր է հստակ տարանջատել Ստալինի ու Բերիայի դերը ռեպրեսյաների գործում…