ԱՔՍՈՐՈՒՄ
ՄԱՍ II
Դեկտեմբերին մոտ 20 կալանավորի, այդ թվում՝ ինձ, տեղափոխեցին Մագադանից 7 կմ հեռավորության վրա գտնվող ճանապարհաշինարարական կետը: Ամեն օր մենք պետք է թե՛ դեպի Մագադան և թե՛ 4 կմ դեպի հյուսիս ճանապարհը ձյունից մաքրեինք՝ ավտոմեքենաների անխափան երթևեկության համար: Մի օր աշխատանքի ժամանակ երկու ձիու լծված մի սահնակ, ուժեղ թափով անցնելով մեր կողքով, ինձ տակով արեց: Նրանում նստած երկու կանայք, ցավակցական բացականչություններ արձակելով, կանգնեցրին սահնակը, որի մեջ էին նաև երկու չեկիստներ: Ինձ ոտքի բարձրացնելով՝ ներողություն խնդրեցին. կանայք կոնֆետ հյուրասիրեցին, տղամարդիկ՝ ծխախոտ, ու հեռացան: Իսկ ես մի քանի օրից, պետի թույլտվությամբ ստիպված էի դիմել բժշկի: Քաղաքի բուժամբուլատորիայում ինձ քննեց մի հայ բժիշկ (քաղաքական կալանավոր)՝ Քալանթարյան ազգանունով՝ մոտ 50 տարեկան պատկառելի անձնավորություն: Ես հայտնեցի, որ Լոռու Մելիք-Քալանթարովներից մի աղջիկ՝ Մարո անունով, կրտսեր եղբորս՝ Նիկոլի կինն է: Բժիշկը հիշեց իր ազգականուհուն և, 3 օր ազատելով ինձ աշխատանքից, հսկեց իմ առողջությանը: Նույն տեղում հանդիպեցի կալանավորի հագուստով Սերիկ Դավթյանին: Պատմեց, որ 7-8 օր է, ինչ իրեն երկրից բերել են Մագադան, և քաղաքի փողոցները ձյունից մաքրելու ժամանակ ձեռքերը ցրտահարվել են: Ես ցավակցություն հայտնեցի, որ ինքն այդ դրության մեջ է գտնվում, իսկ նա մեզ հուսադրեց՝ ասելով, որ համբերությամբ տանենք աքսորի բեռը, և որ մեզ աքսորողներն իրենց արժանի պատիժը կստանան: Ես էլ իմ կողմից հուսադրեցի նրան, և բաժանվեցինք միմյանցից:
Հունվարի վերջին ինձ, քայքայված առողջական վիճակիս պատճառով, տեղափոխեցին հաշմանդամների ճամբար՝ Մագադանից 30 կմ հյուսիս-արևմուտք: Հաշմանդամների ճամբարը, որ կոչվում էր «ինվալիդկա», մի քառակուսի կիլոմետրի չափ տեղ էր գրավում՝ փշալարերով և բարձր պահակակետերով շրջապատված: Մարզի բոլոր ճամբարներից այդտեղ էին բերում նրանց, ովքեր այլևս չէին կարող աշխատել հանքերում, անտառներում, շինարարության և ճանապարհների վրա: Նրանց մի մասը ֆիզիկապես վատառողջ էր, մնացածները զրկված էին ձեռքերից, ոտքերից, տեսողությունից, լսողությունից և այլն: Հաշմանդամներին տեղավորել էին առանձին մի մեծ բակում՝ տասնյակ բրեզենտե վրանների տակ, յուրաքանչյուրում՝ 50 մարդ: «Ինվալիդկան» ուներ բուժարան և 20-30 հոգուց բաղկացած բուժանձնակազմ՝ բոլորը կալանավորներ: Առավոտից մինչ երեկո բուժարանն աշխատում էր՝ ընդունելով անսպառ հիվանդների: Միջին հաշվով, օրական 4-5 մահացության դեպքեր էին լինում. մեռելներին թաղում էին մի փոսի մեջ և ծածկում հողաթմբերով: Մի ուրիշ բակում ստեղծել էին տնայնագործական արհեստանոցներ, որտեղ ապրում և աշխատում էին քիչ թե շատ աշխատելու ընդունակ կանայք և տղամարդիկ: Կազմարարանոցում հանդիպեցի Ախտայի շրջանի լուսհրահանգիչ Արամ Տոնյանի որդուն՝ Արմիկին: Նրա միջնորդությամբ ընդունվեցի կազմարարական աշխատանքի, քանի որ հաշմանդամների վրաններում մահն անխուսափելի էր: Աշխատում էի փայտահատների բրիգադում. ամեն օր երկու անգամ 3 կմ հեռավորության վրա գտնվող անտառից փայտ էինք բերում ճամբարի համար: Աշխատանքը ծանր էր, սնունդը՝ սակավ:
1941թ. ապրիլին ես ինքնակամ հավաքագրվեցի կալանավորներից բաղկացած մի շինարարական բրիգադում: Ապրում էինք անտառում՝ վրանների մեջ: Աշխատում էի ձուկ ապխտող բրիգադում: Ապրուստներս համեմատաբար լավ էր. անգամ արջ էինք որսում և, մսից բաժին հանելով ճամբարի պետին, մնացածն ապխտում էինք ու խորոված սարքում: Այդպես շարունակվեց մինչև 1942թ. հունվարի 10-ը. այդ օրը լրացավ իմ կալանման ժամկետը: Բայց ոչ մի կալանավորի ազատ չէին արձակում, քանի որ համաշխարհային պատերազմն իր մոլեգնության մեջ էր. ֆաշիստական Գերմանիան, տիրելով Եվրոպական Ռուսաստանի մեծ մասին, իր բանակները հասցրել էր Վոլգայի ափերը, Հյուսիսային Կովկաս, Լենինգրադը բլոկադայի էր ենթարկել, Մոսկվան պաշտպանվում էր իր մատույցների մոտ, և այս պայմաններում կալանավորներին ազատելու «ուկազ» (հրաման) չկար: Նույնիսկ նախկինում ազատվածներին թույլ չէին տալիս երկիր վերադառնալու: Նրանք պարտադիր կերպով պետք է ապրեին Կալիմայում և աշխատեին՝ ըստ իրենց մասնագիտության: Հունվարին մեր ճամբարից մոտ 50-60 հոգու ուղարկեցին «Պոդյումա» կոչված վայրը, որը Մագադանից 300 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության վրա էր գտնվում: Ճամբարը տեղադրված էր մի բարձր, լերկ սարի ստորոտին: Սարի հակառակ կողմում՝ դեպի արևելք, գտնվում էր ոսկու հանքը, իսկ արևմտյան լանջերով խճուղին, մոտ 7 կմ ոլորապտույտ բարձրանալով, հասնում էր ոսկու հանքին: Ճամբարի կալանավորներն առավոտից մինչ երեկո աշխատում էին այդ ոլորանների վրա՝ մաքրելով ձյունը՝ ավտոմեքենաների անխափան երթևեկն ապահովելու համար: Շուրջն անտառներ չկային. դրանք մեր ճամբարից մոտ 10 կմ հեռու էին: Սարալանջերով անընհատ փչող քամիները շարունակաբար մեր մաքրած ճանապարհները լցնում էին ձյունով: Սոսկալի ցրտերը և ապրուստի սուղ պայմանները մարդկային տասնյակ զոհեր էին տանում: «Պոդյուման» ուղղակի մարդկային գերեզման էր: Աշխատանքի ժամանակ մեզ տալիս էին գունավոր ակնոցներ, որպեսզի շրջապատի ձյան ճերմակությունը տեսողությունը չփչացնի: Մի փոթորիկ օր կալանավորները չկարողացան օրվա առաջադրանքը կատարել: Ճամբարի պետը՝ նախկին կալանավոր, մի սոսկալի դաժան մարդ էր. նրա համար մարդը մժեղի արժեք ուներ: Երեկոյան՝ աշխատանքից վերադարձին, հրամայեց կալանավորներին 2 ժամ կանգնեցնել դրսում՝ որպես պատիժ առաջադրանքը չկատարելու համար: Այդ ընթացքում 7-8 կալանավոր սառեցին և մահացան: Բոլորի համար մի փոս փորեցին և միասին հողածածկ արեցին:
Փետրվարի վերջին աշխատանքի գնալիս ակնոցներս չգտա (գողացել էին) և առանց ակնոցի անցա գործի: Ցերեկն աչքերս ամբողջովին լցվել էին արյունով: Մագադանում և այլ վայրերում ցինգա հիվանդության հետևանքով ես արդեն զրկվել էի մի շարք ատամներից. հիմա էլ աչքերս փչացան: 15 օր աչքերս բուժելուց հետո ինձ, ևս 4 կալանավորի, ուղարկեցին այդտեղից 50 կմ հեռավորության վրա գտնվող «Կոմսոմոլսկ» կոչված ճամբարը: Այդ 4-ի մեջ էր Առաքելը, որ հաշվապահ էր եղել Երևանում. ձեռքերի 10 մատի եղունգները թափվել էին ցրտահարությունից:
Մայիսի 19-ի գիշերը մի երազ տեսա. մութ գիշեր է. կանգնած եմ մի շենքի ներքնահարկի աստիճաններին, ու հանկարծ ինձ թևանցուկ են անում և ուղղակի թռցնում դեպի լույսը: Տեսնեմ՝ կինս պառկած, երեխաներս իր կողքին հանգիստ քնել են: Ուրախությունից ուզեցի գրկել ու համբուրել, բայց այդ պահին զարթնելով վեր թռա տեղիցս: 10 րոպե երազի ազդեցության ներքո էի:
Առավոտյան ճամբարի պետը, ձեռքին՝ մի թուղթ, ներս եկավ և, բարձրաձայն ընթերցելով 7 հոգու, այդ թվում՝ իմ անուն, ազգանունը, կարգադրեց մնալ բարաքում մինչև իր վերադարձը, իսկ մյուսներին տարավ աշխատանքի: Երկու ժամ տևեց մինչև պետի վերադարձը: Զանազան մեկնաբանություններ էինք անում ՝ կարծելով, թե հանքերը կուղարկեն, որտեղից վերադարձ չկար, կամ կտեղափոխեն Մագադան: Հիշեցի երազս, և սիրտս ուրախ դողաց կրծքումս. չլինի՞ ազատվում ենք, մանավադ՝ մեր բոլորի կալանման ժամկետները 5-6 ամիս առաջ լրացել էին: Իրոք, ճամբարի պետը մեզ հայտարարեց, որ ազատվել ենք, և շնորհավորեց: Ուրախությունից ճամբարի պետին վեր-վեր թռցրինք: Հարազատներիս հետ մոտալուտ հանդիպման հույսն ինձ թև էր տալիս: Ես դեռ չգիտեի, որ երկար ամիսներ պիտի անցնեն մինչև այդ հանդիպումը, չգիտեի նաև, որ երեք եղբայրներիս այլևս երբեք չեմ տեսնելու: Նիկոլ եղբայրս, 1940թ.-ին կալանվելով, դատվել էր Բաքվում և աքսորվել Սվերդլովսկ, որտեղ էլ հետագայում սովից հյուծվելով՝ կնքեց իր մահկանացուն: Բագրատ եղբայրս, զորահավաքի ենթարկվելով, անհայտ կորել էր արևմտյան ռազմաճակատներում, Վազգեն եղբայրս էլ զոհվել էր Հյուսիսային Կովկասի համար մղված դաժան մարտերում:
Օրտուկան ավանում գտնվող Չեկայի գրասենյակում մեզ նոր փաստաթղթեր տվեցին ազատման վերաբերյալ: Որպես ազատ քաղաքացի աշխատանքի անցա, նախ, էլեկտրակայանի տեխնիկների հանրակացարանում՝ որպես պահակ և հավաքարար, իսկ մի-երկու շաբաթ անց՝ «Կրասնոյե ռեչյե» կոչվող վայրի շինարարական տրեստի գրասենյակում՝ որպես հաշվապահ: Հունիսին դիմեցի Կալիմա գետի ափին գտնվող մի փոքր ավանում գտնվող բժշկական հանձնաժողովին՝ ինձ քննելու և հայրենիք վերադառնալու իրավունք տալու համար: Բացի պետից, հանձնաժողովի բոլոր անդամները կալանավորներ էին: Ինձ հանձնեցին համարյա իմ տարիքի՝ 45-50 տարեկան, համակրելի դեմքով մի վրացի բժշկի: Իմանալով, որ Երևանից եմ, ինձ հուսադրեց: Հուլիսի 5-ին բժշկական հանձնաժողովի որոշումը ստանալով, որ իմ առողջական դրությունը չի ներում Մագադանի մարզում այլևս ապրելու համար, մեկնեցի մարզկենտրոն՝ ազատված կալանավորների հավաքակայանը: Այստեղ հանդիպեցի երկու հայի՝ բարձրագույն կրթությամբ նուխեցի Գարեգին Սեյրանյանին և դարձյալ Նուխու շրջանից Մուկուչին՝ անգրագետ, գողության համար դատված: Մեզ տարան քաղաքի նավահանգստի տարածքում կառուցված բարաքները՝ հայտնելով, որ մինչև երկիր ուղարկելն այդտեղ պետք է ապրենք: Մեզ օրական 700 գրամ հաց և եռացրած ջուր էին տալիս, ուստի Գարեգինի և Մուկուչի հետ խորհրդակցելով՝ որոշեցինք մասնավոր աշխատանք ճարել՝ փող ձեռք բերելու, սնունդ հայթայթելու և մեր հետագա ճամփորդության ծախսերը հոգալու համար: Մագադան քաղաքի հարավ-արևելյան կողմի խիտ բնակեցված թաղամասերում մեկուկես ամիս քաղաքացիների համար աշխատեցինք՝ վառելափայտ ջարդելով և դարսելով:
Օգոստոսի 7-ին 1000-ից ավելի ազատված կալանավորներին, որոնց իրավունք էր տրված հայրենիք վերադառնալու, տարան և լցրին նույն «Ջուրմա» նավը, որով մեզ 1937թ. նոյեմբերին Վլադիվաստոկից բերել էին Մագադան: Մեզ տեղավորեցին նավի ներքնահարկերում: Ազատորեն իրավունք ունեինք բարձրանալու նավակայմի վրա և դիտելու խաղաղօվկիանոսյան հեռաստանները: 5-6 օրից մեր նավը հասավ Լապերուզա նեղուցին: Ճապոնական մի զրահանավ կանգնեցրեց մեր նավը և ստուգելուց հետո միայն թույլ տվեց մեկնելու: Արդեն մեր նավը լողում էր Ճապոնական ծովով: Երկու օրից այն հատեց սովետական սահմանի ջրերը: Նավակայմից պարզ տեսնում էինք մեր ռազմանավերը, որոնք անընդհատ սուրալով պարեկություն էին անում սահմանների վրա: Արևելյան կողմից պարզ երևում էին Ուսսուրիի անտառապատ բարձունքները:
Օգոստոսի 15-ին մեր նավն արդեն Նախոտկա նավահանգստի մոտերքում էր: Դիմացի ափի բարձունքից մի քանի մարդ ձեռքերի ինչ-որ շարժումներով մեր նավին ազդանշաններ տվեցին: Կապիտանը հեռադիտակով զննելուց հետո հրամայեց նավը կանգնեցնել և խարիսխ ձգել: Պարզվեց՝ եթե մեր նավը մի փոքր էլ առաջանար, կբախվեր ականներին ու կպայթեր. ծովափին մոտիկ ջրային ողջ տարածքներն ականապատված էին հենց մերոնց կողմից: Նավի վրա գտնվողներս ուղղակի սոսկացինք. նավի վրա, հազար կալանավորից բացի, մի քանի հարյուր այլ քաղաքացիներ էլ կային: Նավը շրջապտույտ կատարեց և, ուղղությունը փոխելով և խորանալով ծովում ու դեպի հարավ ընթանալով, մի ավելի ապահով ճանապարհով հասավ Բուխտա Նախոտկա: Մեզ տարան դարձյալ կալանավորների համար կառուցած հավաքակայանը, և մինչև սեպտեմբերի կեսերը սնվեցինք օրական նույն 700 գրամ հացով և եռացրած ջրով: Այնուհետև մեզ հայտնեցին, որ բոլորիս ուղարկում են Ռուսաստանի արևելյան մարզերը՝ աշխատելու մինչև պատերազմի ավարտը: Սեպտեմբերի վերջին հասանք Ուֆայի մարզի Չիշմայի շրջկենտրոն: Չիշմա կայարանում ես և Գարեգինը պետք է իջնեինք և ներկայանայինք տեղի վարչական մարմնին: Տեղի շրջլուսբաժնում կտրուկ մերժեցին որպես ուսուցիչների աշխատանք տալու մեր դիմումը՝ պատճառաբանելով, թե հակահեղափոխական, անհարազատ մարդկանց իրենք աշխատանքի չեն ընդունում: Գարեգինը զայրացած էր, հուսալքված: Տեղի միլիցիայի վարչություն ներկայանալուց հետո մեզ նշանակեցին նույն շրջանի Ռոմանովկա ռուսական գյուղը, որը կայարանից մոտ 10 կմ հեռավորության վրա էր գտնվում: Ոտքով անցանք ճանապարհը, որի եզրին չհնձած ցորենի և արևածաղկի արտերն էին: Ռոմանովկայի կոլխոզի վարչության նախագահ Նիկոլայ Պետրովիչը՝ 55 տարեկան, բարեկազմ, բավական համակրելի դեմքով մի մարդ, մեզ տեղավորեց մի պառավ կնոջ տանը: Հաջորդ օրն իսկ աշխատանքի անցանք կալում աշխատող բրիգադում: Աշխատողների մեծ մասը կանայք, պատանիներ, ծերեր և պատերազմի հաշմանդամներ էին: Սնվում էինք մեր աշխատանքի հաշվին՝ ամեն անգամ ստանալով 7 օրվա հաց և կարտոֆիլ: Նոյեմբերի կեսին մի խումբ պատանիների հետ մեզ ուղարկեցին մոտակա անտառը՝ ձմեռվա համար վառելափայտ պատրաստելու, իսկ ձմռանն ապրեցինք և աշխատեցինք գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող անասնապահական ֆերմայում. վառելիք էինք պատրաստում ֆերմայի համար: Նախագահի կարգադրությամբ մեզ ամեն օր մի աման երեսքաշած կաթ էին տալիս: Կաթը տաքացնում, խմում էինք, երբեմն էլ մածուն էինք պատրաստում, ապուր եփում: Ձմռան ամիսներին սոսկալի ցրտեր ու բուք-բորաններ եղան. շատ դժվար օրեր ապրեցինք: Գարնանը Գարեգինի հետ կովերի նախիրն արոտ տարանք և մեկուկես ամիս նախրապանությամբ զբաղվեցինք: Քանի որ ես ձայնազրկություն չունեի, 1943թ. մայիսի 15-ին ինձ զորակոչեցին, իսկ Գարեգինը մնաց Ռոմանովկայում: Ուֆա քաղաքում զորակոչվածներից երիտասարդներին ուղարկեցին ռազմաճակատ, իսկ տարիքավորներիս՝ մոտ 70 հոգու, ուղարկեցին բեռնակրության, ապա տարան Ուրալյան լեռնաշղթայի վրա գտնվող Տատեղ բնակավայրում տեղակայված ռազմական կայանը: Տատեղում անտառի մեջ էր կառուցված 100 քառ. կմ տարածությամբ հսկա ռազմակայանը՝ ամբողջությամբ քողարկված և փշալարերով պատված: Ուրալյան լեռնաշղթայի ասիական և եվրոպական տարածքներում գործող ռազմական գործարաններն իրենց արտադրանքն ուղարկում էին մեր ռազմակայանը, որտեղից էլ այդ ռազմական տեխնիկան, նյութերն ու ապրանքներն ուղղվում էին դեպի ռազմաճակատներ:
Ռազմակայանում կրտսեր սերժանտի աստիճան ունեի և ղեկավարում էի հողափորների՝ 48-55 տարեկան, մեծ մասամբ բաշկիրներից կազմված բրիգադը: Մենք հակահրդեհային ջրավազանների համար 100 քառ. մ տարածությամբ և 2 մետր խորությամբ կլոր փոսեր էինք կառուցում: Պլանները կատարում էինք 130-140 %-ով, և ամեն ամիս իմ բրիգադը «բարձրանում էր» պատվո «կարմիր տախտակին»: Թեև զինվորականներին պատերազմի պատճառով արձակուրդ չէր տրվում, բայց ղեկավար մայորը խոստացավ, նույն թափով աշխատանքները գերակատարելու դեպքում, ինձ մի կերպ ուղարկել հայրենիք: Խոստումը լսելով՝ այդ գիշեր քաղցր անուրջներով հանգիստ քնեցի: Իրոք, նոյեմբերի վերջին ինձ կանչեցին գրասենյակ: Իր խոստման համաձայն, շինարարության համար հակաէլեկտրական հատկություն ունեցող մարմարե սալիկներ առաքելու նպատակով, մայորն ինձ գործուղեց Հայաստան: Կիշտիմ քաղաքով, Սվերդլովսկով մեկնեցի Ուֆա: Ուղիղ 45 օր տևեց իմ վերադարձը դեպի հայրենիք: Երկաթուղային կայարաններն ու գնացքները սաստիկ ծանրաբեռնված էին: Գնացքների փոփոխություն կատարելիս, մինչև մեկնելը կայարաններում օրերով սպասում էի: Գնացքը դեպի Կովկաս ընթանում էր Ուֆա-Ռոստով-Թբիլիսի ուղղությամբ՝ անցնելով ավերված Ստալինգրադ քաղաքի կողքով: Վագոնի պատուհաններից պարզ երևում էին Ստալինգրադի տարածքները. Վոլգա գետի երկու ափերով՝ 60 կմ երկարությամբ տարածվող ողջ քաղաքում ոչ մի կանգուն շենք չէր երևում. բոլորը ավերված էր: Գերմանացիներից խլված ռազմավարը՝ միլիարդների հասնող արժողությամբ, հավաքել և դարսել էին երկաթգծի երկայնքով՝ մոտ 300 կմ տարածությամբ: Պահակ զինվորները հսկում էին ռազմավարը մինչ երկրի ներսը փոխադրելը: Հերոս քաղաքի ավերակները և այդ ռազմավարը դիտելիս արդեն պատկերացնում էինք, թե ինչ ահեղ կռիվներ են ընթացել…
Դեկտեմբերի 23-ին մեր գնացքը կանգ առավ Թբիլիսի քաղաքի կայարանում: Անհամբեր սպասում էի Երևանի գնացքի մեկնելուն: Ահավոր դրություն էր. վագոնների մուտքերի մոտ հարյուրավոր մեկնողներ էին կանգնած և իրար բոթելով աշխատում էին ընկնել վագոն: Վագոնավարը ստիպված դուռը փակեց: Տեսնելով, որ ոչ մի կերպ հնարավոր չէ վագոն բարձրանալ, չնայած օրինական փաստաթղթեր և տոմս ունեի, անցա գնացքի հակառակ կողմը, որտեղ ոչ ոք չկար: Նախավերջին վագոնի փակ դռան մոտ կանգնած էր մի ծեր ռուս կին՝ կապոցը թևատակին: Պարզվեց, որ նա եկել է Հյուսիսային Կովկասից և մեկնում է Լենինական՝ տեղի տեքստիլ ֆաբրիկայում աշխատող իր դստերը տեսության: Չնայած սաստիկ ցրտին, որոշեցի այդ կնոջ հետ բարձրանալ վագոնի դռան աստիճանների վրա, ամուր բռնվել ձողերից և կայարանից դուրս գալուց հետո մի կերպ պատուհանի բացվածքից ներս սողոսկել: Գնացքը շարժվելուց 10-15 րոպե հետո ներսից մեզ ձայն տվեցին: Պարզվեց՝ վագոնի նախասրահում իրենց դամաների հետ կանգնած երկու սպա՝ մեկը՝ հայ, մյոսը՝ ռուս, լուսամուտից մեզ նկատել են: Հավաստիանալով, որ տոմս ունենք՝ մեր ուսերից բռնելով ներս քաշեցին: Դեկտեմբերի 25-ի երեկոյան գնացքը հասավ Երևան: Ճանապարհին հեռվից տեսա Մասիսները, Արարատյան դաշտը, ծանոթ վայրերը, և սիրտս խայտաց ուրախությունից…
Տանս բակի դուռը բաց էր: Նայեցի պարտեզին, որ ձյունով էր ծածկված, բարձրացա պատշգամբ ու լուսամուտից ներս նայեցի: Կրտսեր որդիս՝ Հակոբը, որ արդեն 11 տարեկան էր, խաղ էր անում մանկահասակ թոռներիս հետ, որոնց ծննդյան մասին տեղեկացել էի աքսորավայրում ինձ հասած մեն-միակ նամակից: Լուսամուտը դանդաղ ծեծեցի. աղջիկս՝ Հռիփսիմեն, նայեց և ինձ չճանաչելով հարցրեց ով լինելս: Սրտի տրոփյունով ձայն տվեցի: «Հայրի՜կ» կանչելով բացեց դուռը և ընկավ ոտքերս…
Գեղամ Սարգսյանի հուշերն ի մի բերեց և ներկայացրեց Հասմիկ Սարգսյանը
Այստեղ՝ ՄԱՍ I
Օրհնված ծնունդ ես, Հասմիկ, ինչ արժանավոր ժառանգ ես………………..
Մարդկութիւնը նոյն գողգոթայով է անցել՝ ինչով որ անցել է հէնց Յիսուս-Քրիստոսը… Իսկ կարծես մեզ մի քանի բաժին աւելին է հասել այդ չարչարանքներից…