ԱՔՍՈՐՈՒՄ

 ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ GEXAM SARGSYAN
ՄԱՍ III

Աղջիկս տխուր լուրեր հաղորդեց ինձ: Նիկոլ եղբայրս, 40 թվին կալանվելով, աքսորվել էր Սվերդլովսկ: Բագրատ եղբայրս, զորահավաքի ենթարկվելով, անհայտ կորել էր արևմտյան ռազմաճակատներում: Վազգեն եղբայրս, սերժանտի աստիճանի հասնելով, զոհվել էր Հյուսիսային Կովկասում: Եղբայրներիցս ամենակրտսերը՝ Ռուբենը, մեկնել էր Ղափան, միացել տեղի դերասանական խմբին, ամուսնացել, և սկզբնական շրջանում որպես ակումբի վարիչ, հետագայում՝ որպես դերասան, հաստատվել Ղափանում (վերջինս դառնում է Կապանի դրամատիկան թատրոնի անվանի դերասաններից մեկը- Հ.Ս.): Մեր բարեկամներից ոչ ոք չէր հետաքրքրվել իմ ընտանիքով, բացի կնոջս Աշոտ եղբորից: Յոթ տարվա մեջ կնոջս կրած նեղ օրերը և տանջանքներն ու չարչարանքներն իրենց հետքն էին թողել նրա վրա. նա խիստ նիհարել էր և ծերացած կնոջ տպավորություն էր թողնում:

Մանկահասակ Հակոբ Գ. Սարգսյանը՝ հոր հետ աքսորում (վերևի շարքում՝ աջից չորրորդը) ԱՔՍՈՐՈՒՄ Մանկահասակ Հակոբ Գ. Սարգսյանը՝ հոր հետ աքսորում (վերևի շարքում՝ աջից չորրորդը) ԱՔՍՈՐՈՒՄ

Դիմեցի հանրապետական դատախազին՝ բացատրելով իմ ով լինելը, պատմեցի ընտանիքիս դրության մասին և խնդրեցի ինձ թույլատրել մնալ Երևանում: Դատախազը պատվիրեց ինձ գրավոր դիմում տալ: Տեղնուտեղը գրեցի դիմումը և հանձնեցի քարտուղարին: Երբ երկու օրից դատախազն անձամբ ինձ ընդունեց և հայտնեց, որ ազատ կարող եմ ապրել և աշխատել Երևանում: Ապա գրավոր կարգադրություն տվեց վարչական մարմիններինինձ անձնագիր տալու և քաղաքում գրանցելու կապակցությամբ: Հունվարին դիմեցի Կապի մինիստր ընկ. Նալբանդյանին, որը , դիմումիս համաձայն, ինձ հրամանագրով նշանակեց Երևանի ռադիոցանցի գլխավոր հաշվապահ: Մի քանի օրվա ընթացքում միստրության գլխավոր հաշվապահի՝ ընկ. Մաշարյանի մասնակցությամբ ընդունեցի ռադիոցանցի հաշվապահական գործերն առանձին ակտերի միջոցով, միաժամանակ վարչական օրգանների միջոցով գրանցվեցի տնայինգրքույկում և անձնագիր ստացա: Մինչ այդ ռադիոցանցի գլխավոր հաշվապահը մի անփորձ աղջիկ էր եղել, որը չէր կարողացել աշխատել, և հաշվապահական գործերը շատ խառն դրության մեջ էին գտնվում: Ահա թե ինչու ինձ սիրով աշխատանքի ընդունեցին: 1944-46թ.թ.-ին աշխատելով ռադիոցանցում՝ միանգամայն կանոնավորեցի հաշվա-ֆինանսական գործերը՝ վերափոխելով հաշվապահական նախկին դրվածքը: Բացի աշխատավարձից եռամսյակային հաշվետվություններից հետո դրամական պարգև էի ստանում մի ամսվա աշխատավարձի չափով: Պատահում էին օրեր, որ գիշերները տուն չէի գալիս աշխատավայրից. գրասենյակում աշխատում էի հաշվետվությունների վրա: Նալբանդյանին հետ էին կանչել Մոսկվա՝ մի այլ աշխատանքի, նրա փոխարեն կապի միանիստր էին նշանակել Թադևոս Մինասյանին: Այդ տարիներին կարգավորեցի իմ տնտեսական խառն դրությունը: Կինս արդեն կազդուրվել էր, և հետզհետե մոռացվում էին անցյալի դառնությունները: 1946թվի աշնանը մայրս մահացավ՝ չդիմանալով ռազմաճակատում մահացած և անհետ կորած իր որդիների մահվան և կորստյան վշտին ու կսկիծին, մանավանդ որ Նիկոլ եղբայրս էլ մահացել էր 1946թ. Սվերդլովսկի աքսորյալների ճամբարում:

Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել էր դաշնակից պետությունների հաղթանակով: Սովետական Միության, Անգլիայի, Ամերիկայի բանակները, շրջապատելով Բեռլինը, կապիտուլացիայի ենթարկեցին Գերմանիային: Դաշնակից պետությունների կողմից Նյուրնբերգ քաղաքում կազմակերպվեց միացյալ դատարան՝ պատերազմի հանցագործներին դատելու համար: Պատերազմի շատ հանցագործներ, ֆաշիստ մարդակերներ ստացան իրենց արժանի պատիժը: Պատերազմը դադարեց նաև Հեռավոր Արևելքում: Դրությունը գնալով է՛լ ավելի կլավանար, եթե Ստալինը նորից չվերականգներ անցյալի բռնապետական քաղաքականությունը: ԱՄՆ նախագահ Ռուզվելտի մահից հետո՝ պրեզիդենտ Տրումենի օրոք, Ստալինը խախտեց Կալիմայում արտադրված ոսկին Ամերիկային հանձնելու վերաբերյալ 10 տարով կնքված պայմանագիրն այն արդարացումով, որ եթե Ամերիկան օգնել է Ռուսաստանին ապրանքներով, ապա Ռուսաստանն էլ պատերազմում 20 միլիոն մարդկային զոհ է տվել, բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր են ավերվել: ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև հարաբերությունները գնալով վատացան: Ստալինը, մի կողմ դնելով Լենինի կողմից հիմնադրված «ԳՈԷՌԼՈ»-ի շինարարական ծրագիրը, ձեռնարկեց մի նոր հսկա շինարարություն, որն անվանել էր «Կոմունիզմի շինարարություն»: Այն իր տարածքի մեջ ընդգրկում էր Սպիտակ ծոցից մինչև Վոլգա-Դոնի ջրանցքի շինարարությունը: Բացի այդ մտածեց նաև Արևմտյան և Միջին Սիբիրի մի շարք անմարդաբնակ վայրեր մարդաբնակ դարձնել: Դրա համար դարձյալ ՄԳԲ-ին անսահմանափակ լիազորություններ տվեց և Ռուսաստանի բոլոր մարզերից ու ծայրամասերից տասնյակ հազարավոր կալանավորներ լցրեց այդ շինարարություններում: Չբավարարվելով դրանով՝ հազարավոր ընտանիքներ աքսորեց Նովոսիբիրսկի, Ալթայի, Ղազախստանի անմարդաբնակ վայրերը՝ բռնագրավելով նրանց շարժական և անշարժ ունեցվածքը: Բերիան, որ նորից ՄԳԲ-ի մինիստրն էր, սանձարձակորեն շահատակում էր երկիրը: Բացի դրանից, 1947թ. Ստալինը նոր Ուկազ (հրաման) հրապարակեց, որով արգելվում էր նախկին քաղաքական կալանավորներին, որոնք ազատվել և ապրում ու աշխատում էին իրենց բնակավայրերում, 60-70 կմ հեռու ապրեն իրեն մշտական բնակության վայրերից: Նորից իմ առջև հայտվեց ընտանիքիցս հեռու ապրելու սև ուրվականը: 1947թ. հունիսին քաղմասի միլիցիայի վարչությունից ծանուցագիր ստացա, որով պահանջվում էր 19 օրվա ընթացքում հեռանալ մայրաքաղաքից 70 կմ հեռու՝ դեպի հյուսիս: Կնոջս հուսադրեցի, որպեսզի շատ չընկճվի: Ռադիոցանցի դիրեկտոր Բագրատ Գևորգյանը և Կապի մինիստր Թադևոս Մինասյանն իմ խնդրանքով անձամբ եղան ՄԳԲ-ի մինիստրի մոտ, սակայն դա շատ քիչ օգնեց գործին: ՄԳԲ-ի մինիստրն ասել էր, որ եթե անփոխարինելի աշխատող եմ, ցերեկները կարող եմ աշխատել ռադիոցանցում, իսկ գիշերներն անպայման պետք է հեռնամ քաղաքից մոտիկ մի բնակավայր: Ինձ նշանակեցին Բերիայի անվան շրջանի շրջկենտրոնում կապի գրասենյակի ավագ հաշվապահ, միաժամանակ պետք է աշխատեի ռադիոցանցում՝ որպես գլխավոր հաշվապահ այն պայմանով, որ գիշերները պետք է քնեի Սեբաստիայում: Աշխատանքի ծանրաբեռնվածությունն ինձ միանգամայն հյուծել էր: Տեսնելով, որ այլևս հնարավոր չէ այդ ձևով շարունակել՝ դիմում տվեցի Կապի մինիստրին, որպեսզի աշխատանքի կապակցությամբ ինձ ուղարկեն մի հեռավոր շրջան, այնպիսի մի վայր, որ հնարավոր լինի թե՛ ապրել և թե՛ ընտանիքիս օգնել: Կապի մինիստրը խոստացավ բավարարել դիմումս՝ պայմանով, որ երկու ամսվա ընթացքում հաշվապահական մի կադր պատրաստեմ Բերիայի անվան շրջանի կապի գրասենյակի համար: Տեղի կոմերիտմիության կազմակերպությունը մեկին ուղարկեց՝ Աթանաս անունով, որի հետ երկու ամիս պարապելուց հետո հետս տարա մինիստրություն, քննության ենթարկել տվեցի, և Աթանասը հրամանով նշանակվեց կապի գրասենյակի ավագ հաշվապահ, իսկ ինձ հրամանով նշանակեցին Բասարգեչարի (ներկայումս՝ Վարդենիս) կապի գրասենյակի ավագ հաշվապահ:

ՀԻՆԳ ՏԱՐԻ՝ ԲԱՍԱՐԳԵՉԱՐՈՒՄ

Բասարգեչարը գտնվում է Սևանա լճի արևելյան ծայրում՝ Երևանից դեպի հյուսիս-արևելք 180 կմ հեռավորության վրա: Այն Գեղարքունյաց աշխարհի վերջին շրջանն է, որը հյուսիս-արևմտյան կողմից սահմանակից է Կարմիրի շրջանին, արևմտյան կողմից՝ Սևանա լճին և Մարտունու շրջանին, հարավային կողմից՝ Ազիզբեկովի շրջանին և հյուսիս-արևելյան կողմերից՝ Ադրբեջանին: Այն պատմական Հայաստանի Գեղարքունյաց աշխարհի Վասկաշեն գավառն է: Գեղարքունյաց աշխարհն իր մեջ ամփոփում է Նոր Բայազետի (Կամոյի), Մարտունու և Բասարգեչարի շրջանները՝ Սևանա լճի հետ միասին: Սևանա լիճը կամ Գեղամա ծովակը սկսվում է Սևանից ու Չիբուխլուից և տարածվում է մինչև Բասարգեչար՝ արևմուտքից արևելք՝ 70 կմ երկարությամբ և հարավից հյուսիս՝ 30 կմ լայնությամբ: Հարավից սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթան և, դեպի հարավ ձգվելով, հարում Միկոյանի շրջանին: Գեղարքունիքը կազմում էր Սյունյաց նահանգի մի մասը և պատկանում էր Սյունյաց նախարարությանը: Շրջանն ուներ 30 գյուղ, որոնցից հինգը՝ զուտ հայկական, չորսը՝ խառն բնակչություն ունեցող, և 21-ը թուրքաբնակ գյուղեր էին: Շրջանի տարածության ¾-ը դաշտավայր էր, որտեղ առատորեն կատարում էին հացահատիկային մշակություն: Շրջանը շրջապատված է հարուստ արոտավայրեր ունեցող լեռնային բարձրություններով և ունի ալպյան արոտավայրեր, որոնցում ամառային ամիսներին ոչ միայն Հայաստանի, այլև հարևան Ադրբեջանի անասնապահներն իրենց ոչխարների հոտերն ու այլ անասունները՝ տասնյակ հազարավոր գլուխներով, բերում էին այս յայլա սարերը: Դրանով պայմանավորված՝ շրջանի կենտրոնում՝ Բասարգեչարում, 3-4 ամիս շարունակ՝ ամեն շաբաթ և կիրակի օրերին, շուկան լցվում էր տասնյակ բարիքներով, և աշխույժ առևտուր էր ընթանում: Հեռավոր շրջաններից և Երևանից բազմաթիվ գնորդներ էին ժամանում այդ օրերին Բասարգեչար՝ անասուններ, յուղ, պանիր, կարագ, բուրդ, մածուն, կաթ, հավ, ձու, գնելու համար: Հենց դրա համար էլ համաձայնվեցի մեկնել հեռավոր Բասարգեչար: Ստացածս աշխատավարձով և՛ ես էի ապրում, և՛ ընտանիքիս էի պահում: Ամեն կիրակի փոստային ավտոմեքենաներով գնածս մթերքներն ուղարկում էի քաղաք: Հինգ տարվա ընթացքում կապի գրասենյակի երեք պետեր փոխվեցին, իսկ ես իմ ջանասեր աշխատանքի շնորհիվ մնացի իմ տեղում: Ապրում էի կապի գրասենյակի շենքում: Ամառները կինս, մյուս հարազատներս այցելում էին ինձ մեկ-երկու ամսով: Նույնիսկ Կնոջս տարա Ադրբեջանի տարածքում գտնվող Իստի-սու (ներկայումս ազատագրված տարածքներում գտնվող տաք հանքային ջրեր- Հ.Ս.)՝ ոսկրացավը բուժելու համար: Բուժումն արդյունավետ էր. ոսկրացավը բուժվեց: Որդուս՝ Հակոբին բերեցի մոտս, և մոտ երկու տարի ապրեց և սովորեց Բասարգեչարում: Տեղի դաժան եղանակների պատճառով նա հիվանդացավ պլևրիտ ծանր թոքային հիվանդությամբ, և միայն հրաշքով հաջողվեց նրան խլել մահվան ճիրաններից: Շրջանի ՄԳԲ բաժանմունքում հաշվառման մեջ էի: Թե՛ կապի գրասենյակի կոլեկտիվի և թե՛ մյուս հիմնարկների կոլեկտիվների կողմից հարգանք էի վայելում, մանավանդ, որ ռուսերեն գրագրությունների դեպքում օգնում էի բոլորին: Ինձ դրսևորում էի այնպես, որ ոչ մի կասկածելի բան չնկատվի, և նորից ընտանիքս չդժբախտանա:

1948 թվականին Ստալինը դրամական ռեֆորմ կատարեց: Մեկին տաս պակասեց դրամի արժեքը և դրան համապատասխան՝ բոլոր ապրանքների գները: Միաժամանակ հարյուրավոր ընտանիքներ տարերային կերպով, մի գիշերվա ընթացքում աքսորվեցին հեռավոր Սիբիր՝ Ալթայ երկրամասը: Ես ուղղակի վախը սրտիս սպասում էի, որ այդ աղետն ինձ էլ կհասնի, սակայն նման բան տեղի չունեցավ:

Գեղամ Սարգսյանի հուշերն ի մի բերեց և ներկայացրեց Հասմիկ Սարգսյանը

Այստեղ՝ ՄԱՍ I

ՄԱՍ II

ՄԱՍ IV

 

Добавить комментарий