ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 Հասմիկ Գուլակյան զրույցը Լեռ Կամսարի թոռնուհու` Վանուհի Թովմասյանի հետ

Լեռ Կամսարը հայ գրականության պատմության մեջ ամենախոշոր երգիծաբանների եռյակում է` Հակոբ Պարոնյանի և Երվանդ Օտյանի շարքում: Ի տարբերություն իր հզոր նախորդների`Լեռ Կամսարի ստեղծագործությունների մի մասն է առայժմ հրատարակվել, այսինքն` նրա գրավոր ժառանգությունն ուսումնասիրված չէ… Զարամանալի զուգադիպությամբ` հայ երգիծական գրականության երեք դասականներն էլ եղել են լրագրողներ…

Լեռ Կամսար LER KAMSAR

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Եվ քանի որ Լեռ Կամսարի գործերի տպագրության պատասխանատվությունը մնացել է թոռնուհու` Վանուհի Թովմասյանի ուսերին, դժվար է ասել, թե դրանք ե´րբ կամբողջանան ու կդրվեն մասնագետների սեղաններին: Ասում եմ մասնագետների, որովհետև Լեռ Կամսարի երկերի ուսումնասիրությունը սոսկ գրականագետների խնդիրը չէ: Դատելով հրապարակված գրականությունից` Լեռ Կամսարը բազմաշերտ ժառանգություն է ավանդել մեզ, որով պետք է զբաղվեն նաև հոգեբանները, այդ թվում` էթնոհոգեբանները, փիլիսոփաները, քաղաքագետները, մշակութաբանները, ազգագրագետները, պատմաբանները… Իսկ չհրատարակված գործերը հսկայական են…

Իր կյանքի լավագույն 20 տարին սովետական բանտերում ու աքսորավայրերում անցկացրած երգիծաբանը բռնապետության մամլիչի տակ չի կորցրել իր լավագույն հատկանիշներից և ոչ մեկը. նա ներքուստ անկախ էր և բոլշևիկյան հասարակարգում ապրած ինձ հայտնի թերևս ամենաազատ մարդն էր: Նա երբեք և հանուն ո´չ մի բանի չծախվեց, ոչ մի փոխզջում չընդունեց: Ավելին, փիլ. գիտ. թեկնածու Վարդան Նիկողոսյանի արտահայտությամբ` նա «ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻ» մտավորական է: Երբ փառաբանում ու աստվածացնում էին բոլշևիզմի կուռքերին` Լենինին ու Ստալինին, Լեռ Կամսարը համարձակորեն գրում է սովետական ռեժիմի, կոմունիզմի` որպես «ոչ մի բանի պետք չեկող վարդապետության» մասին, ձաղկում նրա խամաճիկ քարոզիչներին` կանխատեսելով այդ հասարակարգի փլուզումը:

Երգիծաբանի հատկապես օրագրությունները, որ սովետական հասարակարգի տարեգրություններ են, մեծ մասամբ հենված են կենցաղային գործոնի վրա: Սակայն նա կարողացել է տեսնել այդ երևույթների բոլոր երեսակները, դրանց պատճառահետևանքային կապերն ու ընդհանրացումներ անել, բացահայտել հոգեբանական ու փիլիսոփայական ճշմարտություններ, ազգային ինքնության և ինքնագիտակցության հարցեր, սովետական կայսրության այդ տարիների ներքին ու արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքական բազմաթիվ հարցեր, սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-կենցաղային բազում հիմնախնդիրներ: Եվ այս ամենը քննում է խորքով, հայեցակարգված, ոչ մի կետում չդավաճանելով իր որդեգրած սկզբունքներին` միշտ մնալով աննահանջ:

Եվ նա փորձում է հաղթել ծիծաղով, որ նրա ամենահզոր զենքն էր…

Լեռ Կամսարի երկերն այսօր էլ արդիական են` ընտրություններ, ընտրակաշառք, մեդալներ ու շքանշաններ, կաշառք, բյուրոկրատական քաշքշուկներ, թղթաբանություն, տգիտություն և այլն, և այլն… Երգիծաբանի երկերի հրատարակումը պատիվ է յուրաքանչյուր հրատարակչի համար:

«Վէմ» ռադիոկայան
5. 11. 2014

 

Добавить комментарий