ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՄԱՍ IV

1952թ. վերջին Ստալինը մահացավ: Երկրի ղեկը Խրուշչովին անցնելուց հետո Ստալինի գործունեությունը քննվեց, և նա որակվեց իբրև բռնակալ: Ապացուցեցին, որ 1930 թվին նա կատարել է բռնի կոլեկտիվացում և այնուհետև Բերիայի սադրանքներով մինչև 1939 թիվը տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց՝ առանց սեռի և տարիքի խտրության, աքսորի ենթարկել՝ տաժանակիր աշխատանքի ուղարկելով Սիբիրի տայգաներն ու տունդրաները, Միջին Ասիայի ավազուտ անապատները: Ապացուցեցին, որ Ստալինը, չհանդուրժելով մի շարք աչքի ընկնող ղեկավար-գործիչների, առանց նրանց կողմից որևէ հանցանքի, ոչնչացրել է՝ վերջիններիս անհիմն մեղադրանքներ ներկայացնելով: Ապացուցեցին, որ նա, ի վերջո, եղել է միանձնյա ղեկավար, իսկ Բերիան՝ ժողովրդի թշնամի: 

ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ / Գ. Սարգսյանը՝ հարազատների հետ՝ Էջմիածին այցի ժամանակ։ ։ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ - GEXAM SARGSYAN

ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ / Գ. Սարգսյանը՝ հարազատների հետ՝ Էջմիածին այցի ժամանակ։ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Վերջապես թափառումներս ավարտվեցին… Ինձ նշանակեցին Կապի մինիստրության շինմոնտաժային գրասենյակում գլխավոր հաշվապահ: 1953-1956թ.թ. աշխատեցի այդ գրասենյակում, որ տեղավորված էր մինիստրության շենքում: Հաջորդաբար բարեկարգեցի նաև ընտանիքիս դրությունը՝ մեծ ուշադրություն դարձնելով կնոջս առողջական դրության վրա:

1953թ. դիմեցի Հանրապետական դատախազության հատուկ բաժին՝ խնդրելով իմ գործը վերանայել և ինձ դուրս բերել դատվածությունից, քանի որ իմ կալանումը և աքսորը տեղի էին ունեցել՝ առանց որևէ հանցանքի ապացույցի:

1954թ. գարնանը ծանուցագիր ստանալով՝ ներկայացա Հանրապետական դատախազության հատուկ բաժին, որտեղ ինձ կես ժամ քննելուց հետո չեկայի իմ գործը հանձնեցին ինձ, որպեսզի ծանոթանամ և ինձ հայտնի լինի, թե ինչ պատճառով են ինձ աքսորել: Պարզվեց՝ Մանվել Շարամբեյան անունով մի ուսուցիչ սուտ տեղեկություն է տվել, թե իբր Աբովյան փողոցում իր հետ հակասովետական զրույց եմ ունեցել: Մ. Շարամբեյանը կալանվել էր 1927թ.՝ Ախտայի հակահեղափոխական խմբակի կազմակերպիչ լինելու մեղադրանքով: 10 տարվա բանտարկությունից հետո ազատվել, ապա հետագայում դարձյալ երկրորդ անգամ կալանվել ու աքսորվել էր: Ես նրա հետ միայն գլխարկի ծանոթ էի: Կարդալով Շարամբեյանի մատնագիրը՝ վերջապես հասկացա, թե ով է եղել իմ դժբախտության և աքսորվելու պատճառը: Շնորհակալություն հայտնելով դատախազից՝ պատմեցի Շարամբեյանի հետ իմ պատահական հանդիպման մանրամասները: 1936թ. ամռան մի կիրակի Սպանդարյան և Աբովյան փողոցների անկյունում պատահաբար հանդիպել էի հին ծանոթներիս՝ Լուսբաժնի քարտուղար Գարեգին Մովսիսյանին, Արամ Տոնյանին, ուսուցիչ Մամիկոն Մխիթարյանին, որոնք ինձ ներկայացրին աքսորից նոր վերադարձած Շարամբեյանին: Ես շնորհավորել էի նրա վերադարձը և մի քանի րոպե բոլորի հետ զրուցելուց հետո հեռացել: Այդ սրիկան, առիթից օգտվելով, ինձ ծախել էր չեկային՝ իր դրությունն ապահովելու համար: Սակայն մատնությունները չեն ապահովել իր ապագան. երկրորդ անգամ կալանվելով և աքսորվելով՝ մահացել էր աքսորավայրերում: Քանի՜-քանի՜ տասնյակ հազարավոր ընտանիքներ են դժբախտացել այդպիսի սրիկա մատնիչների պատճառով: Ես հատուկ բաժնի դատախազին հայտնեցի նաև, որ չեկայում քննությունների ժամանակ մի շարք անգամներ առերեսում եմ պահանջել՝ ինձ առաջադրված մեղադրանքները հաստատելու համար, սակայն ոչ մի առերեսում չի եղել: Իմ խոսքերի իսկությունը ճշտելու նպատակով դատախազի պահանջով տվեցի մեր հանդիպմանը մասնակից ընկերներիս հասցեները, որպեսզի նրանք քննչական մարմինների առջև հաստատեն իմ խոսքերը: 1954թ. աշնանը Հանրապետական դատախազությունից և Գերագույն դատարանից պաշտոնական գրություններ ստացա, որ իմ դատվածությունն ապօրինի է եղել, և իմ հանդեպ հարուցված մեղադրանքը չեղյալ է համարվում: Իբրև կորուստներիս փոխհատուցում՝ երկու ամսվա աշխատավարձի չափով դրամական չեկ ստացա պետական բանկից և 2500 ռուբլի գումար՝ ընդհանուր հիմունքներով: Ինձ նման հազարավոր անմեղ մարդիկ արդարացան, սակայն երբեք չմոռացվեցին բռնատիրական տարիների ապօրինություններն ու տանջանքները…

Գ. Սարգսյանը՝ պիոներական ճամբարում, որտեղ ամառները, անգամ առաջացած տարիքում, աշխատում էր: ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Գ. Սարգսյանը՝ պիոներական ճամբարում, որտեղ ամառները, անգամ առաջացած տարիքում, աշխատում էր: ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

84 տարվա իմ վերը նկարագրած փոթորկալի կյանքից հետո միակ ցանկությունս է, որ աշխարհում թագավորի խաղաղությունը, և որ մեր աճեցրած սերունդը առողջ, հաջող, երջանիկ կյանք ունենա: Բարի խորհուրդներ իմ հարազատներին և թոռներին Առաջին հերթին ցանկանում եմ իմ զավակներին, թոռներին-ծոռներին լիակատար քաջառողջություն և հաջողություններ հանրօգուտ աշխատանքներում և սեփական տնտեսությունների բարգավաճման գործերում:

Թող փոխադարձ սերը, հարգանքը, համեստությունն ու համբերությունն առաջնորդեն ձեզ բոլորին, և ոչ մի անախորժություն տեղ չգտնի ձեր մեջ, ձեր հարազատության մեջ: Խուսափեք կյանքում ընչաքաղցությունից, ագահությունից, շռայլությունից, զեխ և շվայտ կյանքից, չափազանցություններից, ցուցամոլությունից, հարբեցողությունից, ընկերների դավաճանությունից և ամեն մի գործ ձեռնարկելիս տասը չափեք, նոր՝ մեկ կտրեք:

Աշխարհում ոչ ոք կենդանի չի մնում: Երանի՜ նրանց, ովքեր աշխարհից հեռանում են իր ժամանակին և մեծ վիշտ չեն պատճառում իրենց հարազատներին:

Թող իմ զավակներն ու թոռներն իրենց մոտ ստեղծեն իրենց օջախների կենաց ծառը, ինչը բարի օրինակ կդառնա գալիք սերունդների համար:

Կրկին ու կրկին անգամ աշխարհին խաղաղություն եմ ցանկանում և իմ զավակներին ու իրենց օջախներին առողջ, հաջող, երջանիկ կյանք:

Ձեր հայրիկ, պապիկ՝ Գեղամ

 Որպես հետգրություն.
Ես հիշում եմ նրան պատից պատ քայլելիս, ասես ոչ թե քայլերով չափում էր սովորական սենյակի երկայնքը, այլ բազում անգամ խփվում էր հեղձուկ մի պատնեշի, աներևույթ կռիվ տալիս նրա դեմ:
-Այնտեղ ես դիակներով լցված ձորեր եմ տեսել, հազարավոր անթաղ դիակներ,-մեր հարցասիրությանն ի պատասխան հակիրճ պատասխանում էր նա:
Դժվար էր պատկերացնելը, դժվար էր հավատալը:
-Բալե՜ս, օրը կգա, այդ մասին էլ կխոսեն:
Չէինք հավատում, հավատ չունեինք:
Իսկ նա ուներ: Բանտ, աքսոր, այդքան մահ, դաժանություն ու վիրավորանք, զրկանք ու անարդարություն տեսած մարդը հավատում էր…
Ժամանակները փոխվել են, սակայն հուշերի խունացած էջերում դեռևս կենդանի է վաղեմի օրերի ողբերգական շունչը: Ստալինյան բռնաճնշումներին ենթարկված միլիոնավոր անմեղ մարդկանցից շատերի արդարացման վճիռներն այդպես էլ չեն կայացվել, նրանց հարազատների հոգիները չեն ամոքվել՝ գոնե ժամանակի մահաբեր մամլիչին զոհ գնացած իրենց սիրելիների անունները դահիճների նետած աղբից մաքրված տեսնելով: Շատերը չեն իմացել, անգամ, թե որտեղ են ամփոփված իրենց հարազատների աճյունները՝ իրենց սերն ու խոնարհումը նրանց վերջին հանգրվանի առջև արտահայտելու և դրանով դույզն-ինչ մխիթարություն գտնելու համար:
Այս և նման հուշերի հրապարակումն այլևս չի օգնի նրանց, ովքեր անհիշատակ կորան փշալարերի այն կողմում և կամ վերադարձան՝ նվաստացման ու տառապանքի կնիքն իրենց մարմիններին ու հոգիներին: Նրանց չեն օգնի նաև հուշարձանները, որ կանգնեցվում կամ գուցե կկանգնեցվեն ստալինյան զոհերի հիշատակին:

Դրանք մե՛զ կօգնեն: Որովհետև դրանք են, որ մեզ պիտի վերադարձնեն մեր հիշողությունը, հիշողություն, որ կօգնի մեզ մարդ մնալ:

Հասմիկ Սարգսյան

Այստեղ՝ ՄԱՍ I

ՄԱՍ II

ՄԱՍ III

Одна идея о “ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Добавить комментарий