ԱՆՈՐՍԱԼԻՆԵՐԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ (ՄԱՍ 2)

Հասմիկ Գուլակյանի զրույցը Անահիտ Չիբուխչյանի հետ

Ռազմարվեստում ընդունված է հրետանին անվանել «պատերազմի աստված»: Արցախյան ազատամարտում նույնպես պետք է հիշեին այս «աստծուն», բայց մինչ այդ քաղաքացիական ավիացիայի հայ օդաչուները սահմանեցին նոր «աստվածություն», առանց որի բացառվում էր մեր հաղթանակը:

ԱՆՈՐՍԱԼԻՆԵՐԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ

ԱՆՈՐՍԱԼԻՆԵՐԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ

Երբ Արցախ տանող ավտոմոբիլային ճանապարհները փակվեցին, անմիջապես օդ բարձրացան հայոց արծիվները և մինչև զինադադար ու ավելի մնացին երկնքում: «Գերագույն աստված» հռչակվեց «փոքր ավիացիան», որը «երկնային մանանա» էր իջեցնում պաշարված Արցախում` ամենաանսպասելի պահերի և ամենաանկանխատեսելի վայրերում: Արցախի փրկության ճանապարհն օդով էր` հայրենի լեռների ու կիրճերի վրայով` անկախ եղանակային պայմաններից և օրվա ժամերից… Մեկդի էին մնացել սահմանված բեռնափոխադրումների կանոնները, ոչ ուղղաթիռների գերծանրաբեռնվածություն մասին արգելքները… Մեր արծիվներն օդ էին բարձրանում որպես թշնամու թիրախներ` ակնդետ նայելով մահվան աչքերին… Այլ կերպ նրանք չէին կարողանա օգնել Արցախին. Երևանի «Էրեբունի» օդանավակայանի պետից մինչև ինքնաթիռների և ուղղաթիռների թռիչքների անվտանությունն ապահովող տեխնիկները, բորտմեխանիկները, ողջ աշխատակազմը, բոլորն էին հասկանում, որ իրենք օդի պես են հարկավոր արցահայությանը և ոչինչ չէին խնայում…

Մինչև ատամները զինված բազմապատիկ թշնամու դեմ շրջափակման պայմաններում մարտնչող հայոց քաջերին նորանոր սխրանքների մղելու համար յուրովսանն ոտքի էին ելել մեր հասարակության բոլոր շերտերը…

Օդանավերով և ուղղաթիռներով սկզբում փոխադրում էին մարդկանց և բեռներ, բայց կարճ ժամանակ անց որոշ օդաչուներ սկսեցին մասնակցել զենքի նոր տեսակների փորձարկումներին ու ռազմական գործողություններին` օդից ոչնչացնելով թշնամու բազում կրակակետեր` վիժեցնելով ՀՀ-ն լայնածավալ պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու օղուզների դավադիր ծրագիրը… Ուղղաթիռներով նույնիսկ «Գրադ» են տեղափոխել և, որ առավել վտանգավոր է, տոննաներով վառելիք… Երբեմն հարկադիր վայրէջք են կատարել հակառակորդի տարածքում, թռել ու վերադարձել տարբեր ուղղություններով… Սովետա-ադրբեջանական և վարձկան ուժերի դեմ գոտեմարտում անուրանալի է հայ օդաչուների սխրանքը: Ողջ գոյամարտի ընթացքում նրանք հակառակորդի թիվ 1 թշնամին էին… Պատերազմի տարիներին, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի արտահայտությամբ, օդաչուներին սպասում էին` ասես աստվածների: Սա չափազանցություն չէ. իսկապես անհնա՛ր է պատկերացնել Արցախի գոյամարտի հաղթական ելքը` առանց օդաչուների:

***

Հայ լեգենդար օդաչուների աներևակայելի սխրանքների մասին բավական մանրամասն պատմում է Անահիտ Չիբուխչյանը իր «Հերոսամարտի պողպատե թևերը. Արցախյան հերոսապատում» (2008, 2-րդ լրամշակված հրտ.) գրքում, որը յուրօրինակ տարեգրություն է, հանրագիտական անկրկնելի կենսագրական բառարան, առանց որի Արցախյան պատերազմին առնչվող իրադարձությունները, անկասկած, չափազանց թերի էին լինելու ապագա ուսումնասիրողների համար:

***

Այսօր` բարոյահոգեբանական այս խեղված մթնոլորտի և գլխիվայր շրջված արժեհամակարգի, ավելի ճիշտ` բարոյական արժեքների չգոյության պայմաններում, հատկապես ուզում եմ հիշեցնել, որ այն տարիներին օդաչուներից ոչ ոք մահվան մասին չէր մտածում` ամեն օր հարազատներին հրաժեշտ տալով և մահին դեմ հանդիման դուրս գալով, այլապես նրանք այդքան անօրինակ սխրանքներ չէին գործի: Յուրաքանչյուրի գերագույն խնդիրը ուղղաթիռը փրկելն էր: Նրանք դողում էին ուղղաթիռների՛ համար, որ ընդամենը մի քանի հատ էին… Որքա՜ն արժանապատիվ ու հպարտ էինք Արցախյան շարժման սկզբից մինչև զինադադարի շրջանը. աշխարհին զարմացրել էինք մեր համախմբվածությամբ… Այդ համապատկերին բնական էր մեր օդաչուների սխրանքը, գաղափարական սերունդ էր ոտքի ելել` պաշտպանելու համար իր ազգային արժանապատվությունը… Նրանք օդ էին բարձրանում`վախն ու փորձությունը բաժին հանելով նենգ ու տմարդի թշնամուն…

Մենք պարտք ենք մեր օդաչուներին և վախենում եմ, որ այդ պարտքը չկարողանանք հատուցել: Ավելին, մեր պարտքը բազմապատկվելու է, եթե, Աստված մի՛ արասցե, պատերազմը վերսկսվի, այս արծիվները կրկին օդ են բարձրանալու: Նրանք ծնվել են թռչելու համար, ոչ թե սողալու…

Մեր օդաչուներին, որտեղ էլ լինեն, մաղթում եմ ամենայն բարիք և հերոսներին վայել արժանապատիվ կյանք, արտերկրում ապրողներին`հայրենիք վերադառնալու և իրենց մասնագիտական բարձր հմտությունները նոր սերնդին փոխանցելու հնարավորություն, որովհետև պատերազմն ավարտված չէ, զինադադարը անունով է զինադադար … Աղոթք ու խունկ նրանց հիշատակին, ովքեր արդեն ֆիզիկապես մեզ հետ չեն…

«Վէմ» ռադիոկայան
21. 01. 2015

Այստեղ՝ (ՄԱՍ 1)

Одна идея о “ԱՆՈՐՍԱԼԻՆԵՐԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ (ՄԱՍ 2)

Добавить комментарий