ԱՍՔ ՓԱՌԱՊԱՆԾ

ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 40-ամյակը

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանի հետ

ASALA - Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ / ԱՍՔ ՓԱՌԱՊԱՆԾ

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 40-ամյակը: ԱՍՔ ՓԱՌԱՊԱՆԾ

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ)` ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 40-ամյակին նվիրված այս հաղորդումը հաճելի զուգադիպությամբ համընկել է Հայոց ազգային բանակի օրվան: Շնորհավորում եմ Հայաստանի երրորդ հանրապետության ամենաաժեքավոր նվաճման և անհամեմատ կայացած պետական կառույցի` բանակի օրը, բանակ, որ, անկախ իր թերություններից, ապահովում է մեզանից յուրաքանչյուրի և մեր պետության անվտանգությունը: Միայն խելացի և գրագետ զինվորականության ջանքերով հնարավոր կլինի վերացնել մեր բանակում առկա խոտելի երևույթները, որոնց մեծ մասը մեր հանրային կյանքի հայելային անդրադարձն է, իսկ դրա համար հարկավոր է, որ, ի դեմս մեր հայրենակիցների, հայկական բանակն ունենա հզոր թիկունք: Մեր ժողովուրդը սա լավ է գիտակցում և կարելվույնս սատարում է իր բանակին… Աստված պահապան մեր բանակին ու հայ զինվորին, որի յուրաքանչյուր մազի համար դողում ենք ազգովի… Քեզ բարի ու խաղաղ ծառայություն, սիրելի հայ զինվոր… Պատահական չէր, որ 2014 մեր երկրում «Տարվա մարդ» դարձավ հենց հայ զինվորը… Փա՛ռք ռազմաճակատի գծում անքուն գիշերներ անցկացնող ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ…

Որ ամեն մի զինվորական իր երկրի անվտանգության երաշխավորն է, գիտե յուրաքանչյուր ոք: Բանակներն ստեղծում են պետությունները, որպեսզի հսկեն իրենց երկրների անդորրը: Յուրաքանչյուր պետության բանակ գործում է իր պետության տարածքում թե՛ իր սահմանները պաշտպանելիս, թե՛ զավթիչների դեմ ազատագրական պայքար մղելիս: Սակայն ՀԱՀԳԲ-ի ստեղծումը հեռու է բանակաշինության դասական տրամաբանությունից: ՀԱՀԳԲ-ն, որի գործունեությամբ նշանավորվել է հայոց ազատագրական զինյալ պայքարի նորագույն փուլը, ստեղծվել է արտերկրում: Նրա զինվորները սփյուքահայ երիտասարդներ էին, գաղափարի մարտիկներ, որոնք ոչ մի անգամ չէին եղել Սովետական Հայաստանում, չէին տեսել Արարատը… Այս բանակի ու նրա գործողությունների մասին քիչ բան գիտեինք նախորդ հասարակարգում: Չէի ասի, թե այսօր էլ մեր հանրությունը բավարար չափով տեղեկացված է նրա մասին: Արցախյան շարժման արշալույսից բանակի մասին այստեղ-այնտեղ ինչ-որ բաներ էինք լսում, իսկ երբ սկսվեց ազատամարտը, նրա զինվորների ուրվականներն ահ ու սարսափ էին տարածել ադրբեջանցի թուրքերի մեջ… ՀԱՀԳԲ-ի զինվորներից շատերն էին եկել մարտնչելու հայրենի Արցախի ազատագրության համար: Եկել էին աննկատ` առանց իրենց մասին շեփորելու… ՀԱՀԳԲ-ի 20-ամյակի առթիվ 1995 թ. հրատարակված «Վասն հայութեան, վասն հսյրենեաց» ժողովածուն բավական հարստացրեց մեր տեղեկություններն այդ կառույցի և, մասնավորապես, նրա հոգևոր հիմնադրի` երջանկահիշատակ Գուրգեն Յանիկյանի մասին: Այդուհետ մի շարք նյութեր եմ հրապարակել այս թեմայով և բանակի գործողություններին անդրադարձել բոլոր պատեհ առիթներով:

ՀԱՀԳԲ-ի մասին խոսելու լավ հնարավորություն է տվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի վերջերս հրատարակած «Հատուցման տասներեք ղողանջ» պատմվածքների ժողովածուն, որտեղ առաջին անգամ մեր իրականության մեջ գեղարվեստորեն ներկայացվել է Գուրգեն Յանիկյանի կյանքը, հատկապես նրա վերջին շրջանը, ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում 1973 թ. հունվարի 27-ի նրա կրակոցները, որոնք ուծացման թմբիրից հանեցին աշխարհի հայությանը` որպես Գարեգին Նժդեհի` նույն ԱՄՆ-ում ստեղծած «Ցեղակրոն ուխտերին» հաջորդող գործողություն…

«Վէմ« ռադիոկայան
28. 01. 2015

Տես նաև Գուրգեն Յանիկյան 

Добавить комментарий