ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐ ARMENIAN BEGINNINGS

Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմաբան Անժելա Տերյանի հետ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐ ARMENIAN BEGINNINGS

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐ ARMENIAN BEGINNINGS

Աշխարհով մեկ ցրված հայկական հետքեր որոնելը կամ հայտնաբերածի մասին խոսելը մեր հայրենակիցներից ոմանք քմծիծաղով են ընդունում: Անկեղծորեն ասած՝ սնապարծություն չեմ սիրում, և հաճախ ինքս եմ փորձում զսպել ոմանց ավելորդ ոգևորությունը: Սակայն հատկապես 2005 թվականից հետո, երբ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը մեր եթերից առաջին անգամ ներկայացրեց փաստեր՝ Եվրոպայի հնագույն ժողովուրդների ծագումնաբանության վերաբերյալ, որոշ թերահավատներ զգաստացան և անհամբեր սպասում էին, թե հայր Կոմիտասը ե՞րբ է դրանք հրատարակելու: Խոստովանեմ, որ այդ մասին բազմիցս եմ նրան հորդորել ու ստացել նույն պատասխանը, այն է՝ խնդիրը դրանք հենց այնպես տպագրելը չէ, այլ հետազոտական աշխատանքը, որի համար ինքը ժամանակ չունի:

Բարեբախտաբար, հայտնվեց նաև հետազոտող պատմաբանը, որը նույնպես մի շարք աղբյուրներ է պեղել Եվրոպայի հնաբնակների մասին: Անժելա Տերյանը, որը նույնպես զբաղվում է այս թեմայի ուսումնասիրությամբ, հանդիպել է հայր Կոմիտասին: Այս համագործակցության շնորհիվ 2014 թվականի ավարտին հրատարակվել է նրա «Եվրոպայի ժողովուրդների հնագույն գրավոր աղբյուրները իրենց նախահայրենիքի՝ Հայաստանի ու հայերի մասին» վերնագրով աշխատությունը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի և Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտամեթոդական խորհրդի որոշմամբ: Խմբագիր՝ պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Դանիելյան:

Աշխարհի հնագիտական միտքը կրկին սևեռված է մեր լեռնաշխարհին: Հենց միայն ՀՀ տարածքում արտերկրի գիտանականների մի քանի արշավախմբեր են աշխատում: Այս մասին պարբերաբար հրապարակումներ են լինում միջազգային գիտական պարբերականներում՝ անպայման նշելով, որ Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան է: Ցավոք, հնագիտական-հայագիտական միտքը վաղուց է քաղաքականացվել, և դժվարանում եմ ասել, թե ինչ եզրահանգումներ կանեն հատկապես օտար հետազոտողները՝ իրենց աշխատանքների ավարտին: Սակայն անհերքելի է մի բան՝ Հայաստանը, որպես պետություն, ներկայացված է աշխարհի բոլոր հնագույն քարտեզներում, նաև 21-րդ դարի սկզբին՝ երկու հանրապետություններով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, իսկ տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից ոչ մեկն այլևս չկա՝ շումերներ, աքադացիներ, խեթեր, բաբելացիներ և այլն. վերացել են կամ ձուլվել այլ ազգերի հետ: Ես միշտ այն կարծիքին եմ, որ պատմությունը նենագափոխողները քաջածանոթ են պատմական իրողություններին և գիտակցված են վերաշարադրում դրանք՝ փորձելով դուրս գալ պատմության ու ժամանակների ստվերից՝ իրենց ժողովուրդների համար ստեղծելով ճշմարտանման պատմագրություն: Խոսքը քաղաքական պատվերի մասին չէ: 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ հատկապես Եվրոպայում մեծ հետաքրքրություն էր առաջացել հայերի ու Հայաստանի նկատմամբ, հայագիտությամբ սկսեցին առաջինն զբաղվել ազնիվ գիտնականները, իսկական գիտնաակնները: Առանձին հաղորդաշարով այս թեմային բազմիցս անդրադարձել ենք մեր եթերում: Սակայն հետագայում ստեղծվեց պատմաշինարարների մի դպրոց, որը շարունակ ծաղկում է: Սովետական տարիներին այնտեղ եղանակ էր ստեղծում Մոսկվան, իսկ այսօր աշխարհին ուղղորդում է ԱՄՆ-ը: Սա չի նշանակում, թե պետք է ձեռքներս ծալենք ու հնազանդորեն հանձնվենք գերտերությունների քմահաճություններին: Եթե շախմատի համաշխարհային մրցույթներում կարողացանք ապացուցել, որ գերտերություն ենք, ապա հայագիտության ոլորտում պարտավոր ենք ավելի՛ն անել, որովհետև հայագիտության հայրենիքը Հայաստանն է՝ բովանդակ Հայկական լեռնաշխարհը կամ բարձրավանդակը:

«Վէմ» ռադիոկայան
30. 09. 2015

19 идей о “ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐ ARMENIAN BEGINNINGS

Добавить комментарий