ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ALWAYS READY

 Հասմիկ Գուլակյանի զրույցը «Արամո» ջոկատի մի քանի անդամների հետ

Լուսանկարը՝ Զաքարյան Արշակի / ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ALWAYS READY

Լուսանկարը՝ Զաքարյան Արշակի / ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ALWAYS READY

1994 թվականի զինադադարից հետո ազատամարտիկների սոցիալական կացությունը մեր հանրությանը հուզող ամենակարևոր հարցերից է:

Այլ կերպ հնարավոր էլ չէ, մանավանդ որ պատերազմն ավարտված չէ, իսկ ադրբեջանցի թուրքը գրեթե ամեն օր է խախտում զինադադարը: Առտնին զրույցներում մարդիկ միշտ մտավախություն են հայտնում, որ պատերազմի վերսկսման դեպքում կամավորներ չենք ունենա, իսկ Արցախյան գոյամարտի վետերաններից ոչ մեկը զենք չի առնի ձեռքը ու կրկին չի մեկնի դիրքեր:
Այսպես մտածող հոռետեսներին մշտապես ասում եմ, որ մեր ազատամարտիկները հայրենիքի և անկախության այլ տեսլական ունեին… Յուրաքանչյուրն իր պատերազմն էր մղում, իսկ բոլորը միասին լուծում էին ազգի վրեժը… Նրանք պաշտպանել են հայրենի հողն ու ազատագրել նրա մի փոքր, բայց անչափ կարևոր հատված: Այսօր էլ ազատամարտի մեր վետերանները սեղմել են բռունցքներն ու սպասում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանին… Այսօր էլ նրանք դառնացած են, որ 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարը հնարավորություն չտվեց իրենց հայոց բռնագրավված այլ տարածքներ նույնպես ազատագրելու…
Անկախության մասին խոսելիս միշտ արժևորում եմ երկու կարևորագույն ձեռքբերումներ՝ երկիրը մաքրվեց թյուրքական տարրից և ստեղծեցինք կանոնավոր բանակ: Եվ որպեսզի կրկին թուրք օղուզների սմբակները չպղծեն մեր հողն ու ջուրը, հարկավոր է միշտ զգոն լինել ու ամրացնել բանակի թիկունքը: Իսկ սա ամենօրյա աշխատանք է՝ բոլոր ոլորտներում: Այսպես են մտածում նաև մեր ազատամարտիկները ու հատկապե՛ս նրանք: Երբ անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԼՂՀ Քարվաճառի շրջանում, իսկ վերջերս էլ ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանցի թուրքը կրկին ցույց տվեց իր ժանիքները, Արցախյան ազատամարտի հարյուրավոր մասնակիցներ, ջոկատներով կամ անհատապես, շտապեցին թեժ կետեր: Ինձ համար առավել հուզիչն անցյալ տարվա՝ Քարվաճառում բնակություն հաստատած սակավաթիվ սիրահայերի՝ ինքնապաշտպանական ջոկատի ստեղծումն էր, իսկ այս տարի՝ արցախցի 100 ազատամարտիկների՝ Տավուշի սահմանային դիրքեր շտապելը՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ…
Այսինքն՝ մեր ժողովրդի առողջ մտածող զանգվածը շատ լավ է հասկանում, որ, մեծն Չարենցի արտահայտությամբ, մեր «փրկությունը մեր միասնականության մեջ է»
Այսօր էլ ադրբեջանցի թուրքը լարված է պահում իրավիճակը հատկապես Տավուշի սահմանամերձ հատվածում՝ կրակելով տարբեր տրամաչափերի զինատեսակներով:
Հստակ է մի բան՝ այսպիսի հարևանների առկայության դեպքում մեր պատերազմը, նաև քարոզչական, երբեք չի ավարտվելու, զինադադարներն անընդհատ խախտվելու են, իսկ հայ մարդը մշտապես պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր հայրենիքը, իր հողը, իր բոլո՜ր-բոլոր սրբությունները՝ անկախ այն բանից, թե բարոյահոգեբանական ի՞նչ մթնոլորտ է ստեղծված երկրում: Մեկ անգամ ևս հիշենք, որ Հայրենիքը հավիտենական արժեք է, պետությունը՝ բացարձակ, իսկ վարչակարգերն ու իշխանավորներն անցողիկ են՝ ժամանակավոր: Փա՛ռք ու պատիվ այն իշխանավորներին, որոնք կհասկանան այս պարզագույն ճշմարտությունը:
Կկարողանան ընկալել ասվածը, թե ոչ, իրենց գործն է, բայց պատմությունն անաչառ դատավոր է և բոլորին է ցույց տալիս իրենց իրական տեղերը…

«Վէմ» ռադիոկայան
7.10.2015

Добавить комментарий