ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԷՄԻՆՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

 Մկրտիչ Էմինի ծննդայն 200 և մահվան 125-րդ տարեդարձները
Հասմիկ Գուլակյանի զրույցը բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

Mkrtich Emin - Մկրտիչ Էմին - Мкртич Эмин / ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԷՄԻՆՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ։ Emin's Perceptions and Assessments of Armenological Issues․ Эминские восприятия и оценки арменоведческих вопросов․

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԷՄԻՆՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ։ Emin’s Perceptions and Assessments of Armenological Issues․ MKRTICH EMIN — ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆ

«Եվրոպացի հայագետներ» հաղորդաշարում բազմիցս նշել ենք, որ 19-րդ դարի երկրորդ կեսին հայերի ու Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր առաջացել Եվրոպայում: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Հայոց պատմությանը նվիրված հիմնահարցերը դեռևս գիտականորեն մշակված ու հայեցակարգված չէին, որը բավական խոչընդոտում էր օտար գիտնականների՝ հայերեն գրավոր ժառանգության ճիշտ ընկալմանը: Ի դեպ, հայ իրականության մեջ էլ այս հարցերը հստակեցված չէին:
Հիշjալ ժամանակաշրջանում այս կարևորագույն հիմնախնդրի լուծմանը նվիրվեցին հայագիտության երկու անխոնջ մշակներ՝ մեծ երախտավորներ Մկրտիչ Էմինը և նրա արժանավոր հետևորդն ու գործի շարունակողը՝ Քերովբե Պատկանյանը: Եվ, բնական է, որ հայագիտության մի շարք ոլորտներ առաջինը նրանք են հետազոտել՝ գիտական հենքի վրա դնելով իրենց ուսումնասիրությունները: Քանի որ մեր այս հաղորդումը նվիրված է Մկրտիչ Էմինին, խոսենք միայն նրա մասին: Իսկ Քերովբե Պատկանյանին կնվիրենք առանձին հաղորդում:
Մկրտիչ Էմինի ուսումնասիրությունները բազմաբնույթ են. նրա աշխատությունները նվիրված են հայոց դիցաբանությանը, հնագիտությանը, գրականությանն ու մատենագիտությանը, հայ մեծանուն պատմիչների գլխավոր երկերի պատմա-քննական ուսումնասիրությանը, դրանց ռուսերեն թարգմանությանը և ծանոթագրություններով ու առաջաբաններով հրատարակմանը, գրել է նաև դասագրքեր և այլն, անաչառորեն գնահատել նաև արժանավոր ժամանակակիցներին: Եվ այս ամենն արել է ուխտավորի համբերությամբ ու նվիրումով՝ որպես իր առաքելությունը հասկացող մարգարե:
Մկրտիչ Էմինն անուրանալի ավանդ ունի հայագիտության մեջ և բավական խոր հետք է թողել մեր պատմության մեջ նաև որպես մանկավարժ. նա սերունդներ է կրթել ու դաստիարակել: Հիշենք պետության և եկեղեցու մասին նրա անմահ խոսքերից երկուսը: Նկարագրելով Վարդան Մեծի ժամանակաշրջանը, բացատրելու համար Կիլիկիայի հայկական պետության անկումը, գրում է. «Պետությունը, որը զրկված է անկեղծ հայրենասիրությունից ու միասնականությունից, ամեն զգացում կկորցնի օրենքի ու օրինականության հանդեպ, կմոռանա իր ազգությունը, լեզուն, չի ունենա կրոնական, հետևաբար և բարոյական սկզբունքներ… Նման պետությունն իր մեջ կորցնելով բոլոր այս կենարար տարրերը, ապարդյուն կերպով պիտի աշխատի փրկություն գտնել օտարի օգնության մեջ»: Հայ եկեղեցու միավորման մասին գրում է. «Ամենից առաջ պետք է արդարամիտ լինենք և մի րոպե հեռանանք բոլոր այն հակասություններից, որը ներառում է կաթոլիկությունը և ընդգծենք, որ հայ կաթոլիկներին իրենց հայրենակիցներն ամենից առաջ պարտական են հայ հին դասական գրականության վերածննդի համար: Այն ժամանակ, երբ ողջ Եվրոպայում ազգայինի գաղափարը դեռևս ժողովուրդների մեջ արմատացած չէր, երբ եվրոպական ժողովուրդները սպասում էին իրենց ավգուստիններին ու գիզոներին, որոնք պետք է նրանց հանեին արխիվային մթությունից դեպի լույսը …. Այդ նույն ժամանակ, Ասիայի խորքերից հանդես է գալիս մի երիտասարդ և սբ Ղազար կղզում հիմնադրում է միաբանություն, որը հետագայում զգալի դեր պիտի խաղար հայերի վերածննդի համար: Այդ երիտասարդը Մխիթար Սեբաստացին էր…»:

20. 01. 2016
«Վէմ» ռադիոկայան

ՄԱՍ Ա

ՄԱՍ Բ

Добавить комментарий