ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ ԵՌԱՏՈՆ THE ISAHAKYAN TRIFEST

 Հասմիկ Գուլակյանի զրույցը Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ

Ավետիք իսահակյան - Avetik Isahakyan / ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ ԵՌԱՏՈՆ THE ISAHAKYAN TRIFEST Исаакяновский тройной фестиваль

ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ ԵՌԱՏՈՆ THE ISAHAKYAN TRIFEST / Ավետիք իսահակյան — Avetik Isahakyan

«Եռատոն» ասելիս ակամա հիշում ենք մայիսյան հաղթանակները, հաղթանակներ՝ մարտի դաշտում, զենքի՛ հաղթանակ… Բայց 2015 թվականի վերջին օրերին մի այլ եռատոնի մասնակցելու պատիվն ունեցա. սա էլ հաղթանակի խորհրդանիշ էր՝ մտքի՛ հաղթանակի, գրչի՛ հաղթանակի…

Դեկտեմբերի 18-ին նշվեցին Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հիմնադրման 80 և գրադարանը Վարպետի անունով կոչելու 60-ամյակները: Շքեղ եռատոն էր, հաղթանակ, գրողի ու գրքի հաղթանակ՝ նոր՝ անկախության սերնդի չափորոշիչներով… Իմ սերնդակիցները, նաև ավագները, ժամանակին մշտապես ապրել են գրքի տոնի բերկրանքը. գրողին հեռուստաէկրանին տեսնելիս, անկախ իրենց կրթամակարդակից, մարդիկ թողնում էին առտնին ու այլ գործեր և համակ ուշադրությամբ լսել նրան: Բայց հետո եկան ժամանակներ, որ գրողն ու իսկական մտավորականներն անհետացան հեռուստաէկրաններից, իսկ գիրքն ու հացը, ինչպես բբազմիցս ասել եմ, հայտնվեցին գետնին՝ ասֆալտի վրա: Բարեբախտաբար, հացը գետնից վերցրել, դրել են վաճառասեղաններին, իսկ գիրքը… Մայրաքաղաքում մնացին հատ ու կենտ գրախանութներ, մարզերում՝ Աստված գիտե… Զուգահեռաբար ծանր ժամանակներ սկսվեցին գրադարանների համար… Աննախանձելի աշխատավարձերով գրքի նվիրյալները, նրանցից մեկի՝ Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի պատկերավոր արտահայտությամբ, պարզապես դարձան գրքերի պահակներ…
Բարեբախտաբար, վերջին շրջանում սկսել է կամաց-կամաց փոխվել վերաբերմունքը գրքի ու գրադարանների նկատմամբ… Դրա մասին է վկայում նաև դեկտեմբերին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշված եռատոնը, որտեղ հեռուստատեսախցիկներով զինված հավատարմագրված լրագրողների գումարտակներ չկային, ինչպես, վերջին տարիներին սովորաբար լինում է պաշտոնատար անձանց մասնակցությամբ միջոցառումները լուսաբանելիս, երբ տեսախցիկների փաղանգներ են կրկնկակոխ հետևում չինովնիկներին կամ կուսակցական գործիչներին՝ հանկարծ բաց չթողնեն որևէ մեկի լեզվի սայթաքումը կամ սխալ արտահայտությունը… Այսինքն՝ նրանց դիրժորը «Ձերդ գերազանգություն սկանդալն» է, իսկ, ահա, ձևավորված տխուր ավանդույթի համաձայն, գրքին նվիրված միջոցառումների, նույնիսկ՝ գրքի ամենամյա մրցանակաբաշխությունների մասին մեր հանրությունը չի էլ իմանում…
Ինչևէ: Հեռուստալրագրողների բացակայությունն ամենևին չազդեց Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի բարեկամների և, առհասարակ, գրքասերների տրամադրության վրա, շատերը գուցե չնկատեցին էլ արդեն սովորական դարձած այդ բացակայությունը: Կարևոր է, որ Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ մշակույթի նախարարությանն փոխղեկավարները, ի դեմս իսահակյանցիների, արժանիորեն գնահատեցին գիրքն ու նրա ստեղծողներին: Ուզում եմ հուսալ, որ ոչ հեռավոր ապագայում անկախության սերնդի յուրաքանչյուր մտավորական կունենա իր ստեղծած անձնական հարուստ գրադարանը, գուցե ավելի հարուստ, քան մերն էր, որովհետև, շնորհիվ անկախության, այժմ տպագրվում են գրքեր, որոնց մասին մենք ժամանակին կերազեինք…

«Վէմ» ռադիոկայան
27. 01. 2016

Добавить комментарий