ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ TO THE MEMORY OF ACADEMICIAN HRACHIK SIMONYAN

Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմաբաններ Աշոտ Մելքոնյանի և Էդիկ Մինասյանի հետ

Hrachik Simonyan ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ TO THE MEMORY OF ACADEMICIAN HRACHIK SIMONYAN Памяти академика Грачика Симоняна

HRACHIK SIMONYAN / ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ TO THE MEMORY OF ACADEMICIAN HRACHIK SIMONYAN

Ավագ սերնդի վերջին մոհիկաններից մեկն էլ հեռացավ մեզանից, պատմաբան, գիտնական, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ, որ թեև տարիներ առաջ ինստիտուտ է ղեկավարել, սակայն վերջին 25 տարում արել է, կարելի է ասել, մի ողջ հաստատության գործ: Մարդ-ինստիտուտ: Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը հայոց պատմագիտության նորագույն շրջանի վերջին հսկան էր, որի գիտական ժառանգությանը պարբերաբար անդրադարձել ենք թուրք-հայկական թնջուկի, հայ ազատագրական պայքարի, Զորավար Անդրանիկի, Հայոց ցեղասպանությանը և, առհասարակ, 20-րդ դարի հայոց պատմությանն առնչվող մեր բազմաթիվ հաղորդումներում: Անելիքներ, ծրագրեր շատ ուներ, ավաղ, առողջությունը դավաճանեց: Այնքա՜ն էր ափսոսում, որ իր երիտասարդության տարիներին չկային այն հնարավորությունները, որոնք ընձեռվեցին շնորհիվ անկախության: Բայցև ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասենք, որ վերջին տարիներին հրատարակած իր կոթողային աշխատությունների նյութերը նա հավաքել է նախորդ հասարակարգում, երբ հատկապես ղեկավարել է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղը: Միութենական հանրապետություններ գործուղումների ժամանակ, հատկապես՝ Վրաստան և Ադրբեջան, պետական արխիվներում նա պեղել է գրեթե ողջ հայկական նյութը, որոնց հիման վրա 1996-ին հրատարակեց «Անդրանիկի ժամանակը» երկու ստվածավալ հատորները, 2003–13-ին՝ ավելի քան 5 000 էջանոց «Ազատագրական պայքարի ուղիներում» 5-հատորյակը (Պետ. մրց.՝ 2013-ին), 2009-ին՝ «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում», 2014-ին՝ «1912–1913 թթ. Բալկանյան պատերազմները և հայերը» աշխատությունները: Թեհրանում պարսկերեն հավանաբար այս տարի լույս կտեսնի հայերի՝ իրանական հեղափոխությանը մասնակցության վերաբերյալ նրա մենագրությունը: Համենայնդեպս, ինձ հայտնի չէ ժամանակակից այլ պատմաբան, որ այսքան արգասաբեր գրիչ ունենար և ուսումնասիրեր մեր պատմության այսքան չբացված էջեր: Վերջին տարիներին, երբ ակադեմիկոսի առողջությունը երբեմն տեղի էր տալիս, դողում էի նրա յուրաքանչյուր անտիպ երկի համար: Ցավոք, նրա հուշերի գիրքը, որից առանձին կտորներ էր կարդում իմ յուրաքանչյուր այցի ժամանակ, լույս տեսավ նրա հուղարկավորության օրը…
Ես, իհարկե, շատ եմ ցավում, որ բազմազբաղվածության պատճառով վերջերս չէի կարողանում ավելի հաճախ այցելել նրան, որի համար ավագի իրավունքով փաղաքշանով կշտամբում էր՝ հումորի վերածելով իր ասելիքը…
Ի դեմս ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի՝ կորցրի ոչ միայն լավ բարեկամի և ավագ ընկերոջ, այլ նաև մի անփոխարինելի խորհրդատուի. հանրագիտարանի աշխատանքն ստիպում էր ինձ հաճախ դիմել նրան՝ հատկապես նորագույն շրջանի պատմագիտական նյութերում թե՛ փաստացի, թե իմաստային ճշգրտումներ անելիս… Նրա կորուստը հատկապես մեծ է հայագիտության համար, որի նվիրյալն էր, որի բաց էջերը լրացնելու համար ջանք չէր խնայում…
Ձայնագրվել, տեսագրվել չէր սիրում, ձայնագրիչներ ու տեսախցիկներ չէր սիրում: Իսկ ես շատ էի նեղվում՝ միշտ ասելով՝ «Ձեր աշխատությունները Ձեզանից ավելի լավ ոչ ոք չի կարողանա ներկայացնել»: Անուամենայնիվ, մեր եթերում Կիլիկիայի կոտորածները ներկայացրել եմ Գևորգ Յազըճյանի հետ, «Անդրանիկի ժամանակ»-ին հաճախ եմ անդրադառնում իմ զրուցակիցների հետ՝ հայոց ազատագրական պայքարի պատմությանը նվիրված հաղորդումներում, «Ազատագրական պայքարի…»-ի 5-հատորյակի մասին ծանոթ պատմաբաններից ոչ մեկը պարզապես չհամարձակվեց խոսք ասել, մոտենալ այդ ծովածավալ նյութին, իսկ Բալկանյան պատերազմների թեման, որ շատ կարևոր է, դեռևս առկախված է, և առանձնապես վստահ էլ չեմ, որ կկարողանամ հաղթահարել որևէ պատմաբանի օգնությամբ այն ներկայացնելու խնդիրը… Այդ աշխատության մեջ նկարագրված են ոչ միայն 1912-13 թթ. Բալկանյան երկու պատերազմները, այլև ներկայացված է հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին: Ինչպես գրում է ակադեմիկոսը, այդ պատերազմին, «իրենց կամքից անկախ», մասնակցել են նաև Օսմանյան կայսրության հայերը՝ որպես այդ պետության քաղաքացիներ: Բալկանյան դաշնակիցների զորքերում նույնպես կռվում էին բազմաթիվ հայորդիներ: Իր հերոսական գործողություններով բուլղարական բանակի կազմում հատկապես աչքի է ընկել Հայկական կամավորական վաշտը: Այսինքն՝ երկու հակառակորդ բանակների կազմում հայերը կռվել են իրար դեմ… Այս թեման ինձ շատ վաղուց է հուզում, իսկ մեր տարսփռված լինելու պատճառով խնդիրը մեզ համար դարձել է անլուծելի… Նույնը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ… Ցավոք, ակադեմիկոսի հետ այս ամենի մասին մեր զրույցները այդպես էլ չգրանցվեցին…

«Վէմ» ռադիոկայան
10. 02. 2016

Добавить комментарий