ԱՐԾԻՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՌԱՖԻԿ ՄԵՀՐԱԲՅԱՆ

 Հասմիկ Գուլակյանի զրույցը Արցախյան ազատամարտի մասնակից, Մի-8 ուղղաթիռի հրամանատար, լեգենդար օդաչու Ռաֆիկ Մեհրաբյանի հետ

ՌԱՖԻԿ ՄԵՀՐԱԲՅԱՆ Rafik Mehrabyan

ԱՐԾԻՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՌԱՖԻԿ ՄԵՀՐԱԲՅԱՆ Eagle-Like Heroes: Rafik Mehrabyan

Գաղտնիք չէ, որ 1990-ական թթ. սկզբին Արցախի լինել-չլինելը կախված էր քաղավիացիայի օդաչուներից: Այդ մասին առավել լավ գիտեր թշնամին: Բայց, մեղմ ասած, զարմանալիորեն այսօր այդ մասին գրեթե չեն խոսում: Քաղավիացիայի ուղղաթիռների օդաչուներն իրենց կռիվն սկսեցին 1988-ի աշնանից, հետո միացան ՅԱԿ-40 ինքնաթիռները, իսկ 1993-ից՝ զինվորական ավիացիայի ուղղաթիռները: «Մեր հաղթանակը 90 %-ով ապահովեցին օդաչուները»,– միշտ ասում է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը… Ժամանակին նրանք և նրանց գործընկերները թռչում էին ամպերից վեր, ապրում էին ամպերից վեր՝ հայրենի երկնքի տակ… Բայց քաղաքացիական ավիացիայի հարցում մեր երկրի որդեգրած քաղաքականության հետևանքով նրանց իջեցրին երկնքից ու հեռացրին իրենց պաշտած ու պաշտպանած հայրենիքից… Հայոց փառապանծ քաղավիացիայի լուծարումից հետո մեր պրոֆեսիոնալ օդաչուները, ինժեներներն ու տեխնիկները, ոմանք՝ ընդմիշտ, ոմանք՝ ժամանակավորապես, հանգրվանեցին օտար եզերքում՝ հանուն հանապազօրյա հացի …
Այսօր, որքան գիտեմ, ուղղաթիռներ գրեթե չունենք: Դա նշանակում է, որ ոչ միայն չեն հիշում օդաչուներին ու նրանց կատարած հերոսական աշխատանքը, այլև հոգ չի տարվում նրանց վայել հերթափոխ պատրաստելու, ինչպես մեր օդաչուները ժամանակին սովորեցին մեր մեծ ավիատորներից: Սա այն մասնագիտությունն է, որ կատարելություն է սիրում: Իսկ մեր մասնագետները թռչում էին ամենաանհավանական պայմաններում և իրավիճակներում՝ զարմացնելով նույնիսկ Աֆղանստանում կռված փորձառու օդաչուներին: Իսկ այսօր ճակատագրի հեգնանքով երեկվա մի շարք հերոսներ, որոնք իրենց սեփական կյանքն էին դրել հայրենիքի փրկության զոհասեղանին, հանապազօրյա հաց վաստակելու նպատակով դեգերում են արտերկրում՝ հուսալով, որ մեր երկրում ամեն ինչ կկարգավորվի, և իրենք կվերադառնան…
***
Ասում են՝ պատերազմի տարիներին՝ Արցախ ուղևորվելուց առաջ Ռաֆիկ Մեհրաբյանը միշտ մի պտույտ էր կատարում հարազատ գյուղի վրա: Ի պատասխան՝ համագյուղացիները վերև էին նայում ու թափահարում ձեռքերը՝ բարի երթ գոչելով… Իսկ զինադադարից մի քանի տարի անց իր ուղղաթիռով կամ ավտոմեքենայով զավակների հետ շրջում էր ՀՀ-ում և Արցախում, նրանց ծանոթացնում մեր երկրի գեղատեսիլ վայրերին ու պատմամշակութային հուշարձաններին, ցույց տալիս ազատագրված տարածքներն ու այն վայրերը, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել, պատմում մարտական գործողությունների ժամանակ զոհված քաջասիրտ տղաներից շատերի մասին… Հայրենաճանաչողության ինչպիսի՜ անփոխարինելի դասեր… Այնպե՛ս եմ ուզում, որ թե՛ Ռաֆիկ Մեհրաբյանին, թե՛ նրա գործընկեր մյուս աս օդաչուներին ամեն օր «բարի երթ» մաղթենք բոլորս՝ հայրենի երկինքն ակոսելուց առաջ… Նրանք պարտք չեն մեզ. մե՛նք ենք նրանց պարտք…

«Վէմ» ռադիոկայան
23. 03. 2016

Добавить комментарий