ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ (Մաս Ա) LESSONS OF THE FOUR-DAY WAR: ISSUES OF FOREIGN POLICY (Part I)

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՊՄՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ

Արցախ Arcakh Արցախ Arcakh

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ (Մաս Ա) LESSONS OF THE FOUR-DAY WAR: ISSUES OF FOREIGN POLICY (Part I) Արցախ Arcakh / Լուսանկարը՝ Արշակ Զաքարյանի

Մոտենում է 2016 թվականի ապրիլի 24-ը: Ավելի քան հարյուր տարի այս ամսաթիվը մեզ համար պատմական է: Իսկ մեր հիշողությունը չափազանց անախորժ է այն մեզ համար պատմական դարձրած հանցագործի համար, որովհետև ժամանակին նա չկարողացավ հասնել իր ցնդաբանություն-երազանքին և ամեն անգամ փորձում է, նորանոր եղանակներ մշակելով, «շտկել» իր սխալը, որովհետև հայը մնաց նրա պանթուրքական և պանիսլամական ծրագրերի իրականացման ծանրակշիռ խոչընդոտներից գուցեև ամենակարևորը:

Թուրք բորենին այս տարվա ապրիլն էլ փորձեց հիշարժան դարձնել մեր պատմության մեջ՝ փոքր-ինչ այլ սցենարով: Ապրիլի 2-ին ԼՂՀ-ի հետ արևելյան ողջ սահմանի երկարությամբ թուրք-կրտսեր օղուզն սկսեց լայնածավալ կայծակնային պատերազմ՝ սրընթաց հարվածով Արցախը գրավելու և արցախահայությանը բնաջնջելու նպատակով: Այսինքն՝ կռիվը մեր գենի դեմ է…

Թե ինչ տեղի ունեցավ քառօրյա այդ պատերազմի ընացքում և ինչպես, բոլորը գիտեն: Պատերազմը կայծակնային սկսվեց և Ադրբեջանի համար կայծակնային էլ ավարտվեց: Հայաստանի շուրջ իրադարձություններն էլ սկսեցին զարգանալ կայծակնային արագությամբ… Ժամն է լրջագույն հետևություններ անելու կատարվածի վերաբերյալ և հնարավորինս՝ արագ, որովհետև մեզ տրված ժամանակն արդեն սպառվում է բոլոր առումներով…

Ադրբեջանցիների՝ Արցախի սահմանային դիրքեր ներխուժելու պահից վստահ էի, որ մեր զինվորները հետ են մղելու թշնամու գրոհները, և միայն ու միայն մտածում էի մեր բանակի հակահարձակման մասին՝ փայփայելով նվազագույն՝ Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի ազատագրուման երազը: Ու մի տեսակ անկնկալի եկա՝ շուտափույթ հրադադարի համար, որովհետև մեր զինվորներին կանգնեցրին ոգեղեն վերելքի պահին: Հրադադարի մասին լուրն առնելուն պես ես էլ էի մեղադրում Ռուսաստանին, որ ադրբեջանական կողմի խնդրանքով, ինչպես 1994-ի հաղթական մայիսին, այս անգամ էլ կանգնեցրեց մեր առաջընթացը: Սակայն ինձ (գուցե նաև շատերի) համար սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ ՀՀ նախագահի խոստովանությունը՝ Ադրբեջանի գերժամանակակից սպառազինությամբ բանակի դեմ մեր 18-20 տարեկանները կռվել են 1980-ական թվականների զենքերով…

Ավելին, օրեր անց Հանրային հեռուստատեսության եթերից պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այլ բան ասաց՝ ըստ էության հակադրվելով ՀՀ նախագահին…

Ըստ իս՝ այս իրավիճակում ռազմական գործողությունների շարունակման կամ տևական պատերազմի դեպքում հետևանքները մեզ համար աղետալի կլինեին… Թե՞ մի հարմար պահի Ալիևին պետք է ասեինք՝ սպասիր, ազգովին փող ենք հավաքում մեր բանակը վերազինելու կամ սպառազինելու համար… Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր դիրքապահները, գերակշիռ մեծամասնությամբ անապահով ընտանիքների զավակներ են (դա տեսանք նաև զոհվածների հուղարկավորությունների ժամանակ), կարելի է ասել, որ թշվառության ու չքավորության դառնությունները ցմրուր ճաշակած զգալի թվով բեղ ու մորուսը չծլած դեռատի երիտասարդներ մի ակնթարթում դարձան հասուն տղամարդ և այն էլ՝ հայրենիքի պաշտպան՝ երկրի առաջապահ դիրքերում՝ մինչև ատամները զինված գազանաբարո թշնամու դեմ՝ երբեմն մերկ ձեռքերով (եթե համեմատենք մեր և նրանց տեխնիկական հնարավորությունները)… Այս փաստը պետք է արձանագրվի ռազմարվեստի պատմության մեջ… Իմ գործընկեր Էդիկ Բաղդասարյանը դեռ կհրապարակի ցնցող մանրամասներ այս քառօրյա պատերազմի մասին: Դասակներից մեկի զինվորները, փամփուշտները վերջանալուց հետո, կռվել են բահերով… Այդպես 19-րդ դարի վերջի՛ն է եղել…

Այդ օրերին, այո, նույնականացել էին մեր ազգն ու հայրենիքը՝ որպես հավիտենական արժեքներ, հայոց հավաքական ոգին ծառս էր լինում մինչև երկինք՝ շնորհիվ մեր անկոտրում և անխորտակելի ազգային գենի… Սակայն հարց է առաջանում՝ իսկ պետականորեն ի՞նչ էինք ստեղծել այդ համախմբումից առաջ այստեղ՝ երկրի վրա՝ անցնող 25 տարվա ընթացքում… Եթե շարունակվեին ռազմական գործողությունները, ի՞նչ էր այդժամ մեզ սպասում… Հարցերը բազմաթիվ են ու բազմաբնույթ, բայց ինձ համար, մեղմ ասած, արտառոց է, կրկնում եմ, ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի խոսքերի հակասությունը… Սա հարցերի հարցն է, որը խլել է հավանաբար ոչ միայն ի՛մ քունն ու անդորրը…

Դրսում մեղավորներ փնտրելն ամենադյուրին և անշնորհակալ գործն է՝ 25-ամյա մեր ձախողումներն ու թերացումները արդարացնելու ողորմելի փորձ, անմեղսունակի վարքագիծ: Արդեն չեմ հիշում, թե, անկախությունից ի վեր Հանրային ռադիոյի և «Ակունք» ռադիոհանդեսի եթերից քանի՜-քանի անգամ ենք զգոնության ու սթափության կոչ արել երկրի իշխանություններին՝ խնդրելով ու պահանջելով նվազագույն ցնցումներով կարգավորել մեր երկրում ստեղծված այս անմարդկային, ապազգային, հակաազգային, ոչ մի տրամաբանության չենթարկվող անհանդուրժելի կացությունը…

Ցավոք, մեր բոլոր կանխատեսումներն իրականացել են… Այսօր՝ հարյուր երիտասարդ հերոսների անուններ մեր պատմության ոսկե մատյանում գրելուց հետո, «անհանդուրժելի» արտահայտությունը խմբագրում եմ՝ անվանելով այն ազգային ու պետական դավաճանություն: Այլ պերպ ինչպե՞ս կարելի բնութագրել ՀՀ նախագահի արտահայտությունը լսելուց հետո մեր երկրի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բանակում ստեղծված կացությունը: Ունե՞նք, արդյոք, ավելի նենգ թշնամի, քան կոռուպցիան է. հազարգլխանի այդ հրեշը հագենալու ոչ մի ցանկություն չունի… Կոռումպացված համակարգի ներկայացուցիչներով ստեղծել են «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով», այսինքն, ժողովրդական խոսքով ասած, գառը պահ են տվել գայլին… Սա ի՛նչ բարոյականություն է…

Մենք պարտավոր ենք օրենքո՛վ պայքարել դրա դեմ, և, ինչպես վերջերս հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, այդ դավաճանական արարքի համար հարկավոր է սահմանել մահապատիժ: Ես կավելացնեի՝ հրապարակա՛վ մահապատիժ… Գուցե ա՛յդ կերպ հնարավոր լինի փրկել ստեղծված բարոյական, քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական և չգիտեմ թե էլինչական անկումը, որովհետև ապրիլյան քառօրյա պատերազմի դասերը դա՛ են թելադրում միանշանակորեն, որովհետև վտանգված են մեր անանց արժեքները՝ հայրենիքի, ասել է թե ազգի, և պետության գոյությունը… Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ հայոց պետականությունը մազի՛ց է կախված… Ումի՞ց ենք թաքցնում սա…

Ավելի քան համոզված եմ, որ եթե մեր դարավոր թշնամին ու նրա երեկվա ցընկածը լավագույնս իրազեկ չլինեին այս ամենի մասին, չէին համարձակվի այդպես լայնածավալ կայծակնային պատերազմ սկսել… Պարզապես նրանք մոռացել էին հայ մարտիկի ոգեղեն ուժի մասին, որի համար, ցավոք, բավական թանկ վճարեցինք… Զոհված, հաշմված, վիրավորված և այսօր էլ առաջնագծում կանգնած զինվորների հարգարժա՛ն առյուծամայրեր, արծվաքույրե՛ր, քույրե՛ր, մխիթարանքի խոսքեր չեմ գտնում՝ ձեզ ասելու… Մինչև գետին խոնարվում եմ ձեր առաջ, համբուրում ձեր ձեռքերը… Դուք դարձել եք ողջ հայության հպարտությունը… Ձեր զավակների սխրանքն անմահ է, նրանց օրինակներով է մեր ազգը մաքրագործվելու… Նրանց հերոսական դիմադրությո՛ւնը մի ակնթարթում միավորեց համայն հայությանը՝ զարմացնելով նաև ողջ աշխարհին… Բարձրյա՛լը պահապան հայի իսկական տեսակին…

«Վէմ» ռադիոկայան
20. 04. 2016

ՄԱՍ Ա

 

Այստեղ՝ Մաս Բ

Одна идея о “ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ (Մաս Ա) LESSONS OF THE FOUR-DAY WAR: ISSUES OF FOREIGN POLICY (Part I)

Добавить комментарий