ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ (Մաս Բ) LESSONS OF THE FOUR-DAY WAR (Part II)

Հասմիկ Գուլակյանի զրույցը փիլ. գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արցախի հարցերով փորձագետ Ալեքսանդր Մանասյանի հետ

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ (Մաս Բ) LESSONS OF THE FOUR-DAY WAR (Part II) Լուսանկարը՝ Համազասպ Ասլանյանի

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ (Մաս Բ) LESSONS OF THE FOUR-DAY WAR (Part II) Լուսանկարը՝ Համազասպ Ասլանյանի

Լինում են պահեր, երբ դժվարանում եմ տարանջատել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ որոշ թերությունների ու բացթողումների սահմանները. մեր պարագայում դրանք ասես բխում են մեկը մյուսից… Եթե այսօր մեր հանրությունը շատ խիստ է խոսում հանրապետությունում ստեղծված ներքաղաքական կացության «ճարտարապետների» ու նրանց «ձեռքբերումների» մասին, դա չի նշանակում, թե մոռանում է կամ անտեսում արտաքին պատճառները: Եթե մեր ազգային ինքնագիտակցության ամրոցը, այսինքն՝ հայոց պետությունը, ներսից հզոր ու անխոցելի լիներ, բավական դյուրին կլիներ արտաքին բոլոր տեսակի մարտահրավերներին դիմակայելը: Այդ մենք ենք, որ միշտ թերագնահատում ենք ինքներս մեզ՝ մեր կարծեցյալ անմիաբանության համար: Մեզ լավ ճանաչող մեծագույն սրիկաներից՝ բրիտանացի հանրահռչակ հետախույզ Լոուրենս Արաբացին 1919 թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ ամերիկացի լրագրող Լինքոլն Սթեֆենսին ասել է, որ եթե հայերի գեթ մեկ սերնդի հանգիստ թողնեն, ապա նրանք կհավակնեն տիրելու աշխարհին: Դրա համար էլ 20-25 տարին մեկ ոչնչացնում են մեր սերուցքը… Մենք ե՞րբ պետք է սա գիտակցենք պետակա՛ն մակարդակով: Չգիտակցելը, տեսնում ենք, թե ինչ եզրագծի է հասցրել…

Լրատվամիջոցներում ամենուր մեր իշխանավորների մի քանի հարյուրհազար դոլար արժողությամբ դղյակների լուսանկարներն են և այլն: Հայ հասարակությունն իրավացիորեն պահանջում է «կուլակաթափել» պետական միջոցների հաշվին հարստացած հայանուն միլիոնատերերին ու միլիարդատերերին, ազգայնացնել աստղաբաշխական թվերով հաշվվող նրանց անշարժ ու շարժական գույքը և ողջ թալանը հատկացնել բանակի վերազինմանը… Հատուկ եմ թուրքերեն բառ գործածում, որովհետև նրանք թուրքավարի են վարվել մեր ազգի ու պետականության հետ… Անկախության տարիներին մինչ Հայկական բանակի լավագույն ներկայացուցիչները պահպանում-պաշտպանում էին մեր Հայրենիքից մնացած այս մի բուռ երկիրը, հանրապետության քաղաքական ղեկավարությունը աստղաբաշխական թվերով վարկեր էր բերում դրսից, զգալի մասը՝ կասկածելի նպատակներով, դրանք մարելու «վեհ» գործը ժառանգելով գալիք սերունդներին… Մեր երկրում ծաղկում էր փերեզակությունը, իսկ թշնամին զարկ տվեց իր բանակի սպառազինությանը՝ արդիականացնելով իր ողջ զինանոցը…

Այս մասին ասում-խոսում ենք անկախությունից ի վեր… Այսօր, սակայն, պահը լրջացել է առավելագույնս… Մենք պարտավոր ենք մեր գիտակցությամբ ու գործողություններով արժանի լինել մեր զավակների թափած արյանը… Բայց ինչպե՞ս… Չեմ կարծում, թե պետության հարստությունները գրպանածներն իրենց կամքով կվերադարձնեն թալանածը…

Այսօր նոր որակի հայրենիքում ենք հայտնվել՝ շնորհիվ մեր բանակի, հատկապես՝ նրա սպայակազմի ու երիտասարդ զինվորների սխրանքի… Ոչ ոք չի լքել դիրքերը… Գործել են սառնասրտորեն՝ առանց խուճապի… Նրանց ոգեղենությունը փոխանցվեց մեր ո՛ղջ ժողովրդին… Կապիտան Արմենակ Ուրֆանյանի, նրա հավատարիմ զինվորի՝ Քյարամ Սլոյանի, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, բոլոր-բոլոր անձնազոհ երիտասարդների, հրաշք-զինվոր Մարատ Պետրոսյանի և մյուսների սխրանքների շնորհիվ նույնականացան մեր ազգն ու հայրենիքը: Սա ազգային ինքնագիտակցության ու Հայրենիքի սիրո բարձրագույն դրսևորում էր, հայոց գենի բացառիկ հրավառություն… Հասկանալի է՝ զինադադարի պայմաններում ոգևորության ալիքն իջնելու է… Հրադադարից շուրջ 20 օր է անցել: Ինչ-ինչ քայլեր ձեռնարկվե՞լ են, արդյոք, մեր երկրի ներքաղաքական կյանքում արմատական փոփոխություններ կատարելու համար…

…Համոզված եմ՝ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարներից ոչ ոք հրաժարական չի տալու, առավել ևս՝ ոչ ոք ինքնասպան չի լինելու, ինչպես Առաջին հանրապետության անկումից հետո գրում էր Հ. Թումանյանը, իսկ մինչ այժմ վարած քաղաքականությունը շարունակելու դեպքում ամեն ինչ այլևս անդարձելի կլինի այնքան, որ փրկության հույսն օրորել չեն կարողանա անգա՛մ ամենաանուղղելի լավատեսները: Մեր բանակը պետք է ունենա հզոր թիկունք՝ առաջին հերթին ի տես սեփական պետության հզորության…. Այս զինադադարի հուսալիությանը ոչ ոք չի հավատում, անգամ՝ նրա կնքահայրերը: Արդեն մի քանի զոհ ունենք այդ «հրադադարից» հետո: Սա, պարզապես, անորոշ ժամանակով մեզանից հեռացրել է լայնածավալ պատերազմը: Այս իրավիճակից մեզ կարող է փրկել միայն մեր երկրի ղեկավարությունը՝ համապատասխան քաղաքականություն որդեգրելու դեպքում, այսինքն՝ հարկավոր է դեմքով շրջվել դեպի ժողովուրդը և 180 աստիճանով փոխել մինչ այժմ վարած ներքին քաղաքականությունը: Սա միակ իրական հրաշքն է, որի մասին պետք է մտածի ազգային ու պետական հարստությունը գրպանած յուրաքանչյուր չինովնիկ, օլիգարխ… Ինչո՞ւ չենք փորձում թեկուզ մեզ համար այնքան ատելի թշնամո՛ւց սովորել. տեսնում ենք, չէ՞, թե որքան գումար է ներդնում Ադրբեջանն իր սպառազինության համար: Իսկ մե՞նք… Մեր ծռված ողնաշարը շտկելու համար պարտավո՛ր ենք օգտագործել հրադադարի մեզ ընձեռած այս կարճ ժամանակամիջոցը՝ լրջագույն քայլեր կատարելու… Ժամանա՛կն է հայոց համազգային ոգևորությունից անցնելու համահայկական գիտակցության: Ժամանակը չի սպասում ու չի ներում… Մի ոչ ավելորդ անգամ ուզում եմ կրկնել՝ այսպես շարունակելու դեպքում վաղն անդառնալիորեն ուշ է լինելու…

«Վէմ» ռադիոկայան
27. 04. 2016

Այստեղ՝  Մաս Ա
Մաս Բ

Добавить комментарий