ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԴԱՍԵՐԸ THE LESSONS OF THE TRAGIC ANNIVERSARY

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԴԱՍԵՐԸ THE LESSONS OF THE TRAGIC ANNIVERSARY

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԴԱՍԵՐԸ THE LESSONS OF THE TRAGIC ANNIVERSARY Уроки трагической годовщины

Վերջին տարիներին մեր երկիրն աշխարհի ուշադրությանն արժանացավ երիցս: Առաջինը 2012 թվականին էր, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հայտարարվել էր գրքի միջազգային մայրաքաղաք՝ հայ գրատպության 500-ամյակի առթիվ, երկրորդը՝ 2015-ին, երբ նշվում էր մեկ այլ, այս անգամ՝ ողբերգական տարելից: Մինչ աշխարհի հայությունը, Հայրենիքում թե Սփյուռքում, կազմակերպում էր Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, թուրքերը շարունակում էին իրենց թրքավարի գործունեությունը՝ հայտնվելով նույնիսկ ծիծաղելի իրավիճակներում: Հիշենք՝ ինչպես 2015-ի ապրիլի 24-ին նշեցին Չանաքքալեի, այսինքն՝ Գալիպոլիի ճակատամարտում իրենց հաղթանակը, տոնակատարություն, որը, չգիտես ինչ տրամաբանությամբ, «զարդարում» էր նաև Գալիպոլիում պարտված երկրներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի թագաժառանգը: Իսկ Ադրբեջանի տխրահռչակ նախագահը Թուրքիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր. «Շնորհակալ եմ Ձեզ այդ ամսաթիվՆ ընտրելու համար: Դա շատ իմաստուն քայլ է»: Ինչպես չասես՝ «Աղվեսի վկան իր պոչն է…»:

Թուրքական դիվանագիտության լկտիությունը, սակայն, սրանով չսահմանափակվեց: Այդ տոնին մասնակցելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սանձարձակ հանդգնությամբ և թրքական դասական ցինիզմով, ի թիվս այլոց, հրավիրել էր նաև ՀՀ նախագահին…

Հիասթափեցնելով Թուրքիայում ժողովրդավարության երևութական տարրեր որոնողներին, ասենք, որ այն իր սաղմնային վիճակից այլ փուլ չի էլ անցնում, որովհետև թուրքը միշտ նույն թուրքն է. նկատի ունեմ հատկապես այդ պետության կառավարման համակարգը: Ասվածի ամենավառ օրինակը նաև նրա այսօրվա տխրահռչակ նախագահն է իր անզուգական արբանյակի՝ վարչապետ, նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ…

Մի կողմից, մտածում ես, սա Թուրքիայի ներքին խնդիրն է, բայց խոշոր հաշվով նաև այսպես կոչված քաղաքակիրթ Արևմուտքի լուծելիք հիմնահարցն է, որովհետև դիրժորի փայտիկը եղել և մնում է նրա ձեռքին: Այս պայմաններում էլ նույն այդ Արևմուտքի երկրներում տարբեր մոտեցումներ են որդեգրել հայ-թուրքական հակամարտության հարցում, որի արդարացի լուծումն այլ զրույցի նյութ է: Այնուամենայնիվ, 2015-ին նաև Արևմուտքն ստիպված խոսեց մեր բնօրրանում 100 և ավելի տարի առաջ տեղի ունեցածի մասին, և այսօր, երբ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումը պատուհաս է դարձել իր «ծնողների» ու «ստնտուների» գլխին, աշխարհում, մասնավորապես՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում կրկին հիշեցին հայերին ու Հայկական հարցը և կրակից հայերի ձեռքով շագանակներ հանելու իրենց փորձած մեթոդը… Այսինքն՝ աշխարհում ոչինչ չի փոխվել Մեծ եղեռնին հաջորդած 100 տարվա ընթացքում…

2015-ին Մեծ եղեռնի ու նրա հետևանքների մասին խոսել են զանազան ամբիոններից և տարբեր ձևաչափերով… Եվ շատ լավ է, որ խոսել են: Բայց, ըստ իս, այդ մասին հարկավոր է խոսել ոչ թե տարելիցից տարելից, այլ միշտ, որովհետև մենք ամեն օր ենք զգում Հայոց ցեղասպանության հետևանքների ու նրա բեռի ծանրությունը… Այդ բեռը մեր ուսերից թոթափելու համար չպետք է այլևս կախվենք որևէ գերտերության փեշից, որովհետև իրենց համար ամենահարմար պահին մեզ կրկին տալու են մանրադրամի փոխարեն: Իսկ որպեսզի մեզ կրկին չշահագործեն և չչարաշահեն իրենց իսկ նախաձեռնությամբ արհեստականորեն մոռացության տրված Հայկական հարցը, հայերս պարտավոր ենք ուժեղանալ: Ինչպես պատկերավոր ասում էր 20-րդ դարի մեր օծյալ Սպարապետը՝ Գարեգին Նժդեհը, «Ուզում ես լինել ուժե՞ղ – եղի՛ր»: Սա պետք է օղ լինի յուրաքանչյուր հայի ականջին:

2015-ին մեր հանրապետությունում և արտերկրում տեղի ունեցան Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջազգային մի շարք գիտաժողովներ ու հավաքներ: Անգամ եթե այդ միջոցառումները նվիրված չէին 20-րդ դարի սկզբի առաջին ցեղասպանությանը, առաջադեմ գործիչները չէին զլանում մարդկությանը հիշեցնել այդ զարհուրելի հանցագործության ու նրա հետևանքների մասին՝ բարձր գնահատելով աշխարհասփյուռ հայերի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության, մասնավորապես՝ իրենց բնակության երկրների գիտության ու մշակույթի ոլորտներում: Լրացավ Մեծ եղեռնի նաև 101-րդ տարելիցը: Այն մեր հիշողության մեջ կամրագրվի Թուրքիայի խորհրդարանի՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի համարձակ ելույթով: Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ Կարո Փայլանը, խորհրդարանի ամբիոնից ներկայացնելով 1915 թվականին աքսորված ու սպանված յոթ հայ պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Հովհաննես Վարդգես Սերենկյուլյանի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Օնիկ Դերձակյանի, Համբարձում Բոյաջյանի և Պետրոս Հալաջյանի լուսանկարները, Թուրքիայի ազգային մեծ ժողովին առաջարկեց հետաքննություն սկսել և պարզել օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների սպանության պատճառները:

Արհամարհելով դահլիճում թուրք ազգայնամոլների աղմուկը՝ հայերեն «Բարև ձեզ»-ով սկսած իր ելույթը Կարո Փայլանն ավարտեց հայերենով՝ «Աստված իրենց հոգին լուսավորե» արտահայտությամբ:

Մեծ եղեռնի 101-րդ տարելիցի նախօրեն նշանավորվեց նաև պատմական մեկ այլ իրադարձությամբ՝ կրկին աշխարհի ուշադրությունը բևեռելով մեր երկրի վրա: 1991-94 թվականների պատերազմի հրադադարից հետո, որը, ի դեպ, գրեթե ամեն օր է խախտվել և այսօր էլ խախտվում է՝ պատճառելով մեծ թվով զոհեր, ապրիլի 2-ին Ադրբեջանը, ավագ օղուզների մասնակցությամբ և աջակցությամբ, սանձազերծեց կայծակնային պատերազմ՝ բլից կրիգ, որը նույնքան կայծակնային արագությամբ էլ ավարտեց Մոսկվայի միջնորդությամբ: Ավելի քան 10 երկրից գնված գերժամանակակից զենքերով սպառազինված Ադրբեջանին ԼՂՀ բանակը պատասխանեց, ՀՀ նախագահի արտահայտությամբ, 1980-ական թվականների զենքերով՝ տեղ թչողնելով Իլհամի հոխորտանքների ու ռազմաշունչ հայտարարությունների համար: Պատերազմի առաջին իսկ օրը, ստանալավ նախապես գերազանց ծրագրված արժանի հակահարված, թուրքական հատուկջոկատայիններով ու «Իսլմական պետության» փորձառու գլխակերներով համալրված բազմահազարանոց բանակն ընկրկեց՝ բառիս ամենաուղղակի իմաստով՝ իր հետևից քանդելով կամուրջները…

Մեծ ողբերգության 100-րդ տարելիցն անցյալում է, իսկ նոր տարելիցները հղի են նորանոր մարտահրավերներով: Հանցագործն այսօր գործում է տանդեմով՝ ընդլայնելով բարբարոսների աշխարհագրությունը: Իրականացել է Մեծն Րաֆֆու կանխատեսումը՝ թուրքն այսօր «ուսյալ սրիկա» է…

«Վէմ» ռադիոկայան
4. 05. 2016

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԴԱՍԵՐԸ
THE LESSONS OF THE TRAGIC ANNIVERSARY
Уроки трагической годовщины

Добавить комментарий