«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵ՛ՐՋ» «This is Armenia and That’s It!» «Это Армения, и всё!»

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ

Hayastan

«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵ՛ՐՋ» «This is Armenia and That’s It!» «Это Армения, и всё!»

Վերնագիրն ինձ հուշել են ապրիլի սկզբից Արցախի արևելյան սահմաններին տեղի ունեցող ռազմական գործողությունները և մեր բանակի, հատկապես դիրքերում հերոսաբար կենաց ու մահու պայքար մղող հայ զինվորների՝ մեր քաղաքացիական իրականության մեջ ստեղծված մթնոլորտին միանգամայն հակոտնյա, ասես, վերերկրային ոգեղենության օրինակները… Որ Ադրբեջանը կրկին պատերազմ էր սանձազերծելու և դարձյալ սանձազերծելու է, անակնկալ չէր: Հո հենց այնպես չէ նա միլիարդներ ծախսում սպառազինության համար: Իմ գործընկեր Արթուր Հովհաննիսյանի՝ վերջերս հրապարակած մի հոդվածում կարդացի, որ Ադրբեջանին, Ռուսաստանից բացի, զենք և ռազմական տեխնիկա են վաճառել առնվազն տասնմեկ պետություն, որոնց թվում՝ Իսրայելը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Սլովակիան, Բոսնիան, Բուլղարիան: Ինչպես տեղեկացնում է փորձառու լրագրողը, նման ցանկություն ունեցել է նաև Ֆրանսիան: Ընդ որում, Ադրբեջանին վաճառված զենքերի և ռազմական տեխնիկայի մի մասը եղել է գերժամանակակից: Այս ամենին անտեղյակ՝ մեր հանրությունն ապրիլի առաջին օրերին իրավացիորեն ըմբոստացավ ՀՀ ռազմավարական դաշնակցի դեմ: Այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում՝ ինչո՞վ էին զբաղված մեր երկրի դիվանագիտական կորպուսը և այլ գերատեսչություններ, երբ արդեն քանի տարի լրագրողներս, ի լուր բոլորի, հրապարակում ենք նման տեղեկություններ այս մասին: Ո՞ւմ էր ձեռնտու նրանց լռությունը կամ անգործությունը: Ինչո՞ւ մեր պետության ղեկավարները ժամանակին չկարողացան այնպիսի քաղաքականություն վարել իրենց ռուս գործընկերների, այսինքն՝ ՀՀ ռազմավարական դաշնակցի հետ՝ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված, որ զանգվածային ոչնչացման ռուսական զենքը, որի վաճառքն արգելված է միջազգային օրենքներով, չհասներ ադրբեջանցի թուրքին և չուղղվեր մեր դեմ… Ի դեպ, այն այսօր էլ վաճառվում է… Ո՞վ չգիտե, որ Երկրի անվտանգությունն ապահովողը և նրա պաշտպանության առաջին գծի գլխավոր դերակատարը նրա դիվանագիտությունն է: Այս առումով մենք գործ ունենք դիվանագիտական վակուումի՞, թե՞ դիվանագիտական անգործություն, գուցե չգոյությա՞ն հետ… Ի՞նչն էր խանգարում մեր համապատասխան ոլորտների պատասխանատու այրերին, մեր ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով, գոնե ՀՀ ռազմավարական դաշնակցի հետ ավելի բանական հարբերություններ վարելու և ստեղծելու…

Հիշենք՝ ինչ տեղի ունեցավ ապրիլի առաջին օրերին՝ լայնածավալ հարձակում ԼՂՀ-ի արևելյան սահմանի ողջ երկարությամբ, հրադադար, սպասողական ծանր ու անորոշ՝ սպանիչ վիճակ, բանակցությունների մասին հաճախ անտրամաբանական խոսակցություններ, կրկին հոլովվում էր ազատագրված տարածքների՝ ադրբեջանցի թուրքին հանձնելու հարցը… Հենց այդ ժամանակ էլ Կրեմլին և աշխարհին անակնկալի բերեց համահայկական ընդվզումը… Մեր ժողովուրդը եռում էր ամենուր… Տարածքների հանձնման մասին շրջանառվող լուրերի դեմ յուրաքանչյուր հայ, անկախ իր տարիքից ու համոզմունքից, ըմբոստանում էր ի՛ր ձևով…
Համընդհանուր ջանքերով գրողի ծոցն ուղարկեցինք «Լավրովի ծրագիր» հորջորջվող դավադրության փաթեթը… Եվ նշանակություն չունի, թե հետագայում ինչպես մեկնաբանվեց ու դեռ կմեկնաբանվի ՌԴ ԱԳ նախարարի՝ Սերգեյ Լավրովի այդ տխրահռչակ «ծրագիրն» ու նրա անփառունակ այցը Երևան… Ըստ իս՝ նա մի տեսակ ընկճված եկավ Երևան… Գուցե ինձ է այդպես թվացել, չգիտեմ, բայց, համենայն դեպս, նրա խոսքի և ձայնի մեջ այստեղ մետաղ չկար… Ասես գերտերության ԱԳ նախարարը չէր… Այստեղ նա էլ հասկացավ, որ «Սա Հայաստան է և վե՛րջ…», ու նաև տեսավ, որ այսօր հատկապես ոտքի է ելել անկախության անդրանիկ սերունդը՝ շատ ավելի իրատես ու խենթորեն համարձակ… Հաղթեց հայ մարդու տեսակը, նրա գենը, ոգին և ոչ թե սպառազինությունը… Դա նաև աշխարհը տեսավ…
Հայ զինվորն իրո՛ք խառնեց ոմանց դավադիր ծրագրերը… Այսպե՛ս պետք է վիժեցվեն ու պատմության աղբանոց նետվեն հային «խաղաղության» ստորացուցիչ պայմաններ պարտադրող պայմանագրերն ու դրանք սեփական ժողովրդի գիտակցության մեջ պատվաստել փորձող վայ-մտավորականները:
Արցախը մենք ազատագրել ենք (իհարկե, ոչ ամբողջությամբ) մեզ համար ծանրագույն ժամանակներում՝ ավերիչ երկրաշարժից հետո… Այն ժամանակ մենք շա՜տ ավելի թույլ էինք… Հայ ԶԻՆՎՈ՛ՐՆ է այսօր եղանակ թելադրում մեզ համար, այն է՝ հայրենիքը բոլորինս է, և պարտավոր ենք աչքի լույսի պես ու կյանքի գնով պահել-պահպանել այն… Արժանապատվության գերբարձր գիտակցությամբ Արցախի Պաշտպանության բանակը դիմագրավեց թշնամու մարտահրավերը՝ ցուցադրելով հայ տեսակի իրո՛ք նախանձահարույց հատկանիշները: Մեր զինվորների գործողությունները, միաժամանակ, պարտադրում են մեր հասարակությանը և պահանջում մաքրագործվել, հատկապես՝ վերևներում՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ աշխարհիկ ու հոգևոր… Որքա՞ն կարելի է վերևների թերություններն ու բացթողումները սրբագրել հայ մարդու ոգու շնորհիվ…
Յուրաքանչյուր անցնող օրը, այս իրավիճակում, ամենևին էլ հօգուտ մեզ չէ… Եթե այսօր չփրկենք կացությունը, վաղը շատ ուշ է լինելու… Եթե մեր տնտեսությունը կարգի չբերվի, եթե մարդը նորմալ չվարձատրվի, եթե չվերանան կոռուպցիան, մոնոպոլիան, ստվերային տնտեսությունը, եթե կործանարար արտագաղթը չդադարի, մենք կարող ենք հարվածի տակ դնել մեր պետականությունը… Սա իմ խորին համոզմունքն է, որի մասին ասում եմ ՀՀ անկախությունից ի վեր: 20 տարուց ավելի գոռում-գոչում ենք, որ մեր երկրում, հայանունների ձեռքով կատարվող անմարդկային ալան-թալանի հետևանքով, առաջացել է հասարակության անասելի բևեռացում, իսկ մեր սահմանների անվտանգության երաշխավորն անկախության հրաշք սերունդն է, հատկապես՝ անապահով խավի երեխաները՝ հանձնված պահածոների թիթեղյա տուփերի ձայնային ազդանշանին…

«Վէմ» ռադիոկայան
11. 05. 2016

Добавить комментарий