ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ… It is No More Allowed to Live So Больше нельзя так жить

Հասմիկ Գուլակյանի զրույցը հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ… It is No More Allowed to Live So Больше нельзя так жить / Zinvorner jan

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ… It is No More Allowed to Live So Больше нельзя так жить

Ապրիլի սկզբից փոխվել են մեր զրույցների թեմաները: Ինչից էլ խոսում ենք, հանգում ենք նույն եզրահանգմանը կամ էլ մեր մտքերն ավարտում ենք գրեթե նույն բառերով՝ անկախության առաջին սերունդը գերազանցեց իր քաջարի նախորդին: Ավագները ժամանակին ազատագրեցին մեր հայրենիքի որոշ հատվածներ, երիտասարդները, առանց խուճապի ու երերալու պաշտպանեցին այն՝ ցույց տալով հերոսության նորանոր օրինակներ: Ռազմական գործողությունների մանրամասներին ավելի իրազեկներն ասում են, որ դասալքության ոչ մի փորձ չի եղել, որի համար ազգովին խոնարհվում ենք մեր հերոս զինվորների առաջ:

Ապրիլի սկզբից՝ ռազմական գործողությունների սրացման պահից ի վեր, Արցախի պաշտպանության բանակը համահայկական միջավայրում 180 աստիճանով փոխել է ավելի քան 20-ամյա քարացած-կարծրացած տեսակետներն ու պարտվողական տրամադրությունները: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին իսկ վայրկյաններից հայության ցաքուցրիվ ձեռքերը միավորվեցին ու դարձան հզոր բռունցք, իրարամերժ գաղափարական տարաձայնությունները մղվեցին հետին պլան. հայոց միասնական ոգին կրկին ցնցեց աշխարհը՝ մեկ անգամ ևս սարսափեցնելով մեր թշնամիներին…
Իհարկե, ռուսամետներն ու արևմտամետները վերջին շրջանում կրկին ջրի երես են դուրս եկել՝ իրենց փոխադարձ պիտակներով ու լուտանքներով, սակայն ժողովրդի առողջ՝ հայամետ զանգվածը բավական լուրջ հետևություն է արել իր համար, որ այսպես ապրել այլևս չի կարելի…
Այս «չիկարելի»-ին մշտապես անդրադառնում եմ «Բարոյականությունը և մենք» հաղորդաշարում և այլ զրույցներում: Իսկ վերջին շրջանում ստեղծված համազգային ոգեղեն վերելքի մթնոլորտն ինքն է «չիկարելի»-ն ամրագրել պայքարի մեր դրոշին:
***
Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ ապրածս ոչ այնքան երկար տարիների ընթացքում 2 անգամ ականատես ու մասնակից եմ դարձել մեր ժողովրդի ազգային վերազարթոնքին՝ 1988-ին և 2016-ին: Երկուսին էլ նախապատրատել էր անցյալը: 1988-ի Արցախյան շարժման հասունացման մասին բազմիցս ենք ասել, իսկ 2016-ի վերազարթոնքը, ըստ իս, սկսվել է երիտասարդ բնապահպանների՝ Թռչկանի ջրվեժի, երկրի ընդերքի հոշոտման և այլ այլանդակությունների դեմ ընդվզումներով, Երևանի հնամյա շենքերի, Մաշտոցի պուրակի պահպանման, մայրաքաղաքում ուղեվարձի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի քաղաքակիրթ պայքարի օրինակներով: Վերջինիս ժամանակ, հատկապես, մեր՝ միջին և ավագ սերունդը հիացմունքով շունչ քաշեց՝ վերհիշելով 88-ի ոգեղեն մաքրությունը, հավատացած, որ իրո՛ք լավ սերունդ է հայտնվել ասպարեզում: Իսկ այս տարվա ապրիլը դրա վառ ապացույցն էր: Ուզում եմ հավատալ, որ նոր իրականության մեջ ենք հայտնվել, որովհետև այլևս չեմ լսում «հայաստանցի–ղարաբաղցի» ազգադավ ու նենգապատիր արտահայտությունը, ոչ մի ամբիոնից և ոչ մեկն այլևս չի ասում՝ «էս երկիրը»: Բարեբախտաբար, բոլորս այսօր կրկին հայեր ենք և միասին հայրենական պատերազմ ենք մղում բոլոր ճակատներում՝ ռազմի, սպորտի, մշակույթի…
Բայց ինչո՞ւ ներքաղաքական անարդարությունների դեմ պայքարում չենք կարողանում կամ չենք ուզում դրսևորել այնպիսի կամք ու ոգեղենություն, որպիսին անում ենք արտաքին թշնամուն դիմակայելիս: Չէ՞ որ ներքաղաքական անարդարություններն էլ մեր հայրենիքի ու ազգի, պետության ու պետականության ներքին թշնամիներն են՝ արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր…
***
«Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որը ապրիլի առաջին օրերից շրջում է Արցախի արևելյան ողջ հատվածի առաջապահ դիրքերում, իր հաղորդագրություններից մեկում կարևոր ՀՀ Պաշտպանության նախարարությանն առաջարկել է առաջնագծի զինվորներին զորացրելիս նրանց զինվորական գրքույկներում անպայմանորեն նշել մարտական գործողություններին մասնակցելու մասին: Ողջունում եմ Արցախյան ազատամարտի վետերան գործընկերոջս նախաձեռնությունը: Սա իրոք կարևոր խնդիր է, որը հիշեցնում է Շուշիի ազատագրման մասնակիցների պատմությունը: Տարիներ շարունակ լսել ենք, որ ռազմագործողությանը մասնակցել 2700 մարդ, սակայն, ինչպես տեղեկացնում է հանրապետական մամուլը, «Շուշիի ազատագրության մեդալ» ստացել է 10 000-ից ավելի «մասնակիցներ»…
Էդիկ Բաղդասարյանի առաջարկությունը միանգամայն տեղին է. դրա անհրաժեշտությունը կզգացվի ապագայում՝ ապրիլյան ռազմագործողության մասնակիցների համար օրենսդրական կարգով արտոնություններ սահմանելիս՝ «անվճար բուժօգնություն, բարձրագույն կրթություն, անտոկոս, կամ ցածր տոկոսով վարկերի տրամադրում, գյուղերում անվճար հողի հատկացում՝ տուն կառուցելու համար եւ այլն …. որպեսզի այդ տղաները հետո չընկնեն տեղեկանքների հետեւից ու նոր բարդություններ չստեղծենք նրանց համար»։
Բայց սպանիչ է լրագրողի կարճ հաղորդագրության ավարտը. «Զինվորների հետ, երբ խոսում եմ, թե ինչ են անելու զորացրվելուց հետո, զգալի մասը պատասխանում է, որ գնալու են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Պետք է թեթեացնել նրանց բեռը, սոցիալապես անապահով այդ զինվորներին պետությունը պետք է արտոնություններ տա, որ չթողնեն գնան երկրից»։ Ապրիլի պատերազմական օրերին մեր քաջերի սխրանքից զատ՝ բոլորս տեսանք նաև մեր բանակի բացերը, երևույթ, որ խիստ անհարիր է մեր այսօրվա հաղթական զինվորի ու նրա հրամանատարության բարոյահոգեբանական արժեհամակարգին… Կարծում եմ՝ դժվար չէ պատկերացնել մյուս ոլորտների բացթողումները…
Եթե մենք վերջ չտանք մեր կյանքի բոլոր ոլորտներում ստեղծված հանցավոր անհոգությանը, ցոփուշվայտությունը և չկարողանանք պահպանել ոգու այն վերելքը, որ արձանագրվեց ապրիլին, շատ դառը կհատուցենք դրա համար: Մտավոր այսպիսի պոտենցիալ ունեցող ազգը չպետք է տնտեսական առումով այսպիսի թշվառ վիճակի հասներ… Ժամանակն անցնում է, և խորքային ու համակարգային փոփոխություններ դեռևս չեն կատարվում…

«Վէմ» ռադիոկայան
18. 05. 2016

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ…
It is No More Allowed to Live So
Больше нельзя так жить

Добавить комментарий