ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ՝ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Armenian Army as Source of Inspiration Армянская армия как источник вдохновения

 Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ, պահեստի փոխգնդապետ, բանաստեղծուհի Նոնա Պողոսյանի հետ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ՝ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Armenian Army as Source of Inspiration Армянская армия как источник вдохновения / Նոնա Պողոսյան Нонна Погосян Nona Poghosyan

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ՝ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Armenian Army as Source of Inspiration Армянская армия как источник вдохновения / Նոնա Պողոսյան Nona Poghosyan Нонна Погосян

Որքան հեռանում ենք այս տարվա ապրիլի առաջին օրերի պատմություն դարձած ներկայից, այնքան այդ ներկան դառնում է ապառնի, որովհետև դրանց դասերը լավ չենք յուրացրել, իսկ յուրացնելու համար, չգիտեմ՝ մեզ որքան ժամանակ է հարկավոր: Նույնիսկ չգիտեմ, թե այսպես շարունակելու դեպքում մեզ կբավականացնի՞, արդյոք, ժամանակը՝ ապագա արհավիրքներին դիմակայելու համար: Բայց որ այն կրկնվելու է, այս անգամ արդեն այլ չափերով, չեմ կասկածում…
Ադրբեջանցի թուրքի ապրիլյան հարձակումը ԼՂՀ արևելյան սահմանի ողջ երկարությամբ կրկին ոտքի հանեց մեր ողջ ժողովրդին… Յուրաքանչյուրն իր ձևով արձագանքեց սահմանին տեղի ունեցող իրադարձություններին… Հայկական աղբյուրների պաշտոնական հաղորդագրությունները զուսպ էին և կցկտուր: Աղբյուրները ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների մամլո խոսնակների հրապարակումներն էին՝ հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներով:
Իհարկե, մեր իրականության մեջ կային նաև մարդիկ, որոնք, աշխատանքի բերումով, ավելի իրազեկ էին տեղի ունեցող դեպքերին, քան շարքային քաղաքացիներս: Օրինակ՝ պաշտպանության նախարարության աշխատակիցները, որոնք, սակայն, ատամները սեղմած, նույնպես սպասում էին հիշատակածս հաղորդագրություններին: Մեր զինվորները սահմանին սխրանքներ էին գործում «Ո՛չ մի թիզ հող թշնամուն» և «Ո՛չ մի քայլ հետ» կարգախոսներով: Մթնոլորտը շիկացած էր նաև թիկունքում: Լրագրողները, մեկնաբաններն ու քաղաքագետները յուրովսանն վերլուծում էին ռազմաճակատի իրադարձությունների մասին լսածներն ու հրապարակվող, հիմնականում՝ չճշտված տեղեկատվությունը, ոմանք հասցնում էին առաջին գծից մանրամասներ փոխանցել հայրենական պատերազմի ելած մեր երիտասարդ զինվորների ու նրանց հրամանատարների քաջագործությունների մասին: Այդ օրերին Նոնա Պողոսյանի միտքն էլեկտրականացած էր, շիկացած: Իրականությունն ու դրա բանաստեղծական պատկերները խառնվել էին իրար: Կրկին կորսի ցավի ու հերոսականացման պահ էր: Մտքերը հրում, հրմշտում էին իրար: Ասելիքի համար ձևի ու չափի խնդիրները չէին էականը: Օրերի ռիթմն էր բանաստեղծուհուն կլանողը: Հայկական բանակը նրա համար միշտ էլ բանաստեղծական ներշնչման աղբյուր է եղել: Այդ օրերին այլ թեմաներով նա ոչինչ չէր գրում: Նրա ուշքն ու միտքը Հայոց Արևելից կողմանց սահմանին էր, որտեղ դաժան մարտեր էին մղվում յուրաքանչյուր միլիմետր հողի համար: Ավելի ճիշտ՝ յուրաքանչյուր միլիմետրի համար մեր զինվորները վճարում էին իրենց մատաղ կյանքով՝ հայի իրենց ընտրյալ տեսակի սուրբ արյունը խառնելով բազում արհավիրքներ տեսած մայր հողին: Նրանց չէր հետաքրքրում, անգամ ոչ մեկի մտքով էլ չէր անցնում, թե վատանուն ինչ վայ-մտավորականներ կամ այսպես կոչված քաղաքական-պետական և գիտության վայ-գործիչներ ինչպիսի ցնդաբանություն-մտքեր են ցնկնելու՝ պղտորելով հայրենապաշտ մեր հայրենակիցների հոգին ու արյունը: Պատկառելի տարիքի հասած անվանի հայ բանաստեղծը գրիչ վերցնելու և ոգեղեն տողեր երկնելու փոխարեն ինքն իրեն դրեց ողորմելի վիճակում՝ չհասկանալով Հայրենիքի ու բնակության տարածքի տարբերությունը… Չեմ ուզում անդրադառնալ մյուս ավելի պատկառելիին, որի կոչումը մեր երկրում նաև գիտաարտադրական ճյուղերի զարգացման համար հնարավորություններ ստեղծելն էր, ոչ թե նաև իր չարածի համար երկիրը քոսոտ անվանելը… Իսկ մեր քաղաքական թափոնների անպատասխանատու հայտարարությունները հայրենի հողերի մասին, ինքնաբնութագրական մակդիրներով, ոչ մի քննադատության չեն ենթարկվում… Սրանք այդպես էլ չհասկացան, որ, որպես կանոն, Հայրենիքը ժառանգություն են ստանում ապագա սերնդին հանձնելու համար, ոչ թե այն պիտակավորելու կամ մաս-մաս օտարելու համար…
Օրինակելին մեր կյանքի վատ ու վատթար երեսակները չեն, ոչ էլ մարդկանց անհաջող տեսակները: Այդ օրերին բազմաթիվ սրտառուչ տողեր գրեց մեր ժողովուրդը հայրենի հողի պաշտպաններին: Իհարկե, շատ լավ կլիներ, որ դա ամենօրյա վերաբերմունք լիներ բանակի ու զինվորի նկատմամբ… Ոմանք, հատկապես՝ դպրոցականները, ուսանողներն ու ավագ սերնդի ներկայացուցիչները, մեր զինվորներին հեղեղեցին երախտագիտության խոսքերի «տարափով»՝ դիրքապահների համար ինքնակազմակերպված օգնությունների ծիրում, մյուսներն իրենց հոգեհույզ խոսքերը տարածեցին համացանցով՝ այդ կերպ ոգևորելով նաև թիկունքի ժողովրդին:
Այդ օրերի ծնունդ էր Նոնա Պողոսյանի «Քառօրյա կանչ» պոեմը, որը վերջերս հրապարակվեց «Անդին» ամսագրում և «Գրական թերթում»: Գոյության մեր կերպը յուրացրած զինվորական-բանաստեղծուհին, որ թիկունքի գործիչ է, գրում է այդ օրերի չափածո ժամանակագրությունը՝ ապավինելով «Դարերի լուսաբացին»:
Պատմություն դարձած այդ հերոսական օրերի մասին, անշուշտ, դեռ կգրեն, հիմա ցավը շատ թարմ է, վերքերը՝ բաց… Մեր ժողովուրդը մեկ անգամ ևս անկրկնելի աստեղային ժամ ապրեց, ինքնամաքրվեց, ցավոք, անդառնալի կորուստների գնով… Հայոց անպարտելի ոգին կրկին ծառս եղավ մինչև երկինք, արժանի հակահարված տվեց բազմապատիկ ու անարգ նավթաճիվաղին: Հաղթանակի համն առած ու հայրենիքի բռնագրավված այլ տարածքներ ազատագրելու երազանքը փայփայող հայ զինվորին, ինչպես 1994 թվականի մայիսին, կրկին կանգնեցրին ոգեղեն վերելքի պահին… Հավանաբար, առիթներ կլինեն անդրադառնալու ապրիլյան այդ հերոսամարտին նվիրված նաև այլոց գրական և այլ երկերին, բայց այսօր հերթը Նոնա Պողոսյանինն է, որովհետև առաջինը նրա պոեմն եմ ընթերցել:

«Վէմ» ռադիոկայան
1. 06. 2016

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ՝ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ
Armenian Army as Source of Inspiration
Армянская армия как источник вдохновения

Одна идея о “ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ՝ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Armenian Army as Source of Inspiration Армянская армия как источник вдохновения

Добавить комментарий