ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆ ՀԱՅԸ KEVORK AJEMIAN THE ARMENIAN АРМЯНИН ГЕВОРГ АЧЕМЯН

 Հասմիկ Գուլակյանի զրույցը հանրաճանաչ մտավորական, գրող, հրատարակիչ, ազգային գործիչ Թորոս Թորանյանի հետ

Gevorg Achemyan Գևորգ Աճեմյան / ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆ ՀԱՅԸ KEVORK AJEMIAN THE ARMENIAN АРМЯНИН ГЕВОРГ АЧЕМЯН / Գեւորգ Աճեմեան հայը

ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆ ՀԱՅԸ KEVORK AJEMIAN THE ARMENIAN АРМЯНИН ГЕВОРГ АЧЕМЯН

Սփյուռքահայ գործիչների մի փաղանգ անուրանալի առաքելությամբ է լույս աշխարհ եկել արտերկրում՝ հայության ազգային ինքնագիտակցության պահպանման բարդ ու դժվար գործընթացին լծվելու համար: Հայոց բնօրրանը պարպվել էր իր բնիկ տերերից: Աշխարհասփյուռ հայությունը դեգերում էր երկրից երկիր: Ամենուր, հատկապես՝ Արևուտքում, նրան սպառնում էին ուծացումն ու ձուլումը: Ժամանակները ծանր էին. ասենք, հայության համար դրանք գրեթե նպաստավոր չեն լինում: Տարբեր պատճառներով: Համաշխարհային տիրապետության ձգտող ուժերը փորձում էին և այսօր էլ փորձում են ստեղծել մարդկանց գիտակցության և մտածողության վրա ազդող հոգևոր տարաբնույթ «մեխանիզմներ»: Դեռ 1964 թ. «Այո կամ ոչ» հոդվածում Գևորգ Աճեմյանը գրում է.
«Գաղափարները կը վաճառեն մեզի, որպէսզի գնեն մեզ: Եւ մենք՝ ծախուած ենք այսօր: Այո, ծախուած ենք այսօր՝ աշխարհի բոլոր փողոցներուն մէջ: Սակայն ըսինք, թէ պէտք է գոյատեւենք որպէս հայ: Եթէ այս է մեր համոզումը, ինչո՞ւ մենք նաեւ չըլլանք ազգայնամոլ եւ չվարենք ազգայնական քաղաքականութիւն մը: Ինչո՞ւ ազգայնականութիւնը ներելի պիտի ըլլայ ռուսերուն, ամերիկացիներուն, անգլիացիներուն, ֆրանսացիներուն, արաբներուն, ափրիկեցիներուն ու բոլորին, եւ ո՛չ մեզի: Ի՞նչ տեսակ տրամաբանութիւն է այս: Այո՛, անկեղծ ըլլանք եւ հարցաքննենք մենք զմեզ: Կ’ուզե՞նք գոյատեւել որպէս հայ»:
Նույն այդ «Այո կամ ոչ» հոդվածում հրապարակախոսը զգաստության կոչ է անում.
«Հայ ենք, եւ յետոյ՝ Համայնավար: Հայ ենք, եւ յետոյ՝ Դաշնակցական: Հայ ենք, եւ յետոյ՝ Հնչակեան: Հայ ենք, եւ յետոյ՝ Ռամկավար: Հայ ենք, եւ յետոյ՝ դիւանագէտ, խաբեբայ, սրիկայ, խուժան, իմաստուն, խորամանկ եւ վրէժխնդիր: Նախ հայ: Յետոյ՝ ձեր ուզածը: Կարելի չէ նախ Համայնավար, Դաշնակցական, Հնչակեան, Ռամկավար կամ դիւանագէտ ըլլալ, եւ յետոյ հայ»:

Աշխարհում իրո՛ք ճգնաժամ էր և է, բարոյականությա՛ն ճգնաժամ: Նաև՝ գաղափարների պատերազմ: Արևմուտքը հավաքագրում էր և հավաքագրում է… ուղեղներ: Գևորգ Աճեմյանը համահայկական «զորակոչ» ու «զինակոչ» էր հայտարարել ազգային ինքնության պահպանության նպատակով: Նա ապրում ու գրում էր ինքնակեղեքվելով… Գաղափարական այս հզոր հայի հրապարակախոսությանն առաջին անգամ ծանոթացել եմ 1999-ին, երբ Երևանում, ցավոք՝ հետմահու, մեր օրերի համար սովորական դարձած տպաքանակով հրատարակվեց նրա «Խօսք ճանապարհի» ժողովածուն ու դարձավ իմ սեղանի գրքերից… Ազգային պետական ծրագիր՝ որպես գաղափարախոսություն, չունեինք և չունենք: Այն ժամանակ, անդրադառնալով Գևորգ Աճեմյանի արծարծած ցավոտ հարցերին, գրեցի. «Ազգը վերածվել է կուսակցությունների կամ, որ նույնն է, բաղկացած է կուսակցություններից: Ազգ-կուսակցություն է»: Ավելին չասեմ, մեր կյանքում տեղ գտած մյուս բացասական երևույթներն այս տարվա ապրիլի սկզբին սրբագրեց անկախության սերունդ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ՝ բավական թանկ վճարելով մեր բոլոր-բոլոր սխալների համար…
Գրող, հրապարակախոս, խմբագիր, Գևորգ Աճեմյանի մասին հայաստանաբնակներս քիչ գիտենք, իսկ եթե, այնուամենայնիվ գիտենք, մեր տեղեկությունները հիմնականում հանրագիտարանային են: Իրականում մեր մեծ հայրենակիցը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադիրներից է և զինված ազատագրական պայքարի գաղափարախոսը: Գևորգ Աճեմյան հայն Ուսուցիչ է դարձել բազում սերունդների համար՝ անգամ իր երկրային գոյության ավարտից հետո: Նրա ստեղծագործության և հրապարակախոսության հիմնական թեման սփյուռքահայ կյանքն է՝ իր հոգսերով ու տագնապներով, գերխնդիրը՝ Հայկական հարցի արդարացի լուծումն ու հայապահպանումը, իսկ գերագույն երազանքը Հայրենիքի ամբողջացումը: Այս արժանապատիվ հայի կարծիքով՝ Հայոց կոտորակված ճակատագիրն ու կոտորակված Հայրենիքը առաջին հերթին պահանջում են պաշտպանել «մեր հողային, ինչպես նաև ազգային և մարդկային իրավունքները»: «Սփյուռքը դժոխք մըն է» հոդվածում (և ոչ միայն այդ հրապարակման մեջ) նա Սփյուռքը դժոխք է համարում նույնիսկ այն հայերի համար, որոնք արդեն մոռացել են իրենց ազգային ինքնության մասին կամ կորցրել են իրենց ազգային ինքնագիտակցությունը: Պատրանք է, ինքնախաբեություն է այն մտայնությունը, իրավամբ կարծում է Աճեմյանը, թե իբր դրսում հայն ապրում է ազատության մեջ: Աշխարհում չկա գեթ մեկ մարդ, որ ազատ լինի սոցիալական կամ քաղաքական առումով: Յուրաքանչյուր անհատ ինքն է իր ազատությունն ստեղծում:
Հանուն կարծեցյալ ազատության 1970-ական թթ. կրկին գաղթականի ցուպը բռնածների արարքը, այսինքն՝ արտագաղթը, համարում է դավաճանություն՝ Հայ դատին, անկախ այն բանից, թե ո՞վ է արտագաղթողը՝ լիբանանահա՞յը, թե՞ Սովետական Հայաստանի հայը. այսօր կասեի՝ թե՞ ՀՀ-ի հայը:
Գևորգ Աճեմյանի հարցադրումներում հայի վտանգված ինքնության պահպանման տագնապալի շեշտեր կան և պահանջ՝ անհապաղ կանխել արտագաղթ կոչվող ազգակործան այդ երևույթը.
«Ա՞յս պիտի ըլլար «քաղաքակրթութեան օրրան»-ին վախճանը: Եւ մենք, որպէս հայեր, պէ՞տք է ընդունէինք նմանօրինակ պատմական անարդար վճիռ մը… Եւ ինչո՞ւ… Իսկ ո՞վ տէր պիտի կանգնի Երկրին, ո՞վ պիտի վերականգնէ զայն եւ ծաղկեցնէ: Թուրքը պիտի չընէ ասիկա ապահովաբար, որովհետեւ այդ տեսակ հետաքրքրութիւն չունի, եւ ոչ ալ գիտակցութիւն: Եթէ նոյնիսկ ունենար այդ գիտակցութիւնը, մեր հողին վրայ պիտի չվատնէր իր քրտինքը, որովհետեւ ինք իսկ գիտէ, թէ իրեն չի պատկանիր այդ հողը: Ուրե՞մն: Իր գիտցածն ու ընդունածը մե՞նք անգիտանանք այս անգամ: Թերահաւատութիւն պիտի չըլլա՞ր մեր կողմէ ասիկա: Եւ փաստօրէն այսօր մեր գոյութիւնը քարշ կու տանք թերահաւատութեան տիղմին մէջ: Մեր հողերուն ազատագրումն ու Հայաստանին հայութեան վերադարձուիլը շատ հեռաւոր, անկարելի պատրանքներ սկսած են թուիլ մեզի… Մենք ազգ կը պահպանենք, մինչ ուրիշներ առ ի չգոյէ երկիր կը ստեղծեն»:
«Ինչո՞ւ 30 տարի առաջ «Հայաստան ներգաղթած ժողովուրդը» հեռանում է Հայրենիքից. «Եւ աղէտ մը պիտի ըլլայ արդարեւ արտագաղթը, եթէ չկարենանք արգելակել անոր ներկայ վտանգաւոր և ազգակործան ընթացքը: Ինչո՞ւ հայրենիքը կը լքէ այս ժողովուրդը: Որո՞նք են արտագաղթողները: Ո՞վ կը քաջալերէ զիրենք: Կամ՝ ո՞վ կը հասցնէ զիրենք այդ որոշումին: Եւ ամենէն կարեւորը՝ ինչո՞ւ կը թոյլատրուի իրենց դուրս ելլել: Կարեւորը՝ մեր նորագոյն պատմութեան այս տխուր էջը անմիջապէս փակելն է: Առանց յապաղումի: Պարզօրէն՝ վերջ տալ արտագաղթին: Այսօր իսկ: Եւ մեզմէ կախեալ է ատիկա, համոզուա՛ծ ենք: Հարցը առաւելաբար կը վերաբերի անշուշտ Հայաստանին եւ հայրենի ղեկավարութեան, եւ գոհունակութեամբ կրնանք հաստատել, թէ Հայաստանի մէջ եւս գիտակից եւ պատասխանատու տարրեր նոյնքան մտահոգ են: Կը տագնապին, կը մտածեն ու լուծումներ կ’որոնեն: Եւ երբեմն, իրենց ափսոսանքին կամ զայրոյթին մէջ շփոթի մատնըուած, չեն կրնար հասկնալ, թէ ինչո՞ւ կը մեկնի այս ժողովուրդը: Կը զարմանան, կը միամտանան, ու կը ցաւին: Որովհետեւ իրենք եւս չեն պեղեր բուն հարցը: Կը ցաւին, կը զայրանան, կը քննադատեն, ու նոյնիսկ կը փորձեն բան մը փոխել տուեալ կացութենէն, բայց իրենք իրենց չեն հարցներ շատ պարզ սա հարցումը: Ինչո՞ւ: Ինչո՞ւ կը մեկնի այս ժողովուրդը: Ոմանք, իրենք անձկութեան մէջ՝ հայութենէ պարպուած մարդիկ կը նկատեն արտագաղթողները: Իսկ ուրիշներ տակաւին՝ դաւաճանութեամբ կը մեղադրեն զանոնք: Ոչ ոք կը փորձէ կասեցնել, արգիլել անոնց գաղթը: Ի դէպ, ո՞վ է պատասխանատուն ուրեմն: Մեկնողնե՞րը: Մեր կարծիքով՝ այս վերջինները զոհերը միայն կրնան ըլլալ»:
«…Փրկել թէ՛ ժողովուրդը, եւ թէ՛ երկիրը: Հայրենի երկրէն դուրս ժողովուրդի մշակոյթը կը նպաստէ օտարներուն, եւ կը հարստացնէ ու կը զօրացնէ անոնց երկիրները միայն»: Գևորգ Աճեմյանը շեփորում էր երկրի զավակ լինելու գիտակցությունը, քաջալերում այդ ուղիով համառորեն քայլելու կամքը: «…կը սիրեմ բոլոր անհայրենիք տղաքը, տառապողները, պայքարողները, ու տակաւին՝ գաղափարի համար անօթի մնացողները»,– ասում էր,– …ի՞նչ ապագայի մասին էր խօսքը: Անցեալը աւելի իրական էր եւ տանելի, որովհետեւ ապրուած էր: Մինչդեռ ապագան անորոշութեան սարսափն էր»: Սփյուռքահայի ներկան անվանում էր ժխտում և ուրացում: «Անհայրենիք» մնալը դատավճիռ էր: Սեփական երկրում մեռնելն ավելի մեծ հաղթանակ էր համարում, քան օտարութեան մեջ ապրելը:
Գևորգ Աճեմյանի հոգու խաղաղության համար, կարծում եմ, մի օր Հայրենիք կտեղափոխվի նրա շիրիմը, նաև Գուրգեն Յանիկյանի. նրանց վերջնական հանգրվանը հայրենի հողում պետք է լինի, որովհետև նրանք տապակվում էին նույն՝ Հայրենիքի ցավով… Տասնամյակներ առաջ Գևորգ Աճեմյանի արծարծած մի շարք հարցեր այսօր էլ, դժբախտաբար, արդիական են:
***
Հատված Գևորգ Աճեմյանի «Սփյուռքը դժոխք մըն է» հոդվածից «Ազատութիւնը սահմանումով իսկ, եւ որպէս գաղափար, կաշկանդում կ’ենթադրէ, պարտաւորութիւններ կը դնէ, եւ փոխադարձ ու հաւասարակշռուած սահմաններ կը պարտադրէ մարդոց՝ իրենց փոխյարաբերութեան մէջ: Օտարական ըլլալու, նկատուելու եւ զգալու մասին գաղափար կըրնան ունենալ միայն անոնք, որոնք կ’ապրին օտարութեան մէջ: Եւ հաւատացէ՛ք, շատ անախորժ ու դառն զգացում է, որ միշտ եւ ամեն պարագայի կ’առաջնորդէ դժբախտութեան: Ասկէ՝ մեր դժոխքը, որու դուք կը նախանձիք: Եթէ միա՛յն գաղափար ունինք ձեր դժոխքին մասին, եւ ընդունելով հանդերձ իրականութիւնը, կը նախանձինք ձեզի: Որովհետեւ դուք Հողին վրայ անմահ էք, իսկ մենք օտարութեան մէջ՝ դատապարտուած: Իսկ կարեւորը ձեր անմահութիւնն է, որ Հողինն է նաեւ: Կ’ընդունինք ձեր դժոխքը եւս, այո՛, բայց դուք անմահ էք: Որ կարևոր է: Իսկ մենք՝ չենք: Տարբերութիւնը այս է լոկ: Ձեր անմահութիւնը կարեւոր է, որովհետեւ Հողը պահպանելու միակ երաշխիքն է: Մեր դժոխքը, պայմանները, օտարութեան զգացումն ու վերջնական կորուստը այնքան վտանգաւոր չեն, որքան Հողին կորուստը: Եւ ձեզի վստահուած է զայն պահպանելու կամ չկորսնցնելու պատասխանատւութիւնը: Ձեր զաւակները ապագայ ունին այդ իսկ պատճառով, մինչդեռ մեր զաւակները՝ հազիւ անցեալի մը մխիթարութիւնը պիտի ունենան: Պէտք է հաշիւ ներկայացնէք, բացատրութիւն տաք՝ մեզմէ առաջ դուք ձեզի: Ո՞վ կ’ընդունի, ո՞վ կ’արդարացնէ ձեր այս քայլը: Կամ մի՞թէ ճնշում կը բանեցնեն ձեր վրայ, կը զզուեցնեն, կը յուսահատեցնեն: Եւ եթէ ճիշդ է ասիկա, կը մոռնա՞ք սակայն, թէ դատապարտուած էք ձեր դժոխքին մէջ ապրելու, ինչպէս մենք՝ մերինին: Ստիպուած էք»:

«Վէմ» ռադիոկայան
22.06.2016

ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆ ՀԱՅԸ
KEVORK AJEMIAN THE ARMENIAN
АРМЯНИН ГЕВОРГ АЧЕМЯН

Добавить комментарий