ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ՝ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ


Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու
Վահագն Սարգսյանի հետ

ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ՝ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ / Mkrtich Sargsyan and His Period of Time in Letters / Мкртич Саргсян и его время в письмах / Mkrtich Sargsyan / ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ՝ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ / Mkrtich Sargsyan and His Period of Time in Letters / Мкртич Саргсян и его время в письмах

Մեր եթերում բազմիցս եմ կարևորել այս կամ այն հեղինակի հրապարակախոսական ժառանգությունն ու նամականին: Սրանք, իհարկե, որպես գրական ժանրեր, անհամեմատելի են, սակայն բավական ընդհանրություններ ունեն գրողի անհատականության բացահայտման տեսանկյունից:
Ցավոք, հրապարակախոսության ժանրը բավական խեղճացել է մեր ժամանակներում, թեև ամեն քայլափոխի հանդիպում ենք «հրապարակախոսների» կամ «հրապարակագիրների» փաղանգների, իսկ նամականին գրեթե գոյություն չունի: Ասում եմ՝ գրեթե, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաների արդի վիճակը հնարավորություն է տալիս մարդկանց վայրկյանների ընթացքում իրենց ասելիքը հասցնել Երկիր մոլորակի ուզածդ վայրը, իսկ այդ ասելիքն այնքա՜ն հեռու է նամակագրություն լինելուց: Մարդիկ իրենց մտքերը շարադրում են մի քանի տողով, անգամ՝ մի քանի բառով, և գրեթե լույսի արագությամբ հասցնում հասցեատիրոջը: Դրանք այլևս այն դասական նամակները չեն, որոնք գիտնականները, արվեստագետները, ազգային ու հասարակական գործիչները և այլք գրում էին նախկինում: Դրանք, անձնական որպիսության մասին հարցուփորձից զատ, կարևոր ամբիոն էին նամակագրի մտքերը, կարծիքները, դիտարկումները, իրականության և իրադարձությունների վերաբերյալ նրա վերաբերմունքը, գնահատականները և այլն արտահայտելու համար: Նամակագիրն իր խոսքում բացարձակ ազատ էր՝ զերծ ամեն տեսակի պայմանականություններից: Նամակներում գրողն անկեղծորեն բացահայտում էր իր էությունը՝ ասես հայելու առաջ…
Համոզված եմ, որ ոչ վաղ անցյալի, այսինքն՝ նախահամակարգչային ժամանակների մեր բոլոր գրողներն էլ գրել ու ստացել են բազմաբնույթ նամակներ: Շնորհակալ գործ է արել Մկրտիչ Սարգսյանի որդին՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը. նա կազմել ու հրատարակել է իր հոր «Նամականին»՝ առաջաբանով և անչափ կարևոր ծավալուն ծանոթագրություններով՝ ընթերցողներիս համար հրապարակ բերելով աղբյուրագիտական նշանակություն ունեցող նորանոր մանրամասներ: Ընդ որում, նա այնպիսի՜ բծախնդրությամբ է արել այդ ամենը, այնպիսի՜ հետևողականությամբ է ճշգրտել նամակներում ներկայացված փաստերն ու անունները, ասես դոկտորական ատենախոսության նյութ է պատրաստել: Ավելին, նա մի տեսակ անգործության է մատնել ամենաանհանդուրժող քննադատին անգամ… Արդարության առաջ չմեղանչելու համար մի ոչ ավելորդ անգամ կրկնենք, որ դասական գրաքննադատությունն էլ, որպես ժանր, այսօր գրեթե գոյություն չունի…
Մի խոսքով՝ Վահագն Սարգսյանն իր հոր «Նամականին» կազմել է գերագույն սիրով: Համենայն դեպս, այսպիսի զգացողությամբ եմ կարդացել ժողովածուն և այն էլ՝ մեկ շնչով: Կարդացել եմ, ի դեպ, ապրիլյան քառօրյա գործողություններից որոշ ժամանակ անց և զուգահեռներ տեսել 19-ամյա Մկրտիչ Սարգսյան զինվորի ու մեր այսօրվա հերոսների հետ… Նամականին սկսվում է 1943 թ. նոյեմբերի 20-ին ռազմաճակատից ծնողներին ու եղբորը գրած, հասուն տղամարդուն վայել, հուսադրող ու հակիրճ՝ մի քանի տողանոց նամակով: Արցախից մեր երիտասարդները նույնն են ասում բջջային հեռախոսներով… Մկրտիչ Սարգսյանի գրած վերջին նամակն էլ է առնչվում Արցախին. 2001 թ. փետրվարի 2-ին գրողը շնորհակալական նամակ է հղել ԼՂՀ Կառավարությանն ու գրողների միությանը՝ իր «Դարավերջի հայը» վեպին հայկական երկրորդ հանրապետության բարձրագույն՝ Եղիշեի անվան պետական մրցանակի արժանացնելու համար… «…մի անօրինակ զգացում առաջացրեց իմ մեջ՝ ներշնչելով հնամենի ու ամրակուռ ժողովրդի զավակը լինելու ոգեղենությունը: …. չեմ թաքցնում, ինձ համար ԼՂՀ կառավարության կողմից տրված Եղիշեի անվան մրցանակը ամենանվիրականն է, քանի որ այն բարոյական ու ազգային արժեք է և ամբարում է վիթխարի ուժ»,– ակնածանքով գրել է պատկառելի տարիքի հասած գրողը:
Մկրտիչ Սարգսյանն ապրել ու ստեղծագործել է հիմնականում սովետական հասարակարգում: Նրա գրած և ստացած նամակներում բազում անդրադարձներ կան այդ ժամանակաշրջանին բնորոշ մի շարք երևույթների մասին: Այնտեղ խորհրդային հասարակարգն է և մշակույթը, պատկերավոր ասած, իր խճանկար-համապատկերով: Այդ ժամանակներում շեփորվում էր «ձևով՝ ազգային, բովանդակությամբ՝ սոցիալիստական կուլտուրա» կարգախոսը: Սակայն ո՛չ Մկրտիչ Սարգսյանի գրած, ո՛չ էլ նրան հղած օտար հեղինակների ու թարգմանիչների նամակներում չես զգում այդ շունչը. իրենց ստեղծագործության մեջ նրանք կարևորում են մարդկայինը, դրանով իսկ՝ համամարդկայինը: Ա՛յս կերպ են իսկական արվեստագետներն ու մշակույթի գործիչները կոմունիստական գաղափարախոսության պայմաններում ստեղծել ազգային, այսինքն՝ համամարդկային արժեքներ…
«Որ երկրում և ինչ դավանանքի տեր էլ լինենք՝ մենք մեծ ժողովրդի զավակներ ենք: Սնապարծության համար չէ, որ ասում եմ, ոչ էլ՝ խեղճությունից: Աշխարհում, ճիշտ է, դժվար է մեզ համար, բայց և դժվար է մեզ հետ՝ մեր պատմության, մեր տառապանքի: Մեզ եկվոր համարող, մեր արվեստն ու եկեղեցիները թալանող, մեր հողը ապականող ժողովուրդների ձգտումների ու ոճիրների մեջ ես տեսնում եմ նրանց վախն ու անհանգստությունը «ահեղ դատաստանի» առաջ»,– ի պատասխան Կահիրեում լույս տեսնող «Արև» թերթի նամակի ընդգծում է գրողը:
Մկրտիչ Սարգսյանը վարել է մի շարք կարևոր պաշտոններ՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, ՀԳՄ քարտուղար և համատեղությամբ՝ կոմկուսի բյուրոյի քարտուղար, Հայպետհրատի գլխավոր խմբագիր: Սիրված մտավորականին դիմել են գրականության և մշակույթի մի շարք երևելի գործիչներ, ընթերցողներ, շարքային մարդիկ, ընդ որում, տարբեր հարցերով: Զարմանալիորեն, ոչ մի տեղ չես տեսնում կոմունիստական «ֆունկցիոների»: Անգամ եթե որևէ մեկն ինչ-որ հարցում դժգոհում է Մկրտիչ Սարգսյան ղեկավարից, հաջորդ տողերում գրում է, որ ինքը լավ գիտե, թե որտեղ են դրա արմատները: Այսինքն՝ այս նամակները, անձնական լինելուց զատ, ունեն նաև հասարակական հնչողություն:

«Վէմ» ռադիոկայան
7. 09. 2016

ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ՝ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ
Mkrtich Sargsyan and His Period of Time in Letters
Мкртич Саргсян и его время в письмах

Բացառիկ ձայնագրություն. երգում է Մկրտիչ Սարգսյանը

Добавить комментарий