ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասեր, թարգմանիչ Արմեն Քեշիշյանի հետ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ / Ler Kamsar / Լեռ Կամսար / Лер Камсар Ler-kamsar

ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ

Շնորհիվ Լեռ Կամսարի պատվախնդիր թոռնուհու՝ բանասեր Վանուհի Թովմասյանի, «Ակունք» ռադիոհանդեսի եթերում բազմիցս անդրադարձել ենք նրա կազմած ու 2000 թվականից հրատարակած՝ մեծ հայի բոլոր՝ «Կարմիր օրեր», «Մահապուրծ օրագիր», «Խաղք ու խայտառակ աշխարհ», «Սոցիալիզմի Սահարա», «Բանտիս օրագիրը», «Թատերախաղեր», «Հալոցք» ժողովածուներին, մեր մտահոգությունները հայտնել նրա անտիպ գործերի մասին:

Ամեն անգամ Լեռ Կամսարի օրագրության հերթական հատորը ներկայացնելիս մշտապես ասել ենք, որ դեռ բավական գործ կա անելու, որ դա մի անհատի գործ չէ և այլն: Ամեն անգամ Լեռ Կամսարի մասին մեր հերթական հաղորդումից կամ նրա մասին Վանուհի Թովմասյանի՝ այս կամ այն լրատվամիջոցում ելույթից հետո առաջացած հետաքրքրասիրության ալիքը հորձանք էր տալիս հատկապես երիտասարդության շրջանում, որն անչափ ուրախալի է: Նաև սոցցանցում եմ հետևել նրանց բուռն ոգևորությանը: Կարծում եմ՝ այս երևույթն ավելի ու ավելի էր խթանում տիկին Վանուհու աշխատանքը՝ հարկադրելով վայրկյան առաջ ընթերցողին հանձնել սպասված հատորը: Բարեբախտաբար, այդ երիտասարդներից մեկը՝ Կարինե Մարտիրոսյանը՝ Գյումրիից, արդեն թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում «Լեռ Կամսարի օրագրությունը» թեմայով, որին, ամենայն հավանականությամբ, կանդրադառնանք մեր եթերում:
Լեռ Կամսարի գրական ժառանգությամբ առավել հետևողական հետաքրքրվողներին տիկին Վանուհին շատ պատկերավոր անանում է «Կամսարի հոգևոր ժառանգներ», որը, ինչ խոսք, մեծ պատիվ է նրանցից յուրաքանչյուրի համար: Մի անգամ նույնիսկ նա «Կամսարի հոգևոր ժառանգներից» 5-6 հոգու հավաքել էր իր բնակարանում՝ մասնակցելու Լեռ Կամսարին նվիրված մի հեռուստահաղորդման տեսագրության: Զրույցը բավական ուշագրավ էր. ժամից ավելի տևեց այն, ինչպես ասում են, «կլոր սեղանի» շուրջ… Հեռուստաընկերության ներկայացուցիչները նկարահանեցին փութաջանորեն ամբողջը… Սակայն նրանցից յուրաքանչյուրի խոսքից ընդամենը մեկական նախադասություն հնչեց եթերում մեծ երգիծաբանի մասին. իրականում այն դարձրել էին տիկին Վանուհու մենախոսություն…
Ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի: Այդ հեռուստահաղորդման շրջանակում էլ ծանոթացա մի հրաշալի մտավորականի հետ, որի գործունեությունն ուղղակի հիացնում է: Խոսքս բառարանագիր, թարգմանիչ, այժմ, արդեն, բառիս ամենաշնորհակալ իմաստով, կամսարապաշտ Արմեն Քեշիշյանի մասին է:
Այդ հանդիպումից կարճ ժամանակ անց՝ անցյալ տարվա սկզբին, Արմեն Քեշիշյանի հետ մեր եթերում զրուցել ենք նրա կազմած ու 2014-ին հրատարակած «Աստվածաշնչյան դարձվածների և արտահայտությունների հայերեն-անգլերեն-ռուսերեն բացատրական բառարանի» մտահղացման և նրա իրագործման մասին, որը ես անվանել եմ եզակի, բացառիկ, արտառոց աշխատություն: Տարիներ շարունակ նա Աստվածաշնչից դուրս է գրել ավելի քան 2000 դարձված ու արտահայտություն, Աստվածաշնչի անգլերեն և ռուսերեն լավագույն հրատարակություններից առանձնացրել դրանց համարժեքները կամ գտել այդպիսի արտահայտություններ, որովհետև միշտ չէ, որ դրանք, որպես դարձվածներ և արտահայություններ, առկա են նաև անգլերենում ու ռուսերենում, և այդ արտահայտությունների կիրառության բազմաթիվ օրինակներ է բերել հայ և համաշխարհային դասական գրականությունից, վերջինից` թարգմանաբար` հայերեն:
Այն ժամանակ Արմեն Քեշիշյանն ասաց, որ զուգահեռաբար պատրաստում է ևս երկու նման հատորներ: Առայժմ դրանք լույս աշխարհ չեն եկել, բայց նա և իր ընկերները՝ բառարանի խմբագիր Հայկ Խեմչյանը և ձևավորող նկարիչ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը, որպես ստեղծագործական խումբ, աջակցել են Վանուհի Թովմասյանին վերջնական տեսքի բերելու նրա կազմած Լեռ Կամսարի հերթական՝ «Չապրած օրեր» ժողովածուն, որը, ինչպես քիչ առաջ թվարկածս հատորները, բանտային օրագրությունների գրառումներ են:
Տասնամյակներ շարունակ Լեռ Կամսարը կուլ է տվել իր «ապրած» օրերը որպես դառը և տհաճ դեղահաբեր… Բայց եթե այդ դեղահաբերը սովորաբար բուժիչ են լինում, ապա Լեռ Կամսարի պարագայում քայքայել են հանճարեղ երգիծաբանի առողջությունը… 20-րդ դարի մեր բոլոր ցավերը նա զգացել է իր մաշկի վրա… Նրա ամեն օրը խաչելություն էր, գուցեև օրը մի քանի անգամ էր խաչվում… Բայց նա՝ որպես անհատականություն, ապրել է լիարժեք կյանքով. նրա միտքը երբեք չի շեղվել, ողնաշարը երբեք չի ծռվել… Հայեցակարգված մտածողություն ունի Լեռ Կամսար. երբեք և ոչ մի պարագայում նա ինքն իրեն չի հակասել… Լեռ Կամսարը վիրաբույժի պես էր սիրում հայրենիքը. նրա նշտարը ճշմարտությունն էր… «Հոս ճշմարտությունը պարզապես նեխեր է»,– գրել է նա:
Այսօր էլ նման վիրաբույժի կարիք ունենք…

«Վէմ» ռադիոկայան
23.11.2016

ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ
Ler Kamsar’s Literary Legacy and Its Inheritors
Литературное наследие Лера Камсара и его наследники

 

Добавить комментарий