ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Հասմիկ Գուլակյանի զրույցը ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանի, Էդուարդ Ղազարյանի հետ

ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ A Scientific Attitude Toward Science К науке – научное отношение / Ashot Melkonyan, Eduard Ghazaryan / Աշոտ Մելքոնյան, Էդուարդ Ղազարյան

ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ A Scientific Attitude Toward Science К науке – научное отношение / Ashot Melkonyan, Eduard Ghazaryan / Աշոտ Մելքոնյան, Էդուարդ Ղազարյան

Վերջին շրջանում ստիպված անդրադառնում ենք մեր ոչ վաղ անցյալի ինչ-ինչ անախորժ իրադարձությունների: 2000-ական թվականների սկզբին մտավորականների մի փոքր խմբով դիմակայեցինք մեր երկրում մեր ինքնությանն սպառնացող մի շարք նենգապատիր մարտահրավերների. «Օրինաց երկիր», Հայաստանի ժողովրդավարական կուս-ների խորհրդարանական խմբակցությունները, անհատ պատգամավորներ, իրար հերթ չտալով, օրենսդրական նախաձեռնություններ էին ներկայացնում ԱԺ՝ 98 տոկոս էթնիկ միատարր բնակչություն ունեցող մեր հանրապետությունում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու տենչանքով: Այդ սայլին լծված էին ՀՀ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը, նույն նախարարության հովանու ներքո հրատարակվող «Ռուսաց լեզուն Հայաստանում» ռուսերեն ամսագրի գլխավոր խմբագիր, ԵՊՄՀ-ի ռուսաց լեզվի մեթոդիկայի ամբիոնի վարիչ Բելա Եսաջանյանը, «Ռուսաստանի բարեկամներ» ՀԿ-ն և ուրիշներ: Միաժամանակ, անասելի անհավասար պայքար էր սկսվել ամերիկյան հայագիտական դպրոցի մի շարք ներկայացուցիչների հակագիտական և հակահայկական գործունեության դեմ, որոնց գլխավորում էր, թուրքագետ Հակոբ Չաքրյանի պատկերավոր արտահայտությամբ, «աշխարհահռչակ, բայց ամերիկահպատակ հայ պատմաբան», ՀՀ ԳԱԱ արտ. անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը: Այս ճակատներում կրքերը դեռ չէին մարել, երբ հարձակում սկսվեց հայկական գիտության դեմ՝ ի դեմս ԳԱԱ-ի: Երիտհայերն ուզում էին լուծարել այն և ակադեմիայի ինստիտուտները միավորել բուհական ֆակուլտետների հետ: Այսինքն՝ փորձում էին ձերբազատվել մինչ այդ գործող կրթության գերմանական մոդելից և այստեղ ներդնել ամերիկյան մոդելը: Իսկ կրթության գերմանական մոդելն այսօր ԱՄՆ-ն ինքն է ներդնում իր երկրում:
Ավելի ճիշտ կլինի ասել, որ մեր երկրում գիտության դեմ համակարգված պայքարն սկսվել է անկախության սկզբից՝ նրան գրեթե զրկելով ֆինանսավորումից: Ասում եմ՝ գրեթե, որովհետև տարեկան բյուջեով ցայսօր ծիծաղելի գումարներ են հատկացրել գիտության ֆինանսավորմանը: Իսկ ՀՀ-ում գիտաշխատողն ամենացածր վարձատրվող սոցիալական խավն է:
Կարճ ասած՝ հնարավոր եղավ մեր երկրում մեր ինքնությանն սպառնացող այս դավադրությունները տապալել: Ընդամենը՝ տապալել, ո՛չ ոչնչացնել: Բոլորովին վերջերս, կարելի է ասել, գիրկընդխառն դրանցից երկուսը կրկին վերակենդանացել են՝ ռուսերենին արտոնյալ վիճակ տալու անվան տակ կրկին երկրորդ պետական լեզվի ուրվականն է հայտնվել ՀՀ երկնակամարում, և վերաձևված մոտեցումներ են ենթադրվում գիտության ոլորտում:
Անկարելի է մոռանալ հայանուն իշխանավորների որդեգրած վերաբերմունքը մեր գիտաշխարհի նկատմամբ՝ անկախության սկզբից ի վեր: Նախ հայտարարեցին՝ ՀՀ-ին հարկավոր չեն «այսքան գիտություն» և «այսքան գիտնականներ», և տարեցտարի 15-20 տոկոսով կրճատեցին թեմատիկ ֆինանսավորումը, թեմաները: Հետո անցան բազային ֆինանսավորման, հիմա, կարծես, կրկին ուզում են վերադառնալ թեմատիկ ֆինանսավորման…
Քաջնազարականությունը հո պոզով-պոչով չի՞ լինում… Անկախության տարիներին մեր գիտակրթական համակարգը (նույնը կարելի է ասել մյուս ոլորտների մասին), մեղմ ասած, հայտնվել է լաբորատորիայի փորձակենդանու կարգավիճակում, և հասկանալի չէ, թե ե՞րբ են ավարտվելու այսպես կոչված բարեփոխումները: Մեր գիտակրթական ոլորտում անհապաղ լուծման կարոտ բազում թերություններ ու հիմնախնդիրներ կան, որոնց անընդհատ ավելանում են նորերը: Մեր եթերից տարիներ շարունակ խոսել ենք այդ մասին, զրուցել ոլորտի լավագույն մասնագետների հետ, որոնք առաջարկել և այսօր էլ առաջարկում են լուծումներ: Սակայն համակարգի պատասխանատուները, թույլ տվեք ասել, հաճախ ոչ գիտական վերաբերմունք են ցուցաբերում այս հարցերին: Այն, ինչ կատարվեց դպրոցներում և հատկապես օպտիմալացման փուլում, տեսանք բոլորս:
Այդ տարիներին փորձեցին օպտիմալացնել նաև ՀՀ ԳԱԱ-ն: Հիշեցնեմ, որ 2000-ական թթ. կեսերին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի մի խումբ «փորձագետներ» առաջարկում էին ՀՀ ԳԱԱ-ն վերածել հասարակական կազմակերպության: Գիտնականներին ներկայացրել էին 150-էջանոց «ՀՀ գիտության բնագավառում պետական քաղաքականության հայեցակարգ»: Այդ տխրահռչակ «նախագիծը» տապալվեց ակադեմիայի ինստիտուտների տնօրենների, ակադեմիկոսների, դոկտորների ջանքերով: Սակայն շատ չանցած՝ ակադեմիական ինստիտուտները վերածվեցին ՊՈԱԿ-ների, իսկ բուհերն արդեն վերաձևակերպվում են որպես հիմնադրամներ: Այժմ օրակարգում կրկին գիտության հարցն է, ավելի որոշակի՝ հիմնարար գիտության լինել-չլինելու հարցը, որը, հույս ունեմ, կկարողանանք լուծել առանց ցնցումների, փրկել այն՝ բառիս բուն իմաստով, որովհետև առանց հիմնարար գիտության մենք դատապարտված ենք. առանց այդ ոլորտի անհնար է պատկերացնել գիտական և տնտեսական զարգացում ուառաջընթաց:
ՀՀ Կառավարությունն օրերս իր նոր ծրագրում 3 կետով անդրադարձել է գիտությանը, որոնցից հատկապես երկուսի շեշտադրումները խիստ մտահոգում են մեր գիտնականներին: Հիշեցնեմ, որ 2000-ական թթ-ի սկզբին Համաշխարհային բանկի հանձնարարությամբ պատրաստվել է ՀՀ զարգացման 2020 թ-ի ծրագիրը: Այս փաստաթղթին մեր հանրությունը գրեթե ծանոթ չէ, և դա նրա մեղքը չէ: Միջազգային այսպիսի հեղինակավոր կառույցների պարտադրանքները, իհարկե, տվյալ երկրի իշխանությունների թեթև ձեռքով, որպես կանոն, նրա քաղաքացիներին ներկայացվում են որպես վերջնագիր: Այս ծրագիր կոչվածը ես էլ չեմ տեսել որպես այդպիսին, բայց իրազեկ մարտիկ ասել են, որ այնտեղ, օրինակ, այսպիսի դրույթներ կան. 1. 2020-ին ՀՀ-ն պետք է լինի բազմազգ երկիր, 2. ՀՀ-ն պետք է լինի թեթև արդյունաբերության, սպասարկման, ֆինանսական ծառայությունների և զբոսաշրջության երկիր: Ո՛չ մի խոսք չկա գիտության և արդյունաբերական ոլորտների, գյուղատնտեսության մասին: 2020-ը շատ հեռու չէ, և այդ «զարգացման» շորշոփներն առավել առարկայորեն ենք զգում մեր մաշկի վրա՝ նշածս երկու պահանջի իրականացման համար, այն է՝ չդադարող արտագաղթ, որը տարածք է բացում բազմալեզու զանգվածների բնակության համար, նաև գիտության ծրագրված փոշիացումը մինչև վերջ հասցնելու նպատակամետ քաղաքականություն…
Հետաքրքիր է՝ գիտության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կամ քաղաքականություն մշակելիս մեր երկրի կառավարիչներն ո՞ւմ հետ են խորհրդակցում… Մեր երկրում մի կողմից՝ կարևորում են գիտությունը, գիտության վաստակավորի կոչումներ ու այլ պարգևներ շռայլում գիտության ոլորտի նշանավոր գործիչներին, մյուս կողմից՝ գիտնականներին վճարում նվազագույն աշխատավարձ, փորձում վերացնել հիմնարար գիտություննները, բնագավառ, որտեղ համաշխարհային ներդրումներ ունենք…

 

«Վէմ» ռադիոկայան
14.12.2016

ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
A Scientific Attitude Toward Science
К науке – научное отношение

Добавить комментарий