ՎՏԱՆԳՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ — ՄԱՍ Բ

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյանի հետ

the-issues-of-endangered-identity-in-armenian-literature / ՎՏԱՆԳՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ - ՄԱՍ Բ

ՎՏԱՆԳՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ — ՄԱՍ Բ

Մեր նախորդ հաղորդման ընթացքում հիշեցինք Ե. Չարենցին ու նրա կարևոր եզրահանգումներից մեկը՝ Փոքր Մհերին փակել են, դա «դավադրություն է հայոց ազգի դեմ»: Ասացինք, որ Ագռավաքարը դարձել է «…հայոց արգելափակված հոգու պահոց…»: Իսկ հաղորդաժամի ավարտին մասամբ անդրադարձանք Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպին: Ասացինք, որ Խեչոյանն իրեն նույնացրել է Փոքր Մհերի հետ: Բայց այդ երկին հարկավոր է անդրադառնալ բազմակողմանիորեն, որովհետև այնտեղ շատ կարևոր եզրահանգումներ ու խտացումներ կան, թեև առանձնապես չեմ հավանում երկրորդ՝ զուգահեռ սյուժեն, բայց դա այլ թեմա է, այդ մասին կարող էի խոսել միայն հեղինակի հետ: Ավա՜ղ…
…Օտարման փիլիսոփայությունը դարձել է մեր ուղեկիցը… Մեր երկիրը մեզանից օտարելու տարբեր մեխանիզմներ էլ կան: Վերջերս մի խայտառակ ծրագիր կամ նախաձեռնություն բացահայտվեց, մերկացվեց Դիլիջանում:
Այնտեղ ահռելի ծախսեր են արվել ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնը կառուցելու համար (շինարարությունն սկսվել է 2011-ից)՝ շուրջ 15 մլրդ դրամ, կառուցելու համար մի հաստատություն, որտեղ իբր պետք է անցկացվեին միջազգային համաժողովներ: Դեռ այն ժամանակ էլ ասացինք, որ նման համաժողովների համար մեր երկրում համապատասխան շինություններ կան, չարժե վարկային նոր հրեշավոր բեռ դնել մեր ապագա սերունդների ուսերին: Իսկ հիմա ի՞նչ է պարզվում… Պետական եկամուտների կոմիտեն «Ազատություն» ռ/կ-ի խնդրանքով պարզաբանել է (11. 11. 2016) այսպես. «Մեր կողմից ուսումնական կենտրոնի շահագործումը աննպատակահարմար է, քանի որ այդպիսի ծավալի ուսումնական կենտրոնը միայն հարկային և մաքսային ոլորտների համար ողջ ծանրաբեռնվածությամբ չէր կարող գործել»:
Այսինքն՝ ոչ թե մի ինչ-որ թիթիզ հաստատություն, այլ երկրի ֆինանսների նախարարությունը միլիոններ է վատնել վասն ոչնչի և երևի թե չի էլ կարողանալու նույնիսկ վաճառելով ծախսած գումարը հետ բերել: Ո՞վ է այն գնելու… Ո՞ւմ է այն հարկավոր… Հնարավոր է՝ հայտնվի մի օտար գնորդ ու այն սեփականացնի… Այդ գործարքի արդյունքում մեր հրաշալի բնության գրկում մի բավական մեծ տարածք հենց այնպես կօտարենք մեզանից…
Այսինքն՝ վտանգվել է բարոյական արժեհամակարգի գերագույն՝ ազգային գործոնը: Պատճառները դրսում որոնելն ամենադյուրինն է ու ամենաանշնորհակալը: Իսկ ներսո՞ւմ… Մարդիկ գետնատարած սլանում են դեպի նյութը, հատկապես՝ դեպի փողը… Ի՞նչն է տրոհել համազգային բարոյականության ամբողջականությունը: Եթե մեր դեմ (իրականում՝ ոչ միայն մեր դեմ) գործում են աներևույթ հզոր ուժեր, ինչպես, օրինակ, կենտրոնաուղեղասարդը. նրա բոլոր թելիկներն ունեն շատ հստակ գործառույթներ, որոնք իրականացնում են ամեն գնով՝ չերկնչելով ոչնչից, կանգ չառնելով ոչ մի սրբություն սրբոցի առաջ… Այսօր Մերձավոր Արևելքն ասվածի վառ օրինակն է. երկրի երեսից ոչնչացվում, իսպառ բնաջնջվում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի հետքը, հիմնահատակ կործանվում է ամեն ինչ… Ինչպե՞ս կանգնեցնել ազգային աղետների անընդմեջ՝ պերմանենտ դարձած անվերջ երթը գլոբալացվող այս քաոսում…

«Վէմ» ռադիոկայան
11. 01. 2017

Այստեղ՝ ՄԱՍ Ա

ՎՏԱՆԳՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ — ՄԱՍ Բ
The Issues of Endangered Identity in Armenian Literature
Проблемы поврежденной идентичности в армянской литературе

Добавить комментарий