ԿՐԿԻՆ ԿԱՐՍԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Հասմիկ Գուլակյանի զույցը ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանի հետ

ԿՐԿԻՆ ԿԱՐՍԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Again on the Disgrace of Kars Опять о Карсском позоре

Կարսի հանձնման խայտառակ պատմությանը «Ակունք» ռադիոհանդեսի եթերում առաջին անգամ հանգամանորեն անդրադարձել ենք 2007-ին, երբ լույս տեսավ Գևորգ Յազըճյանի «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները» ուսումնասիրությունը: Այդ ցնցող հրատարակությունից հետո Կարսի անկման թեման դարձավ մեր ուղեկիցը՝ որպես զգոնության կոչ: Ի հեճուկս կամ ի պատասխան մեր այդ հետևողականության՝ Վանիկ Վիրաբյան անունով մի պատմաբան, հավանաբար, ինչ-որ մեկի հարկադրանքով, հրապարակավ հանդես եկավ Գևորգ Յազըճյանի ուսումնասիրության դեմ: Դրան հետևեց վերջինիս կոշտ պատասխանը՝ առանձին գրքույկով՝ «Խեղաթյուրման տեխնոլոգիան: Պատմ. գիտ. թեկնածու Վանիկ Վիրաբյանի մի գրավոր ելույթի առիթով» (2008) վերնագրով: Համենայն դեպս, այս պատմաբանին, որը շուտով մեղա եկավ, ճանաչում եմ միայն ա՛յս միջադեպի շրջանակում…
Բարեբախտաբար, Գևորգ Յազըճյանի ուսումնասիրությանն արձագանքեցին բազմաթիվ ընթերցողներ, նաև պատմաբաններ, որոնք իրապես չգիտեին անառիկ այդ ամրոցի՝ առանց մեկ կրակոցի հանձնման պատմության մի շարք մանրամասներ: Մարդիկ այսօր էլ փնտրում են այդ աշխատությունը, որի երկրորդ հրատարակության տպաքանակը նույնպես արագորեն սպառվել է: Նշանակում է՝ հայ մարդն ուզում է ծանոթանալ իր պատմության այդ անփառունակ էջին՝ բացառելու համար վերջինիս կրկնությունը: Համեմատությունս գուցե շատ հաջող չէ, բայց 2016-ի ապրիլին հայ զինվորի սխրանքը համարում եմ Կարսի դասերից՝ շուրջ 100 տարի անց…
Կարսի խայտառակությանն անդրադարձել են մեր մի քանի ամենամեծեր: Խնկելի Գարեգին Հովսեփյանը (ապագայում՝ Մեծի Տանն կաթողիկոս), որպես այդ դեպքերի ականատես ու մասնակից, ցնցող հուշագրություն է գրում այդ ողբերգության մասին՝ «Կեանքիս ամենադժբախտ օրը եւ երջանկութեանս րոպէն» վերնագրով: 1921 թ, դեկտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանին գրած հայտնի նամակում Հովհաննես Թումանյանը շեշտադրում է. «…մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:
20-րդ դարի մեր օծյալ սպարապետը՝ Գարեգին Նժդեհը, ցավ ի սիրտ գրել է. «Կարսի ամոթը ՀՀ կառավարությանը չէ միայն, այլ ողջ հայ ժողովրդի: Չափվում են, բախվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէին միայն, այլ բովանդակ հայությունը…»: Մեկ այլ երևելի գործիչ՝ Կարսի մարզի քաղաքացիական նահանգապետ Ստեփան Ղորղանյանը, որպես դեպքերի անմիջական մասնակից ու ականատես, անառիկ բերդի հանձնումից հետո ցավով ու դառնությամբ ասում է, որ եթե երբևէ գումարվի Կարսի անկման պատճառները քննող դատական ատյան, ապա, անկասկած, ամբաստանյալների աթոռին իր հաստատուն տեղն է ունենալու հայ հասարակությունը: Մասնագետները լավ գիտեն, որ Առաջին հանրապետության անկումը միջազգային դավադրության հետևանք էր: Ամենահզոր գործոններից մեկը, թերևս՝ գլխավորը, քեմալա-բոլշևիկյան դաշինքն էր: Օսմանյան կայսրության փլուզումից հետո գեներալ Քեմալը ջանում էր վերջնական կործանումից փրկել թուրքական պետականությունը և ստիպված էր մարտնչել երկու` հայկական և հունական ռազմաճակատներում: Բոլշևիկյան Ռուսաստանն այս տարածաշրջանում իր շահերն ու նպատակներն ուներ՝ համաշխարհային հեղափոխության էր ելել, որի իրականացման համար հուսալի դաշնակից էր համարում քեմալական շարժումը և էապես օժանդակել է Քեմալին Հայաստանի ու Հունաստանի դեմ նրա վարած պատերազմներում: Ընդ որում, Ռուսաստանի՝ Թուրքիային ցուցաբերած օգնությունը գերազանցում էր վերջինիս տարեկան բյուջեն և երկուս ու կես անգամ ավելի էր թուրքական պետության՝ սեփական բանակին տրամադրած միջոցներից: Այսինքն՝ բոլշևիկյան Ռուսաստանը գործնականում ոչնչից ստեղծեց, զինեց ու ոտքի կանգնեցրեց քեմալական Թուրքիան ու նրա բանակը, և Քեմալը երկու ռազմաճակատում էլ հաղթեց: Հայաստանի առաջին հանրապետության անկման մասին խոսելիս միշտ ցասումով հիշում եմ երկու ժամանակակից գործիչների արտահայտություններ: Նրանցից մեկը հայ է, մյուսը՝ թուրք, երկուսն էլ խոշոր տրամաչափի պետական զորեղ անհատականություններ են: Առաջինն Անաստաս Միկոյանն է, որը 1919-ին արդեն Սովետական Ռուսաստանի ԿԳԿ անդամ էր: Նույն թվականին նա Ռուսաստանի սովետների համագումարում հայտարարել է. «…խիստ հետադիմական է Մեծ, Միացյալ և Անկախ Հայաստանի մասին միտքը, վտանգավոր ու հանցավոր քիմերիկ գաղափար, որի դեմ բոլշևիկյան կուսակցությունը պետք է պայքար ծավալի»: Երկրորդ գործիչը թուրք գեներալ Քեմալն է, նույն ինքը Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, որը 1920 թ. բաց տեքստով ասել է. «Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակն ու հայկական պետությունը»: Սա թուրքերի համար եղել է և է՛ պետական քաղաքական ծրագրի կարևորագույն առաջնահերթություններից ու ամենակենսունակ կարգախոսներից: Իսկ ի՞նչ արեցինք մենք՝ հայերս, Կարսի բերդը պաշտպանելու և հայոց պետականությունը պահպանելու համար… Փորձե՞լ ենք կռահել, թե հասարակական ինչպիսի՛ հարաբերություններ էին ստեղծվել ՀՀ-ում և, մասնավորապես, Կարսի մարզում, ինչպիսի՛ն էին, առհասարակ, մթնոլորտն ու կացությունը երկրում, որոնց պատճառով կամ հետևանքով բանակը հայտնվեց նման խայտառակ վիճակում…
***
«Եթե նույնիսկ տասն անգամ էլ հայերս կարողանանք հետ գրավել Կարսը, միևնույնն է, «ԿԱՐՍ»-ի խարանը չի սրբվի մեր ճակատից, չի անցնի, կմնա: Նա կանհետանա միայն այն դեպքում և այն ժամանակ, երբ մենք ինքներս մեզ և աշխարհին կարողանանք ներկայանալ որպես ազգ՝ այնպիսի որակներով ու կերպով, որոնց պարագայում նորանոր «ԿԱՐՍ»-երի կրկնվելը այդ ազգի համար բացառված կլինեն թե՛ ըստ էության և թե՛ սկզբունքորեն»:

Վլադիմիր Հարությունյան
ֆիզմաթ գիտ. դոկտոր

«Վէմ» ռադիոկայան
1. 02. 2017

ԿՐԿԻՆ ԿԱՐՍԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Again on the Disgrace of Kars
Опять о Карсском позоре

Добавить комментарий