Հողը նրանն է, ով այնտեղ ապրում է կամ Դուք ձեր բաժին հողը հանձնել եք առանց կրակոցի…

Հասմիկ Գուլակյանի զրույցը Արցախյան ազատամարտի վետերան Գագիկ Գինոսյանի և պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանի հետ

Գագիկ Գինոսյան Gagik Ginosyan Гагик Гиносян

Հողը նրանն է, ով այնտեղ ապրում է կամ Դուք ձեր բաժին հողը հանձնել եք առանց կրակոցի… You Have Surrendered Your Portion of Lands Without a Shot Вы сдали вашу долю земель без единого выстрела / Գագիկ Գինոսյան Gagik Ginosyan Гагик Гиносян

Իրոք, հողը նրանն է, ով այնտեղ ապրում է: Այս արտահայտությունը, որպես վերնագիր, առաջին անգամ օգտագործել եմ 2014-ին, երբ ներկայացնում էի Քաշաթաղում` Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարևանությամբ, Աղավնո գետի ձախ ափին` նույնանուն գյուղի տեղում կառուցվող նոր` Առիավան թաղամասի առաջին 50 տների շինարարության պատմությունը: Երախտագիտություն հայտնելով ազատագրված տարածքում «Արցախ» հիմնադրամի և «Արցախ ռութս ինվեսթմենթ» ընկերության այս եզակի արդյունավետ համագործակցության համար` հիշեցի «հողը նրանն է, ով այնտեղ ապրում է» թևավոր դարձած արտահայտությունը, որը հատկապես 1994-ին կնքված զինադադարից հետո հաճախ եմ կրկնում` կարևորելով թե՛ Արցախի ազատագրված տարածքների բնակեցումը, թե՛ ՀՀ սահմանամերձ գյուղերի հզորացումը: Մի ոչ ավելորդ անգամ ասեմ, որ ազատագրված տարածքների բնակեցումը մեզ համար կարևոր է հատկապես ռազմավարակա՛ն տեսանկյունից: 1994-ի զինադադարից հետո մեր հայրենակիցներն ասում-խոսում են ամեն ինչի մասին՝ մոռանալով կամ անտեսելով ազատագրված տարածքները բնակեցնելու գերագույն խնդիրը: Ա՛յդ կերպ միայն հնարավոր կլինի, ըստ իս, փակել տարածքների հանձնման կամ փոխանակման մասին բոլոր խոսակցությունները` բոլոր ատյաններում… «Հողը նրանն է, ով այնտեղ ապրում է» արտահայտության համար, սակայն, երբեմն ինձ քննադատել են արտերկրի մեր հայրենակիցները, հատկապես՝ ՀՀ անկախությունից հետո երկրից արտագաղթածները` բազում հիմնավորումներով ջանալով արդարացնել հայրենի հողը լքելու իրենց որոշումը… Ժամանակին նրանց պատասխանել եմ կարճ. «Դուք ձեր բաժին հողը հանձնել եք առանց կրակոցի…»:

Գևորգ Յազըճյան Gevorg Yazedjian Геворг Язычян

Հողը նրանն է, ով այնտեղ ապրում է կամ Դուք ձեր բաժին հողը հանձնել եք առանց կրակոցի… You Have Surrendered Your Portion of Lands Without a Shot Вы сдали вашу долю земель без единого выстрела / Գևորգ Յազըճյան Gevorg Yazedjian Геворг Язычян

Վերջին շրջանում այս արտահայտությունը կրկին հաճախ եմ հոլովում: Ապրիլյան պատերազմից հետո մեր հանրությունը, երկրի ներսում թե դրսում, կրկին զանգվածաբար դարձավ քաղաքագետ, փորձագետ, դիվանագետ, վերլուծաբան, մեկնաբան և չգիտեմ, թե էլինչաբան… Ազատագրված հողերը հանձնելու մասին այս դատողություններն ու մեկնաբանությունները հայկական լրատվամիջոցներում և հատկապես սոցցանցերում ժողովրդի մի զգալի զանգվածի հասցրել էր հիստերիայի, բառիս բուն իմաստով` հանել հոգեկան հավասարակշռության վիճակից… Հոգեբանական այս տեռորը (հատուկ եմ օտար բառ գործածում), կարծում եմ, հստակ նպատակաուղղված գործողություն է: Ենթադրում եմ` բարոյահոգեբանական այսպիսի մթնոլորտ է ստեղծվել մեր երկրում նաև 1920 թվականին` Կարսի անառիկ բերդն առանց կրակոցի թշնամուն հանձնելուց առաջ: Հասարակության մեջ հատուկ սերմանվող հուսահատության և անելանելիության ալիք ստեղծողներն արցախցիները չեն, ոչ էլ սահմանապահ դիրքերում կանգնած անկախության մեր հրաշք-սերնդի ներկայացուցիչները… Պարտվողականները կամ օտար ուժերի գործակալները (նշանակություն չունի` ներդրված թե տեղացի) ջանում են ցույց տալ մեզ և աշխարհին, որ հայկական ուժերը չեն կարող դիմակայել Արդբեջանի հարձակմանը…
Արցախյան քառօրյայից հետո առաջիններից մեկը ես խոսեցի այս մասին համացանցում` հիշեցնելով խուճապի մատնված մեր հայրենակիցներին, որ նման ալիք պարբերաբար բարձրանում է մեր երկրում: Ի դեպ, սա երկրորդ հուժկու ալիքն էր 90-ական թվականների վերջերից հետո, երբ ԶԼՄ-ների գլխավոր թեման կրկին առնչվում էր հողերը հանձնելուն, ավելի ճիշտ` ծախելուն, և կրկին անգթորեն խաղում էին ժողովրդի զգացմունքների հետ` հականե-հանվանե վստահաբար նշելով շրջանները, հանձնման օրը, ժամը… Այնպե՜ս էին «վերլուծաբանները» ապավինում իբր միայն իրենց հասանելի բավական «ստույգ» աղբյուրներին, ասես «տեղեկացված» էին բոլոր գերգաղտնի փաստաթղթերի բովանդակություններին…
Դեռ որքա՞ն ժամանակ «հողերը հանձնելու» թեման մեզ համար կլինի օրակարգային…

«Վէմ» ռադիոկայան
8. 02. 2017
Այստեղ՝ ՀՈՂԸ ՆՐԱՆՆ Է, ՈՎ ԱՅՆՏԵՂ ԱՊՐՈՒՄ Է…

Հողը նրանն է, ով այնտեղ ապրում է կամ Դուք ձեր բաժին հողը հանձնել եք առանց կրակոցի…
You Have Surrendered Your Portion of Lands Without a Shot
Вы сдали вашу долю земель без единого выстрела

Добавить комментарий