Հայոց հայրենատիրություն. Վիլսոնյան Հայաստան

 Հասմիկ Գուլակյանի զրույցը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի հետ

Արա Պապյան Ara Papyan Ара Папян / Հայոց հայրենատիրություն. Վիլսոնյան Հայաստան Wilsonian Armenia Вильсоновская Армения

Եզակի դրամատիկական էին ժամանակները հայության համար 20-րդ դարի առաջին քառորդին: Ինչե՜ր տեղի ունեցան: Թվում էր, թե Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կրած պարտությունից հետո վերջինս ստիպված կլինի հատուցել իր ոճրագործությունների համար: 1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որի հիմքում Սայքս Պիկոյի 1916 թ. համաձայնագրի և Սան Ռեմոյի 1920 թ. խորհրդաժողովի որոշումներն էին, որոնք վերաբերում էին միջպետական սահմանների հստակեցման, քաղաքական, ազգային փոքրամասնությունների պաշտպանության, գերիների ու պատիժների, ռազմական, տնտեսական, ֆինանսական, ճանապարհային հաղորդակցության և մի շարք այլ հարցերի: Սևրի հաշտության պայմանագիրն այդպես էլ մնաց որպես բարի կամքի արտահայտություն. այն հետագայում չվավերացվեց՝ միջազգային դրության կտրուկ բարդացման, ավելի ճիշտ՝ ՀՀ քեմալա-բոլշևիկյան ներխուժման հետևանքով, իսկ պայմանագիրն ստորագրած պետությունները հետամուտ չեղան իրենց որոշումների իրականացմանը… Եվ, փաստորեն, պատերազմում ջախջախված Օսմանյան կայսրությունը գերտերությունների բանակցությունների արդյունքում ընդլայնեց իր տարածքը, անգամ դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, հետո անդամակցեց ՆԱՏՕ-ին… Սա թուրքական (և ոչ միայն թուրքական) ցինիզմի հաղթանակն էր և է՛ միջազգային մակարդակով… Սևրին շուտով հաջորդեց միջազգային մեկ այլ կարևոր իրադարձություն, որը կոչված էր սրբագրելու պատմական այդ խառնակ ժամանակաշրջանի սխալներն ու բացթողումները: Նույն՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, երբ ՀՀ-ն արդեն ծնկի էր եկել և այլևս չէր կարողանալու ոտքի կանգնել, ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921) Վուդրո Վիլսոնը (1856-1924) պետդեպարտամենտում ներկայացրեց իր Իրավարար վճիռը՝ Թուրքիայի և Հայաստանի պետական սահմանի վերաբերյալ: Ցավոք, այս վճիռը նույնպես չիրագործվեց: Պատճառները շատ են:
Քանի որ նման որոշումներն ու փաստաթղթերը վաղեմության ժամկետ չունեն, մեր որոշ քաղաքական այրեր և պատմաբաններ ժամանակ առ ժամանակ անդրադարձել և այսօր էլ անդրադառնում են պատմաքաղաքական այս իրողություններին: Վերջին տարիներին Սևրի հաշտության պայմանագրի և Վիլսոնյան Հայաստանի մասին առավել հաճախ է խոսում պատմաբան, իրավաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
***
ԱՄՆ-ի դիվանագիտության պատմության մեջ արձանագրվել է մի աննախադեպ փաստ: 1927-ի հունվարին Սենատը չի վավերացրել 1923-ին կնքված թուրք-ամերիկյան պայմանագիրը: Սենատորներն իրենց մերժումը հիմնավորել են մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը»: Սա այնպիսի անժամանցելի հաղթաթուղթ է ԱՄՆ-ի ձեռքին, որ սեփական քաղաքական շահերը պաշտպանելիս յուրաքանչյուր պահի կարող է նեղը մատնել Թուրքիային: Վիլսոնից հետո ԱՄՆ-ի բոլոր նախագահները, առանց բացառության, ունեցել են ընդգծված թրքամետ դիրքորոշում: Նրանք ոչինչ չեն արել Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ: Վիլսոնի «14 կետերի», Հայաստանի ամերիկյան մանդատի, Սևրի պայմանագրի, Վիլսոնի Իրավարար վճռի և, առհասարակ, հետպատերազմյան տարիներին Արևմուտքի դիվանագիտական խոհանոցում Հայկական հարցին ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող խայտառակ քաշքշուկի մասին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար լորդ Ջորջ Քերզոնը, որն այդ խոհանոցի գլխավոր դերակատարներից էր, նկատել է. «Հայաստանի (Արևմտյան Հայաստանի – Հ. Գ.) ազատագրումը եղել է դաշնակիցների առավել հաճախ հռչակած պատերազմական նպատակներից մեկը: Դա հռչակել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, նախագահ Վիլսոնը: Հետևաբար՝ դաշնակիցները բարոյական մեծ պատասխանատվություն ունեն դրանց նկատմամբ: Նրանք չեն կարող իրենց ձեռքերը լվանալ այդ հարցերից»:

«Վէմ» ռադիոկայան
15. 02. 2017

Հայոց հայրենատիրություն. Վիլսոնյան Հայաստան
Wilsonian Armenia
Вильсоновская Армения

Добавить комментарий