ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ (անտիպ հուշեր)

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
(անտիպ հուշեր)

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ (անտիպ հուշեր)

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ VAHRAM ALAZAN ВАГРАМ АЛАЗАН 1935թ.

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
– Ակեջկլես, Աչքդ լյոս, ուստա Մարտիրոս, էսօր Աղավնի խաթուն քե խամար մեկ խաթ ոսկեբռչամ լաճ ի պիրե, լաճ …
«ՏԱՏՄԵՐԸ» (ժողովրդական մանկաբարձուհի), վերոհիշյալ խոսքերով է դիմավորել աշխատանքից տուն վերադարձող ուստա Մարտիրոսին։ Վերջինս ձեռքը տանելով իր փորի վրա կապված հաստ շալին, նրա ծալքերից դուրս է քաշում քսակը և նրա միջից հանելով «տատմոր» ափի մեջ է դնում տաճկական կես ոսկիանոցը։
Այս մասին, հետագայում, ինձ շատ է պատմել հայրս, վերջում ավելացնելով. «Ապա՜, բալամ, քո աշխարհ գալու օրը ես «տատմորը» կես ոսկի պաշխել եմ տվել»։ Ինչպես կռահեց ընթերցողը, այդ «ոսկեբռչամ լաճը» ես եմ եղել։
Իմ մանկությունն անց է կացել Վան քաղաքի «Այգեստաններ» թաղամասի Խանիկյան փողոցում։ Այդ փողոցը Խանիկյան էր կոչվում, հավանաբար նրա համար, որովհետև փողոցում ապրում էին Խանիկյան ազգանունով մի քանի ընտանիքներ։
Միակ բանը, որ անջնջելի է մնացել իմ մանկական հուշերում, դա մեր տան կից գտնվող այգին էր իր բազմաթիվ պտղատու ծառերով, որոնց մեջ արժեքավոր էին «մալաչա», «մալաղեկ» տանձերի և «դալասլի» խնձորի ծառերը։
Խիստ ուշագրավ էր մեր այգում գտնվող ծաղկանոցը իր բազմագույն ու բազմաբույր ծաղիկներով։ Ծաղկանոցը շրջապատված էր գույնզգույն վարդերի թփերով, որի շնորհիվ սոխակները միշտ հյուր էին գալիս մեր ծաղկանոցին, և գուցե այդ էր պատճառը, որ իմ անդրանիկ բանաստեղծության նյութը վարդն ու սոխակն են, բայց այդ մասին քիչ հետո։
Չնայած իր ամենօրյա ֆիզիկական ծանր աշխատանքին, մեր ծաղկանոցը ցանում մշակում և աճեցնում էր հայրս, ինքը։
Մանկության օրերից աչքս բացելով այդ բազմատեսակ ծաղիկների վրա, ամբողջ կյանքումս ես շատ եմ սիրել ծաղիկներ։
* * *
Հայրս՝ ուստա Մարտիրոսը, Վանում անուն հանած կառուցող հյուսն էր։ Նա ոչ միայն ուստա էր այլև ուստաբաշի (վարպետների ավագ)։ Վանում երբ պետական կամ մասնավոր մի շենք էր կառուցվում, իսկույն հրավիրում էին հորս և նրան հանձնում շինարարության ամբողջ ղեկավարությունը։ Նա իր շուրջն էր հավաքում բազմաթիվ այլ վարպետների, սկսում և ավարտում էր տվյալ շենքի կառուցումը։ Նա մի տեսակ ինժեների աշխատանք էր կատարում։
Շնորհիվ իր աշխատանքի և նրանից ստացած բավական մեծ վաստակի, նա կարողանում էր մեր ընտանիքի համար ստեղծել բարեկեցիկ կյանք։ Ամեն աշուն, նա ձմեռվա համար հարուստ պաշար էր հավաքում (յուղ, պանիր, ղավուրմա, աղ դրած միս, ալյուր, թաց և չոր մրգեր, տեսակ-տեսակ թթուներ և այլն):
Ամեն իրիկուն աշխատանքից վերադառնալիս նա իր խուրջինի երկու կողմերը լիքը լցրած բերում էր փայտի կտորտանք ձմռանը վառելու համար։
Հայրս շատ հյուրասեր և ընկերասեր մարդ էր։ Նա չէր սիրում մենակ սեղան նստեր։ Պատահում էր, որ կիրակի առավոտյան, խուրջինը ուսը գցած գնում էր շուկա ճաշի համար կենսամթերքներ բերելու, բայց տուն էր դառնում դատարկ խուրջինով, և ետևից գցած 6-7 ընկեր-արհեստավոր։ Տուն մտնելով, նա դիմում էր մորս.
– Աղավնի, սեղան բաց արա։ Խեղճ մայրս տարակուսում էր, և չգիտեր թե ինչպես հյուրասիրել այդ անակնկալ հյուրերին, բայց տան եղածով մի կերպ կարողանում էր հյուրասիրությունը գլուխ բերել։ (Գինին և օղին մեր տնից միշտ անպակաս էին և դա հեշտացնում էր մորս գործը՝ նման անակնկալ հյուրերին ճամփու դնելու համար)։ Հայրս սովորություն ուներ իր հյուրասիրությունները պսակել ասիական երաժշտությամբ, դրա համար էլ «Կուջոյի զալկին» մեր տնից անպակաս չէր։
Մայրս Աղավնի խաթունը, հավատացյալ, համեստ, ընտանիասեր, անգրագետ մի կին էր նա կատարում էր մեր տան ամբողջ գործը (հաց թխել, ճաշ պատրաստել, կարել-կարկատել, լվացք անել և այլն)։
Հորս և մորս միջև հաճախ էր կռիվ տեղի ունենում։ Հայրս պահանջում էր, որ հաց թխելու և լվացք անելու համար՝ մայրս կանայք հրավիրեր, վարձատրելով նրանց, բայց մայրս հակառակվում էր դրան ասելով, թե «ես չեմ ուզում, որ խաբար տանող-բերող խացթուղ մտնի իմ տուն»։
Հոր և մոր կողմից իմ պապերին ես չեմ տեսել։ Մորս կողմից տատս Խուռիկ (Հռիփսիմե) խաթունը՝ գրագետ, հավատացյալ մի պառավ էր, նա ինձ շատ էր սիրում, հաճախ ինձ ժամերով դրած իր ծնկներին կարդում էր «Աստվածաշունչ», «Ավետարան», «Նարեկ» և այլ գրքեր։ Գրքերի ընթերցանությունից զատ, նա ինձ համար երգում էր ժողովրդական երգեր, պատմում հեքիաթներ և այլն։ Ես շատ էի սիրում տատիս և երազում էի այն օրը, երբ ինքս էլ նրա նման կկարդամ գրքեր և կպատմեմ հեքիաթներ (գրքի և գրականության սերն իմ մեջ անցել է ըստ երևույթին տատիս միջոցով)։
Մորեղբայրս Գաբրիել Միրիջանյանը, հաճախ գալիս էր մեր տուն և շատ էր սիրում խաղալ ինձ հետ։ Մի անգամ, նա այսպիսի մի խաղ սարքեց, իր գրպանի հայելին բռնած արևի դեմ նրա շողքն անդրադարձնում էր իմ աչքերի մեջ։ Ես խույս տալով այդ տհաճ խաղից, հետ-հետ գնացի և հետևով ընկա պատի կողքին դրած սանդերքի վրա։ Մայրս սարսափահար ճիչ արձակելով վազեց դեպի ինձ, գրկեց և դուրս քաշեց հետույքիս մեջ մտած սանդերքը ու սկսեց կռվել իր եղբոր հետ, այդ չարաբաստիկ խաղի համար։ Դրանից հետո, ամեն անգամ երբ մեր տուն էր գալիս մորեղբայրս ես սարսափահար փախչում էի նրանից բացականչելով «բաբո-բաբո», այսինքն՝ «Գաբրիել-Գաբրիել»։
Մեծ եղբայրս՝ Եղիազարը, ավարտել էր Վանի հայկազյան կենտրոնական Վարժարանը։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, տանը նստած զբաղվում էր գեղարվեստական գրականությամբ, ընթերցանությամբ և նկարչությամբ։ Նա նկարում էր ջրաներկով, բայց նրա հաջողությունը դիմանկարների մեջ էր։ Սպիտակ, խավոտ թղթի վրա, նա ածուխով նկարում էր դիմանկարներ։ Հաջողությամբ նկարել էր հայ կլասիկների՝ Րաֆֆու, Շիրվանզադեի, Նար-Դոսի, Ավ. Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի և Պետրոս Դուրյանի դիմանկարները, որոնցով զարդարել էր մեր սենյակի չորս պատերը։
Նկարչությունից զատ, Եղիազարն զբաղվում էր նաև դերասանությամբ։ Վանի ինքնագործ թատերական խմբերում նա խաղում էր բացառապես կանացի դերեր։ «Արտասուքի հովիտ» պիեսում, նա մեծ հաջողությամբ խաղում էր Հյուրիի դերը, այդ պատճառով էլ Վանում շատերը նրան ոչ թե Եղիազար էին կոչում այլ Հյուրի։ Նա խաղում էր նաև Օֆելյայի և Դեզդեմոնիայի դերերը՝ Շեքսպիրի պիեսներում։
Պատանեկության տարիներից զբաղվելով նկարչությամբ, իր կյանքի հասուն տարիներին Եղիազարը հայտնի դարձավ, որպես նկարիչ և ծաղրանկարիչ՝ Ե. Դանչո ծածկանունով։
Եղիազարի դեմքին արդեն նկատվում էին առաջին աղվամազերը։ Դրանով երևի ոգևորված և իրեն արդեն «տղամարդ» համարելով, նա սկսել էր ծխել։ Ծխում էր հորիցս և մորիցս թաքուն։
Ձմռան մի երեկո, ամբողջ ընտանիքով բոլորված մեր «քուռսու» տակ տաքանում էինք։ Եղիազարը նստած էր հորս կողքին։ Քիչ հետո նա վեր կացավ, որ դուրս գնա։ Քուռսու տակ նստած ժամանակ նրա գրպանից սահել և ընկել էր ծխախոտի մետաղյա, փայլուն տուփը։ Հայրս նկատելով այդ տուփը վերցրեց իր ձեռքը և Եղիազրի հետևից բացականչեց.
– Աղպեր, ախպեր զկարիդ կութին մոռցար, արի տար։ Եղիազարը վերադարձավ, որ տուփն ստանա այդ րոպեին հայրս, զսպանակի պես վեր ցատկեց տեղից և սկսեց բռունցքներով հարվածել Եղիազարի թիկունքին, բացականչելով.
– Չկարա կքաշիս հա, … Չկարա կքաշիս հա, … առ քեզ չկարա, առ քեզ չկարա, -բացականչում էր գազազած հայրս, ավելի սաստկացնելով իր հարվածները։ Այս պատժից հետո Եղիազարի գրպանից անհայտացավ ծխախոտի տուփը։ Նա ծխախոտը թաքցնում էր մեր տան անկյուններից մեկում և ծխելիս բարձրանում էր կտուրը, որ իրեն ոչ ոք չտեսնի։
Ինձանից մի քանի տարով փոքր քույրս Սիրվարդը, հանդիսանում էր իմ միակ խաղընկերը մեր տան մեջ։ Ամբողջ օրը ես վազվզում էի նրա հետևից, քաշքշում շորերը, մազերը և այտերը։
Մի անգամ մայրս հանձնարարեց ինձ և Սիրվարդին ջրհորից մի դույլ ջուր քաշել։ Դույլը ծանր էր երկու հոգով հազիվ էինք քաշում ջրհորից։ Երբ դույլը հասցրել էինք մինչև ջրհորի կեսը Սիրվարդն ասաց.
— Վահրամ, դու չվանը բռնիր ես գնամ արտաքնոց գամ։ Սիրվարդի գնալուց անցավ բավական ժամանակ, բայց նա չկար ու չկար, ծանր դույլը ձեռքիս, ես նայում էի ջրհորի մեջ և մտածում, թե ուր կորավ իմ քույրը։ Վերջապես, ճարահատյալ, մեծ ուժ գործադրելով ինձ վրա, դույլը դուրս քաշեցի հորից և գնացի որոնելու քրոջս։ Դուրս գալով դեպի այգին, տեսա, որ խորամանկ քույրս ինձ խաբել է և նստած գետնին կորիզ էր ջարդում և ուտում։ Ինձ մնում էր հարձակվել նրա վրա և ծեծել։
Սիրվարդից հետո ծնվեց իմ երկրորդ քույրը Սիրանուշը (Նուշիկ), որը վտիտ, հիվանդոտ մի երեխա էր։
Եղիազարից զատ ուրիշ եղբայր ես չունեի ինձանից մի քանի տարի առաջ, ծնվել էր մի տղա, որին նույնպես Վահրամ էին կոչել, բայց նա երկու տարեկան հասակում մահացել էր, ինձ, որպես ժառանգություն թողնելով իր անունը։
* * *
Քաղաքի նախիրն, ամեն առավոտ, անցնում էր մեր փողոցով և ապա մտնելով Նախրի փողոց, գնում էր դեպի բաց դաշտը՝ արոտի։
Նախրի հետևից գնում էր պատանիների և երիտասարդների մի թափոր, նրանցից յուրաքանչյուրն իր կռնակին կապած ուներ տախտակից շինված մի կողով։ Երբ կովերից մեկը թրքում էր այդ տղաներից մեկը վրա էր վազում և զույգ ձեռներով վերցնում թրիքը և գլխի վրայով նետում կողովի մեջ։ Պատահում է, որ նա վրիպում էր և թրիքը թափվում էր նրա ծոծրակի կամ գլխի վրա։
Այդ պատանիներն ու երիտասարդները աղքատ ընտանիքների զավակներ էին, որոնց կոչում էին «կու ժողվողներ» (թրիք հավաքողներ)։
Երեկոյան նախրի հետ միասին նրանք տուն էին վերադառնում ծանր կողովներով։ Մայրերը որդիների բերած թրիքից աթարներ էին թխում ձմռանը թոնիրների մեջ վառելու համար։
Բավական էր, որ նախրի մեջ կովերից մեկը պոչը բարձրացներ, երբ պատանիների և երիտասարդների մեջ սկսում էր ուժեղ խլրտում։
— Կարմիր կովը պիտի կույի, կուն իմն ի, – բացականչում էր նրանցից մեկը։
— Բալաք կովը պոչը բարձրացրեց, կուն իմն ի, — բացականչում էր մի ուրիշը։ Պատահում էր, որ մի կովի թրիքի վրա մի անգամից հարձակվում էին մի քանի հոգի։
Ձեռքերն իրար էին խառնվում, կողովները իրար էին բախվում և սկսվում էր տուր ու դմփոցը։
Նրանք հաճախ թրիքոտ, հողոտ ձեռներով խփում էին իրար քիթ ու բերանին, հաճախ էլ արյունը ներկում էր թրիքոտ դեմքերը։
Աա աղքատության փայլուն բեմադրությունն էր մեր փողոցում։
Ես հաճախ էի դիտում կու ժողվողների կռիվը և մտքումս ուրախանում, որ ինձ չէր վիճակված կու ժողվելու գնալ, որովհետև մեր երկու կովերն ապահովում էին մեր թոնրի ձմեռային վառելիքը, իսկ վառարանի համար, ինչպես վերը նշեցինք, հայրս բերում էր փայտի կտորտանք իր աշխատավայրից։
* * *
Մեր տան դիմաց գտնվում է Վանի հայտնի հարուստներից մեկի՝ Հյուսյան Մկրտիչ աղայի (Հաճի աղայի) մեկ հարկանի մեծ տունը։ Մեր թաղեցիներից ոմանց պատմելով Հյուսյանենց տանը կար հարյուր սենյակ։
Եթե հարյուր սենյականոց այդ տանը ճոխ կյանքով ապրում էր Հյուսյանենց ընտանիքը, ապա կարծես որպես նրա հակապատկերը մեր փողոցի սկզբում, մի հարկանի ավերակ տան մեջ ապրում էր «Ծուռ Շողոն»։ Նա երիտասարդ մի կին էր, մերկ մարմինը ծածկված ցնցոտիներով, նրա գլուխը բնավ սանր կամ սապոն չէր տեսել։ Ցերեկը նա շրջում էր տնից տուն, հաց մուրում և երեկոյան վերադառնալով իր «տունը» փաթաթվում էր կեղտոտ փալասների մեջ և քնում բաց երկնքի տակ։
Թե ինչու նա ծուռ-խելագար էր, այդ ոչ ոքի հայտնի չէր։ Արդյոք ձախողված սերն էր խելագարացրել նրան, թե մի այլ պատճառ։
Յոթ տարիս դեռ չէր լրացել, երբ եղբայրս՝ Եղիազարը, ձեռքիցս բռնած ինձ տարավ մեր տանը մոտիկ գտնվող Արարքի ծխական դպրոցը։
Այդ նշանավոր օրվա առթիվ, մայրս գունավոր մետաքսից կարել էր ինձ համար նոր մի «թուլում» (աղջկա շրջազգեստին նմանվող երկարաքղանցք մի շոր, առջևի մասը վերևից ներքև բաց)։
Գույնզգույն թուլումը հագիս, նոր կաղապարված ֆեսը գլխիս, եղբորս ձեռքից բռնած ես մեծ հպարտությամբ ներս մտա դպրոցի շենքը։
Դպրոցի տիսղարանում մի քանի ձևականություններ կատարելուց հետո, ինձ տարան «ծաղկոց» նախապատրաստական դասարան։ Ծաղկոցի շենքը ընդարձակ մի սրահ էր։ Երեխաները ծալապատիկ նստած իրենց դմփիկների վրա, գլուխները կախ, ինչ-որ մրմռում էին։
«Ծաղկոցի» աջակողմյան մասը բոլորովին ազատ էր։ Տեսնելով այդքան ազատ և հարթ տարածություն, ես սկսեցի իմ սիրած «ավանավոտիկ» խաղը (մի ոտքը կծկած թռչկոտել մյուս ոտքի վրա)։
Ուրախ-ուրախ թռչկոտելով ես ետ ու առաջ էի գնում, երբ հանկարծ լսվեց զանգի ձայնը։ Թե ինչ զանգի ձայն էր այդ ես չգիտեի։ Զանգի ձայնի հետ միասին ես իմ հրեսին զգացի շառաչուն մի ապտակ և վայր գլորվեցի, նոր կաղապավորված ֆեսս թռել և ընկել էր պատի տակ։
Պարզվեց, որ զանգը դասերն սկսվելու ազդանշանն էր, իսկ ինձ ապտակողը «ծաղկոցի» ուսուցիչ պարոն Կարապետ Դանթոյանն էր եղել, որը տեսնելով ինձ դասի ժամանակ թռչկոտելիս, որոշել էր պատժել։
Պարոն Կարապետ Դանթոյանի այդ ապտակն ես երկար ժամանակ չէի կարող մոռանալ և սկսեցի ատել բարձրահասակ, կարմիր, ծաղկատար դեմքով այդ ուսուցչին։ Եվ երբ 1915 թվի գարնանը տաճկական կառավարությունը նրան, ուրիշ հայ մտավորականների հետ միասին գազանաբար սպանեց ինձ թվում էր, որ «աստված պատժեց պարոն Կարապետ Դանթոյանին ինձ ապտակելու համար»։
Երրորդ դասարանում էի, երբ գրեցի առաջին բանաստեղծությունս՝ «Գարուն» վերնագրով։ Այդ բանաստեղծության ձեռագիրը չի պահպանվել, բայց ես դեռ հիշում եմ նրա առաջին տունը, որը հետևյալն է.–

Ահա եկավ ծաղկի գարուն,
Ահա բացվավ վարդը սիրուն,
Ահա եկավ սոխակ փութով,
Յուր սիրելի վարդինը քով։

Դասարանցիներս իմանալով իմ այս բանաստեղծության մասին, «մատնեցին» մեր ուսուցչուհի տիկին Մաքրուհի Դեղձունյանին։ Տիկին Մաքրուհին տարավ իմ բանաստեղծությունը դպրոցի տեսուչ պարոն Կարապետ Աճեմ-Խաչոյանի մոտ։ Տեսուչն ինձ հրավիրեց իր առանձնասենյակ, գովեց բանաստեղծությունս, հայրաբար շոյեց այտերս և ասաց.
– Ապրես տղաս, գրե շատ-շատ գրե։ Քեզ մե անպայման բանաստեղծ դուրս կգա։
Երրորդ դասարանում էի, երբ մեր հարևան և իմ ընկեր Երվանդ Խանիկյանի հետ հրատարակում էինք խմորատիպ, երգիծական մի ժուռնալ «Կիկո» անունով։ Երկուսով և գրում էինք և նկարում էինք ժուռնալի բոլոր նյութերը։
1914 թվականի աշնանը գերազանց թվանշաններով ես ավարտեցի Արարքի ծխական դպրոցը, բայց համաշխարային առաջին պատերազմը և նրան հաջորդող ծանր դեպքերը զրկեցին ինձ ուսումս շարունակելու հնարավորությունից։
***
Պատերազմից մի տարի առաջ հայրս սկսեց մեզ համար նոր երկհարկանի տուն կառուցել։ Տունը նոր էր ավարտված, երբ սկսվեց պատերազմը և մեր ընտանիքին հասավ ծանր մի դժբախտություն, մայրս հիվանդացավ բարդ տեսակի հոդացավով։ Տեղական բժիշկներն ու հեքիմները ոչ մի դարման գտնել չկարողացան և խեղճ կինը ձեռնափայտին հենված, հազիվ էր քայլում։
Մորս մշտական բաղձանքն էր.
Ախ աստված ջան, չմեռնիմ, երկու տղաներիս պսակիմ հարսնիր պիրեմ, թոռներիս օրորիմ նոր թող մեռնիմ։
Բայց, ավաղ մորս այդ բաղձանքն անկատար մնաց և նա մեռավ 1915 թվականին Երևանի Զառաբի «Քարվանսարա»-ի մութ և խոնավ սենյակներից մեկում, բայց այս մասին կպատմեմ հետո։
Մի տարի Վանում լույս ընկավ Անդրկովկասից եկած երիտասարդ մի հայուհի Կատյա անունով։ Վանի նահապետական պայմաններում այդ կինն իրեն խիստ ազատ էր պահում։ Նա հագնում եվրոպական մոդայի շորեր երեսն ու գլուխը բաց, հաճախում էր «կազինո» (կաֆե-ռեստորան), տղամարդկանց հետ սեղան էր նստում, ծխում էր, խմում և դրամով թուղթ խաղում։
Մի անգամ հայրս ու մայրս մեր տանը փսփսում էին, որ մեր երիտասարդ ազգականներից մեկը, քսան ղուրուշ վճարելով, գիշեր ժամանակ փողոցում համբուրել էր այդ կնոջը։ Համբույրներ վաճառելուց զատ Կատյան ամուրի երիտասարդներին և ամուսնացած տղամարդկանցից ոմանց վաճառում էր նաև իր մարմինը։ Որ ընտանիքում, երբ տղամարդը գիշերն ուշ էր գալիս, կինն իսկույն կասկածում էր, որ իր ամուսինը եղել է Կատյայի մոտ։ Այս հողի վրա տեղի էին ունենում ընտանեկան դժգոհություններ և գժտություններ։
Կատյայի կողմից «տուժած» մի քանի կանայք, պատվախնդիր պառավների գլխավորությամբ, վերջապես, որոշում են պատժել անբան և անառակ այդ կնոջը։
Պատիժը տեղի է ունենում հետևյալ պարագայում։ Մի առավոտ տուժած կանայք ու նրանց ոգևորող պառավները հավաքվում են նրանցից մեկի տանը և Կատյային հրավիրում նախաճաշի։ Տան ներքնահարկի կենտրոնում վառվելիս է լինում թոնիրը, որի վրա դրված են լինում երկու երկաթներ։ Երբ Կատյան ներս է մտնում տան տիրուհին ժպտուն դեմքով դիմում է նրան.
– Համեցիր, համեցիր խեղճ աղջիկ, մեն-մենակ ես ապրում, ոչ եփող ունես, ոչ թափող։ Համեցիր միասին կաթնով չայ խմենք և հալվա ուտենք։
Երբ Կատյան արդեն ներս է մտնում երիտասարդ կանայք և պառավները վեր են կենում տեղից հարձակվում նրա վրա, հանում են բոլոր շորերը, մերկացնում և գցում են չոր հատակի վրա։ Ապա փալասով վերցնելով թոնրի վրա արդեն շիկացած երկաթները սկսում են դաղել նրա հետույքն ու ազդրերը։ Շիկացած երկաթը փոխնիփոխ անցնում է բոլոր կանանց ձեռքով յուրաքանչյուրն իր հերթին երկաթը հպելով անառակ կնոջ փափուկ տեղերին, ասում է.
– Էս մեկն իմ մարդու խամար,
– Էս մեկն էլ իմ ախպոր խամար,
– Էս մեկն էլ իմ ազիզ տղի խամար։
Սաստիկ ցավերում տանջվող կինը զուր է ճչում, խնդրում, աղաչում, որ իրեն բաց թողնեն, բայց նրա դատավորները խիստ դաժան են լինում և մինչև զոհը չի ուշաթափվում նրանից ձեռք չեն քաշում։ Դաղված վերքերը փոքր ինչ բուժվելուց հետո Կատյան անհայտացավ Վանից, տանելով իր հետ մեծ քանակությամբ ոսկե դրամ և դրա փոխարեն Վանեցի մի քանի տղամարդկանց ժառանգություն թողնելով «տիրամոր յարա» (սիֆիլիս)։
Կատյայի մասին վերոհիշյալ պատմությունը ես քաղել եմ մորս և մեր հարևանուհիների խոսակցություններից։ Ինչպես հայտնի է, երեխաները մեծ սեր են հանդես բերում մեծերի խոսակցություններ լսելու։ Ես էլ այդ երեխաների նման շատ էի սիրում լսել մորս և մեր հարևանների խոսակցությունը, մանավանդ, երբ այդ խոսակցությունները լինում էին կենցաղային հարցերի շուրջը, առանց բնավ մտածելու, որ հետագայում ինձ պիտի վիճակվի գրել այդ մասին։
Առաջին համաշխարհային պատերազմը հայտարարվելուց հետո, Վանում ժողովրդի տրամադրությունը չափազանց ընկավ։ Բոլորը սարսափում էին կոտորածից։ Տներում սկսեցին հայտնվել զենքեր։ Հաճախ հորս արհեստակից ընկերները մեզ մոտ էին գալիս, հետները բերելով փալասների մեջ փաթաթած հրացաններ, ատրճանակներ և փամփուշտներ։ Հայրս այդ ամենն ընդունում էր և պահում մեր ցորենի ամբարի հետևում, իր ձեռքով շինած հատուկ պահարանում։ Եկավ ժամանակ, որ այդ զենքերը շատ պետք եկան, բայց այդ մասին քիչ հետո։
Մեր տան մոտ էր գտնվում «Արարուց Մեյդանը» (արարքի հրապարակը)։ Այդ հրապարակը հանդիսանում էր կիրակնօրյա շուկա։ Գյուղերից և քաղաքամերձ բոստաններից ու բանջարանոցներից ամեն կիրակի այնտեղ էին բերում վաճառելու սեխ, ձմերուկ և զանազան տեսակի բանջարեղեն, յուղ, պանիր այլ և այլ կենսամթերքներ և կենդանի մսացու անասուններ։ Հրապարակի չորս կողմերում շարված էին կենսամթերքների, մրգերի և այլ պիտույքների խանութներ։ Հրապարակում էին գտնվում երկու փուռ, մի դարբնոց, մի «կազինո» և մի ձիթահանք։ Հրապարակի խորքում գտնվում էր Արարուց եկեղեցին և հինգ դասյան ծխական դպրոցը։ Հրապարակի արևմտյան մասում գտնվում էր «մարքազը» (ոստիկանատունը)։
Դպրոց գնալիս գալիս, ես միշտ անցնում էի արարքի հրապարակով։
Դպրոցից տուն վերադառնալիս, ամեն անգամ ես կանգնում էի դարբնոցի առաջ և ակնապիշ հայացքով դիտում ներսում կատարվող աշխատանքը։
Դարբնոցի կենտրոնում դրված էր քուրան, որի ետևի մասում գտնվում էր մեծ փուքսը։
Մոտավորապես իմ տարիքի մի տղա կանգնած փուքսի մոտ, նրանից կախված պարանն անընդհատ վեր ու վար էր անում փուքսը փսփսում էր և քուրայում բորբոքվում էր կրակը։ Ես իմ մտքում նախանձում էի այդ տղային, համարելով նրան աշխարհի ամենաերջանիկ երեխան։ Որքան էի ցանկանում կանգնած լինել նրա տեղը և փչել այդ կախարդական թվացող փուքսը։
Մի անգամ, երբ դարբնոցի դռան մոտ կանգնած ներս էի նայում, դարբինն ինձ դիմելով հարցրեց.
– Տղա, վիր լաճն իս
– Ուստա Մարտիրոսի, – պատասխանեցի ես։
Գաբուզի Մարտիրոսի, – հարցրեց դարբինը
– Խա, – պատասխանեցի ես
– Դե, որ ըսկուն ի ասաց դարբինն ինձ պարզելով կավե մի փարջ, – տար էս փարջը զար ախպրի գլխի պաղ քյարին և արի։ Ես մեխանիկորեն հասկացա և մեխանիկորեն էլ կիրառեցի դարբնի «պատկերավոր» արտահայտությունը։ Շտապ վազեցի Արարքի աղբյուրը խարճը խփեցի աղբյուրի գլխի մեծ քարին ետ վերադարձա և կանգնեցի դարբնոցի առաջ, նախանձով նայելով փուքս փչող տղային։ Դարբինը նկատելով ինձ հարցրեց.
– Տղա, եկար։
– Խա, — պատասխանեցի ես։
– Տղա, ապա փարճը դյորի, – տարակուսած հարցրեց դարբինը։
– Զարկի աղբրի քյարին, եկա,– ֊պատասխանեցի ես,– տյու սկուն չասիր… Դարբինը բարկացած բացականչեց.
– Վայ, սարսամ, վայ, տղա, բա տյու ախկլ չունիս։ Բա վարժատանն քե չեն սովրացրիլ, որ կասին «փարչը խփի աղբրի քյարին» կնշանակի թե՝ տար փարճը ճյուր լցրա բեր, վայ սարսամ, վայ…
Ես տարակուսանքով շարժեցի գլուխս և տուն վերադարձա, առանց այդ օրվա տարօրինակ դեպքի մասին պատմելու ծնողներիս, բայց դարբինն շտապել էր այդ մասին տեղեկացնելու հորս։ Հայրս իր որդու տված վնասի «ջառմեն» քաշելու նպատակով գրպանից հանել և դարբինն վճարել էր կոտրված փարչի արժեքը։
Մի անգամ էլ դպրոցից տուն վերադառնալիս, ես նորից կանգնեցի դարբնոցի առաջ և դիմելով դարբնին աղերսական տոնով ասեցի.
– Աղա, թող գամ ներս, փուքս փչեմ։
– Արե, բալա, — պատասխանեց դարբինն ժպտադեմ։
Մի քանի րոպե հետո, կյանքիս ամենանվիրական փափագը կատարված էր, ես կանգնած փուքսի հետև, մեծ հաճույքով շարժում էի փուքսից կախված պարանը։
Արարքի հրապարակ տանող փողոցի անկյունում գտնվում էր Սեթոյի «մեյխանան» (գինետուն)։ Ամեն երեկո, աշխատանքից վերադարձող արհեստավորները մտնում էին այդ մեյխանան, փոքր հանգստանում և մի-մի բաժակ գինի էին խմում։ Հայրս էլ էր հաճախ այցելում այդ մեյխանան։ Մի անգամ, նա ինձ տարավ իր հետ։ Ես ապշած դիտում էի գինու հոտով և ծխախոտի հոտով լցված այդ վայրը։ Շատ հաճախորդներ շահելու նպատակով, Սեթոն իր մեյխանի մի պատը զարդարել էր տվել գունավոր մի նկարով։ Այդ նկարը հետևյալ բովանդակությունն ուներ, ծառի տակ նստած էին երկու տղամարդիկ, իսկ նրանց վրա կռացած գեղեցկադեմ մի աղջիկ՝ բաժակներով գինի էր մատուցում նրանց։
Ավարտելով ծխական դպրոցը, մինչև Կենտրոնական Վարժարան գնալս, ես տանը նստած կարդում էի գեղարվեստական գրականություն և հաճախ էլ գրում էի։ Գրում էի և արձակ և չափածո։
Մեր նոր տունը արդեն ավարտված ու կահավորված էր։ Ամբողջ ընտանիքով, ի մի հավաքված, շնորհիվ հորս աշխատանքի, ապրում էինք մեր խաղաղ ու երջանիկ կյանքը, բայց ավաղ ամեն տակն ու վրա եղավ։
Եկավ 1915 թ. գարունը։ Վասպուրականի հայության համար ծանր ու արյունալի գարունը։ Գավառից լուրեր էին ստացվում, որ այնտեղ թուրքերն ու քրդերը սկեսել են կոտորել ու թալանել հայ գյուղացիությանը։
Գարնան սկզբին Վանի կուսակալ (նահանգապետ) Ջևդիդ փաշան իր մոտ էր հրավիրել թուրքական «մեջլիսի» (պառլամենտ) Վանի դեպուտատ՝ Վռամյանին և ասել, որ պետական կարևոր գործերով նրան կանչել են Պոլիս։
Ջևդիդն ասել էր Վռամյանին, որ նա պետական շոգենավով կարող էր Վանից գնալ մինչև Բիթլիս և ապա շարունակել ճանապարհը։ Այնուհետև Ջևդիդն ասել էր Վռամյանին. «Ձեր կյանքի ապահովության համար ես կարգադրել եմ, որ երկու թիկնապահներ ուղեկցեն ձեզ ամբողջ ճանապարհի ընթացքում։
Վռամյանը հաջորդ առավոտյան թիկնապահ երկու զինվորների ուղեկցությամբ նավ է նստում և ուղևորվում դեպի Բիթլիս։ Թիկնապահները՝ Վռամյանի կյանքը պահպանելու փոխարեն նավի վրա խեղդում են նրան և դիակը նետում Վանա լիճ»։
Ջևդիդ փաշայի ստոր դավադրության լուրը շուտով հասավ Վանի հայ բնակչությանը, և խիստ հուզեց բոլորին։ Ինչ է նշանակում իրենց ընտրած մեջլիսի դեպուտատին այդպես դավադրաբար և տմարդի կերպով սպանել…։
* * *
Վանի դաշնակցականների օգնելու և ժողովրդի աչքում ընկած նրանց հեղինակությունը բարձրացնելու նպատակով Անդրկովկասից, գաղտնի կերպով Վան էր եկել դաշնակցական հայտնի գործիչ Արամ Մանուկյանը-Արամ փաշան։ Կյանքի ապահովության նպատակով նա ապրում էր գետնափոր թաքստարաններից մեկում։ Վանում, համարյա ամեն ընտանիք ուներ այդպիսի թաքստարան, որն օգտագործվում էր վտանգի պահերին։
* * *
… Օրի-օրի վրա, սրտաճմլիկ լուրեր էին ստացվում գյուղերում տեղի ունեցած կոտորածների և ավերածությունների մասին։
Ճակատագրական այդ օրերին, հայրս աշխատում էր Վանի կառավարության հայտնի մի պաշտոնյայի՝ Թեֆիկ Բեյի անձնական տան շինարարության վրա։ Այդ տունը գտնվում էր քաղաքի թուրքական թաղամասի կենտրոնում, այդ պատճառով էլ մենք բոլորս սարսափում էինք, որ զուլում այդ օրերին՝ հայրս ամեն օր թուրքական թաղամասով անցնելով գնում էր աշխատանքի և նույն ճանապարհով էլ տուն վերադառնում։
Ապրիլի 7-ի կեսօրին Թեֆիկ Բեյը հանկարծակի վերադառնում է իր պաշտոնատեղից, հորս կանչելով տխուր տոնով ասում է.
– Ուստա Մարտիրոս, հավաքիր գործիքներդ և տուն գնա, այսօր լավ բաներ չեն սպասվում քաղաքում։ Գնա տուն, տանից դուրս մի գա, վաղն էլ կարող ես աշխատանքի չգալ, հարկավոր չէ, առայժմ նստիր տունդ։
Եվ որպեսզի հայրս թուրքական թաղամասով ապահով անցներ և տեղ հասներ Թեֆիկ Բեյը մի ոստիկան է կանչում և նրան պատվիրում հորս ապահով տեղ հասցնի։
Երբ հայրս տուն մտավ, մենք սարսափեցինք տեսնելով նրա դեմքը։ Նա խիստ այլայլված էր, գունատ, աչքերը խոնավ։ Մայրս երկյուղալի տոնով հարցրեց.
– Ինչ է էլէ, Մարտիրոս, ինչի էտպես մալուլիս։ Հայրս պատասխանի փոխարեն կանչեց մեծ եղբորս և նրան պատվիրեց գնալ մեր տուն հրավիրել իր արհեստակից ընկերներին։
Կես ժամ չանցած նրա բոլոր ընկերները մեր տանն էին արդեն։ Հայրս նրանց պատմեց Թեֆիկ Բեյից լսածները և գնալով դեպի իր պահարանը բերեց այնտեղ թաքցրած հրացանները, ատրճանակներն ու փամփուշտները և բաժանեց իր ընկերներին։ Երկու հրացան համապատասխան քանակության փամփուշտներով, նա պահեց իր և մեծ եղբորս համար։
Երեկոյան, երբ մութն ընկավ, թուրքական թաղամասի կողմից լսվեցին հրազենների ուժեղ համազարկեր։ Որովհետև մեր տունը գտնվում էր թուրքական թաղամասին մոտիկ, հայրս որոշեց մեզ տեղափոխել քաղաքի կենտրոնում գտնվող հորեղբոր որդու տուն։
Հրազենների չարագուշակ կրակոցների ձայների ներքո մեր ընտանիքի անդամներն իրար ձեռք բռնած արցունքոտ աչքերով հեռանում էինք մեր հայրական նորակառույց տնից։
Զուր չէր, որ Թեֆիկ Բեյը հայտնել էր հորս, թե «այսօր լավ բաներ չեն սպասվում քաղաքում»։ Եվ իսկապես, այդ օրը՝ ապրիլի 7-ին, թուրքական զորքը և կրոնական մոլուցքով թունավորված թուրք բնակչությունը հարձակվեց Վանի հայկական թաղամասերի վրա, նպատակ ունենալով ամբողջովին բնաջնջել Վանի հայ աշխատավոր ժողովրդին։
Ձեռնոցը նետված էր։ Վանի հայերի մնում էր կազմակերպել իրենց ինքնապաշտպանության գործը։
Իրար դեմ պայքարող կուսակցությունները՝ մի կողմ դնելով իրենց սկզբունքային պայքարը, միացյալ ուժերով կազմակերպեցին ինքնապաշտպանության կոալիցիոն խորհուրդ, ուր ներկայացուցիչներ ունեին Վանում գործող բոլոր հայ կուսակցությունները։ Ինքնապաշտպանության խորհուրդն ուներ հետևյալ կազմը.

  1. Մրամ Մանուկյան — դաշնակցության կողմից,
  2. Արմենակ Եգարյան — արմենականների և ռամկավարների կողմից,
  3. Հրանտ Գալիկյան — հնչակյանների կողմից,
  4. Նկարիչ Փանոս Թերլեմեզյան — անկուսակցական մտավորականության կողմից։

 

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
(անտիպ հուշեր)

Ինքնապաշտպանության խորհրդին կից՝ կազմակերպվեց մատակարարման մարմին, որը մանրակրկիտ հաշվի առավ Վանի բոլոր հայ ընտանիքներում գտնվող հացահատիկը, ձավարեղենը, ալյուրը, պանիրը, յուղը, ղավուրմաները և մանր ու խոշոր եղջերավոր անասունները։ Հետագայում այդ ընտանիքներում եղած բոլոր կենսամթերքները և անասունները կենտրոնացվեցին ընդհանուր պահեստներում «սև օրվա» համար օգտագործվելով նպատակով։ Թե կենսամթերքները, թե անասունները գտնվում էին խիստ հսկողության տակ։
Ինքնապաշտպանության խորհուրդը Վանի հայկական թաղերը բաժանել էր առանձին դիրքերի, ամեն դիքում նշանակելով հատուկ խումբ և խմբի ղեկավար։ Ամբողջ տղամարդիկ զենքի տակ էին գտնվում։ Մեծ եղբայրս՝ Եղիազարը, որը արդեն հասուն երիտասարդ էր, նույնպես կռվում էր խիստ կարևոր մի դիրքում, որը կոչվում էր «Դարդանել»։ Հորս՝ որպես վստահելի մարդու, հանձնել էին կենսամթերքների պաշտպանության գործը։
Դիրքերում գնում էին կատաղի կռիվներ։ Թուրքերը հարձակվում էին մոլեգնաբար, հայերը՝ խիզախորեն պաշտպանվում էին հակառակորդից, մեծ զոհեր խլելով։
Ամեն օր, երեկոյան կողմը, լույս էին տեսնում հատուկ թռուցիկներ, ուր մանրամասնորեն նկարագրվում էին օրվա ռազմական անցուդարձը։ Անգամ հիշատակվում էին թշնամու և մեր զոհերի թիվը։
Երիտասարդ կանայք և աղջիկները՝ տոնական շորեր հագած, ձեռքներին ծաղկեփնջեր, երգելով և պարելով անցնում էին դիրքից-դիրք խրախուսելով կռվող ռազմիկներին։
Քաղաքի ամբողջ հայ հասարակությունը ոտքի էր կանգնել ինքնապաշտպանության նվիրական գործի համար։
Զուր չէ, որ Վանի հայությունն այդ ինքնապաշտպանությունն անվանեց Ապրիլյան հերոսամարտ։ Ամենայն իրավմամբ Ապրիլյան հերոսամարտը մտնում է հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության մեջ, որպես հիմնական հերոսական մի դրվագ։
Դիրքերում զոհված հայ ռազմիկներին թաղում էին մեծ պատվով։ Հիշում եմ թաղման այսպիսի մի դեպք, թափորի առջևից գնում էր քահանան, մի ձեռքին խաչ, մյուս ձեռքին՝ մահուզեր։ Եկեղեցական աղոթքների փոխարեն նա բարձրաձայն երգում էր. – Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտի մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի։
Վանի ամեն մի փողոց իրենից ներկայացնում էր յուրատեսակ մի ռազմաճակատ։ Փողոցների մի կողմի տները թուրքական դիրքեր էին, իսկ մյուս կողմին՝ հայկական։ Պատահում էր, որ հայերը դուրս գալով իրենց դիրքերից անցնում էին հակահարձակման, փախցնելով թուրքերին իրենց դիրքերից և զոհեր խլելով նրանցից։
Ինքնապաշտպանության խորհուրդը կազմակերպեց հատուկ զինագործարան, ուր վերանորոգվում էին զենքերը, պատրաստվում էր վառոդ, փամփուշտներ և դինամիտ։ Զինագործարանում մոբիլիզացված էին բոլոր զինագործները, դարբինները և ոսկերիչները, իսկ վառոդի և դինամիտի պատրաստման համար մոբիլիզացված էին դպրոցի քիմիայի ուսուցիչները։
Մատակարարման կոմիտեի որոշմամբ՝ իրենց տրամադրության տակ եղած անասուններից որևէ մեկը հաճախ մորթվում էր, միսը եփվում և թարմ թխած հացի հետ բաժանվում դիրքերում կռվող մարտիկներին։
Մոբիլիզացված էին և մատակարարման կոմիտեի տրամադրության տակ էին գտնվում քաղաքի բոլոր հայ խոհարարներն ու հացթուխները, կին թե տղամարդ։
* * *
Հայկական զինագործարանում կարևոր մի գյուտ արվեց։ Այնտեղ պատրաստեցին թնդանոթ, որի մեջ արկերի փոխարեն օգտագործում էին դինամիտ։
Թնդանոթը սայլակի վրա դրած, դիրքից-դիրք էին տանում և դինամիտը տեղում թուրքական դիրքերի վրա։ Թնդանոթի գյուտը խիստ ոգևորեց ինչպես հայ ռազմիկներին, այնպես էլ ամբողջ ժողովրդին։
Թնդանոթից հետո, ստեղծվեց զինվորական երաժշտախումբ (ֆանֆառ), որը շրջում էր դիրքից-դիրք ռազմական-հայրենասիրական երգեր նվազելով ոգևորում էր հայ մարտիկներին։
Թե թնդանոթը, և թե ֆանֆառը սաստիկ գազազեցրել էր թուրքերին, նրանք կարծում էին, որ հայերը կապ ունեն ռուսական բանակի հետ և թնդանոթն ու զինվորական երաժշտախումբը ստացել էին այդ բանակից։ Մի անգամ, Խաչփողոցի հայկական դիրքերում կռվողները որոշում են խորամանկ մի ձևով ահաբեկել հակառակորդին։ Նրանք բռնում են մի շուն և նրա վզից պոչից և մարմնի այլ մասերից կապում են բազմաթիվ զանգակներ, ապա նավթ լցնելով շան վրա լուցկին տալիս վառում և քշում դեպի թուրքերի դիրքերը։ Այս բանը կատարվում է կեսգիշերային մթության մեջ։ Թուրքերը տեսնելով, որ դեպի իրենց դիրքն է գափս կրակն բոցեղեն մի բան զնգզնգալով, կարծում են, որ հայերը «դժոխային մեքենա» են հնարել և քշում են դեպի իրենց դիրքերը։ Ահաբեկված արտասովոր այդ երևույթից, նրանք թողած իրենց դիրքերը, փախչում են։ Հայ մարտիկները դուրս գալով իրենց դիրքերից, իսկույն գրավում են թուրքերի դիրքերը։
Այսպիսով, այդ հնարագիտության շնորհիվ՝ մի ամբողջ մեծ թաղամաս բոլորովին մաքրվեց թուրքերից։
Թուրքերը գրավել էին Արարքի եկեղեցին և ծխական դպրոցը, վերածելով ռազմական դիրքերի, դրանից զատ Արարքի հրապարակում գտնվող ոստիկանատունը հանդիսանում էր թուրքերի ստրատեգիական կարևոր մի կետ, որն իշխում էր Արարքի ամբողջ հայկական դիրքերի վրա։
Հարց առաջացավ հրդեհել և մեջտեղից վերացնել այդ ոստիկանատունը։ Խիստ պատասխանատու և դժվարին այդ գործը հանձն առավ կատարել մի հայ ուսուցիչ-վարժապետ Տիգրան։
Կեսգիշերին, մթության մեջ մեջքին նավթի մի աման կապած, նա դուրս եկավ Արարքի հայկական մի դիրքից և փորի վրա սողալով անցավ Արարքի հրապարակը, հասավ ոստիկանատանը, նավթը շաղ տվեց ոստիկանատան ներքևի խանութների տախտակյա փեղկերին, լուցկին վառեց և դարձյալ փորի վրա սողալով հետ եկավ դեպի իր դիրքը։ Հրդեհն անմիջապես սկսեց լափել ոստիկանատան շենքը, որի աստիճաններից դուրս էին փախչում բոցավառված թուրք զինավորները։ Այսպիսով հակառակորդի կարևոր ռազմական մի կետը մեջտեղից վերացվեց։
Վարժապետ Տիգրանի կատարած սխրագործությանը խիստ ոգևորեց Վանի հայ ազգաբնակչությանը, նա դարձավ ժողովրդական հերոս ն ամենուրեք փառաբանում էին նրա անունը։
(1917 թվականին, վարժապետ Տիգրանին ես հանդիպեցի Երևանի «Ղանթար»-ի տակ խեղճ վիճակում, հին շորեր վաճառելիս):
* * *
Անվեհեր կռվելով իրենց դիրքերում, հայ մարտիկներն օր-օրի վրա սպասում էին ռուսական բանակի գալուն։
– Քեռին գալիս է։
– Քեռին շուտով հանում կլինի։
Այսպես խոսում էին իրար հետ հայերը և ոգեպնդվում։ (Քեռի ասում էին ռուսներին)։
Վանից հաճախակի հայ սուրհանդակներ էին գնում դեպի ռուս-թուրքական ռազմաճակատ և վերադառնալով, պատմում էին ռուսական բանակի հաջողությունների մասին, հավատացնելով, որ «քեռին շուտով կհասնի Վան»:
Ռուսական բանակի մոտենալը սաստիկ կատաղեցրել էր թուրքերին։ Ջևդիդ փաշայի հրամանով թուրքական բանակի դաշտային, ծանր թնդանոթների փողերն ուղղվեցին հայկական դիրքերի և խաղաղ թաղամասերի բնակչության վրա։
Թուրքական թնդանոթների արկերի քանդած պատերը շտապ կերպով վերանորոգվում էին։ Այդ նպատակի համար մոբիլիզացված էին քաղաքի բոլոր հայ որմնադիրներն ու քարտաշները։ Վերանորոգման աշխատանքներին մասնակցում էին նաև ծերերը, կանայք ու երեխաները։ Պատանիներն ու աղջիկները կատարում էին կապավորի (սուրհանդակի) դեր, դիրքից դիրք տանելով ռազմական նորություններ ու հրամաններ։
Այսպիսով, Վանի ամբողջ հայ ազգաբնակչությունը լծվել էր ինքնապաշտպանության սրբազան գործին, որի շնորհիվ և այդ ինքնապաշտպանությունը պսակվեց հայերի փայլուն հաղթանակով։
Ինչպես սկզբում նշել էի, մեր ընտանիքը տեղափոխվել էր հորս հորեղբոր տուն, որը զտվելով Այգեստանների կենտրոնական մասում հեռու էր ռազմական գործողություններից և ավելի ապահով էր համարվում։
Ամեն առավոտ, հայրս գնում էր մեր տուն, ջրում իր ցանած ծաղիկները և մի ծաղկեփունջ ձեռքին վերադառնում մեզ մոտ։ (Չնայած այդ տարվա ղառնակ գարնանը, հայրս, այնուամենայնիվ, չհրաժարվեց իր ծաղկանոցը մշակելու գործից)։
Թուրքական թնդանոթների գործողությունից հետո, պարզվեց, որ հորս հորեղբոր տունն այնքան էլ անվտանգ չէր որովհետև հեռաձիգ թնդանոթների արկերը կարող էին հասնել մինչև այդ տունը այս իսկ պատճառով հայրս որոշեց մեր ընտանիքը տեղափոխել «փռոդարան» (ամերիկյան միսիոներների շենքը)։
Փռոդրանն անվտանգ էր համարվում այն պատճառով, որ նախ՝ այն գտնվում էր քաղաքի ամենահեռավոր մի ծայրամասում և երկրորդ՝ ժողովրդի կարծիքով թուրքերը չէին համարձակվի մոտենալ ամերիկյան այդ հաստատությանը։ Բայց չնայած դրան, թուրքական թնդանոթաձիգներից մեկը նշան բռնեց փռոդարանի վրա ծածանվող ամերիկյան դրոշին, բզկտելով այն։ Մենք հանգիստ ու խաղաղ ապրում էինք փռոդարանում շենքի ներքին հարկի սենյակներից մեկում, ուր մեր ընտանիքից զատ կայն և այլ ընտանիքներ։
Չնայած խիստ հեռավորությանը, այստեղից էլ հայրս ամեն առավոտ գնում էր մեր տուն ջրելու և խնամելու իր ծաղիկները։ (Պիտի ասել, ամերիկյան միսիոներները տասնյակ տարիներ գավում էին Վանում և հայերի համար, իբր թե բարեգործություն կատարում)։
Այդ միսիոներների մեջ կար ամերիկացի մի բժիշկ, դոկտոր Աշեր անունով։ Նա երկար տարիներ ապրելով Վանում, սովորել էր հայերեն լեզուն։ Երբ նրան հրավիրում էին որևէ ծանր հիվանդի վրա նա փոխանակ հուսադրելու, գլուխը տարուբերում էր և ասում.
Հիշուշը քեզի կանչած է։
Ահա ամերիկյան տիպի հումանիզմը։
* * *
Ջևդիդ փաշան տեսնվելով, որ զենքի ուժով չի կարող կոտրել Վանի հայության դիմադրողական կամքը, որոշեց դիմել խորամանկ միջոցի, սովի միջոցով հաղթել
Վանի հայությանը։ Այդ նպատակով նա հավաքել տվեց Վասպուրականի գյուղերում կոտորածից ճողոպրած կանանց և մանուկներին ու զինվորների հսկողությամբ բերել ու լցնել Վանի հայկական թաղամասները։
Ջևդիդը մտածում էր, որ այդ գաղթականները կուտեն Վանի հայության պաշարները և նրան սովի կմատնեն, բայց այդ չիրականացավ, քանի որ «սև օրվա», համար մթերված պարենը պետք եկավ այստեղ։
Մատակարարման կոմիտեն իր տրամադրության տակ եղած կենսամթերքներից, ամեն օր ձրի հաց և տաք ճաշ էր բաժանում այդ աղետյալներին։ Մոբլիզացվեցին քաղաքի բոլոր բժիշկներն ու դեղագործները, որոնք ամեն օր այցելում էին գաղթականների մեջ եղած հիվանդներին և ցույց տալիս բժշկական օգնություն։
Ես տեսել եմ գաղթականների այնպիսի մի խումբ, որը շարժվում էր դեպի «փռոդարան»: Նրանք մեծ մասամբ կիսամերկ էին, վտիտ ու նիհար։
Ջևդիդ փաշայի հույսերը խորտակվեցին, և Վանի հայությունն էր կուշտ և գավառից եկած գաղթականները։
Վանի հայությունը, հաղթահարելով ամեն տեսակի դժվարություններ, հերոսաբար պայքարում էր իր կյանքի և ազատության պաշտպանման համար։
Վանի ապրիլյան հերոսամարտը տևեց ամիս ու կես, երբ, վերջապես 1915 թվականի մայիսի 15-ին ռուսական հաղթական բանակը մտավ Վան։ Վանի հայությունը մեծ խանդավառությամբ դիմավորեց իր ազատարար բանակին։
Քաղաքի գլխավոր, Խաչփողոցի բոլոր տների երկրորդ հարկերի պատուհաններից և պատշգամբներից հայ աղջիկներն ու երիտասարդ կանայք թարմ վարդեր և ծաղիկներ էին թափում փողոցով անցնող ռուս զինվորների վրա։ Կոզակների ձիերը քայլում էին ծաղիկների բազմագույն գորգի վրայով։
Մինչ ռուսական բանակը Վան էր մտնում, թուրք հարուստները, պատասխանատու պաշտոնյաները և բարձրաստիճան զինվորականները շոգենավ նստած փախան Բիթլիս։ Ահաբեկված թուրք բնակչությունը խուճապահար փախավ զանազան ուղղություններով։ Թուրքական բոլոր թաղերն ու տները թափուր մնացին։ Վանի հայ բնակչությունը, դարավոր ոխը հանելու նպատակով խուժեց դեպի թուրքական թաղամասերը, թալանելով թուրքերի թողած շարժական կայքն ու անասունները։
Մի առավոտ մայրս հեռավոր ակնարկով ինձ հասկացրեց, որ ժամանակն է ինձ էլ գնալ թալանի։ Ըմբռնելով մորս ակնարկը, ես վեր կացա տեղիցս և քայլերս ուղղեցի դեպի թուրքական թաղամաս։ Հասնելով երկհարկանի մեծ մի տան առաջ քայլերս ուղղելով աստիճաններից դեպի վեր ես ինձ գտա բազմասենյակ, հարուստ մի բնակարանում։ Բնակարանի սենյակներից մեկում դրված էր մեծ մի պահարան, որի դարակների վրա շարված էին թուրքերեն և ֆրանսերեն լեզուներով ոսկեկազմ, գեղեցիկ գրքեր։ Այդ գրքերը գրավեցին իմ ուշադրությունը և ես որոշեցի իմ բաժին թալանն անել այդ գրքերից։ Առանձնացնելով մոտ երկու տասնյակ փառակազմ գրքեր ես ընկա դես-դեն որոնելով որևէ պարկ, գրքերը տեղափոխելու համար։ Բայց հարմար ոչինչ չգտա։ Մտնելով տան ննջասենյակը վերցրի անկողիններից մեկի սավանը և փռելով գետնին գրքերը դասավորեցի նրա մեջ, կապեցի, գցեցի շալակս ու բռնեցի մեր տան ճանապարհը։ Պիտի ասեմ, որ իմ բեռը շատ ծանր էր ու ես հազիվ էի կրում այն։ Երբ տնքալով տուն մտա, մայրս ժպտալով ասաց.
– Մեռնիմ իմ տղի բաժին, ես ինչ իս պիրե։
Երբ ես բեռը վար դրի, մայրս բացեց կապոցը հիասթափված ավելացրեց.
– Աչքս լյոս, ուրիշի լաճեր խալի-խալիչա կպիրին, իմ լաճ կնացի գիրք ի պիրե։ Թքեմ քո գրքերի վրա, հմեն կթալեմ թոներ, կվառեմ։
Վախենալով մորս սպառնալիքներից, ես գրքերը հավաքեցի և տարա թաքցրեցի հորս գործիքների պահարանում։ Այսպես էլ ավարտվեց իմ «թալան» բերելու պատմությունը։
Հրամանատարությունը որոշեց Վանի հայերին «ավտոնոմիա» տալ։ Վանը և Վասպուրականը հայտարարվեց ինքնավար հանրապետություն, կազմեց Վանի հանրապետության ժամանակավոր կառավարություն Արամ Մանուկյանի (Արամ Փաշա) գլխավորությամբ։
Ազատվելով ֆիզիկական բնաջնջման սարսափից, Վանի հայությունը սկսեց իր խաղաղ ստեղծագործական աշխատանքը։ Բոլոր տներից լսվում էին երգի և երաժշտության ուրախ ձայներ։ Յուրաքանչյուր ընտանիք տուն էր կանչում և առատորեն հյուրասիրում ռուս զինվորներին։ Գարունն անցնում էր, գափս էր ամառը, բայց նորից կարկտաբեր ամպեր էին կուտակվում Վանի երկնակամարում։
Ամառային խաղաղ մի երեկո էր։ Մեր ընտանիքն իրար շուրջ հավաքված, սպասում էին հորս, որը ցերեկը դուրս էր եկել տանից, բայց ուշանում էր: Վերջապես եկավ նա՝ այլայլված դեմքով և խիստ ջղային տոնով ասաց.
– Շնխեր, մինչև էրէկ տաճկի տներն ու խոզերը կծախեր, էսօր էլէ կասի թէ «նահանջի»:
– Վով Մարտիրոս, — հարցրեց մայրս՝ տարակուսած։
– Արամ փաշան, էլ վով, — պատասխանեց հայրս, մի նոր հայհոյանք ուղղելով «փաշայի» հասցեին։
Եվ իրոք, Վանի կառավարության վարչապետ Արամ Մանուկյանը, քաջ գիտենալով, որ ռուսական զորքը շուտով թողնելու է Վան ու Վասպուրականի նահանգը, փոխանակ կազմակերպելու ժողովրդի նահանջի գործը, վերջին օրերին աճուրդի էր հանել և էժան գներով վաճառում էր Վանի թուրք բնակչությանը պատկանող տները, այգիները, վարելահողերը և վերջին մոմենտին, երբ ռուսական զորքն արդեն թողնում էր Վանը, նոր միայն ժողովրդին հայտնեց նահանջի մասին։
Թուրք բնակչության ունեցվածքի վաճառքից՝ տնաբույս այս «փաշան» բավական քանակությամբ ոսկի կորզեց և «ազգասիրական» իր գործունեությունը ավարտած համարելով Վանում, ռուս զորքի հետ անցավ Անդրկովկաս, որտեղից որ եկել էր։
Քիչ հետո, երբ հայրս հանգստացավ, մորս հայտնեց, որ առավոտյան «մութ-լուսուն» պիտի ճանապարհ ընկնենք դեպի Ռուսաստան և որ անհրաժեշտ է ճանապարհի համար ուտելիք պատրաստել։ Մայրս վեր կացավ, մորթեց մեր հավերից երկուսը, եփեց, տանն եղած բոլոր ձվերը խաշեց, հալվա պատրաստեց, պանիր հանեց և մի քանի տասնյակ չոր լավաշների հետ փաթաթեց մի սփրոցի մեջ և դրեց սենյակի մի անկյունը։ Մի այլ սփռոցի մեջ նա փաթաթեց սպիտակեղեն։ Այսպես, ճանապարհի համար կարծես թե ամեն ինչ պատրաստ էր (մտքումս ես ուրախ էի, որ գաղթում ենք Ռուսաստան, քանի որ մտածում էի, թե սեփական աչքերովս կտեսնեմ էջմիածնի վանքը, Գևորգյան ճեմարանը, որոնց նկարները շատ էի տեսել իմ դասագրքերում։ Բացի այդ, մտածում էի, որ Ռուսաստանում կտեսնեմ ռուսահայ նշանավոր գրողներ՝ Շիրվանզադեին, Նար-Դոսին, Ավ. Իսահակյանին և ուրիշներին, որոնց գործերը կարդացել էի և նկարները տեսել մեր սենյակի պատերից կախված։
Ես ինչ իմանայի, որ կյանքիս երիտասարդ տարիներին պիտի անձամբ ծանոթանայի այդ նշանավոր գրողների հետ և նրանց հետ լինեի բարեկամական հարաբերությունների մեջ)…
Հաջորդ առավոտյան՝ դեռ լույսը չբացված, մեր ամբողջ ընտանիքը ոտքի վրա էր։ Հայրս ախոռից դուրս հանեց մեր կովը և նրա վրա բարձեց ճանապարհի պաշարը, հագուստեղենը և մի վերմակ։
Քիչ հետո մենք հրաժեշտ տվեցինք մեր նորակառույց հայրենի տանը և բռնեցինք գաղթի ճանապարհը։
Մեծ եղբայրս, որպես ինքնապաշտպանության կռիվներին մասնակցող զինվոր, հրացանն ուսերին ուղեկցում էր մեզ, վտանգի դեպքում մեր կյանքը պաշտպանելու համար։
Քաղաքի ամբողջ հայ բնակչությունը խուճապահար թափվել էր փողոցները և շարժվում էր դեպի Ռուսաստան տանող ճանապարհը։ Ոմանք գնում էին սայլերով, ոմանք կառքերով, ոմանք ձի նստած, բայց ժողովրդի մեծամասնությունը գնում էր ոտքով։
Հոդացավով ծանր հիվանդ խեղճ մայրս, ձեռնափայտին հենված հազիվ էր կարողանում քայլել։
Ճանապարհին տեսանք, որ մեզանից զատ շատերն էլ բեռնել էին իրենց կովերին, կային մարդիկ, ովքեր բեռնել էին նաև ոչխարներ ու այծեր։
Եվ այսպես, խառնիճաղանջ ամբոխը սարսափը սրտում գնում էր դեպի իր անհայտ ապագան։
* * *
Կովի վզից կապված պարանը ձեռքիս ես գնում էի մեր ընտանիքի առջևից։ Եղիազարը հրացանն ուսին, քայլում էր վերջում։ Փոքր քույրերս՝ Սիրվարդն ու Նուշիկը, հիվանդ էին, հայրս ստիպված փոխն ի փոխ շալակում էր նրանց։
Արևածագին հասանք Ավանց գյուղը, որը նավահանգիստ էր Վանա լճի վրա։ Ավանցում նստեցինք հանգստանալու և նախաճաշելու։ Նախաճաշի ժամանակ մայրս դիմելով հորս ասաց.
– Մարտիրոս, տյու դրսի տուռը լավ փակիցիր։
– Կարծիմ, — պատասխանեց հայրս։
– Կարծիմ-մարծիմ չկա, — կտրուկ տոնով ասաց մայրս, — գնա ստուգի, եթե չիս փակե, փակի, արի։
Հայրս առանց առարկելու հետ վերադարձավ։ Մոտ մեկ ժամ հետո նա եկավ և տան փողոցի դռան մեծ բանալին նետելով մորս ասաց.
– Շատ լավ փակիցի, էս էլ քէ պալնիսը։
Մայրս վերցնելով բանալին տեղավորեց իր ամենաապահով գրպանում, և այդ գրպանն ամրացրեց գնդասեղով։
Հետագայում պարզվեց, որ հայրս վերադառնալով ոչ թե փակել էր դուռը, այլ հրդեհել էր իր սեփական ձեռքերով կառուցած նոր տունը, որպեսզի այն թուրքերը չվայելեն։ Իսկ խեղճ մայրս հրդեհված տան մեծ բանալին մեծ խնամքով պահում էր իր գրպանում։
* * *
Ավանց գյուղում նախաճաշելուց և փոքր ինչ հանգստանալուց հետո, մենք խառնվեցինք ընդհանուր ժողովրդին և շարժվեցինք առաջ։ Ճանապարհը դեպի Ռուսաստան՝ ձգված էր Վանա լճի ափով։ Ավանցից բավական հեռու, հայրս ցույց տալով կապտագույն մի քար, ինձ ասաց.
– Տղա, բալամ, էսա, որ կա Ռաֆֆու քյարն ի։
(Ժողովրդի մեջ տարածված էր, որ իբր թե Ռաֆֆին այդ քարի վրա նստած է գրել իր նշանավոր «Ձայն տուր, ով ծովակ» բանաստեղծությունը, որը երգի էր վերածված և երգվում էր ամենուրեք):
Մի քանի ժամվա ճանապարհ չէինք անցել, երբ մայրս նստեց և ասաց, որ այլևս քայլել չի կարող։ Հուսահատված հայրս դիմեց սայլ ունեցող մի գյուղացու և նրան որոշ գումար վճարելով՝ մորս և քույրերիս տեղավորեց սայլի վրա։ Հայրս, Եղիազարը և ես քայլում էինք սայլի ետևից։ Ես պարանից քաշելով ինձ հետ տանում էի մեր բեռնված կովին։
Քայլում էր ժողովուրդը տառապանքի անվերջանալի ճանապարհով։ Քայլում էր առաջ, սարսափը սրտում։ Ամեն ոք մտածում էր, թե արդյոք թուրքերը չեն հետապնդի, չեն հասնի, չեն սկսի կոտորածը։ Սակայն բարեբախտությունն այն էր, որ գաղթական տղամարդկանցից շատերը զինված էին հրացաններով, մաուզերներով և այլ տեսակի զենքերով։ Վտանգի դեպքում նրանք կարող կլինեին պաշտպանել անզեն ժողովրդի կյանքը։
Երկար ճանապարհի երկու կողմերում մենք հանդիպում էինք ամբողջովին կործանված հայկական գյուղերի, ուր մարդկային ոչ մի շունչ չէր երևում։ Շներ կամ կատուներ անգամ չէին նկատվում այդ ավերակ գյուղերում։
Ցերեկը մենք քայլում էինք, իսկ գիշերը պառկած չոր գետնին, ամբողջ ընտանիքով ծածկվում էինք մեր միակ վերմակով և քնում։
Երեք թե չորս օրվա ճանապարհ անցնելուց հետո, գաղթական խիտ քարավանը մտավ Բանդիմահու գետի խոր կիրճը։ Կիրճի երկու կողմերից վեր էին բարձրանում պղնձագույն լերկ լեռները։ Երբ քարավանը գտնվում էր կիրճի կենտրոնական մասում, այդ լեռներից լսվեցին հրացանաձգության ձայներ։ Պարզվեց, որ քրդական մի հրոսակախումբ, դարան մտած այդ լեռներում, ուզում էր կոտորել և թալանել գաղթականներին։ Զինված տղամարդիկ անմիջապես լեռը բարձրացան և հակահարված տվեցին դարանամուտ թշնամուն։
Մեր ընտանիքը, որը գտնվում էր կիրճի կենտրոնական մասում բաժանվեց իրարից։ Մեծ եղբայրս՝ Եղիազարը, հրացանը ձեռին լեռը բարձրացավ, հայրս՝ առաջ վազեց գտնելու սայլի վրա գտնվող մորս ու քույրերիս։ Ես մնացի մենակ մեր կովի հետ։ Տեսնելով, որ շուրջս դիակներ են փռվում, ես կովի պարանը թողած առաջ վազեցի։
Սարսափելի բան էր կատարվում Բանդիմահու գետի կիրճում։ Շատերն ընկնում էին թշնամու գնդակից, ոմանք սարսափահար գետն էին նետում իրենց, շատ մայրեր իրենց գրկի երեխաներին շպրտում էին գետի փրփրաբաշ ալիքների մեջ։
Բանդիմահու կիրճում տեղի ունեցած ահավոր աղետը, խոր տպավորությունն էր գործել ինձ վրա։ Երևան հասնելուց երկու տարի հետո այդ սրտաճմլիկ դեպքի մասին ես գրեցի մի պոեմ։ Պոեմի ձեռագիրը չի պահպանվել, բայց հիշում եմ նրա նախերգանքի հետևյալ տունը.

Բանդիմահուն ալ կշտացավ
Հայու արյունով,
Վանա ծովն ալ լեցվեցավ
Հայ դիակներով։
(Այս պոեմը ոչ մի տեղ չի տպագրվել)։

* * *
Ես շնչասպառ, աղետի վայրից առաջ էի փախչում, երբ տեսա դիմացիցս եկող հորս։ Նա ինձ նկատելով, զույգ ձեռքերը տարածելով, ինձ գիրկն առավ և հուզված տոնով ասաց.
– Վայ, Վահրամ ջան, տյու սաղ իս, փառք աստծո։
Քիչ հետո հրաձգությունների ձայնը կտրվեց, պարզվեց, որ մերոնք արժանի հակահարված էին տվել քրդերին և քշել իրենց թաքստոցներից։
Ես և հայրս, իրար ձեռքից բռնած առաջ էինք գնում, երբ հրացանն ուսին եկավ Եղիազարը։ Նա ինձ տեսնելով շատ ուրախացավ։ Նա պատմեց, որ երբ տեսել է մեր կովին անտեր կանգնած գետի ափին, կարծել է, թե ես սպանվել եմ։
Հայրս, Եղիազարը և ես շարունակեցինք մեր ճանապարհը դեպի առաջ և գտանք մորս և զույգ քույրերիս։ Այսպիսով, ամբողջ ընտանիքով նորից իրար շուրջ հավաքվեցինք և շատ ուրախ էինք, որ այդ ծանր աղետից բոլորս էլ փրկվել ենք։
Հետագայում պարզվեց, որ մեր զինվորների կողմից հալածված քրդերը կրկին ետ են վերադարձել և կոտորել քարավանի վերջից եկող ամբողջ գաղթականությանը։
Բանդիմահու գետի կիրճից հետո, մեր առաջ փռվեց արձակ մի տարածություն, որի վրա գտնվում էին ռուս զինվորների վրանները։ Ժողովուրդը տեսնելով այդ վրանները, խիստ ուրախացավ և տանջալից ճանապարհից հոգնած, ազատ շունչ քաշեց և ծվարեց նրանց շուրջ։
Ռուս զինվորները հաճախ դուրս էին գալիս իրենց վրաններից և գաղթականներին տալիս էին հաց, եռացրած ջուր, շաքար, իսկ երեխաներին՝ կոնֆետ։
Երեկոյան, երբ մութն ընկավ, վրանների շուրջ սկսվեց մեծ իրարանցում։ Մարդիկ բարձրաձայն գոռում էին իրենց կորցրած հարազատներին և խնդրում տեղն իմացողներին հայտնել իրենց։
Գիշերը վրանների շուրջ հանգիստ քնելուց հետո, առավոտյան գաղթականությունը ճանապարհ ընկավ դեպի Աբաղայի դաշտավայր։ Աբաղայի դաշտավայրն անցնելուց հետո, մեր առաջ փռվեց քարքարոտ մի տարածություն, որը կոչվում էր «Գյավրե շամի» (Գորշ քարեր)։ Անունն ինքնին շատ բան է ասում։ Այս վայրում չկար ջրի ոչ մի կաթիլ և մարդիկ պապակվում էին ծարավից։ Մենք ճիշտ է ուտելիքով դեռ ապահովված էինք, բայց սաստիկ տանջվում էինք այրող ծարավից, մանավանդ, որ այդ քարքարոտ տարածությունում սաստիկ շոգ էր։
Ծարավից խանձված շուրթերով մարդիկ շարունակում էին ճանապարհը դեպի ռուսական սահմանագլուխը։
Վերջապես մենք հասանք այդ ըղձալի սահմանագլխին։ Այնտեղ կար կանաչագույն, ժանգոտ ջրով լի մի մեծ ճահիճ, որի մեջ լողում էին գորտերը։ Ծարավից տոչորված ամբոխը թափվեց ճահճի վրա և սկսեց ագահորեն խմել այդ կեղտոտ և հոտած ջուրը։ Հիշում եմ, թե ես ինչպես էի կռացած ճահճի եզրին ագահորեն խմում այդ գարշահամ ջուրը։
Այդ ջուրը խմելու հետևանքով, գաղթականներից շատերը, հետագայում հիվանդացան դիզենտերիա հիվանդությամբ։
Սահմանագլխին հետո մենք հասանք ռուսական առաջին բնակավայրը Օրգկոֆ։ Այստեղ՝ Ռուսաստանի քաղաքների միության հանձնաժողովը ձրի կերպով գաղթականներին բաժանում էր սպիտակ հաց, յուղ, շաքար և եռացրած ջուր։ Հանձնաժողովի բժշկական անձնակազմը բուժում էր հիվանդ և վիրավոր գաղթականներին։ Օրգոֆում սնվելուց և քիչ հանգստանալուց հետո, մենք շարժվեցինք դեպի Իգդիր:
Այստեղ, Իգդիրցիները խիստ էժան գներով, գաղթականներից գնեցին նրանց մոտ եղած մաուզերները։ Դրա համար էլ հետագայում դաշնակցության տիրապետության ժամանակ, չափազանց շատ էին Իգդիրեցի մաուզերիստների թիվը։
Մենք ողջ ընտանիքով, թափված Իգդիրի փողոցներից մեկի պատի տակ, սպասում էինք հարմար առիթի և պայմանների, շարժվելու դեպի առաջ, դեպի էջմիածին և Երևան։
Մի քանի օր Իգդիրում թափառելուց հետո, ամբողջ ընտանիքով ոտքով, ճանապարհ ընկանք դեպի Էջմիածին։
Ինձ վրա հիասքանչ տպավորություն գործեց Մարգարա գյուղի մոտ, Արաքս գետի վրա կառուցված կամուրջը։ Այդպիսի մեծ կամուրջ ես իմ կյանքում դեռ չէի տեսել։
Հասնելով էջմիածին, գաղթականությունը թափվեց վանքի և Նեռսիսյան լճի շուրջը։ Իսկույն երևան եկան տարափոխիկ հիվանդություններ։
Ամբողջ ընտանիքով մենք փռվեցինք էջմիածնի վանքի աջակողմյան սալահատակի վրա և ծածկվեցինք մեր միակ վերմակով։
Մի քանի օրից Եղիազարը գնացքով մեկնեց Թիֆլիս, այնտեղ աշխատելու և մեզ օգնելու նպատակով։
Մի շաբաթ չանցած, մայրս, ես, և երկու քույրերս հիվանդացանք տիֆով։ Հայրս ճարահատյալ, չգիտեր ոնց խնամեր երեք հիվանդներին։
Մահը հնձում էր ամենուրեք, բայց նա բարեբախտաբար, առայժմ, մեր ընտանիքին չմոտեցավ։
Մենք սալահատակի վրա պառկած էինք, երբ գաղթականների մեջ երևաց, բարձրահասակ, սպիտակ հագուստով, սպիտակ շլյապայով մի մարդ։
Հովհաննես Թումանյան, – շշնջում էին բազմաթիվ շրթունքներ։
Լսելով մեծ բանաստեղծի անունը, ես տեղիցս վեր կացա և երերուն քայլերով շտապեցի նրա մոտ, մոտիկից տեսնելու իմ սիրած բանաստեղծին, բայց հազիվ մի քիչ գնացել էի, երբ ոտքերս դավաճանեցին ինձ և երերալով գետնին փռվեցի։ Մայրս, զույգ թևերը տարածած, վազեց դեպի ինձ, գրկելով բերեց, պառկեցրեց սալահատակի վրա։
Դա եղավ իմ առաջին և վերջին հանդիպումը հանճարեղ Թումանյանի հետ։
* * *
Պատմում էին, որ Երևանում գաղթականները գտնվում էին ավելի լավ պայմաններում, որ այնտեղ նրանց ձրի կերակրում են, կարիքավորներին շորեր են բաժանում, հիվանդներին բուժ-օգնություն ցույց տափս։ Այս իմանալով, հայրս որոշեց մեզ տեղափոխել Երևան, նա խոսեց իր արհեստակիցներից մեկի հետ, որպեսզի միացյալ ուժերով մի ֆուրգոն վարձեն և մեր ընտանիքները տեղափոխվեն Երևան։ Մի քանի օր հետո ֆուրգոնն արդեն վարձված էր և մեր զույգ ընտանիքները նրա մեջ թափված, շարժվեցինք դե՜պի Երևան։
Գեղեցիկ էր Էջմիածին-Երևան ծառազարդ ճանապարհը։
Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Հրազդան գետի ձորը և Երևանի մոտ նրա վրա կառուցված կամարապատ կամուրջը։ Կամրջով անցնելիս, ես հիշեցի Վ. Թեքեյաեի «Հրազդան» բանաստեղծությունը, որը կարդացել էի «Մեղրագետ» դասագրքում։
Երևանում մենք ապաստարան գտանք «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակում։ Այստեղ, իրոք որ գաղթականներին ձրի կերպով ճաշ, հաց և շորեր էին տալիս։ Հաճախակի հիվանդներին բժիշկներ և բուժքույրեր էին այցելում։ Նրանք, որպես կանոն իրենց հետ ունենում էին երկու տեսակի դեղորայք, հաբեր, դեղափոշիներ և յոդ։ Նայելով հիվանդին, նրանք, ստանդարտ կերպով, կամ որևէ հաբ, կամ դեղափոշի էին տալիս, կամ էլ յոդ քսում մարմնի որևէ մասին։ Ուրիշ տեսակի բուժում չկար։
Մայրս, ես և երկու քույրերս, դեռ տառապում էինք տիֆով, բայց ոչ մի բուժօգնություն չէինք ստանում։
Մի քանի օր «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակում մնալուց հետո, մեզ տեղափոխեցին «Զառաբի քարվանսարա»։ Այստեղ մեր ընտանիքիս հատկացրին հողե հատակով մի սենյակ քարվանսարայի երկրորդ հարկում։
Սենյակը խոնավ էր և մութ, արևը բոլորովին չէր թափանցում այնտեղ։ Մայրս մեր միակ վերմակը դարձրեց ներքնակ և փռած չոր հատակին, որի վրա պառկում էինք ամբողջ ընտանիքով։
Մեր օրապահիկը հայթայթելու համար հայրս վարձու աշխատանքի մտավ ֆուրգոններ վերանորոգող մասնավոր մի արհեստանոցում։ Նա լուսաբացին գնում էր աշխատանքի և երեկոյան, մութն ընկած տուն էր վերադառնում, ստանալով օրական հիսուն կոպեկ աշխատավարձ։
Երեկոները մեր սենյակը չափազանց մութ էր լինում չունեինք ոչ լամպ, ոչ ճրագ, ոչ մոմ։ Երբ հայրս ուշ երեկոյան աշխատանքից տուն էր վերադառնում, մենք, մթության մեջ անում էինք մեր համեստ ընթրիքը և բոլորս միասին պառկած նույն վերմակին, քնում էինք։
Տեսնելով, որ իր աշխատավարձը չի բավարարում մեր ընտանիքի բավարար ապրուստի համար, հայրս որոշեց ինձ նույնպես աշխատանքի ուղարկել։ Նա որոնեց և գտավ իեձ համար «հարմար» մի աշխատանք մասնավոր մի կաբակում սպասավոր և ծառա։ Այդ կաբակը գտնվում էր «Ցերկովեայա» փողոցում։ Ամեն առավոտյան, աշխատանքի գնալիս, հայրս ձեռքիցս բռնած, ինձ տանում էր իմ «պաշտոնատեղին» և երեկոյան մութն ընկնելիս, գալիս, ձեռքիցս բռնած, տուն էր տանում։ Իմ պարտականությունն էր. Ամեն առավոտ շուտ գնալ կաբակ, մաքրել, լվանալ հատակը, սեղանները և ցերեկվա ընթացքում սպասարկել հաճախորդներին։ Այս աշխատանքի համար՝ կաբակի տերը վճարում էր ինձ շաբաթական հիսուն կոպեկ, պարտավորվում էր ձրի կերակրել ինձ, եթե ես գողություն չանեմ։ Պիտի ասեմ, որ շեկ բեղերով, խոժոռ դեմքով իմ տերը չափազանց կոպիտ էր վարվում ինձ հետ։ Նա աշխատում էր ինձ շահագործել, որքան այդ հնարավոր էր։ Կաբակում աշխատելուց զատ նա ցերեկներն ինձ ուղարկում էր իր տուն՝ ծառայելու իր տիկնոջը։ Ես դարձել էի մի տեսակ Գիքոր։ Տանտիրուհին ինձ ստիպում էր լվանալ պղինձները, ափսեները, ջուր կրել, փայտ կոտրել, ավլել իրենց տան բակը և կատարել այլ և այլ տեսակի աշխատանքներ։
Մի անգամ, տան բակում , ավազով պղինձներն էի մաքրում, երբ ինձ մոտեցավ համակրելի արտաքինով մի օրիորդ, մոտենալով ինձ նա հարցրեց.

— Տղա ջան, որ տեղացի ես։
— Վանեցի, – պատասխանեցի ես։
— Քանի տարեկան ես։
— Տասերկու
— Իսկ գրել-կարդալ գիտես։
— Այո։
— Կարդալու գիրք ունես։
— Ոչ;
— Ոչինչ, — ասաց օրիորդը, — ես քեզ մի գիրք կտամ, տար և կարդա։ Նա ետ գնաց և քիչ հետո եկավ, ինձ պարզելով մի գիրք։

Պղինձների դրսի կողմի սև մուրը մաքրելուց և ձեռներս լվանալուց հետո ես բացեցի և նայեցի ինձ տված գիրքը։ Դա Ղ. Աղայանի «Մայրենի լեզու» դասագիրքն էր, որտեղ տպագրված էին ինձ ծանոթ և սիրելի շատ հեղինակների ստեղծագործություններ։
Ես չափազանց ուրախացա ինձ տված նվերի համար, բայց մտածում էի, թե երբ և ինչ պայմաններում պիտի կարողանամ կարդալ այդ գիրքը, քանի որ ցերեկներն աշխատում էի, իսկ երեկոները մեր «սենյակում» չկար լույսի ոչ մի շող։
Տանտիրուհու բոլոր հանձնարարությունները կատարելուց հետո, դասագիրքը թևիս տակին ես վերադարձա կաբակ։ Տերս տեսնելով գիրքը հեգնական ժպիտով ասաց.
– Կարդացվոր իս դարձել պարոն։ Թե դու պիտի գիրք կարդաս, բա միկիտանխանիս գործերն ով պիտի անի։ Ինչա ես պիտի աշխատեմ քո տեղակ, իսկ դու ճաշերս պիտի ուտես ու գիրք կարդաս։
Ես ոչ մի պատասխան չտվեցի տիրոջս արհամարհական խոսքերին, բայց ներքուստ խիստ վրդովված էի նրա վրա։
Երեկոյան, երբ գիրքը ձեռքս տուն մտա, մայրս ուրախ ժպիտով ասաց.
— Մեռնեմ իմ տղին, էլի կիրքի գտե, մկա պիտի կիրք կարդաս, կարդա, մենք էլ կլսենք, բայց խեղճ լաճ, ինչի պիտի կարդաս, լյոս էլ չկա տանը։
Իմ աշխատանքը կաբակում երկար չտևեց, որովհետև ընդհարում տեղի ունեցավ իմ և կաբակի տիրոջ միջև, ահա թե ինչպես.
Մի անգամ, հարբած հաճախորդներից մեկը փսխեց սեղանի վրա, տերն ինձ առաջարկեց մաքրել այդ ապականությունը։ Ես կտրականապես մերժեցի նրան։ Նա գազազած բացականչեց.
— Փորդ կշտացել ա հա, գաղթականի լակոտ, դուրս կորի իմ միկիտանխանից, թե չես ուծում ծառայել, ինչպես պետք է; Եվ ինձ արձակեց աշխատանքից։
Ես տուն վերադարձա և տխուր, և ուրախ տրամադրությամբ։ Տխուր էի, որովհետև կորցրել էի շաբաթական հիսուն կոպեկը, որով օգնում էի ծնողներիս։ Ուրախ էի, որ պիտի նստեմ տանը և կարդամ Աղայանի «Մայրենի լեզուն»։
Ծնողներիս խիստ վշտացրեց իմ «պաշտոնանկ» լինելու փաստը։ Երբ ես պատմեցի կաբակի տիրոջ հետ ունեցած կոնֆլիկտի մասին, մայրս ասաց.
— Բալամ, տյու էլ թող սրբիր, խո թագավորի լաճ չէիր, ինչ կլնիր որ։
Չնայած ես աշխատանքի էի գնում, բայց տիֆից դեռ լրիվ չէի լավացել։ Մորս և քույրերիս առողջությունը գնալով լրջանում էր։ Մայրս անընդհատ զառանցում էր, ըստ երևույթին նրա ջերմությունը շատ բարձր էր։ Այսպիսով տիֆով հիվանդ չորս հոգի առանց բժշկական որևէ օգնության պառկած էինք իրար կողքի։ Հայրս պարզապես կորցրել էր գլուխը և չգիտեր ինչ աներ։ Մեր հիվանդության պատճառով, նա ստիպված եղավ թողնել իր աշխատանքը։ Այսպիսով մեր բոլոր «եկամուտները» կտրվեցին։ Ես կորցրել էի շաբաթական հիսուն կոպեկը, իսկ հայրս՝ օրական հիսուն կոպեկը։
* * *
Տիֆը հնձում էր անխնա կերպով։ Ամեն առավոտ «զառաբի քարվանսարայի» բակն էր կանգնում մի ֆուրգոն։ Նրա միջից իջած սանիտարները մտնում էին սենյակից-սենյակ և հավաքում օրվա ընթացքում մեռածների դիակները։ Պատմում էին, որ նրանց թաղում են մի ընդհանուր փոսում։
Մի առավոտ կանուխ, ես զարթնեցի հորս բարձրաձայն լացից։ Պարզվեց, որ գիշերվա ընթացքում մահացել էին մայրս և կրտսեր քույրս Նուշիկը։ Հայրս բարձրաձայն լալիս էր և զույգ ձեռքերով խփում էր գլխին։ Մի քանի ժամ հետո «քարվանսարայի» բակում կանգնեց դիակներ հավաքող չարագուշակ ֆուրգոնը։ Երեք սանիտարներ մտան մեր սենյակ նկատելով մորս և քրոջս դիակները նրանք կռացան, որ վերցնեն ու տանեն թափեն մյուս մեռելների վրա նույն ֆուրգոնում, բայց հայրս դիմադրեց, թույլ չտվեց, որ իր հարազատներին մոտենան։ Տեղի ունեցավ երկարատև քաշքշուկ հորս և սանիտարների միջև։ Վերջիններիս հաջողվեց խլել դիակները ն տանել գցել ֆուրգոնի մեջ։ Հայրս դուրս վազեց նրանց հետևից։ Ինչպես հետագայում պարզվեց նա ֆուրգոնի հետևից վազեվազ հասնում է մինչև գերեզմանոց ն գերեզմանափորներից բահ ու քլունգ վերցնելով մի փոս է փորում և իր հարազատների դիակները փրկելով ընդհանուր գերեզմանափոսից, թաղում է իր ձեռքով փորված գերեզմանում։
Մորս մահից հետո ինձ և Սիրվարդ քրոջս տեղափոխեցին երկու տարբեր հիվանդանոցներ, ըստ որում, ինձ տարել էին սուր վարակիչ հիվանդանոց, որը գտնվում էր քաղաքի մյուս ծայրին Քանաքեռի բլուրի տակ։ Խեղճ հայրս ստիպված էր ամեն օր քարշ գալ մի հիվանդանոցից մյուսը, իմանալու համար իր հիվանդ զավակների վիճակի մասին։ Իմ հիվանդանոցում հայրս գտել իրեն ծանոթ բուժաշխատողի, որին խնդրել էր հատուկ հոգ տանել իմ նկատմամբ և փրկել իմ կյանքը։ (Փակագծի մեջ ասենք, որ էջմիածնում մեզանից բաժանվելուց և Թիֆլիս գնալուց հետո մենք Եղիազարից ոչ մի տեղեկություն չունեինք, չգիտեինք անգամ նրա հասցեն, որ նամակներ գրեինք)։
* * *
Կիսվում էր 1915 թ. ամառը։ Հիվանդանոցի պատուհաններից խորը թախիծով ես նայում էի մոտիկ և հեռվում երևացող կանաչ ծառերին ու զգում էի խոր կարոտ կյանքի նկատմամբ։
Հայրս համարյա ամեն օր այցելում էր ինձ։ Նա մի անգամ խոստացավ, որ եթե ես առողջանամ ու դուրս գրվեմ հիվանդանոցից, ապա ինձ համար կգնի նոր շորեր և կոշիկներ։ Ես անհամբեր սպասում էի այդ երջանիկ օրվան։
Վերջապես եկավ այդ ըղձալի օրը։ Լրիվ բուժվելուց հետո ինձ դուրս գրեցին հիվանդանոցից և ես հորս ուղեկցությամբ տուն վերադարձա։ Հաջորդ օրը, իր խոստման համաձայն հայրս ինձ տարավ «ղանթար»-ի մոտ գտնվող «սև շուկան» նոր շորեր գնելու համար։ Երկար թափառելուց և տնտղելուց հետո, վերջապես նա ինձ համար գնեց ցարական չինովնիկի մի պաշտոնազգեստ, որը կարված էր կանաչ մահուդից, նրա կրծքի վրա շողշողում էին ոսկեգույն փայլուն կոճակներ, նման երկու կոճակներ կային նաև պաշտոնազգեստի հետևի մասում մեջքի վրա։
Զգեստը գտնված էր, մնում էր գլխարկը։ Հայրս գնեց ոչխարի մորթուց մի մեծ գլխարկ։ Ոտքերիս համար գնեց զինվորական մի զույգ սապոգներ։ Թե փափախը, և թե սապոգները չափազանց մեծ էին ինձ համար։ Փափախն իջնում էր մինչև աչքերս, իսկ ոտներս պարզապես լողում էին մեծ սապոգների մեջ։ Թե ինչի էի նման այդ նոր տարազի մեջ դժվար էր ասել։ Երևի մի խրտվիլակի։
Նոր և տարօրինակ կոշիկների մեջ ես չափազանց դժվարանում էի քայլել (ինձ զարմացնում էր, թե որտեղից և ինչ գումարներով էր գնում հայրս այդ նոր «շորերը»): Բայց հանելուկը պարզվեց։ Պարզվեց, որ մորս մահից և իմ ու Սիրվարդի հիվանդանոց տեղափոխվելուց հետո, հայրս նորից մտել էր աշխատանքի, իր նախկին տեղը և նախկին աշխատավարձով։
Մի քանի օր հետո հիվանդանոցից դուրս գրեցին նաև Սիրվարդին։ Տուն գալով և տեսնելով փայլուն կոճակներով շողշողացող իմ համազգեստը նա տզզաց պահանջելով, որ իր համար էլ հայրս գնի նոր համազգեստ։
Հայրս շարունակում էր իր աշխատանքը ֆուրգոններ վերանորոգող արհեստանոցում։ Նրա գործատեր Զեյվացի ուստա Խաչոն շատ բարի մարդ էր։ Իմանալով մեր ընտանիքի ծանր դրությունը, իմանալով, որ մայրազուրկ երկու որբեր մենակ մնացել են տանը, նա համարյա ամեն հորս թույլ էր տալիս մի ժամով տուն գալ և կերակրել մեզ։ Պատահում էր, որ նա ինձ և Սիրվարդին կանչում էր իր արհեստանոց և կերակրում իրենց տնից բերված ճաշով։ Տանը մեր սնունդը սովորաբար հետևյալն էր. հաց-պանիր-խաղող, հաց-պանիր-ձմերուկ կամ էլ հաց-պոմիդոր և սոխ։ Մերթ-մերթ հայրս «Ղանթարի» տակից բերում էր փռում տապակած ոչխարի գլուխ և տժվժիկ։ Պատահում էր, որ հայրս շռայլություն էր անում և ինձ ու Սիրվարդին տանում էր ճաշարանները ճաշելու։
Առանց մոր ծանր էր մեր վիճակը։ Հայրս ամիսը մեկ անգամ կիրակի օրերը ինձ ու Սիրվարդին տանում էր Հրազդանի ափը, սապոնով լողացնում էր, լվանում էր մեր շորերը, փռում արևի տակ չորացնում և տուն բերում։
* * *
Ընկերներն ու ազգականները խորհուրդ էին տվել հորս, որ «անտեր մնացած» զույգ երեխաներին խնամելու համար նրան հարկավոր է կրկին անգամ ամուսնանալ։ Հայրս համոզվել էր այդ բանում։ Հորս ընկերները նույնիսկ նրա համար գտել էին կնոջ հարմար թեկնածու, որը նույնպես այրի էր։ Հայրս մի անգամ «տաք գլխով» տեսել էր այդ կնոջը, հավանել և հաջորդ օրը հասարակ մի ժամացույց գնել և գնացել «նշան էր դրել» այդ կնոջը։ Նախքան ամուսնանալը հայրս ուզում էր իմանալ իմ և Սիրվարդի կարծիքը «մոր» մասին։ Մի անգամ նա մեզ հասկացրեց, որ ուզում է մեր համար նոր մայր բերել և ցանկանում է, որ մենք գնանք տեսնենք նրան և հայտնենք մեր կարծիքը։
Հաջորդ օրը, հայրս իմ և Սիրվարդի ձեռքից բռնած, տարավ «Ապտեչնայա» փողոցը, ուր բազմաթիվ այլ գաղթականների հետ ապրում էր մեր «մայրը»։ Նա Բիթլիսեցի էր: Երբ ներս մտանք, այդ կինը մեզ ընդունեց շատ սառը չուներ մայրական ոչ մի զգացմունք։
Երբ տուն վերադարձանք հայրս հարցրեց մեր կարծիքը։ Ես բացասաբար արտահայտվեցի, Սիրվարդը միացավ ինձ։ Հայրս հաշվի առնելով մեր կարծիքը հրաժարվեց և չամուսնացավ այդ կնոջ հետ.
– Ջահնամ էն սահաթը,– ասում էր նա, – մենակ թող իմ բալաների սրտով լինի։ Որոշ ժամանակ անց, հորս առաջարկեցին ամուսնանալ վանեցի Սալախյան։
Պետրոսի աղջկա հետ, որը նույնպես այրի էր։ Հաշվի առնելով նախկին փորձը, հայրս նախկան նշան դնելը, վերցրեց ինձ ու Սիրվարդին և տարավ հարսնատեսի։
Սալախյանների ընտանիքը ապրում էր «Դաշլի քուչա»-ի վերջում։
Երբ ներս մտանք, մեր նոր մայրացուն Ազնիվը, վազեց ընդառաջ, գրկեց, համբուրեց ինձ ու Սիրվարդին, և ամեն մեկիս ձեռին մի-մի շաքար դրեց։ Մեզ շատ ուրախացրեց այդ ջերմ ու գուրգուրալի վերաբերմունքը։ Երբ դուրս եկանք, հայրս հարցրեց մեր կարծիքը։
– Շատ լավն էր,– միաբերան ասեցինք ես ու Սիրվարդը։ Հարցը պարզ էր։ Մյուս օրը, հայրս մի-մի ծաղիկ տվեց մեր ձեռքը, և ուղարկեց մեր նոր մոր մոտ։
Դա յուրատեսակ նշանդրեք էր։
Երբ ծաղիկներով մենք նորս մտանք, մեր մայրացուն, իսկույն, գրկեց մեզ, համբուրեց, անընդհատ կրկնելով.
– Մեռնիմ իմ տղին։
– Մեռնիմ իմ աղջկան։
Մենք զգում էինք իսկական մայրական գուրգուրանք։
Կարճ ժամանակ հետո, հայրս Ազնիվ Սալախյանի հետ գնացին Կոնդի եկեղեցին և ամուսնացան։
Փոխանակ մորս տեղափոխելու «Զառաբի քարվանսարա»-ի մեր մութ ու խոնավ սենյակը, մենք երեքովս տեղափոխվեցինք նրանց տան լուսավոր և տաք սենյակը։ (Հայրս և Պետրոս Սալախյանն այդպես ավելի հարմար գտան)։
Մի քանի օրից հետո, մենք տեղափոխվեցինք մորս բնակարանը։ Այստեղ թե ես, թե Սիրվարդը, մեզ չափազանց լավ էինք զգում։
Մեր նոր պապը Պետրոս աղան (Բոբոզ աղան) շատ էր սիրում մեզ իր նոր թոռներին։
Երբ որ բացվեց 1916 թվականի գարունը, Բոբոզ աղան մեր ձեռքերից բռնած, համարյա ամեն օր մեզ տանում էր զբոսանքի, դեպի Հրազդանի ձորը։
Վերջապես Թիֆլիսից վերադարձավ Եղիազարը։ Նա իմ նոր տարազի մեջ բոլորովին չճանաչեց ինձ։ Պարզվեց, որ նա Թիֆլիսում աշխատել էր, որպես գրաշար ելավ որոկավորվել էր այդ արհեստում։
Նույն 1916 թվականի անշնանը ինձ հաջողվեց մտնել Երևանի գաղթականական Կենտրոնական դպրոցը, Վանում կիսատ թողած ուսումս շարունակելու համար։
Դպրոցում Լ. Մարությանի խմբագրությամբ լույս էր տեսնում պատի թերթ։ Ես այդ թերթին աշխատակցում էի բանաստեղծություններով Հորձանք ծածկանունով։
1917 թվի փետրվարյան հեղափոխությունից հետո, փակվեց մեր դպրոցը և ես մնացի տանը։ Հնարավորություն չունենալով շարունակելով ուսումս։
Նոր մոր հետ միասին մենք ունեցանք ոչ միայն նոր պապ, այլև նոր տատ նոր մորեղբայր — Հայրիկ Սալախյան, որը Վանի իմ դասընկերներից էր։
Մի կիրակի օր, հայրս որոշեց և մեզ տանել «իլիզոն»-կինո։
Մեր նոր ընտանիքը թվով յոթ հոգի֊ պապս, տատս, մորեղբայրս, հայրս, մայրս, ես և Սիրվարդը Կոնդից դուրս եկանք և շարժվեցինք դեպի քաղաքային այգի, որի դիմաց գտնվում էր կինոյի շենքը։ Հայրս բոլորիս համար էլ գնել էր առաջին շարքի ամենաէժանագին տոմսերը։ Մենք բոլորս նստած առաջին շարքում, ակնապիշ նայում էինք դիմացի սպիտակ էկրանին։ Դահլիճի լույսերը մարեցին և էկրանը լուսավորվեց։ Հանկարծ էկրանի վրայից դեպի մեզ սկսեցին շարժվել մի քանի ֆուրգոններ, որոնց ձիերը կարծես թե խրտնած էին։ Մենք բոլորս սարսափահար դուրս փախանք դահլիճից։ Փողոցում մայրս սարսափահար ասաց.
– Քամբախ անիմ ուրենց իլիզոն ուրենց կյլխին, քիչ մնաց որ մեզ ճխլտեին կատղած ձիերը։ Մարտիրոս դու էլ տեղ էս կտել մե շանց տալու։ Դա առաջին և վերջին անգամն էր, որ մենք կինո հաճախեցինք։ Երբ տուն հասանք տատս զույգ ձեռքերը վեր պարզած ասաց.
— Փառք քեզ աստված, լավա սաղ-սալամաթ պրծանք։

Հրաշալի նյութը տրամադրեց Վահրամ Ալազանի դուստրը՝ Հասմիկ Ալազանը

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ (անտիպ հուշեր)

Տես՝ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Добавить комментарий