Շարմաղ Հարությունյանի «ԱՇԽԱՐՀԸ ԱՅՍ» գիրքը

Շարմաղ Հարությունյանի «ԱՇԽԱՐՀԸ ԱՅՍ» գիրքը

Շարմաղ Հարությունյանի «ԱՇԽԱՐՀԸ ԱՅՍ» գիրքը

Շարմաղ Հարությունյանի «ԱՇԽԱՐՀԸ ԱՅՍ» գիրքը

Շարմաղ Հարությունյանի «Աշխարհը այս» բանաստեղծությունների ժողովածուն հետաքրքիր կառուցվածք ունի: Գրքի հերոսուհին լուսածին աղջիկն է՝ կերտված կին-գրողի գրչով: Շարմաղը գիրքը կառուցել է՝ սյուժետային աներևույթ գիծը տանելով վերջից դեպի սկզբից:

Առաջին գլխում՝ «Աշխարհը այս»,  քնարական հերոսուհին հուսահատության ու ցավի գագաթնակետին է, չկա փրկության և հույսի դուռ: Իսկ ինչո՞ւ, քանի որ աշխարհը այս լի է ընդվզումներով, կեղծիքներով, ագահությամբ, մորմոքներով և կխաղաղվի՞ արդյոք, կվերածնվի՞… Հաջորդիվ բանաստեղծուհին խորհում է.

Հագնում ենք բառը՝ իբրև պերճ զգեստ,

Ու մերկ ենք թողնում մեր որբուկ հոգին,

Անտեղի բաշխում գեղոն ու գովեստ,

Սեզերում թողնում մանուշակներին:

Սերը հարդի պես քամուն ենք տալիս

Ու շամբ ենք դարձնում արտը հույզերի…

Մենք մոռանում ենք խորհուրդը հողի,

Ձայնը՝ լուսականչ հոգեերկնքի,

Մենք սպանում ենք հավատը վերջին՝

Հույսը դնելով բարեգութ Աջին…

…Երբ սիրո մահից աշխարհն է մեռնում

Մարդն առանց սիրո ինչպես է ապրում:

Կարծես թե գտնում է պատասխանը՝ առանց սիրո և հավատի կկործանվի աշխարհը: Ասում է. ես չունեմ ուժը ծառի, որ մնամ կանգնած, բայց նաև կոչ անում՝ մի քիչ ծառ լինենք:

Աշխարհում թախիծն անանց է ու անսահմանագիծ, երջանկությունը հպանցիկ մի պահ, սակայն հարկավոր է թռչել օրերի միջով ու միշտ վեր ելնել:

Եվ ճանապարհ է ընկնում քնարական հերոսուհին՝ գտնելու լույսի ծլարձակումն ու վերադարձի ճանապարհը:

Ես գնում եմ դեպի անծիր

Անդարձության ճանապարհով,

Պատրանքներս՝ խոր ու թանձր՝

Փակած սրտիս տաք ափերով:

Տանեմ, շաղ տամ մեջն անհունի,

Ծլարձակում լինի լույսի

Եվ ճանապարհ՝ վերադարձի…

Ցուրտ լռություն: Հերոսուհին ճանապարհ է ընկնում… ցուրտ լռություն, քանզի սերը նման է ալիքի, որ երբ գնում է, վերադարձ չկա: Բանաստեղծուհին լռեցնում է սիրտը, աչքերից հեռացել են հույսի թռչունները: Այլագունել է հիշողության ծառը ու թափվում են երազները: Ցավը հող է լցնում բիբերում սպասման, ուր արմատ է գցում բաղեղն ունայնության: Բայց կարևոր է հիշել՝ մոլոր քայլերը դարձ չունեն: Ու կանգ չի առնում հերոսուհին, հավատի ուժով առաջ է գնում սիրո փնտրտուքներին ընդառաջ:

Ինչ թափանցիկ է

ձայնը

լռության…

սի՛րտ, մի՛ շշնջա

և…

ոչ մի

հնչյուն:

Թո՛ւյլ տուր,

լուռ հեղեմ

արցունքս կապույտ,

խոնարհ օրորվեմ,

հանց դաշտի

առվույտ…

Թո՛ւյլ տուր՝

լուռ գրկեմ

ուսերը բառի,

որ ոչ մի հնչյուն

ցավից չմեռնի…

Սի՛րտ իմ,

դու լռի՛ր

ու մի՛ վերձայնիր՝

ինչո՞ւ եմ տխուր,

ինչո՞ւ են ներսիս

ձյուները կարմիր…

Մի փակիր աչքերդ

Հեղինակն այստեղ ամբողջությամբ սեր է, սիրո մարմնավորում, սիրո նվիրում, սիրո փնտրտուք, վաղանցուկ են եղել սիրո վայրկյանները և հեղինակին մերթ հար անդարձության կսկիծն է պատում, մերթ հույսով է, որ կկանաչեն իր աշնան օրերը, մերթ աղերսում, որ իր հոգու տաճարից նա չհեռանա, քանզի այլ Աստված չունի, մերթ երազում, որ իր սրտին լուռ սեր շշնջա և միևնույն ժամանակ տագնապում, որ գուցե այդ ժամանակ արդեն ինքը թոշնած կլինի ու արցունք դարձած, միևնույն պահին էլ խելահեղորեն փորձում է գտնել կորցրած սիրո ոտնահետքերը, սակայն մոլորվում է, և նրա աչքի առաջ փլվում է պատը ապակե, որ բաժանում է կյանքը երազից: Բայց հերոսուհու հոգում երազը չի մեռնում՝

Ես կգամ, որ երգ դառնամ շուրթերիդ

Որ աղթոքներս աստղերի նման թափվեն ուսերիդ…

Լուսածին աղջիկ: Հետաքրքիր զուգահեռներով է հեղինակը կերտում հերոսուհու՝ լուսածին աղջկա կերպարը: Նրան երկնել էին լույսերը փափուկ, բայց այրեցին ցավի կրակին, թևատարած էր աղջիկը՝ կյանքը դեպի վերելք, չնայած ճանապարհը ժայռեղեն է, ու ներբաններից արյուն է հոսում, կինը երբեք չի դադարում վեր բարձրանալ և չի փնտրում երբեք հարթ տափաստաններ, այլ անկոտրում կամքով առաջ է գնում: Բնությունից իրեն շնորհած ազատ թևերը չի փորձում տարածել, քանզի գիտի՝ կնետահարեն, կծիկ է դառնում: Լուսածին աղջիկը վերածվում է ժայռեղեն կնոջ:

…Քեզ հում կավի պես անվերջ թրծեցին,

Քեզ կարաս դարձրին,

Ցավի խնոցի,

Քեզ քեզնից զատին,

Սերդ զտեցին…

Լուսածի՛ն անջիկ,

Քեզ երկնել էին լույսերը փափուկ,

Բայց քեզ այրեցին ցավի կրակին

Ու ահա դարձար… ժայռեղեն

Մի կին…

Լուսականչ շարքում բանաստեղծուհին հատում է Լույսի վերածնման սահմանը. Եթե հոգու ծառերը ծաղկեն, ես կհավատամ հավերժությանը, և որն է դրա գրավականը, ով կարող է աշխարհում այս գարուն նկարել կնոջ սրտին. իհարկե բալիկը, մայրության բերկրանքն է կնոջ հոգու գարունը: Շարմաղը խոստովանում է՝ դու հարություն ես հաղորդել մեռած լռության շնչին…

Իսկ երբ նայում ես

Ծնկներիս տխրող անհույս մատներիս,

Մոմեր ես դարձնում քո տաս մատները

Խորանում սրտիս,

Ու ես լռելյայն ծնկում եմ նրանց

Զորության առաջ…

Հոգու խճանկար շարքի բանաստեղծությունները փոքրիկ ռուբիկներ են, որ ճիշտ հավաքելու դեպքում կստացվի կնոջ ողջ հոգեկերտվածքը: Լուսածին աղջիկն անդորր տաքուկ իր բնաշխարհից նայում է մերթ աշխարհին, մերթ իր հոգու ընդերքը, փորձում ձուլել դրանք: Եվ  ինչ կար իր հոգում՝

…Իմ տխրությունը՝

 ավազներ մանրիկ…

…Ժպիտս՝ թռչուն խատուտիկ…

Մի ծաղիկ աղջիկ իր սերն էր փնտրում աշխարհում, իսկ հույսն իր ձեռնափայտն էր…

Սակայն մենության կորագիծը նրան իր մեջ է առնում, անզորությունից բառերն են մեռնում և լռությունն է ծնվում ծանրաքայլ:

Լռությունն է աշխարհի հենարանը

Թևեր առնի երկինքը փոքր կլինի

Եթե լեզու առնի բառերը շատ քիչ կլինեն:

Հերոսուհին լռությամբ է խոսում իր սիրելիի հետ, անհանգստանում, եթե լռությունը մեռնի, ինչ լեզվով կխոսեն միմյանց հետ: Կարճ է կյանքը ապրելու համար, երկար է չապրելու համար:

Վերջին՝ Անդարձություն շարքն ամփոփում է բանաստեղծուհու ասելիքը: Շարմաղի հերոսուհին ճանապարհ էր ընկել այս աշխարհում գտնելու լույսի ծլարձակումն ու վերադարձի ճանապարհը: Այս շարքում Լուսածին աղջկա ծննդավայրն է՝ բարձրիկ սարերի, մշուշոտ ձորերի, ծաղկանց դաշտերի, լավաշահամ օրերի տաք նկարագությունը: Կյանքի հավերժությունը հետևյալ տողերում է.

Մեռնում էր տատս՝ աչքերի մեջ մահ, Շուրթին սիրո երգ, հոգում անբույժ վերք:

Ահա սա է ըստ հեղինակի՝ հավերժ նորոգ աշխարհը այս:

Մարդը ծնվում է և քանի դեռ իր մայր բնության մի մասնիկն է, երջանիկ ու անհոգ է, դա գիտակցում է, ցավոք, այն ժամանակ, երբ այլևս հեռու և անմասն է իր բնօրրանից: Հանգամանորեն վերլուծում է հոգու և աշխարհի բեկումն ու արձագանքը: Այդ բեկումը խորն է ու ցավալի, դրա արդյունքում է լուսածին աղջիկը դառնում ժայռեղեն կին: Կյանքի բիրտ ու աննահանջ հարվածներին դիմակայելու  ոգեղեն ուժը կնոջ համար մայրության բերկրանքն է: Սիրո ու հավատի փնտրտուքի ճանապարհին է ավարտվում հեղինակի ասելիքը:

 

Добавить комментарий