ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․
Ամեն անգամ հայրենիք դարձի նախաշեմին Գրիգոր Նազարյանի գեղանկարները դառնում են ավելի երազային – նրբահյուս։ Կարոտի՞ց է, պահ առաջ Հայաստան հասնելու անհամբերությունի՞ց, հայահոտ բնությունից ու հարազատ մարդկանցից կենդանի տպավորություններ և զգացողություններ քաղելու ձգտումի՞ց, թե՞ բոլորը միասին,- կարող է միայն ինքը բացատրել։ Խոսքով պերճախոս չէ, փոխարենը խոսում են նրա գրչանկարներն ու ջրաներկ, յուղաներկ գեղանկարները, և իհարկե, ճարտարապետական նախագծերը՝ մեկը մյուսից յուրահատուկ, լուծումների մեջ նորարար։
Մի ոտքը Հայաստանում է, մյուսը՝ զավակ-թոռնիկների հետ՝ Միացյալ Նահանգներում, բայց ուշքն ու միտքը մշտապես հայրենի ծիրում է, քանզի իր կյանքի, թերևս, ամենակարևոր գործն այստեղ է արել, այստեղ է ջանացել ուժերի ներածին չափով և դրանից էլ ավելին՝ ամոքելու երկրաշարժից ծվատված հայրենիքի մարմինը, հոգի է տվել ամեն կառույցի, ամեն ձեռնարկի համար, ու թե երբևէ չի հաջողվել հասնելու ցանկալի գերագույն արդյունքին, չի աղմկել, հրապարակայնորեն մեղավորներ չի փնտրել կամ նշավակել, այլ լռելյայն շարունակել է աշխատել՝ երբևէ չցուցադրելով իր պատասխանատու պաշտոնը։
Ճարտարապետ Գրիգոր Նազարյանը Հայաստանում հաստատվել է իր պրոֆեսիոնալ գործունեության ամենափայլուն տարիներին, երբ արդեն բավական հայտնի նախագծերի և շինությունների հեղինակ էր։ Իրանի Նոր Ջուղա հայաբնակ քաղաքի ծնունդ Գրիգոր Նազարյանը կրթության հարգը իմացող ծնողների զավակ էր․ Թեհրանի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը 1962 թ․-ին ավարտելով բակալավրի որակավորմամբ՝ երկու տարուց ստացել է մագիստրոսի կոչում, կարճ ընթացքից՝ 1966-ին արդեն քաղաքաշինության դոկտորի աստիճան ուներ։ Ուսանելու տարիներին իսկ աշխատելով ճարտարապետական գրասենյակում՝ աշխատել է մի շարք շինությունների նախագծեր կազմելու վրա․ Օժենի Ավթանդիլյանի հետ նախագծել է Թեհրանի օպերային թատրոնի շենքը, երկու կինոթատրոնների շենքեր, Իրանի Արվեստի և մշակույթի նախարարության ցուցասրահներն ու ամֆիթատրոնը, առանձնատներ, այլ մշակութային կենտրոններ։
Իրանի Քաղաքաշինության և զարգացման նախարարությունում աշխատելու տարիներին նախագծել է Թավրիզի ուսանողական հանրակացարանները, եգիպտացորենի մամլեցման գործարան և հյուրանոց՝ Մեհրշահրում և այլն։ 1968-ից աշխատելով Իրանի Էկոնոմիկայի նախարարությունում՝ հեղինակել է Թեհրանում Իրանի միջազգային ցուցադրության տարածքն ու տաղավարները, այնուհետև Yekan Development Co ընկերությունում աշխատելիս իր նախագծմամբ կառուցվել են Իրանի երեք քաղաքների՝ Քերմանշահի, Համադանի և Սանանդջանի օդանավակայանները։ Կասպից ծովի ափին Խզրշահր քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակն է։ Եղել է Մեհրշահրի զարգացման գրասենյակի գլխավոր ճարտարապետը, 1975-ն հիմնել է իր ճարտարապետական գրասենյակը, նախագծել բնակելի տներ, հյուրանոցներ, գործարաններ։ 1970-ականների վերջերից Գրիգոր Նազարյանը բուռն մասնագիտական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում՝ Բոստոնում ճարտարապետ Փիթեր Դիմոյի հետ հիմնելով DimNaz, ապա Մասաչուսեթսում ՝ Haverhill Development ընկերությունները։ Նրա նախագծերով տարբեր նշանակության շինություններ են կառուցվել Բոստոնում, Քեմբրիջում, Ուոթերթաուն, Սթոնհեմ, Հավերհիլ, Լաուել, Վոբերն քաղաքներում, բնակելի համալիրներ՝ Լոս Անջելեսում, այլուր։
1993 թվականը Գրիգոր Նազարյանի կյանքում շրջադարձային էր։ Ստանալով Լուիզ Սիմոն Մանուկյանի և Հրայր Հովնանյանի հրավերը՝ համագործակցելու Հայաստան համահայկական հիմնադրամի հետ, առանց երկմտելու ընդունում է այն՝ տեղափոխվելով և աշխատելով Գյումրու աղետի գոտում՝ որպես հիմնադրամի լիազորված ներկայացուցիչ։ Նրա շատ ծանոթ-բարեկամներ այն ժամանակ զարմանում էին իր՝ հարմարավետ կյանքն ու շահութաբեր աշխատանքը թողնելու և Հայաստան տեղափոխվելու որոշման վրա։ Պատասխանը մեկն էր՝ եթե անգամ անվարձ աշխատանք առաջարկեին, միևնույն է՝ որոշումս մեկն էր լինելու՝ դժվար պահին ծառայելու հայրենիքիս։ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար երկու տարում նախագծել և կառուցել է շուրջ 450 բնակարան, նույն նախագծով ևս 235 բնակարան՝ Վանաձորում և Ստեփանավանում։ 1995-96 թ․թ․ եղել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը, իրականացրել գյուղական բնակավայրերում կրթական հաստատությունների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման ծրագրեր։ Նրա տեխնիկական վերահսկողությամբ են կառուցվել Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքերը։
Այս ամենի շարքում, սակայն, ճարտարապետ Գրիգոր Նազարյանի համար առանձնակի տեղ ունի Արա լեռան ստորոտին՝ Արագյուղ մուտքին իր կանգնեցրած մատուռը։ Ծավալով՝ փոքր, սակայն ճարտարապետական բովանդակությամբ, մտահղացման յուրատիպությամբ այս շինությունը նրա հոգու խոյանքն է դեպի Արարիչ։ Ուորթերթաունի Սբ․ Ջեյմս եկեղեցու կանանց բարեգործական կազմակերպության կողմից պատվիրված նախագիծը կյանք պիտի առներ ճարտարապետի ամենօրյա աչալուրջ հսկողությամբ։ Այս կառույցն այցելողին կզարմացնի այն ճշգրտությունը, որով հաշվարկվել է Արա լեռից փչող քամիների ուղղությունը, տեղանքի ինքնատիպությունը և շրջապատող բարձունքներին շինության ներդաշնակ համադրությունը։ Մատուռի դուռն այստեղ երբեք չի կողպվում, քանի որ, չնայած ձնառատ ձմեռներին և բաց տարածությունում ուժգին քամիներին, դուռը չի սասանվում, տեղումները մատուռի ներսը չեն լցվում։ Երկգմբեթ է․ վեղարավոր գմբեթի ներքո կլորն է, նրանց միջև՝ զանգակատունը․ ճարտարապետական արդիական լուծումը չի հակադրվում հայկական ավանդականությանը, այլ գալիս լրացնում է մեր հնամյա տաճարական կառույցների ճարտարապետական մտքի տրամաբանությունը՝ արդիականի և ազգայինի վարպետ համադրմամբ։

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ / ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ / ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․

Ճարտարապետի և կառուցողի, բարերարի մասին հիշատակումը մատուռին, ոնց հնուց է ընդունված, պիտի լիներ համեստ կամ անանուն՝ մի խաչ խազելով՝ որպես օրինակ իսկական բարեգործության։ Եվ որչա՜փ պիտի լիներ հեղինակի վրդովմունքը, երբ մի օր մատուռի պատերին հայտնաբերեց առանց իր գիտության խոշորածավալ տառերով արված փորագրություն-գրությունները՝ ներկայիս անցավորների անունների երկար շարադրանքով։ Ցավ ապրեց․ ասես վերքեր էին անամոք մատուռի վրա։ Հետո մատուռի կառուցման հեղինակային իրավունքը քանիցս վերագրվեց ուրիշին, բայց իր բնույթին հավատարիմ՝ չբարձրաձայնեց իր հույզը։ Ամեն Հայաստան այցի՝ առաջինը շտապում է Արայի փեշի իր «հոգեզավակին»։ Բազում նախագծեր ունի, որ կյանք առնելու դեպքում կարող են համարվել ճարտարապետության մեջ նոր, թարմ խոսք։ Մշակութային կենտրոնի մի նախագծի մեջ, օրինակ, որոշակի դիտանկյունից ուշադիր աչքը կնկատի Մասիսի երկգագաթը։ Հայոց մեծ եղեռնի հուշարձանի նախագիծը հիշատակումի, խոնարհման գաղափարից զատ ունի վերհառնման բացահայտ կոչ և զորություն․ արծվաթռիչ թևարձակմամբ է այն դիմավորում այցելուին՝ արտահայտելով հեղինակի ճարտարապետական հայտնության զորությունը, միաժամանակ իր գաղափարական միտմամբ մարմնավորելով գոյապայքարի ազգային ամփոփ տեսլականը։ Այս մտահղացումը, հուսամ, երբևէ մարմին կառնի, ինչպես որ կկառուցվեն իր մտահղացած՝ ներդաշնակություն և հարմարավետություն ապահովող բնակելի և հասարակական այլ շինությունները։ Ներկայումս Վայոց Ձորի Արենի համայնքում կառուցվում է նորերս իր նախագծած Սուրբ Գրիգոր մատուռը՝ ի հիշատակ ծնունդով այս վայրերից և Իրան տեղահանված ու հանուն հայոց հավատի 1620 թ․ Սպահանի Փերիա գավառում նահատակված Գրիգոր այրի։ Հավելենք նաև, որ Գրիգոր Նազարյանի նախագծով է կառուցվել նաև Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին։

Բայց սրանով չի ավարտվում Գրիգոր Նազարյանի ստեղծագործությունը։ Իր ջրաներկ գործերն ու գրչակնարներն առանձին եթերայնություն ունեն․ նկարում է հայոց բնությունը, ունի վանքանկարներ, առանձին շարք են կազմում նրբագիծ և քնքշաթույր ծաղկանկարները։ Գրիգորը, որպես գեղանկարիչ, ռոմանտիկ է։ Խոստովանում է՝ հայրենիքից հեռու ստեղծագործելու տրամադրությունը նվազում է, իր ոգեշնչման աղբյուրը հայրենի կենդանի բնությունն է, Հայաստանը։ Հատուկ ուշադրության են արժանի «Հայոց լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքի գեղանկարները, որոնցում հայկականության պահպանման ճանապարհին իր ջանքերն ու պրպտումները հանգեցրել են տարբեր գավառների և նահանգների տարազների ուսումնասիրմանն ու տարբեր թեմատիկ գործեր ստեղծելուն։ Դրանցից մեկը վրձնել էր 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին և միտք ուներ հրապարակել պատերազմի հաղթական ավարտի առթիվ։ Հաղթության ձգտումը մեծ էր, և դա արտահայտվում է պար բռնած մարդկանց ֆիգուրներով։ Հիմա այդ գործն իր հույսի ու հավատի խորհրդանիշն է։ Համոզման, որ ամեն արարում պիտի լինի աստվածային․․․
ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ / ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ / ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ / ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ / ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ / ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․

Добавить комментарий