Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին։

Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին։
Ապրիլ ամսի սկզբներին, 1901 թվին, Վիեննայից մեկնում եմ Վենետիկ, թե՛ Մխիթարյանների վանքի՝ հայագիտությամբ հարուստ գրադարանից օգտվելու, և թե՛ Իտալիան հնար եղածի չափ տեսնելու։
Ուշ երեկոյան հասնում եմ Վենետիկ։ Առավոտ վաղ ոտ­քի վրա եմ. ուզում եմ ժամ առաջ տեսնել Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյանների վանքը։ Հետաքրքրությանս առաջին գծի վրա սա է կանգնած, պատանի հասակիցս երազել եմ տեսնել Վենետիկը, բայց մանավանդ Ս. Ղազարը։
Ղևոնդ Ալիշան Ghevont Alishan Гевонд Алишан | Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին։

Ղևոնդ Ալիշան Ghevont Alishan Гевонд Алишан | Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին։

Նետում եմ ինձ առաջին պատահած գոնդոլի վրա։ Մի արևավառ օր է. սև գոնդոլը սև կարապի պես ներդաշնակ սահում է Մեծ կանալի կանաչ ջրերի վրայով։ Սա կախարդական քաղաքի ամենամեծ, լայն և երկայն ջրային պողոտան է, որ կիսում է Վենետիկը երկու մասի։ Նրա աջ ու ձախ կողմերում շարքով կանգնած են հրաշագեղ պալատներն ու ապարանքները՝ երփներանգ մարմարիոնով, կառուցված վենետիկյան չքնաղ ոճով։ Կարծես հեքիաթների միջով եմ գնում, այնքա՜ն անիրական, այնքա՜ն երևակա­յական են թվում այս բոլորը, սակայն ես հայացքս հառել եմ Լագունայի հեռուները, որոնում եմ Ս. Ղազարի կղզին։ Գոնդոլավարը, ճանապարհի ընթացքին հանդիպող կղզիների անունները տալով, առաջանում է և, ահա, ցույց է տալիս ոչ շատ հեռվում՝ Ս. Ղազարը…
Դանդաղ է սահում գոնդոլը։ Ես անհամբեր եմ, շտապեցնում եմ գոնդոլավարին։ Մոտենում ենք կղզուն, անհագուրդ նայում եմ կանաչ նոճիների միջից երևացող կարմիր շենքերին. «Սուրբ Ղազարն է սա» , ասում եմ ինձ և կրկնում։
Ի՜նչ պատկառելի անուններ հնչում են ականջիս՝ Մխիթար Սեբաստացի, Ագոնց, Չամչյան, Ինճիճյան, Բագրատունի… և Ալիշան, որին բախտ կունենամ այսօր իսկ տեսնելու։
Ինչքա՜ն մեծ երախտիք ունի Սուրբ Ղազարի միաբանությունը հայ գրականության, հայագիտության հանդեպ։ Ի՜նչ հոյակապ գործեր՝ առաջին աշխարհաբար հայ գրականություն, Հայկազյան բառարան, Հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրության՝ ստվար հատորներով, հին ձեռագիր մատյանների (մատենագրությունների) հրատարակություններ, կլասիկների թարգմանություններ։
Գոնդոլը կանգ է առնում։ Սրտատրոփ ոտք եմ դնում այս պատմական, թանկարժեք հողի վրա։
Ինձ դիմավորում է մի առողջ, համակրելի երիտասարդ վարդապետ։ Եսայի Տայեցի՝ «Անվավեր ավետարանների» հրատարակիչը։
Միաբաններից մեկը, ամեն օր, հերթով, ընդունում է այցելողներին և ցույց տալիս Ս. Ղազարի տեսարժան տեղերը՝ տաճար, մատենադարան, թանգարան, տպարան, պարտեզ և այլն։ Վանքը լավ համբավ ունի Եվրոպայում, և Վենետիկի այցելուները չեն թերանում Ս. Ղազարն էլ այցելելու։
Վանքը շրջելուց հետո Եսայի Տայեցին առաջնորդեց ինձ հյուրասենյակը, ուր ծանոթացա մի քանի երիտասարդ կարգապետների հետ, արդեն անուն ունեցողներ՝ Վարդան Հացունի, էփրիկյան, Սիմեոն Երեմյան։ Հյուրասիրեցին սուրճով և անուշեղէններով։ Նրանք շատ հետաքրքրվում էին Կովկասի հայերի կացությամբ, հարցնում էին դպրոցների մասին, գրականության և էջմիածնի մատենադարանի մասին, Անիի և այլ հնությունների պեղումների մասին։
Այս զրույցից հետո փափագեմ հայտնում տեսնել հայր Ղևոնդ Ալիշանին։ Այս անգամ Սիմեոն Երեմյանն առաջնորդում է ինձ մեծանուն բանաստեղծի և գիտնականի մոտ։ Ինչքա՜ն, ինչքա՜ն ուրախ եմ, որ պիտի տեսնեմ ամբողջ հայության սիրելի Ալիշանին։ 90-ական թվականների մեր սերունդի համար նա ամենահմայիչ անունն էր. նրա՝ Նահապետի սքանչելի բանաստեղծությունները՝ «Հրազդան», «Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ, գարունդ է եկել…», մենք անգիր գիտեինք, մեր դասագրքերի զարդն էին նրանք, ոգևորված արտասանում էինք հանդեսներում։
Նրա գրքերին պատկառանքով էինք մոտենում, որոնք մեզ համար բացարձակ հեղինակություններ էին։ Նրա աշխարհագրական երկերի վրա («Այրարատ», «Շիրակ», «Սիսական») սովորում էինք Հայաստանը, և, նրա պես, չտեսած հայրենիքի նվիրական վայրերը, սիրում էինք մի ան բացատրելի սիրով։ Մտնում ենք հայր Ալիշանի խուցը, մի ոչ մեծ սենյակ ծովահայաց լուսամուտով։ Գրասեղանին հակած է մի ալևոր՝ փոքրամարմին, անարյուն, դալուկ մի սուրբ… և գրում է։ Մի վայրկյան դիտում եմ անշուք խուցը… Ամեն կողմ գիրք՝ աթոռների վրա, սեղանի վրա. մի պարզ անկողին՝ սնարին Աստվածամոր պատկերը. Մի փոքր սեղանի վրա մի գրաֆինկա՝ ջրով լի, կողքին մի բաժակ։ Եվ ուրիշ ոչինչ։
Ալիշանը բարձրացնում է գլուխը, խոշորացույց ակնոցների միջով նայում են ինձ երկու փայլուն, մեծ աչքեր:
Հուզմունքով համբուրում եմ ջլուտ ձեռքը, որ կերտել է այն պատկառելի հատորները:
Ապրիք, զորանաք, ուրկե՞ կուգաք, — հարցնում է Ալիշանը տակավին առույգ ձայնով:
Հայր Սիմոնը պատասխանում է իմ փոխարեն.
Ուսանող է Վիեննայի, կովկասահայ է:
Ես հայտնում եմ իմ մեծ ուրախությունը, որ բախտ ունեցա տեսնելու մեր բոլորիս պաշտելի Նահապետին և այսպես առույգ, առողջ … Ալիշանը ժպտում է մեղմակի, ապա հարցնում է՝ ի՞նչ եմ ուսանում, ինչքա՞ն պիտի մնամ Վենետիկ:
Ես շնորհակալ եմ, հրաժարվում եմ սուրճից:
Սակայն դուն գնա՜, — ասում է Ալիշանը:
Կովկասի հայերը սուրճ չեն սիրեր. դուք թեյ կսիրեք:
Ասկե շատ տարիներ առաջ պարոն Մինասարովը, հայտնի ազգային մը, գիտե՞ք զինքը:
«Քնար Հայկական»-ի խմբագիրը, թերևս:
Ապրես, գիտուն մանչ ես. այո՛, ան Պետերբուրգեն այցի էր եկած վանքը ու ինձի սամովար մը նվեր բերած էր. ըսավ ինձի վարդապետ, թեյ խմել սովորե, աշխատանքի ժամանակ աղեկ է: Չգործածեցի, հոն կմնա վանքի մեկ անկյունին մեջ:
Տպարանում գնել էի Ալիշանի մեծ լուսանկարը, հիմա խնդրում եմ, որ բարեհաճի իր անունը գրել նկարի ներքո, որ շատ թանկագին հիշատակ կլինի ինձ համար:
Ալիշանը ամուր ձեռքով, դանդաղ ստորագրում է իր ներշնչող անունը:
Ավելի քան կես դար այս խուցում կամ նման խուցում, իր ողջ երիտասարդությունը, կքել է նա սեղանին, որի վրայով անցել են անթիվ գրքեր հին ու նոր լեզուներով, հայացքը Ադրիականի ոսկի ալիքներին և ականջը մշտամրմունջ ջրերին, և ժողովրդից հեռու, հայրենիքից հեռու, բայց հոգով մոտ, սրտով մոտ, երգել է իր «Նվագ»ները (հինգ հատոր՝ I հ. «Մանկունի», II հ. «Մաղթունի» և «Բնունի», III հ. «Հայրունի», IV հ. «Տիրունի» և V հ. «Տխրունի»), երազելով հայրենիք, տիեզերք, անհունություն, հավերժություն…
Այս խուցում ներշնչված Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու ներկայությամբ, անխոնջ համբերանքով և ավյունով պրպտել է ողջ մատենագրությունը՝ պատմական և աշխարհագրական, արդի հայ գրականությունն ու մամուլը, հավաքել է անթիվ տեղեկություններ Հայաստանի ամեն մի վայրի մասին՝ հին և նոր։
Ալիշանը գիտնական աշխարհագետ էր, անդամ եվրոպական աշխարհագրական ընկերությունների, հմուտ ու շատ կարդացած էր. խորապես ծանոթ եվրոպական գիտնականների գործերին՝ Ա. Հումբոլդի, Կ. Ռիտերի, էլ. Ռեկլյուի, այլև հին ու նոր ուղեգրությունների, սակայն, նա գրքերից կոմպիլյացիա կազմող չէր՝ չոր ու ցամաք, այլ, առանց նյութական աչքերով տեսնելու Հայաստանը, հոգով տեսավ նա դարերի մշուշների մեջ թաղված Հայաստանը, տեսավ տարածություններով հեռու վայրեր, այցելեց Հայաստանի ամեն մի կետը, սիրեց, ապրեց ամեն մի հողի կտորը, շնչավորեց ավերակները, գգվեց, հիացավ նրանցով։ Իր հատորների և մեր հոգիների մեջ վերակերտեց նա Հայաստան աշխարհը և պատեց մի վիպական, բանաստեղծական մթնոլորտով՝ գեղեցիկ, հրապուրիչ, առասպելական, բայց և իրական։
Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին։
Հայաստանը ո՛չ ոք այնպես չգիտե, ինչպես նա, ո՛չ ոք այնքան չի սիրել, որքան նա, այս մեծ հայրենասերը։ Իրականությունը նրա գրչի տակ երազ է դարձել և երազը՝ իրականություն։
Լուսանկարը վերցնում եմ խորին շնորհակալությամբ, նորից համբուրում եմ բազմաշխատ ձեռքը և խուցից դուրս գալիս։
Տակավին Վենետիկ էի, երբ Պետերբուրգի հայ ուսանողների մի խմբակից նամակ ստացա։ Գրում էին, որ ուսանողների այդ խմբակը ձեռնարկել է ժամանակակից հայ անվանի մարդկանց կենսագրությունը գրել ժողովրդական լայն խավերի համար։ Դիմում էին ինձ, որ անմիջապես Ալիշանից կենսագրական տեղեկություններ, փաստեր, դրվագներ խնդրեի, պատմեր ինձ և նույնպես միաբաններից հավաքեի նյութեր, նաև հարցնեի նրա կարծիքը թրքահայերի հարցի մասին (Հայկական հարց)։
Այս նամակով զինված, գնացի Ալիշանի մոտ։ Ալիշանը հեգնանքով ասաց.
– Այդ ինչ ծանր քար են դրա ծ քո մեջքին։ Վախեցա՞ր․ գրելիք բան մը չկա։ Ես կենսագրություն չունիմ։
Ասաց, որ իրեն 8 — 9 տարեկան հասակում Կ. Պոլսից բերել են Ս. Ղազար, նվիրել են վանքին։ Սկսել է աշակերտել միաբանության դպրանոցում, ավարտել է շատ մատաղ տարիքում, ուսանող է եղել և մի քանի տարի էլ Փարիզի Մուրադյան հայ վարժարանում դասատու և վարիչ է եղել։ – Եվ քանի մը գրքեր եմ գրած։ Ուրիշ ալ ըսելիք չունիմ։ Գրքեգիրք՝ ատ է եղած իմ ճամփան։ Ուրիշ տեղեր չեմ գացած։
Հետո ասաց, որ աշխարհականները կենսագրական ունին, կարող են ունենալ։ Գործեր կբռնեն, կընկնին, կելնեն։ Ճամփորդություններ կկատարեն, կկռվին, դատեր կվարեն, կամուսնանան, երեխաներ կունենան և այլն, և այլն։
Ինչ վերաբերում է Հայկական հարցին, Ալիշանն ասաց հետևյալը, որ ես շարադրում եմ արևելահայ բարբառով.
– Իհարկե, հայ ժողովուրդը լավ գիտեր, որ իր սեփական ուժերով չպիտի կարողանար թոթափել թուրքական լուծը, ինչպես առանց Եվրոպայի օգնության չպիտի կարողանային ազատվել ո՜չ Հունաստանը և ո՜չ Բուլղարիան։ Հայ ժողովուրդն էլ, նրանց հետևելով, հույսը դրել էր քրիստոնյա Եվրոպայի օգնության վրա, մեծ, քաղաքակիրթ պետությունների մարդասիրության վրա։ Այստեղից էլ հայ ժողովրդի մեծագույն և բազմաղետ սխալը։
Կոտորածների ժամանակ Թերզյան հայ կարդինալը գնում է Հռոմ, ընկնում է սրբազան պապի ոտները, աղերսում է, որ պապը դիմում անե քրիստոնյա մեծ պետություններին՝ Անգլիային, Ռուսիային, Ֆրանսիային, Գերմանիային, որ ջարդարար թուրքի ձեռքը բռնեն։ Սրբազան պապն ասում է. – «Այդ քրիստոնյա մեծ պետություններն են հայերին կոտորողները, ես որի՞ն դիմեմ»։
Եվրոպական պետությունները ոչ միայն չօգնեցին և չպաշտպանեցին իրենց հուսացող հայ ժողովրդին, այլ պատեհ առիթ գտան շահագործելու հայկական արյունը։ Հայ ժողովրդին վաճառեցին թուրք դահիճին, փոխարեն ստացան տնտեսական-առևտրական մենաշնորհներ։ Եվրոպացու «բարոյականը ավերված է», բարոյապես սնանկացած է նա. նախնական մարդու բնական մարդասիրությանն էլ չունի անգամ։ Նա ստախոս է, շահամոլ է և եսական։
Պետք է վերջ տալ հայերի մեջ եղած հեղափոխական ընկերությունների գործունեությանը, պետք չէ գրգռել թուրքերի մոնղոլական արյունը։ Պետք է ընդմիշտ երես շրջել այդ փչացած Եվրոպայից և գարշանքով երես շրջել։
Ավետիք Իսահակյան Avetiq Аветик Isahakyan | Ղևոնդ Ալիշան Ghevont Alishan Гевонд Алишан

Ավետիք Իսահակյան Avetik Аветик Isahakyan | Ղևոնդ Ալիշան Ghevont Alishan Гевонд Алишан | Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին։

 

Թրքահայերի պատրիարք Օրմանյանը քաղաքագետ մարդ է. բարեկամական հարաբերություններ է մշակում նա սուլթանի հետ։ Պետք է աջակցել նրան։ Մի բառով՝ պետք է համակերպել, ուրիշ ելք չեմ տեսնում հայերի համար։ Հետո ավելացրեց. Ռուսահայերի վիճակը, համեմատաբար, գեշ չէ. կոտորած, հափշտակություն չկա, բայց այն պատճառով, որ ազգային դպրոցներ չունեք, հայկական դաստիարակություն չկա, լեզու և մշակույթ ճնշման տակ են, այս դրությունը ցանկալի արդյունք չի տալու։ Ռուս պետությունը իր բերանով է ասում այս։ Մի երկու տարի առաջ վանքն է այցելում ռուսական եկեղեցու սինոդի մեծը (երևի՝ Պոբեդոնոսցև, սինոդի օբեր-պրոկուրորը) իր քարտուղարի հետ։ Գրեթե բոլոր միաբանները նրա պատվի համար ոտի վրա են և քայլում են նրա հետ։ Նա տեսնում է գեղեցիկ տաճարը, ճոխ գրադարան-մատենադարանը, տպարանը, թանգարանը…

Երբ նստում են հյուրասենյակում մի բաժակ սուրճ խմելու, այդ ռուս մեծ պաշտոնյան, շնորհակալություններ հայտնելով միաբաններին, ասում Է. Ես հիացած եմ ձեր աշխատանքի, համբերության և սիրո նկատմամբ՝ հանդեպ ձեր ազգի, բայց ցավում եմ, որ դրանք իզուր ջանքեր են, անօգուտ, աննպատակ։ Որի՞ համար են այդ անձնազոհումները, մի փոքր ժողովրդի համար՝ ցրված երկրի երեսին և մատնված կորուստի։ Թուրքիայում կոտորում են հայերիդ շարունակ, Ռուսիայում էլ հայերը ոչ ռուս ժողովուրդների հետ դատապարտված են շուտ կամ ուշ ձուլվելու։
Բոլոր միաբանները սոսկացին, սակայն, աբբահայրը (Իգնատիոս եպիսկոպոս Կյուրեղյան) հանդարտությամբ պատասխանում է. Հայ ժողովուրդը շա՜տ ավելի ահեղ ժամանակներ ու բռնություններ է տեսել, նվազել է թվով, բայց մնացել է ոգով կայուն և անվթար։ Մեր հույսը աստծու վրա է, մեր ժողովրդի տոկունության և պատմության անիմանալի ընթացքի վրա։
Բոլոր միաբանները անխոս հեռանում են դահլիճից, իսկ մեծանուն պաշտոնյան, քարտուղարի հետ միայնակ, գնում է նավամատույց։ Ալիշանն ավարտեց խոսքը, ծանր շնչեց, լռեց մի պահ, ապա ձեռքը մեկնելով ինձ, ասաց. Բարևներ խոսեցեք Պետերբուրգի ձեր ազնիվ ընկերներին, նաև իմ շնորհակալությունը՝ իմ հանդեպ ունեցած նրանց հարգանքի համար։ Շրջահայա՛ց եղեք, սիրեցե՛ք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և սիրեցե՜ք միմյանց։ Ես խոնարհեցի գլուխս և դուրս ելա նվիրական խուցից։
Երբ մեկնում էի Վենետիկից, գնացի Ալիշանի մոտ՝ վերջին անգամ տեսնելու և հրաժեշտ անելու։
Օրհնեց ինձ, բարիքներ մաղթեց և ողջույն ուղարկեց Խրիմյան Հայրիկին։
– Ինձմեն հարյուր օրով մեծ է ան , – ասաց Ալիշանը, – բայց կըսեն, որ շատ առույգ է, ձի կնստի, հարկավ այդպես է. ան Մասիսի հովին տակ կքնանա, Արաքսի ջուրը կխմէ, Հայաստանի հացը կուտէ, անոր հողի ուժը կառնե…
 
 Դեկտեմբերի 30, 1948, Երևան
Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին։
Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից» «Երկերի ժողովածու» հատոր V
Ղևոնդ Ալիշան Alishan Гевонд Алишан
Ավետիք Իսահակյան Avetik Аветик Isahakyan

Добавить комментарий