ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
Կոմիտաս վարդապետից`
Արշակ Չոպանյանին 1912թ., դեկտեմբեր, Կ. Պոլիս
Սիրելի Արշակ.
Երկար ժամանակ է, ուզում եմ քեզ նամակ գրել, բայց այսօր վաղն ասելով ցարդ ուշա­ցավ։ Արդեն մասնակի տեղեկանում եմ և գի­տեմ, թե այժմ որքա՜ն սուրբ ու ազնիվ, քո սիրած ու պաշտած, կշռած ու մարսած գործն ես մշակում՝ հայուն ապագան է արդ քու հոգածությանդ առարկան, ուստի բոլոր ուժդ, իրավամբ, դեպի գերագույն նպատակն ես ուղղած։ Արդեն հայ ազգը քեզ շա ՜տ բան է պարտական, դո՛ւն էիր առաջինը, որ լավ ըմբռնեցիր, թե մեր ապագան հարթելու հա­մար պետք էր, նախ մեզ օտարներին ծանո­թացնեք, ցույց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսո որդեգիր ու կարապետ ենք խա­վար վայրերում, շինարար ենք… Եթե մեր մեջ տևականությունն ու միությունը պակաս է եղած, պատճառն այն է, որ ազատ չունչ չենք քաշել, նույնիսկ մեր իբր անկախության օրերումն իսկ՝ հալածվելով տգիտութենեն ու խավարեն, ավերակեն ու ավարեն, սրեն ու հրեն… բայց աննկուն բան ունինք մեր մեջ, մի ամուր հույս՝ դեպի ապագա լուսո կանթեղը հառած են մեր հայացքները, դեպի այն կանթեղը, որ հայ ժողովուրդը, իր թա­գավորությունն ու իշխանությունը կորցնելեն հետո, տարել ու կախել է բազմաբեղուն ու երկնադետ Արագածի գագաթը՝ երկնքի ան­տես առաստաղեն, անթել կապով, որ մար­դիկ՝ խավար ու ավարառու ձեռք տալ չկա­րողանան և գոնե նորա լուսո նշույլը ցայտե մեր վերա և մեր ապագա կյանքը երազենք։ Դուն էիր, առաջինը, որ մեր նախնյաց ստեղ­ծագործ հոգին թղթերով ու գրքերով նկարեցիր ու ցուցադրեցիր օտար աշխարհի մեջ քաղաքակրթության հարազատ զավակներին, որ մե՛նք ևս իրենց շավիղն ենք բռնել, մենք ևս իրենց ճամբան ենք քայլել, մենք ևս մեր ձեռքին լույս բռնել, և, թեպետ ջանացել են դևերը փչել ու մարել մեր կյանքը, բայց փչողներն են խորտակվել ու մենք դեռ մոխիրների տակ առկայծել ենք՝ ապավինելով գիտության ու կրթության, որ թեև մերն է եղել՝ իբր արևելքի զավակներ, բայց մեր ձեռքեն դուրս է ելել ու Եվրոպան լուսավորել, արդ, քանի որ մեզ համար անծանոթ չէ մեր մտքի նախատիպը և կարողությունը, որ այժմ Եվրոպայից է, որ մեզ լուսավորում է, ինչու չունենանք մեր իսկ լուսո ջահը’ մեր ձեռքին։ Դո՛ւն էիր առաջինը, որ հրավիրեց հայի գեղարվեստական ստեղծագործությանց ծանոթացնելու քաղաքակիրթ աշխարհին…
Արշակ Չոպանյանն ու Կոմիտասը / Arshag Chobanian - Komitas | ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ  Արշակ Չոպանյանն ու Կոմիտասը | Arshag Chobanian — Komitas

Արդ, հանգիստ վայելի՛ր և ուրախացի՛ր, ո՛ւժ առ և ո՛ւժ տուր, պի՛նդ կեցիր, որ բարձ­րացած դարավոր ազատության ձգտող կոհակներն ու ալիքները չզարնվեն ժայռին ու այս անգամ էլ փշրվեն, որի վերջը թերևս կորստաբեր լինի մեզ համար։
Ծալենք այժմ զգացմունքներն ու դատենք իրողությունը։
Ինձ այնպես է թվում, թե մենք մինչև նվազագույնով առաջին ու դրական քայլը չանենք, երբեք չենք կարող երկրորդի մասին մտածել կամ մեծամեծս ձգտել։ Արդ, մեր երկիրն սկզբեն եղել է կռվախնձոր արշավող ու շրջակա հզոր պետությանը աշխարհակա­լության ճանապարհի վերա և պահել է ցարդ նույն վիճակը։ Մենք այժմ իրապես ռուսաց շահի առարկան ենք. մեր երկիրն արդեն որոշված է, այսօր կամ վաղը ռուս պետության բաժին դառնալու։ Ուրեմն պիտի ձգտենք մեզ ազատագրել երկու կերպ, թե­պետ և երկուքի վերջակետն էլ նույնն է, տարբեր ուղիով միայն։ Առաջինն է առավե­լագույնը՝ ինքնուրույն ու անկախ լինելով իբր պատվար ցցվել ռուս դիվանագիտության առաջ և երկրորդը՝ նվազագույնը՝ ապավինել Քեռի-Ռուսին և միաձույլ հայություն սահմանել։ Երկուքն էլ նույն է, բայց երկ­րորդն իրագործելի՝ ջահերի նույնության վե­րա հենվելով, իսկ առաջինը անիրագործելի։ Ռուս կառավարությունը Ծայրագույն Արևել­քեն տուժեց․ ուրեմն ընդարձակման ճանա­պարհը այս կողմը մնաց, արդեն Պարսկաստանը բաժնված է իրապես Անգլիո և Ռուսիո միջև․ այսպես, հայերը պարսկական լծեն պիտի ազատին և միանան ռուսահայոց և փոխադարձաբար ուժովնան, արդ, հերթն եկել է մեզ՝ տաճկահայերիս։ Ես չե՛մ կարող մտքես անցնել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհե մեզ. զի նա չէ կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի լավ վիճակ ու­նենա, քան իր երկրի հայերը, ուրեմն միշտ ձգտելու է պահել մեզ (եթե իրան չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման ձեռնտու տարր հանդիսանանք, արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս։ Ռուս թերթերն էլ ճիշտ այս կետն է, որ շարունակ շեշտում են, որ մեր փրկու­թյունը կռելու և կոփելու ենք Փերպուրկի (Պետերբուրգի) պարիսպներու դռներուն առջև․ ա՛յս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով {1}, Գևորգ Դ կաթողիկոսին {2} զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, փրկությունը տեսնելով ու հուսա­լով տաճիկներեն, գրեթե բացարձակապես սպասելիս է եղել տաճիկներին էջմիածնի մեջ)։ Արդեն քաջ գիտես, որ Անգլիո, Ֆրան­սիո ու Ռուսիո միության գլխավոր նպատակն էլ այս էր։ Ուրեմն չի՛ք փրկություն արտաքո Ռուսիո։ Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը․ շտապելով, առաջինը չառած երկրորդ քայլի դիմելով, բոլորովին պիտի կորչինք. տաճիկեն ոչ մի հույս մի՛ ունենաք, մի՛ սպասեք, նորա ուղեղը քարե ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրվելու համար պիտանի և ոտքի տակը սալահատակելուն հարմար։

Չպե՛տք է բաժնվինք, չպե՛տք է խաբվինք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներեն, միանալու ենք և գործնական ճամբան բռնելու՝ ըստ իս, առաջին քայլն է բոլոր հայությունն ամփոփել ռուսի իշխա­նության տակ, երկրորդ քայլն է տնտեսապես ու բարոյապես, զուտ ազգային, առանց օտարեն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու՝ զարգանալ, երրորդ քայլն արդեն ինքը ռուս հեղափոխությունն է, որ պիտի անե, ո՛չ թե մենք․ իսկ մենք օգտվե­լու ենք այդ քայլեն, սակայն պատրաստվե­լով, լեհերու պես զուտ ազգային շավիղը բռնելով։ Եվրոպական մարդկային գաղա­փարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են․ պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևին տակ կկիզվեն։
Ես վախ չունիմ, թե ռուս կառավարության մեջ կհալինք, որքան ալ որ հալինք, այնուամենայնիվ մեր ինքնագիտակցությունը զարթնած է և եթե խելոք շարժվեինք, կվաստըկենք․ ես այս կարծիքն ունիմ։ Ցանկալով քեզ սրտագինս եռանդ, ուժ ու քաջություն, մաղթեմ, որ մեզի նոր տարուն բերելիք նվերդ լինի համեստ ու համեղ բան։
Համբուրիվ և կարոտով, քույդ՝
{1} Լոռիս Մելիքով Միքայել (1825-1889), նշանավոր զինվորական:
{2} Գևորգ Դ կաթողիկոս Քերեստեճյան (1813-1882):
ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
***
ԿՈՄԻՏԱՍ
Ազգին վիճակը …
Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կհուզին ի խորս մեր հալածական և ողբալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն։ Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարու­թյուն, տգիտություն մյուս երեսեն։ Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, «յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց»։ Մեր մարմինը նեխած է, մեր հոգին ապականած, մեր կյանքը դիակնացած… Ո՞ւր է մեր խոհական Խորենացին թող ելլե արյունաքամ հոգու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը։ Մեր նախնիք իրենց պաշտոնին փա­րած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն՝ ընչաքաղցությամբ։
Սիրտս փլած է։
Կոմիտաս վարդապետ
(Անթվական)
(Թեոդիկ, «Ամենուն տարեցույցը», 1916-1920 թ. թ., Պոլիս, էջ 61)։

Добавить комментарий