ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

Մերի Կիրակոսյան (Հայաստան)
արվեստագիտության թեկնածու
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

«Կոմիտասի մահով հայ երաժշտությունը
կորցրեց իր մոլորակներից մեկին: Նա հայ ժողովրդինն է,
 նրա երգի հանճարեղ զարգացնողը…» 1:
Փանոս Թերլեմեզյան

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ PANOS TERLEMEZIAN ԵՎ ԿՈՄԻՏԱՍ KOMITAS

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ PANOS TERLEMEZIAN ԵՎ ԿՈՄԻՏԱՍ KOMITAS

Փանոս Թերլեմեզյանն իր ստեղծագործական բեղուն կյանքի ընթացքում կապեր է հաստատել հայ մշակույթի ականավոր գործիչներից շատերի հետ, որոնց թվում հատկապես առանձնանում է Կոմիտասի հետ նրա ջերմ մտերմությունը: 1910 թ., Օսմանյան Սահմանադրության հռչակումից հետո, Կոմիտասը Թերլեմեզյանին գրում է. «Ե՛կ, ե՛կ, չգիտեմ վաղը ինչ կբերի, բայց այսօր աշխատելու լայն դաշտ կայ…» 2:
Թերլեմեզյանը պատմում է, որ իրենք բարեկամացան և ավելի մտերմացան Կոմիտասի հետ, երբ նա փոխադրվեց Պոլսո Բանկալտի թաղամաս, և վերջինիս հետ բնակվեցին մի տան մեջ, որն ամբողջովին նրանց երկուսին էր պատկանում: Կոմիտասի աշխատասենյակը գտնվում էր տան վերին հարկում. այդտեղ էին տեղավորված նրա դաշնամուրը և ֆիսհարմոնը 3:
Կոմիտասին և Թերլեմեզյանին կապում էր բազմամյա ընկերությունը: Նրանք միասին եղել էին կաթողիկոսների ամառանոց Բյուրականում և եզդիների ցեղապետանիստ Ասլանլու գյուղում 4: Ցեղապետը Կոմիտասի ճեմարանական ընկերն էր: Հարմար առիթը բաց չթողնելով՝ բնության գրկում, աղբյուրի մոտ Թերլեմեզյանը նկարում է Կոմիտասին և ցեղապետին միասին: Արվեստագետի հավաստմամբ՝ այդ աշխատանքը վաճառվել է նկարչի Պոլսի ցուցահանդեսում: Ներկա փաստերը համադրելով թույլ ենք տալիս ենթադրել, որ խոսքը վերաբերում է 1920 թ. Բերայում կայացած Փ. Թերլեմեզյանի և Լ. Քյուրքչյանի համատեղ ցուցահանդեսին 5, քանի որ տվյալ ստեղծագործության տվյալները տեսնում ենք միայն այս պատկերահանդեսի կատալոգում: Աշխատանքը կրում էր «Կոմիտաս վարդապետը և իր դասընկեր եզդիների ցեղապետը» անվանումը:
Տարիներ անց սուլթանների մայրաքաղաքում Թերլեմեզյանը և Վարդապետը նորից ընկերացան՝ ապրելով մի տան մեջ, սնվելով միևնույն սեղանից: Այդ տունը շուտով զանազան ազգության անհատների համար մշակույթի օջախ դարձավ: Հույն գիտնականներ կային, ովքեր գալիս էին Կոմիտասի հետ խորհրդակցելու եկեղեցական երգերի ծագման շուրջ: Թուրքեր կային, ովքեր գալիս էին խոսելու, զրուցելու Պոլսում երաժշտանոց և օպերա ստեղծելու մասին: Նրանց հյուրընկալ հարկի տակ էին հավաքվում նաև հայ մշակույթի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Երվանդ Օտյանը, Ռուբեն Սևակը, Ավետիք Իսահակյանը և շատ ուրիշներ:
Նույն ժամանակաշրջանում` 1912 թ., Թերլեմեզյանը և Կոմիտասը մասնակցում են մշակութային մի ձեռնարկի՝ Վարուժանի և Հակոբ Սիրունու նախաձեռնությամբ «Աստեղատան» հիմնադրմանը: Վերջինս 12 անձից բաղկացած մտավորականների խմբակ էր, որի լիիրավ անդամներն էին Կոմիտասը, Փանոս Թերլեմեզյանը, Վարուժանը, Սիամանթոն, Զապել Եսայանը, Կոստան Զարյանը, Լևոն (Սերովբե) Քյուրքչյանը, Հրանտ Նազարյանցը, Գեղամ Բարսեղյանը և Հակոբ Սիրունին 6: Մեկ տարի անց՝ 1913 թ., հայ մտավորականները միավորվեցին մեկ այլ գործակցության շուրջ: Կ.Պոլսի Բերայի
Էսայան վարժարանի սրահում առաջին անգամ կազմակերպվեց «Գրական դատ», որի քննարկման նյութն էր Լևոն Շանթի «Հին Աստվածներ» ստեղծագործությունը 7: Ժյուրիի անդամների շարքերը, Փանոս Թերլեմեզյանից բացի, համալրում էին Կոմիտաս Վարդապետը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Սարգիս Մինասյանը և Թեոդիկը: Հանձնաժողովի անդամների խորհրդակցությունից հետո ներկաներից ոչ ոք չի համարձակվում դատել նշված գրական աշխատանքը: Բոլոր ներկաները համակարծիք էին Գ. Զոհրապի այն մտքին, որ «նժարով չի կարելի դատել գրական երկը», ուստի մասնակիցները տեղի ունեցածը վերանվանեցին գրական վիճաբանություն: Արդյունքում հանձնախումբը մերժեց Շանթի «Հին Աստվածներ» ստեղծագործության վերաբերյալ դատական վճիռ կայացնելու որոշումը:
Թերլեմեզյանը մեծ հպարտությամբ է պատմում, որ Կոմիտասը կազմեց երեք հարյուր մարդուց բաղկացած երկսեռ երգեցիկ խումբ 8: Կոմիտասն իր զվարթ բնավորությամբ աշակերտների մեջ սեր արթնացրեց դեպի հուզական երաժշտությունը և նրանց հոգիները համակեց ազնվացնող արվեստով: Նկարիչը հավաստում է, որ համարձակորեն կարելի է ասել, որ մինչ այդ երգված գռեհիկ և անարվեստ երգերը գործածությունից դուրս եկան: Անշուշտ, դա վիթխարի հաջողություն էր հայ մշակույթի զարգացման տեսակետից:
Թերլեմեզյանը հպարտությամբ է հիշում, որ օսմանյան հանրային գործոց նախարարի տեղակալ, ազգությամբ ֆրանսիացի Պ. Հյումբերը, ով հաճախ էր այցի գալիս իրենց, «Քելեր, ցոլերը» երգելով էր աստիճանները բարձրանում 9: Կոմիտասի սենյակում հաճախ կարելի էր հանդիպել նույնիսկ իտալացի հմուտ դաշնակահարների, ովքեր գալիս էին ունկնդրելու փորձերը:
Մեծ նկարիչն առանձնակի ջերմությամբ է պատմում Կոմիտաս-անհատի մասին: Կոմիտասը չափազանց ուրախ և աշխատասեր մարդ էր: Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ էր, երբեմն էլ՝ բարկացող: Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվենների, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ էր տիրում:
Թերլեմեզյանն անհրաժեշտ է համարում հիշատակել իր և Կոմիտասի հետ կապված մի դեպք: Մի անգամ իրենց այցելության է գալիս կայսեր արարողապետը՝ Իսմայել Զենանի բեյը, ով նկարչի աշխատանքները դիտելուց հետո ցանկություն է հայտնում ծանոթանալ Կոմիտասի հետ 10: Ներս մտնելուն պես նրանք ծանոթանում են, և արարողապետի խնդրանքով Կոմիտասը մոտենում է դաշնամուրին և, ինքն իրեն նվագակցելով, երգում Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից՝ գերմաներեն լեզվով, այնքան խորունկ զգացումով, որ սենյակում գտնվողները քարանում են: Նույնիսկ երգը վերջացնելուց հետո բավական ժամանակ սենյակում լռություն է տիրում: Թուրք դիվանագետը, չկարողանալով զսպել իրեն, ձեռքը սեղանին է խփում և ասում. «Ութ հարյուր տարվա պետություն ենք և այսպիսի մի արվեստագետ չունեցանք»:

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ.
ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

Կոմիտասի աննման համերգները և բովանդակալից դասախոսությունները ոչ միայն ուրախացնում, այլև ոգևորում էին Պոլսի առաջադեմ հասարակությանը: Այդ օտար գաղթավայրում եղած մտավորականության ազնիվ, հայրենասեր մասը սկսեց փառավորվել և պարծենալ, որ ինքը հայ է: Սկսեց գիտակցել, որ մեր դարավոր մշակույթից մի սաղմնային ժառանգություն ունի իր մեջ, որ իր ստեղծագործական միտքն ու զգայունությունն են կերտել նման նուրբ և հուզիչ երաժշտություն: Ինչքան գիտակցությունը խորանում էր, այնքան ավելանում էր զարմանքն այն փաստի հանդեպ, որ այդ սքանչելի երաժշտությունը ստեղծել են հասարակ գեղջուկները: Իսկ Կոմիտասն իր գիտակցության և խոր զգայունության շնորհիվ այդ տաղերը նրբորեն ներդաշնակում և մատչելի էր դարձնում հասարակությանը:
1912 թ. ամռանը Թերլեմեզյանը և Կոմիտասը ուղևորվում են կոմպոզիտորի ծննդավայր՝ Քյոթահիա: Թերլեմեզյանը հիշում է, որ Կոմիտասի հետ իրենք էլ վրան են խփում բլրի եզրին գտնվող անտառում և մեկուկես ամիս ապրում այնտեղ: Հրաշագեղ բնության գրկում նկարիչը ստեղծում է իր լավագույն աշխատանքներից մեկը՝ «Կոմիտաս Վարդապետ» (1913) կտավը: Այս ստեղծագործությունը Նյու Յորքի Հայ կրթական հիմնարկության նվիրաբերության շնորհիվ Հայաստանի պետական պատկերասրահում (այժմ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ) գտնվող՝ նկարչի ստեղծագործական հարուստ ժառանգության շարքերն է համալրել միայն 1925-ին 11:
Աշխատանքը մեզ առինքնում է իր կատարողական վարպետությամբ: Ինչպես իր մյուս բոլոր գործերում, այստեղ ևս Թերլեմեզյանը հավատարիմ է մնացել ռեալիստական գեղանկարչության ավանդներին: Կոմիտասի կերպարն աչքի է ընկնում իր պարզությամբ, ինչն աշխատանքին լրացուցիչ գրավչություն է հաղորդում: Ստեղծագործությունը զուտ դիմանկարչական չէ, Թերլեմեզյանն այստեղ ներմուծել է և՛ կենցաղային, և՛ ազգային էլեմենտներ, և՛ առարկաներ՝ ետին պլանում գտնվող վրանը, նրբագեղ սափորը, քամանչան և գունային առումով կերպարին յուրահատուկ ակտիվություն հաղորդող հայկական ազգային գորգը: Վերջիններս կարծես լրացնում և արտահայտիչ են դարձնում մեծ երաժշտագետի հեզ՝ հանդարտությամբ ու հանգստությամբ լի կերպարը: Ինչպես նշում է Արարատ Աղասյանը, «սա թեմատիկ դիմանկար է, որի մեջ մեծ տեղ է հատկացված հանճարեղ երգահանի ու բանահավաքի սևազգեստ ֆիգուրն ընդգծող գունագեղ շրջապատին» 12:
Աշխատանքի գլխավոր արտահայտչամիջոցներից է ստեղծագործության անբաժանելի և կարևոր մասը կազմող լուսաստվերը: Նկարում բավական ցայտուն և արտահայտիչ է լուսաստվերային խաղը՝ իր անցումներով և հակադրություններով։ Վերջինս ավելի է կարևորվում, քան գունային նկարագիրը և համադրումները: Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական վարպետությունը զգացվում է նաև արևի լույսի և ստվերի հիանալի պատկերման մեջ: Ստեղծագործության յուրահատկություններից է նաև աշխատանքում տիրող առանձնահատուկ անդորրը: Կարծես ինչ-որ հոգի շոյող, յուրօրինակ հանգստություն կա թե՛ կոմպոզիտորի կերպարի և թե՛ գեղատեսիլ բնության մեջ: Հանգստություն և լռություն է տիրում…
Թերլեմեզյանի վրձնին պատկանող՝ Կոմիտասի այս հանրածանոթ աշխատանքի անվանման հետ կապված ներկայացնենք մի դիտարկում: Ուսումնասիրելով նկարչի ցուցահանդեսների կատալոգները, ալբոմները և հուշերը՝ նկատում ենք, որ արվեստագետի կենդանության օրոք ստեղծված կատալոգներում, նկարացանկերում ստեղծագործությունը կրում է «Կոմիտաս Վարդապետի դիմանկարը» անվանումը, իսկ հետմահու այլ ալբոմներում, աղբյուրներում, բացառությամբ նկարչի ծննդյան 100-ամյա հոբելյանի կատալոգի, շրջանառվում են «Կոմիտասի դիմանկարը» և «Կոմիտաս» անունները: Մեր օրերում դիմանկարը կրում է «Երաժշտագետ Կոմիտասը» անվանումը:
Վերադառնալով Կոմիտասի կերպարին՝ նշենք, որ այս շրջանում Թերլեմեզյանը ստեղծել է Վարդապետին նվիրված այլ աշխատանքներ ևս, որոնց թվում են ինչպես գծանկարչական գործեր («Կոմիտասը գրելիս» (1910-1912), «Կոմիտասը քնած» (1910-1912)), այնպես էլ յուղաներկ կտավներ: Կոմիտասի՝ վերը նշված հայտնի դիմապատկերից ավելի վաղ՝ 1911 թ., Թերլեմեզյանը Պոլսում վրձնել է «Կոմիտասը գետափին» անչափ գրավիչ աշխատանքը: Կոմիտասը կրկին նստած է գետնին՝ ծառին հենված դիրքով, սակայն այստեղ բացակայում է նախորդ աշխատանքում նկատվող կերպարի մանրազնին, ռեալիստական բնութագրման ճշգրտությունը: Վրձնումների անմշակ բնույթն էտյուդային յուրօրինակ թարմություն է հաղորդում աշխատանքին: Հագեցած կանաչ և մուգ երանգները ներդաշնակվում են գետի ջրերի ռիթմի հետ, վերջինիս մեջ առկա արտացոլումների և թափանցիկության պատկերները կատարված են ճշգրիտ և ազատ:
Եթե 1913 թ. ստեղծված «Կոմիտաս Վարդապետը» կրում է և́ դիմանկարչական, և՛ սյուժետային գեղանկարչության առանձնահատկությունները, դրանով իսկ համադրելով երկու ժանրերը, ապա 1911 թ. կերտված Կոմիտասի նկարը զուտ թեմատիկ բնույթ ունի: Կարծում ենք՝ չենք սխալվի, եթե պնդենք, որ 1913 թ. երփնագրած Կոմիտասի դիմանկարը նկարչի արվեստի, մեր բնորոշմամբ՝ վաղ շրջանի, այս ժանրի լավագույն գործերից է, եթե չասենք իր ժամանակաշրջանի կոմիտասյան կերպանկարի լավագույն օրինակ: 1914 թ. Փարիզում տեղի է ունենում երաժշտական կոնգրեսը: Կոմիտասի՝ կոնգրեսում կարդացած երկու դասախոսությունները և տված մի համերգը մեծ հետաքրքրություն էին առաջացրել: Այդ օրերին հայ սքանչելի երաժշտությունն ունկնդրելու էին գալիս գրեթե բոլոր դեսպանները, հավաքված երաժշտության կորիֆեյները հոտնկայս էին ողջունում Կոմիտասին և պահանջում, որ նրա բոլոր գործերը հրատարակվեն: Այդ ժամանակ Թերլեմեզյանը գտնվում էր Պոլսում, երբ Կոմիտասից ստանում է 18 էջից բաղկացած նամակ, որում նկարագրվում էր դասախոսության նյութը և թողած տպավորությունը: Ցավոք՝ այդ նամակը մնացել է Պոլսում գտնվող Թերլեմեզյանի տանը 13:
Կոմիտասյան անզուգական համերգներից տպավորված՝ պոլսահայ անվանի գեղանկարիչ Լևոն (Սերովբե) Քյուրքչյանը Փարիզի Ժան Գուժոնի Սուրբ Հովհաննես եկեղեցու համար պատկերում է Կոմիտասին սրբի կերպարով` ոսկեդեղին լուսապսակով: Սակայն նկարչին չի հաջողվում ավարտել աշխատանքը: Կոմիտասին շատ է զայրացնում տիպարի՝ իր համար անընդունելի տարբերակը, ուստի Լ. Քյուրքչյանին ստիպում է ոչնչացնել այն: Թերլեմեզյանը լսել էր այդ պատմությունը, և «Սուրբ Կոմիտաս» հղացումը իր տրամաբանական շարունակությունն է ունենում այս անգամ Թերլեմեզյանի մոտ: Գիշերները, երբ Կոմիտասը քնած էր լինում, անշշուկ մտնում էր սենյակ և նկարում: Սակայն աշխատանքին ևս վիճակված չէր «ապրել»: Կոմիտասի զայրույթը մեղմելով՝ նկարիչը մի քանի վրձնահարվածով փակում է լուսապսակը 14:
Սրանով եզրափակվում է Թերլեմեզյանի հուշագրության «Կոմիտասի հետ» գլուխը: Սակայն Թերլեմեզյանի և Կոմիտասի բարեկամությունն այսքանով չի ավարտվել:

1921 թ. Կոմիտասին տեղափոխել են Վիլ-Ժյուիֆի հիվանդանոց: Փանոս Թերլեմեզյանն այցելում է հիվանդ Կոմիտասին.
«…Խօսեցի իր աշակերտներու մասին, ուրախացաւ, որ եկել են Փարիզ սովորելու:
— Հարցրի՝ հա՞յ երաժշտութիւնն է լաւ թէ եւրոպականը:
— Եղբայր (բարկացած), դու ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, միւսը՝ իր:
— Հարցրի. կերգե՞ս:
— Այո, ասաց:
— Դէ՛, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար:
— Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում եւ այն էլ շատ կամաց:
Մի կէս ժամ էլ դէսից-դենից խօսելուց յետոյ յանկարծ խռովեց, դուռը բաց արաւ եւ գնաց երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխօսեց» 15:

Փանոս Թերլեմեզյանի և Կոմիտասի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1928 թ.՝ նկարչի՝ Ամերիկայից Հայաստան վերադառնալու ժամանակ: Արվեստագետը պատմում է, որ սիրելի ընկերոջ առողջությամբ մտահոգ, չափազանց հուզված շտապել է հիվանդանոց. «Երբ հիվանդանոց մտա նրան գտա այգում պառկած, հանգստանալիս, մտքերի մեջ խորասուզված, անտարբեր դեպի շրջապատը: Մազերը լիովին սպիտակել էին, գունատ էր, վտիտ, ձեռքերը ոսկրացած էին, թվում էր խիստ անօգնական, չկարողանալով հաղթահարել իր ներսում բուն դրած ահավոր հիվանդությունը: Գերագույն ճիգ գործ դրի, զսպելու հուզմունքս, որը պատրաստ էր փոխվելու հեկեկանքի: Մոտեցա, գրկեցի, համբուրեցի, նստեցի կողքին և մոտ կես ժամվա չափ զանազան հարցեր տվի, սակայն ոչ մի հարցիս չպատասխանեց:
Վաղեմի մտերիմիցս բաժանվեցի հուսաբեկ սրտով` զգալով, որ մի հանճարեղ միտք հանդարտ ու անդառնալի կերպով մարում է» 16:
Կոմիտասի և Թերլեմեզյանի բարեկամության մասին շատ է խոսվել, ժամանակին գրված հոդվածներում հեղինակները անդրադարձել են հայ մշակույթի ականավոր գործիչների ընկերությանը: Գեղանկարչի և երաժշտի ջերմ փոխհարաբերությունները, բազմամյա ընկերությունը ոգեշնչման աղբյուր հանդիսացան արձակագիր, գրականագետ Գուրգեն Մահարու համար:
Արդյունքում ծնվեց «Երգ մահու և անմահության» վերտառությամբ գրական ստեղծագործությունը: Գրողն անդրադարձել է, մասնավորապես, Կոմիտասի՝ Փարիզի Վիլ Ժյուիֆի հոգեբուժարանում գտնվելու և վերջինիս նկարչի այցելությանը: Սա գրական փոքր, մեկ գործողությամբ` թեպետ դրամատիկ, սակայն կամերային ստեղծագործություն է 17:
Ճիշտ է՝ «Երգ մահու և անմահության»-ը գեղարվեստական, գրական ստեղծագործություն է, սակայն նրա հիմքում ընկած են վավերագրական, փաստացի տեղեկություններ, որով այն արժեքավոր է դառնում:
Ուսումնասիրելով Թերլեմեզյանի արվեստի խնդրո առարկա շրջանը՝ հանդիպեցինք մի ուշագրավ փաստի. արձակագիր Վահրամ Ալազանն իր հուշագրության «Փանոս Թերլեմեզյան» հատվածում գրում է, որ Թերլեմեզյանի բազմաթիվ նկարների մեջ կար մի ուշագրավ էտյուդ, որում պատկերված էին ինքը՝ նկարիչը, Կոմիտասը, Սիամանթոն և Մաննիկ Պերպերյանը՝ նավի վրա, Բոսֆորում զբոսնելիս 18: Ալազանը նշում է, որ Եղիշե Չարենցը հրապուրված էր այդ նկարով և ցանկանում էր ձեռք բերել այն: Թերլեմեզյանը չէր ուզում բաժանվել այդ էտյուդից, սակայն Չարենցի թախանձագին խնդրանքից և համառությունից դրդված՝ արվեստագետը նկարը նվիրեց բանաստեղծին: Ալազանի հավաստմամբ՝ Չարենցն այն փակցրել էր իր գրասենյակի պատին: Երբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ուսումնասիրում էինք Ալազանի հուշերը, փորձեցինք մեզ հետաքրքրող գործի որոնման հետքերով գնալ, ցուցահանդեսի կատալոգներում տվյալ աշխատանքի բացակայության հիմնավորմամբ, հենվեցինք Ալազանի գրած տեղեկության վրա: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանագարանի Թերլեմեզյանի ֆոնդում տվյալ գործը չկար: Որոնումները մեզ տարան Ե. Չարենցի տուն թանգարան, որտեղ մեր փնտրտուքները բաղձալի արդյունքի չհանգեցին. ստեղծագործությունն այստեղ էլ չկար: Բայց թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ մեր ունեցած զրույցից պարզեցինք, որ Թերլեմեզյանի այդ էտյուդն իսկապես եղել է Չարենցի մոտ, սակայն 1937 թ. բանաստեղծի բռնադատման արդյունքում բռնագրավվել է Չարենցի գույքը, որի մեջ էր նաև մեզ հետաքրքրող կտավը: Լիահույս ենք, որ գուցե մի օր այս աշխատանքի գտնվելու վայրի վերաբերյալ նոր տեղեկություններ կհայտնաբերենք:
Թերլեմեզյան և Կոմիտաս առնչությունների հարթակում անհրաժեշտ ենք համարում ներկայացնել Թերլեմեզյանի կերտած մի կանացի դիմանկարի ստեղծման պատմություն ևս: Խոսքը «Հայուհի» կոչվող նկարի մասին է: Մեր ուսումնասիրությունների ընթացքում գտանք երաժշտագետ Ռոբերտ Աթայանի «Նամակները պատմում են…» հոդվածը, որից տեղեկացանք, որ նշված աշխատանքում պատկերված է պոլսաբնակ օրիորդ, Կոմիտասի և Թերլեմեզյանի աշակերտուհի Արմինե Մելիքյանը 19: Աթայանի հոդվածում հրապարակված նյութերը տրամադրել էր Ա. Կալենդերը, ով ծագումով վանեցի Ստեփան Մելիքյանի դուստրն էր, Թերլեմեզյանի և Կոմիտասի աշակերտուհին: Սույն հոդվածում ներկայացված են միևնույն կնոջը պատկերող նկարչի երկու դիմանկարները: Առաջինը, որը անծանոթ է մասնագետներին և բացակայում է նկարչի աշխատանքների կատալոգներում, թվագրված է 1912-ով և կրում է «Արմինե Մելիքյանի դիմանկարը» անվանումը: Նկարիչն իր այդ գործը նվիրել է Ա. Մելիքյանին: Երկրորդ դիմապատկերը Թերլեմեզյանն անվանել է «Հայուհի», որը կրկին Մելիքյանին է պատկերում և առաջինից մի փոքր ուշ է կատարված: Արվեստաբան Ե. Մարտիկյանն այս կտավը սխալմամբ վերագրում է նկարչի խորհրդային շրջանին՝ 1930-ին, մինչդեռ այն ստեղծվել է 1913 թ., Պոլսում: Այս առնչությամբ Ա. Կալենդերը գրում է. «Նկարիչ Թերլեմեզյանը, որ Կոմիտասի հետ կբնակեր և որու ևս աշակերտած եմ, շատ կսիրեր զիս… նույնիսկ նկարած է զիս «Հայուհին» անունով: Ըստ իրեն՝ ուղիղ հայուհիի տիփը ունեի…» 20:

Նամակից նաև տեղեկանում ենք նկարի ճակատագրի մասին, ըստ որի, ոմն Բաբաջանյան, շատ հավանելով աշխատանքը, գնել է այն և նվիրել Երևանի թանգարանին: Նշենք, որ Թերլեմեզյանը ժամանակին Արմինե Մելիքյանին նվիրել է իր գործի միայն լուսանկարչական պատճենը:
Արդեն մեր օրերում Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում գտանք նկարչի կողմից «Հայուհի» անվանված աշխատանքը, որն այսօր ստացել է «Երիտասարդ կնոջ դիմանկար» անունը: Ստեղծագործությունն անթվակիր է, սակայն կրում է Թերլեմեզյանի ստորագրությունը: 2015 թ. Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված՝ նկարչի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված անհատական ցուցահանդեսում իր արժանի տեղը գտավ և ցուցադրվեց Թերլեմեզյանի այս դիմանկարը, որը մեր ուսումնասիրության և դիմանկարի ստեղծման պատմության բացահայտման շնորհիվ վերանվանվեց «Հայուհի»:
Փանոս Թերլեմեզյանի կյանքում կարևոր տեղ են զբաղեցրել իր գեղագիտական հայացքների համախոհ, հոգևոր ընկերոջ, հանճարեղ երաժշտագետի հետ մտերմությունը և ապրած տարիները: Հայ մշակույթի երախտավորներ՝ Կոմիտասի և Փանոս Թերլեմեզյանի բարեկամությունից անցել են տարիներ։ Մեզ համար, թերևս պատահական չէ, որ Վարդապետի թանգարան-ինստիտուտը հիմնվեց Փանոս Թերլեմեզյանի անունը կրող գեղարվեստի ուսումնարանի հարևանությամբ՝ նախախնամությամբ վերստին միավորելով, կապելով հայ արվեստի երկու նվիրյալներին:

 

Ամփոփում

Փանոս Թերլեմեզյանը XIX-XX դարերի հայ կերպարվեստի պատմության էջերում իր ուրույն տեղն է զբաղեցնում որպես ռեալիստական գեղանկարչության անվանի նկարիչ, մշակութային-հասարակական գործիչ և հայ ազատագրական պայքարի նվիրյալ: Արվեստագետն իր ստեղծագործական արգասալից կյանքի ընթացքում կապեր է հաստատել հայ մշակույթի ականավոր գործիչներից շատերի հետ, որոնց թվում հատկապես առանձնանում է Կոմիտասի հետ նրա ջերմ մտերմությունը: Տաղանդավոր երաժշտագետին և նշանավոր նկարչին կապում էր բազմամյա ընկերությունը: Նրանք բարեկամացան և ավելի մտերմացան, երբ Թերլեմեզյանը փոխադրվեց Պոլսո Բանկալտի թաղամաս, և Կոմիտասի հետ բնակվեցին մի տան մեջ: Սույն հոդվածի համար հիմք են ծառայել նկարչի հուշերը, արխիվային, անտիպ նյութերը և ժամանակակիցների վկայությունները: Ներկայացվում է Թերլեմեզյանի վրձնին պատկանող, նկարչի ստեղծագարծական վաղ շրջանին առնչվող լավագույն դիմանկարի՝ «Կոմիտաս Վարդապետի» (1913) ստեղծման պատմությունը՝ մատնանշելով ստեղծագործության անվանման հետ կապված ճշգրտումներ: Անդրադարձ է արվում Թերլեմեզյանի կոմիտասյան պատկերների թե´ գծանկարչական և թե´ երփնագիր գործերին: Շոշափվում են 1912-1913 թթ. Կոմիտասի և Թերլեմեզյանի մշակութային գործակցության հետ կապված տվյալները, նաև հայ գրականության մեջ առկա անդրադարձները նկարչի և երաժշտի մտերմությանը: Գիտական շրջանառության մեջ են դրվում Թերլեմեզյանի անհայտ աշխատանքներից «Կոմիտաս վարդապետը և իր դասընկեր եզդիների ցեղապետը» (1910), ինչպես նաև կորսված «Փանոս Թերլեմեզյան, Կոմիտաս, Սիամանթո և Մաննիկ Պերպերյան» խմբակային էտյուդը: Արծարծվում են Կոմիտասի և Փանոս Թերլեմեզյանի աշակերտուհի Արմինե Մելիքյանի դիմանկարի ստեղծման պատմությունը և վերջինիս հետագա ճակատագրին վերաբերող մեր ուսումնասիրության արդյունքները:

 

1 Կոմիտասի թաղումը, Սովետական արվեստ, Երևան, 1936, օգոստոսի 1, էջ 182:
2 Տե՛ս Գ. Մահարի, Ճանապարհորդություն դեպի անցյալ. Փանոս Թերլեմեզյանի հետքերով,
Սովետական արվեստ, Երևան, 1974, N 7, էջ 48:
3 Փանոս Թերլեմեզյան, Կյանքիս հուշերը, ՀԱՊ հուշաձեռագրային բաժին, Ֆ-60, թպ. 3:
4 Տե՛ս Փանոս Թերլեմեզյան, Կոմիտասի մասին, Ժամանակակիցները Կոմիտասի մասին, Երևան,
Հայպետհրատ, 1960, էջ 186-187: Հոդվածը վերահրատարկվել է, տե՛ս Փ. Թերլեմեզյան, Մի այցելություն հիվանդ Կոմիտասին, Կոմիտասը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2009, էջ 260-261։ Նաև՝ Կոմիտաս (ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1930, էջ 91-92:
5 Փ. Թերլեմեզյան և Լ. Քյուրքչյան (նկարների կատալոգ), ՀԱՊ հուշաձեռագրային բաժին, Ֆ-30, Ի-372, N 72։ Թէրլէմեզեան-Քիիրքճեան. Նկարներու ցուցահանդեսին առթիւ (անթվակիր), ՀԱՊ հուշաձեռագրային բաժին, Ֆ- 30, Ի-3259, N 98:
6 Տե՛ս Յ. Սիրունի, Ինքնակենսագրական նօթեր, Երևան, «Սարգիս Խաչենց», 2006, էջ 194:
7 Տե՛ս Վաչէ [Հակոբ Սիրունի, Ճոլոլյան], Փարիզի մեր եղբայրակիցներէ ոմանք, Նավասարդ, Բուխարեստ, 1924, Ա հատոր, Ը պրակ, էջ 254:
8 Խոսքը «Գուսան» երգչախմբի մասին է, որի անդրանիկ համերգը տեղի ունեցավ 1910 թ. նոյեմբերի 21-ին Կ. Պոլսի Պտի Շանի ձմեռային թատրոնում (տե՛ս Ռ. Մազմանյան, Հայ երաժշտական կյանքի տարեգրություն. 1901-1910, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2006, էջ 187։ Գրական նշխարք Կոմիտաս վարդապետի բեղուն գրչէն, Մոնթրեալ, 1994, էջ 25):
9 Տե՛ս Ե. Մարտիկյան, Փանոս Թերլեմեզյան, Երևան, Հայպետհրատ, 1964, էջ 39:
10 Այս պատմության համառոտ շարադրանքը տե՛ս Ե. Մարտիկյան, նշվ. աշխ., էջ 40:
11 Հայ կրթական հիմնարկություն, Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ-122, ցուցակ-2ա, գործ-4, Վաչէ [Հակոբ Սիրունի, Ճոլոլյան], Նուէրներ Հայաստանի թանգարանին, Նավասարդ, Բուխարեստ, 1925, Բ հատոր, Ա պրակ, էջ 96:
12 Ա. Աղասյան, Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում, Երևան, «Ոսկան Երևանցի», 2009, էջ 41:
13 Փանոս Թերլեմեզյան, Կոմիտասի մասին,Կոմիտասը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, էջ 251-260:
14 Տե՛ս Գ. Մահարի, Այրուող այգեստաններ, Երևան, «Ապոլոն», 2004, էջ 738:
15 Գրական նշխարք Կոմիտաս վարդապետի բեղուն գրչէն, աշխատասիրությամբ Ա. Օղլուգեանի, Մոնթրէալ, 1994, էջ 33: Տե՛ս Հ. Աճառյան, Կյանքիս հուշերից, Երևան, «Միտք», 1967, էջ 212:
16 Ե. Մարտիկյան, Վաղեմի մտերիմներ, Հայրենիքի ձայն, Երևան, 1969, 12 նոյեմբերի:
17 Տե՛ս Գ. Մահարի, Երկերի ժողովածու, հատ. 5, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 427 428:
18 Տե՛ս Վ. Ալազան, Փանոս Թերլեմեզյան (Իմ հիշողություններից), Սովետական արվեստ, Երևան, 1956, N 3, էջ 44։ Վ. Ալազան, Ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը և պրոֆեսոր Հրաչյա Աճառյանը, ԳԱԹ, Վ.Ալազանի ֆոնդ, N 72:
19 Տե՛ս Ռ. Աթայան, Նամակները պատմում են, Սովետական արվեստ, Երևան, 1967, N 2, էջ 41:
20 Նույն տեղում:
Աղբյուր՝ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ.
ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

Добавить комментарий